Ինչպես ճիշտ ընտրել մասնագիտությունը
Մայրիկս` Կարինե Չերնամորյանը, աշխատում է «Արդենիս» կաթի գործարանում: Նա սուլուգունի տեսակի պանրի վարպետ է:
-Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սակայան հիմա աշխատում եմ պանրի գործարանում՝ որպես պանրի մասնագետ:
-Նախքան այդ աշխատանքը ուրիշ մասնագիտությամբ աշխատել ե՞ս:
-Այո, Ախուրյանի կարի գործարանում աշխատել եմ որպես հաշվապահ, սակայն աշխատատեղը փակվեց, և ես ստիպված այլ աշխատանք գտա:
-Հե՞շտ է արդյոք հասուն տարիքում մասնագիտություն փոխելը:
-Ոչ, հեշտ չէ: Դժվար է հասուն տարիքում մասնագիտություն փոխել, նորից սովորել ու կայանալ, երբ արդեն կայացած էիր:
-Իսկ ինչպե՞ս դարձար սուլուգունի տեսակի պանրի մասնագետ:
-Սկզբում աշխատանքի ընդունվեցի որպես պանիր փաթեթավորող, և աշխատանքը ինձ դուր եկավ: Չէի ուզում միայն փաթեթավորմամբ զբաղվել: Սկսեցի ուսումնասիրել պանրագործությունը, հմտություններն ու գաղտնիքները սովորել ու փաթեթավորողից դարձա պանրագործ-մասնագետ:
-Իսկ պահանջվա՞ծ է ձեր արտադրած ապրանքը շուկայում:
-Այո, շատ պահանջված է: Մեր պանիրն անչափ համեղ է և պահանջված: Ես ինքս էլ աշխատանքի հրավերներ եմ ստանում արտերկրից և շատ ավելի մեծ աշխատավարձով, սակայն ես չեմ ցանականում լքել հայրենիքս:
-Ձեր պանիրները բացի Հայաստանից էլ որտե՞ղ են վաճառվում:
-Ռուսաստանում:
-Բացի սուլուգունիից, էլ ի՞նչ տեսակի պանիրներ եք արտադրում:
-«Չանախ», «Լոռի», «Հոլանդական», «Եղեգնաձոր», «Սուլուգունի» (տարբեր տեսակներ), ինչպես նաև մեր Շիրակում անչափ հայտնի «Չեչիլ»:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ պանիրը հասունանա ու պատրաստ լինի: -Տարբեր պանիրներ տարբեր ժամանակում: Օրինակ՝ «Չանախը» 1 ամիս էլ մնա, դեռ հասունանալու տեղ ունի, իսկ «Լոռին»՝ 7 օր:
-Իսկ ձեր աշխատանքը գաղտնիքներ ունի՞:
-Այո, նախ պետք է հասկանաս պանրի «լեզուն», պահի տակ կարող է այնպես լինել, որ չես նախատեսել, օրինակ՝ ջերմաստիճանի բարձրացում: Պետք է կարողանաս շտկել իրավիճակը, ապրանքը չփչացնել, երբեմն պետք է ստեղծագործես, որ ստացվի:
-Եթե ունենայիք պանրի գործարան, ինչպես կկազմակերպեիք արտադրությունը, ի՞նչ տեսակի պանիրներ կարտադրեիք:
-Կարտադրեի այն բոլոր պանիրները, որոնք հիմա արտադրում ենք այս գործարանում:
-Կարո՞ղ են հայկական պանիրները մրցել, օրինակ, ֆրանսիական պանիրների հետ:
-Այո, կարող են, բայց մենք ամեն ինչ անում ենք շատ ավելի դժվար, քանի որ չունենք համապատասխան սարքավորումներ:
Մայրիկիս հետ զրուցելով, ես հասկացա, թե ինչքան հետաքրքիր մասնագիտություններ կան, որոնց մասին մենք դպրոցում չենք իմանում, երևի դրա համար էլ բոլորը ուզում են դառնալ բժիշկ, իրավաբան, տնտեսագետ… Լավ կլիներ մասնագիտական կողմնորոշման դասեր լինեին դպրոցներում: Այդ ժամանակ մենք ճիշտ մասնագիտություն կընտրեինք ու չէինք մտածի գործազրկության մասին: