- Իմ մանկությունն անցել է Գոռի հետ։ Միշտ երազող էր, լուռ, գործող, ադեկվատ ու սթափ: Գնալով՝ նա իր հետ իմ մանկությունից մի կտոր տարավ, իմ արևից՝ մի շող, բայց վստահ եմ, որ հիմա նայում է մեզ ու առավել քան երբևէ լույսերի մեջ է՝ Տիրոջ կողքին,- պատմում է Գոռի ընկերը՝ Ռազմիկը։
Գոռ Հայկի Աբգարյանը ծնվել է 2002թ.-ին, Օշականում։ Երաժիշտ էր, սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջում: Ուզում էր դուդուկահար դառնալ, շվի էլ էր նվագում։
Մասնակցում էր Օշականի մշակույթի պալատում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Փոքր տարիքում դերասան և ռեժիսոր Արմեն Սարգսյանի հետ նկարահանվել է «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմում, որտեղ կատարելով թուրք երեխայի դեր, պատերազմի ժամանակ թիկունքից վիրավորվում ու զոհվում է։
Մատաղիս, հոկտեմբերի 25: Ֆիլմը ասես տեղափոխվում է մարտի դաշտ։ 18-ամյա Գոռը մարտական գործողությունների ընթացքում ընկնում է թիկունքի հարվածից ու հերոսանում։
-Էս ե՞րբ մեծացար, զինվոր դարձար, հայրենիքի պաշտպան դարձար․․․ Ինչ լուռ ու առանց հոգնելու աշխատում էիր․․․ Մի քանի ամիս առաջ միասին զրուցում էինք ու քննարկում, որ երբ հետ գաս ծառայությունից, իմ որևէ ներկայացման մեջ պետք է նվագես,-հիշում է դերասան Արմեն Սարգսյանը։
Միշտ լուռ, բայց գործնական Գոռը երազում էր ծառայությունից վերադառնալուց հետո նոր, ավելի լավ երաժշտական գործիքներ գնել, տուն կառուցել ու վայելել ընտանիքի հետ անցնող ամեն թանկ րոպեն։ Բայց ի՞նչ է պատերազմը, որ հակառակորդին սեփական կյանքը թելադրելու նպատակով մեզնից խլում է թանկագին մարդկանց, այդ մարդկանցից մի ամբողջ կյանք՝ հյուսված երազանքներով։
Ավա՜ղ, աշխարհն է այդպես կառուցված, միշտ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ է…