Նախորդ համարներից դուք արդեն հասցրիք մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում լուսանկարը: Ու երևի հիմա էլ կարդալով մտածում եք, որ նորից հեքիաթներ եմ պատմելու ինչ-որ Դագերի կամ ինչպե՞ս էր նրա անունը… Հա, Նեպսի մասին: Իրականում դեռ երկար բան կա խոսելու ասենք, Տալբոտի կալոգրաֆիայի կամ նմանատիպ փորձեր անող մի շարք այլ մարդկանց մասին, ովքեր ուղղակի ճանապարհ են բացել դեպի ֆոտոն: Այդ լուսազգայուն շերտով պատված թիթեղներն ու սկավառակները հիմք հանդիսացան լուսանկարչության զարգացման ամենակարևոր, հեքիաթային փուլին` ժապավենային դարաշրջանին:
Երբ ես փոքր էի, Մերգելյանի մեր տանը ամեն երեկո ես ու պապիկս նստում էինք բաց պատշգամբում ու զրուցում.
- Ամեն ամառ տատիդ ավտոյով տանում էի Կիսլովոդսկ: Նենց սիրուն քաղաք էր: Էն ալբոմի մեջի տատիդ նկարները սաղ էնտեղ էի անում: Մի քանի հատ ժապավեն էի գնում, մինչև հետ էինք գալիս` բոլորը նկարած էի լինում: «Զենիթ» ունեի: Գիտե՞ս ինչ թանկ էի առել: Էդ ժամանակ «Զենիթի» նման ապարատ չկար: Էն Լենուշը հետը տարավ եսիմ ուր` էլ չբերեց,- և ամեն անգամ ափսոսանքով հիշում էր իր «Զենիթը»:
Հետո դարակներից քրքրում հանում էի չտպված, մեծ տուփի մեջ կոկիկ հավաքված ժապավենները` պապիկս էր հավաքել: Հանում ու ժամերով յուրաքանչյուր ժապավենը պահում էի արևին և նկարներն էի նայում:
Պապիկս մեզ էլ էր նկարում: Ճիշտ է, ոչ «Զենիթով»: Ամեն կիրակի օր տանում էր Կենդանաբանական այգի, կանգնում էինք արջերի վանդակի մոտ, պապիս էլ մինչև ֆոկուս էր բռնում- նկարում, արջերը մտնում էին իրենց բները: Բոլոր նկարներում մենք ենք դատարկ վանդակների ֆոնին:
Հա, ինչ էի ասում, այդպիսի բան էր ժապավենը:
Դագերի ժամանակներում դեռ պատկերացում չունեին ինչ է այն, և չէին պատկերացնում, որ քսաներորդ դարում Ջորջ Իսթման անունով մեկը կստեղծի մի կազմակերպություն, որը ժապավենների արտադրության մեջ կլինի առաջատարը, և որի մասին կխոսեն մինչև անգամ այսօր: Այո, խոսքը Կոդակի մասին է: Այլ ժապավեն արտադրող ընկերություններ էլ են եղել, հիմա էլ կան, բայց Կոդակը միշտ դոմինանտ է եղել նրանց շրջանակներում: Այդ ժապավենը նաև կինոյի հիմքն է եղել, քանի որ հենց Իսթմանի տեխնոլոգիայով Էդիսոնը սկսեց նկարել առաջին շարժվող պատկերները, սակայն դրա համար դեռ շատ վաղ է:
Հա, ուրեմն, ժապավենը բարակ պլաստիկե թիթեղիկ է, մի կողմից պատված ժելատինի էմուլսիայով, մյուս կողմից` լուսազգայուն արծաթի հալոգենի մանր բյուրեղիներով, որոնց քանակից է կախված լուսավորությունը, ջերմաստիճանը և այլն: Սակայն դա միայն նրա քիմիական մասն է: Ժապավենը վաղուց պետք է վերացած լիներ: Դեռ այն ժամանակ, երբ թվայինը արեց իր առաջին քայլերը: Ի դեպ, այդ ժամանակաշրջանը Կոդակի համար ողբերգական է եղել, քանի որ այդ հսկայական ընկերությունը սննկացել է: Ոչ ոքի այլևս հարկավոր չէին ժապավեններ: Սակայն բարեբախտաբար լուսանկարիչների մեջ եղան էնտուզիաստներ, ովքեր չդավաճանեցին և շարունակեցին նկարել ժապավենով:
Հիշո՞ւմ եք, նախորդ անգամ ասում էի, որ հիմա էլ կան լուսանկարիչներ, ովքեր շարունակում են նկարել ժապավենով, իրենց ձեռքերով երևակում են լուսանկարները` զգալով երևակայությունն ու միտքը իրականություն դարձնելու հեքիաթային ճանապարհը: Հա, կան: Նրանցից մեկն էլ լուսանկարիչ Պատրիկ Ջուսթն է, ով ողջ օրը խցիկը ձեռքին թափառում է Բալթիմորի փողոցներում ու ժապավենով նկարում փողոցային կյանքը: Գիտե՞ք, նա ինչ է ասում: Նա ասում է, որ. «Ֆոտոն քանդակի նման է, եթե դու սովորել ես աշխատել կավի հետ, դժվար է անցնել մետաղի կամ, փայտի, եթե նույնիսկ բոլորը աշխատում են դրանցով»: Պետք է նշեմ, որ հիմա ձեր ամենասիրելի, պաշտելի, օսկարակիր ֆիլմերի մեծ մասը շարունակում են նկարահանել ժապավենով, ասենք ինչպես Քվենտին Տարանտինոն կամ Քրիստոֆեր Նոլանը` պնդելով, որ ոչ մի նորագույն տեխնիկա երբեք չի տա այնպիսի որակ, իսչպիսին տալիս է ժապավենը: