Կարդացե՞լ եք Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին»: Չունե՞ք Ֆերարի, ձերը երևի արծաթագույն Մերսեդես է, այնպես չէ՞: Չէ, սպասեք, երևի Օպել է կամ էլ չէ, երևի ձեր բախտը չի բերել, ու դուք մինչ այսօր ձեր կարմիր 06-ն եք վարում: Բայց ի՞նչ կարևոր է Ֆերարին, եթե տրամադրությամբ եք 06:
***
Խառը մտքերով շտապում եմ կանգառ՝ հասնելու սրտիս ավտոբուսին: Իրար չենք տեսել ուղիղ 6 ամիս, պատկերացնո՞ւմ եք: Ի՞նչ կլինի սիրող սիրտը: Մտածում եմ՝ բա որ ուշանա՞մ: Չէ՛, ոչ մի դեպքում չի կարելի ուշանալ առաջին հանդիպումից, երբե՜ք: Լուսացույցը կանաչեց, քայլերս արագացան, նայում եմ՝ հեռվից մոտենում է, վազում եմ. սիրտս դուրս է գալիս տեղից, բայց դռները բացվում են, ու ժպիտով ներս եմ մտնում:
Ինչպես միշտ, սպասելիքներս ավելի մեծ էին իրականությունից: Հուսաթափվում եմ՝ նայելով ուղևորների աչքերին: Դե լավ, վե՜րջ տվեք, այս ի՞նչ դեմքեր են, մտածում եմ: Հո աշխարհի վերջը չէ՞. վիրուս է, էլի, կանցնի-կգնա: Դիմակի տակից փորձում եմ հասկանալ՝ ով է ժպտում, ով է ուրախ, բայց ապարդյուն: Բոլորը տխուր ու հիասթափված են: Լավ, Սոսե, ի՞նչ անես բա, որ գոնե մի քիչ ուրախանան: Հիշում եմ Շարմային, գրել էր՝ եթե, կյանքում ունեք երեք առիթ, որի համար շնորհակալ եք, ուրեմն դուք արդեն իսկ երջանիկ եք:
Որոշում եմ հարցում անցկացնել: Կողքիս մի կին էր նստած:
-Տիկին ջան, բարև Ձեզ, կասե՞ք Ձեր անունը:
-Բարև, աղջիկ ջան, անունս Ջեմմա է: Ինչո՞ւ ես հարցնում:
-Վա՜յ, տիկին Ջեմմա ջան, ինչ լավ անուն ունեք, երևում է, էլի, որ տեղով մեկ քաղցրություն եք, շատ հաճելի է, ես Սոսեն եմ:
Ժպտում է և ուրախանում:
Մյուսները աչքերը կլորացրել ու ինձ են նայում, երևի մտածում են էս խելապակասն ով է, իրեն լրագրողի տեղ է դրել, մարդկանց հարցեր է տալիս: Բայց ես հո՞ զգում եմ, որ եռում են հետաքրքրությունից, շարունակում եմ.
-Տիկին Ջեմմա ջան, թույլ կտա՞ք Ձեզ մի հարց տալ, դե մենք էլ ճանապարհին ենք, ասել-խոսելով կգնանք:
-Սոսե ջան, տատիկիդ տարիքին կին եմ, ինչ հարց, ինչ բան, լիքը երիտասարդներ կան, իրենց հարցրու: Ես թոշակառու կին եմ. ո՜չ տրամադրություն ունեմ, ո՜չ էլ հավես: Չէ՜, քեզ չեմ կարող օգնել:
-Վա՜յ, նեղացնում եք, տիկին Ջեմմա ջան, գիտե՞ք, չէ՞, տատիկիս աշխարհի չափ սիրում եմ, այնպես որ, մերժում չեմ ընդունում:
-Է՜, բալա ջան, ասա, լավ, տուր հարցդ, տեսնեմ` հլա էդ ի՞նչ հարց ա, որ տենց կպած ուզում ես հարցնել:
-Ինձ կասե՞ք, թե ինչո՞ւ եք շնորհակալ կյանքում, երեք առիթ, որի համար շնորհակալ եք:
-Սոսե ջան, էս ինչ թիթիզ հարցեր ես տալիս, այ աղջիկ ջան:
-Տիկին Ջեմմա ջան, կուզե՞ք Ձեզ օգնեմ:
-Հլա փորձի:
-Ամուսին ունե՞ք:
