Մի քանի տարի առաջ մեզ հանձնարարեցին «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» վերնագրով շարադրություն գրել: Ես գրեցի շարադրությունը, բայց Նրա համար այդպես էլ չընթերցեցի: Հիմա այն ձեր դատին եմ հանձնում: Հուսով եմ, որ այս անգամ Նա` իմ սիրելի ուսուցիչը, կկարդա այն:
«Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է»
Ես սիրում ու հարգում եմ իմ բոլոր ուսուցիչներին: Նրանք աշակերտներին գիտելիք են տալիս: Որոշ աշակերտներ ճիշտ և տեղին են կիրառում իրենց սովորածը, ոմանք էլ պարզապես մոռացության են տալիս:
Իմ ամենասիրելի ուսուցիչը ընկեր Օխոյանն է: Նա խելացի է, բարի ու գեղեցիկ`ինձ համար անթերի: Ընկեր Օխոյանը դարձել է մեր դասղեկը: Բացի դասղեկ լինելուց, նա մեզ դասավանդում է «Աշխարհագրություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները:
Նրա շնորհիվ ես սովորել եմ քարտեզը: Կարող եմ ցույց տալ երկրագնդի բոլոր երկրները, մայրցամաքները, օվկիանոսները, լեռներն ու գետերը:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերին էլ քրիստոնեական դաստիարակություն ենք ստանում, սովորում ենք: Ծանոթացել ենք մեր եկեղեցու պատմությանն ու ծեսերին:
Ես նրան եմ համարում իմ ոգեշնչման աղբյուրը, որովհետև նրա ամեն մի խոսքը ինձ համարշատ կարևոր և ուսանելի է:
Կան աշակերտներ, որոնք ուսուցչին սիրում են գնահատականի համար: Եթե բարձր գնահատական են ստանում ` ուսուցիչը լավն է, եթե ցածր` վատ ուսուցիչ է: Ես այդպես չեմ մտածում: Թե աշխարհագրությունից, թե Հայ եկեղեցու պատռմությունից ցածր գնահատականներ եմ ստացել, բայց երբեք իմ կարծիքը չեմ փոխել դասղեկիս մասին: Ընկեր Օխոյանը շատ համբերատար անձնավորություն է, նաև` զիջող:
Մի անգամ ուրվագծային քարտեզը մոռացել էի տանը, բայց նա ինձ ներեց ու մատյանում «երկուս» չդրեց: Ես հասկացա, որ ամեն դեպքում, պետք է պարտաճանաչ լինել, եթե անգամ ուսուցչուհին զիջում է ու «երկուս» չի նշանակում:
Շատ եմ սիրում, երբ գնում ենք էքսկուրսիաների: Ընկեր Օխոյանը մեզ գրեթե բոլոր մարզեր տարել է ու ծանոթացրել տեղի տեսարժան վայրերին:
Ընկեր Օխոյանը շատ լավ խորհրդատու է: Աշակերտները նրան վստահում են, նույնիսկ իրենց անձնական գաղտնիքներն են պատմում: Ընկեր Օխոյանը, ընտանիքիս անդամներից հետո ամենաթանկ մարդն է ինձ համար:
Ես նրան շատ եմ սիրում: