Մարդկային միտքը սիրում է համեմատել, նմանություններ ու տարբերություններ փնտրել-գտնել մարդկանց, երևույթների և, ընդհանրապես՝ ամեն ինչի միջև: Ու հենց այդ համեմատել-համեմատվելու «մոլուցքն» է, որ մարդուն ստիպում է գտնել կատարելություն ու ձգտել դրան, ստեղծել կուռքեր, կամ շրջապատում փնտրել նրանց:
Ու չասեք, թե այդպես չէ: Բոլորն էլ, կյանքի ինչ-որ փուլում կորցնում են ինքնագնահատականն ու այն փնտրում ուրիշների մեջ: Ասես նմանվելով մեկ ուրիշին՝ նրա ինքնավստահությունն էլ են ունենալու: Երևի կհամաձայնվեք, որ շատերի մոտ այդ իդեալները դառնում են աստղերը: Չէ՛, երկնքի չէ՝ Հոլիվուդի:
Իսկ գիտե՞ք՝ ինչու եմ այսքան վստահ գրում, որովհետև ես էլ, մի ժամանակ, մինչև մի պահի հասնելը, տարված էի այդ ամենով: Ֆիլմեր ու երգեր, երգիչներ ու դերասաններ, այս ամենն էին իմ ու իմ հասակակիցների օրվա մեծ մասը կազմում: Այնպես, որ թվում էր, թե առանց դրա, կամ դրանից այն կողմ ուրիշ ոչինչ չկա ու չի էլ կարող լինել:
Ու մի օր ես էլ, բոլորի պես գտա մեկին, ով ինձ այնքան գրավեց, ում ես ցանկացա նմանվել, բայց ո՛չ արտաքնապես: Նրան ես սկսեցի փնտրել-գտնել ամենուր, բայց… Բայց մի՛ վայրկյան: Չկարծեք, թե ես էլ ֆանատիզմով եմ տառապել կամ տառապում: Չէ՛, ես իմ հերոսին չգտա ոչ ֆիլմերում ու ոչ էլ երգերի մեջ: Նա գրքի հերոս էլ չէր:
Ես նրան գտա այն ժամանակ, երբ իմացա, որ Հայաստանի կողքին, բայց նրա սրտում Արցախ անունով աշխարհ կա: Երբ իմացա, որ այդ աշխարհի ամեն մի թիզը արյամբ է ներկված: Ու զգացի, որ առանց այնտեղ լինելու սիրում եմ այդ աշխարհը, զգում իմ ամեն բջիջով: Մտքում գծում այն ճանապարհը, որով շուտով պիտի անցնեի:
Երևի հասկացաք. իմ հերոսին ես գտա պատմության ոչ վաղ անցյալի մի էջում: Չգիտեմ, չեմ հիշում, թե ինչպես իմացա նրա մասին, ով պատմեց, ու ինչպես ստացվեց, որ նրա մի նկարը տեսնելով, կյանքս ասես փոխվեց, չգիտեմ, թե ինչպես, բայց փոխվեց: Զգում էի:
Ես որոշեցի ճանաչել նրան, ճանաչել որպես հերոս, նախ՝ հայրենիքի, ապա՝ ինձ համար: Ցանկացա գտնել Դուշման Վարդանի այն կախարդական ուժը, որ անգամ նկարից էր փոխանցվում: Ու ես սկսեցի կարդալ, կարդալ նրա գրածները, սկսած դպրոցական շարադրություններից, կարդացի ընկերների հուշերը, որոնցից շատերը Վարդանի մարդ տեսակի մասին էին:
Երևի չփորձեմ բացատրել, թե նրան ամեն օր էլ ավելի բացահայտելուց հետո ինչ փոխվեց իմ մեջ, բայց, որ ամենակարևորն է՝ փոխվեց իրական հայրենասեր կոչվածի՝ մինչ այս ունեցած իմ սահմանումը: Հայրենասեր լինել չի նշանակում կանգնել ու գոռալ, ֆեյբուքում ստատուս գրել կամ անընդհատ գովել ու երգել այդ հայրենքի մասին: Հայրենասեր լուռ պետք է լինել՝ Վարդանի նման: Սա է իմ բանաձևը: Իսկ մնացածի մասին՝ ավելի լավ է լռեմ, որովհետև կան բաներ, որոնք բառերն ուղղակի անզոր են արտահայտել, քիչ են:
Ու եթե որևէ մեկը, մի օր ասի, թե սա էլ է ֆանատիզմ, վատ չեմ զգա, չեմ փորձի հակառակը համոզել: Գուցե մի քիչ էլ հպարտանամ, որ նման իդեալ ունեմ, որ ոչ ոք երբեք իրավունք չի ունենա քննադատել կամ առավել ևս՝ ծաղրել այդ զգացմունքը:
Իսկ վերջում, եթե գա մի ժամանակ, երբ ես էլ փորձեմ համեմատություններ անել, Ջոնի Դեպի կամ մեկ ուրիշի արտաքինը չեմ ուզում տեսնել իմ առջև, Վարդանի աչքերն ու հոգին եմ փնտրելու…