Ես Սոնան եմ

Ես 1999 թվականի սերնդից եմ՝ Սոնա Մկրտչյանը, լեննականցի եմ, սիրում եմ աշխարհը, հայրենիքս, մայր բարբառս։ Ես այն մարդն եմ, ով փոքր ժամանակ երազում էր դառնալ տրոյլեբուսի վարորդ՝ կարմիր շրթներկ ունենալու համար, բայց դա ուղղակի 3-9 տարեկան երեխայի երազանք էր։ Հետո  ես Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էի, ով շատ բարի էր, տնային հանձնարարություններ չէր տալիս, դաս չէր հարցնում և շատ բարձր էր գնահատում։ Բայց սա էլ դարձավ անկատար երազանք, քանի որ ես արդեն ուզում էի դառնալ ֆիզիկոս, ուսումնասիրել աստղերը, մոլորակները, բնության երևույթները․․․Այս «մասնագիտական» փոփոխությունները կշարունակվեին այնքան ժամանակ, քանի դեռ․․․

Վերջապես ես ընտրեցի աշխարհի ամենահետաքրքիր և չբացահայտված մասնագիտությունը՝ լրագրությունը։ Ընտանիքումս լրագրողներ չկան, ոչ էլ հրապարակախոներ։ Բայց ես, ինչպես կասեր գյումրեցին, «մեջների ծաղիկն եմ»: Ես ընտրեցի այս մասնագիտությունը առանց երկմտելու, քանի որ  զգում էի. այն իմ մեջ է, իմ մի մասնիկն է․․․

Այժմ 17 տարեկան եմ, լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի։ Ցանկանում եմ դառնալ հայտնի, սիրված ու ճանաչված լրագրող, հաղորդավար, շոումեն։ Երազանքներ  շատ-շատ ունեմ, որոնց մի մասը կատարվելու ճանապարհին է, իսկ մյուսներն անպայման դառնալու են իրականություն։ Նպատակասլաց եմ, իրատես․․․

Ես անասելի հետաքրքրասեր եմ, այդ իսկ պատճառով էլ շատ հարցեր եմ տալիս։ Ինչպես ասում է Օնորե դը Բալզակը․ «Բոլոր գիտոությունների բանալին հարցական նշանն է»: Ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչ կապված է  երկիր մոլորակի, մարդ էակի հետ։ Ինձ հուզում է անարդարությունը, կաշառակերությունը,արտագաղթը, Հայաստանի տնտեսական ծանր վիճակը, թռչնի թռիչքը, մանուշակի գույնը, հնչյունի արտաբերումը, շնաձկան վարքը, համակարգչի աշխատելու սկզբունքը, մարդու ֆիզիկական կառուցվածքը, հոգեկան աշխարհը․․․Մի խոսքով, ամեն-ամեն ինչ։

Իմ ընտրած մասնագիտությունը՝ լրագրությունը, հնարավորություն է ընձեռում գտնել ինձ հուզող յուրաքաչյուր հարցի պատասխանը։

Լրագրությունը մասնագիտություն չէ, այն անբացատրելի երևույթ է, լրագրությունն արվեստ է․․․