-Վըը… Բա էդ հարց ա՞: Ո՞նց չունեմ, Պարգևս, մեռնեմ դրա ջանին, աղջի: Առաջին ու վերջին սերս ա, գիտես, չէ՞ ` ոնց սիրտս գերեց էդ իրա «ֆինդուֆլուշկաներով», մինչև հիմա էլ հոգուս հետ խաղում ա, բայց որ վատ եմ, չէ՞, զգում, վաաա՜յ, աշխարհն էլ ոտնատակ կտա, մենակ թե ես լավ լինեմ: Հիմա էլ երևի էն ճռռան արևին աշխատում ա այգում: Մեռնեմ ես իրա ջանին, իսկական Պարգև ա. իմ կյանքի նվերն ա: Վայ, շատ լավ հիշեցրիր, է, զանգեմ տեսնեմ ոնց ա…
-Վայ, տիկին Ջեմմա ջան, ինչ սիրուն նկարագրեցիք: Ես էլ եմ էդպիսի Սեր ուզում: Բայց դուք հետո կզանգեք Պարգև պապիկին: Հիմա ինձ ասեք. բա զավակներ ունե՞ք:
-Ասեմ, աղջիկ ջան, երեք որդի ունեմ, մեկը մյուսից խելացի, շնորհքով, բոյով-բուսաթով: Մեծս ամուսնացել է, մի հիասքանչ հարս ունեմ, էդ ինչ լավ աղջիկ ա: Միջնեկս աշխատում ա, մեզ էլ ա օգնում, մեռնեմ ես իրա կյանքին: Էն փոքր տղես էլ սովորում ա: Գիտես, չէ՞, քեզ շատ հավանեցի, աչքիս հարս տանեմ,- ու ինձ աչքով է տալիս:
Զարմանում եմ: Ու տիկին Ջեմմաս սկսեց բարձր ծիծաղել, հիմա ամբողջ ավտոբուսով հո չենք ծիծաղում, դրսից կմտածեին, թե հարյուրամյա ճակատամարտն է:
Ու ամենակարևորն այն է, որ անցել է 15 րոպե, ու ոչ ոք չի իջել ավտոբուսից. բոլորը լսում են ուրախ ու պայծառ աչքերով: Սիրտս ջերմանում է:
-Տիկին Ջեմմա ջան, ասացիք՝ Ձեր մեծ տղան ամուսնացել է, հարսն էլ հոյակապ աղջիկ է, բա թոռնիկ ունե՞ք,- հարցնում եմ՝ զգալով, որ տիկին Ջեմմայի աչքերը հիմա սիրուց կպայթեն, որ թոռնիկի անուն լսեց:
-Արևիկս: Աշխարհի չափ սիրում եմ: 7 տարեկան է, դպրոց է գնում: Իմ մայրիկի պես է, գիտես, չէ՞, երբ պառկած եմ, բերում է վրաս անպայման մի բան է գցում, ասում է՝ տատի՜, չմրսես հանկարծ: Մեր տան էկոնոմիստն է, մինչև լույսերն ու ջրերը չանջատի, չի քնի: Իսկական արև է՝ պայծառ ու լուսավոր: Մեր տան արեգակն է:
-Տիկին Ջեմմա ջան, բա ասում եք` ոչինչ չկա շնորհակալության համար: Այս ինչ հոյակապ ընտանիք ունեք, Աստված տա միշտ միասին լինեք՝ սիրով ու սերով: Շնորհակալ եմ, որ պատասխանեցիք հարցերիս:
-Սոսե ջան, ես եմ շնորհակալ, աղջիկս, երբեք չէի մտածել՝ ինչքան երջանիկ եմ իմ ունեցածով: Հիմա գնամ ու բոլորին գրկեմ, ամուր համբուրեմ, կարոտեցի բոլորին, մանավանդ Պարգևիս:
Ավարտեցի, պայծառ ժպիտով նստել եմ, տեսնում եմ մյուսները մատները ծալելով ինչ-որ բան են հաշվում: Շնորհակալության առիթները… Որոնք այնքան շատ են:
Պետք է բաժանվեմ սիրելի ավտոբուսիցս, մեկ էլ տեսնեմ ավտոբուսի վարորդը՝ Վաչագան ձյաձյան, ասում է.
-Սոսե ջան, քեզ պետք է պահեմ կողքս, որ սենց միշտ համով-հոտով ճանապարհ գնանք: Աստված քեզ հետ, աղջիկս, ապրես:
Բարի օր եմ մաղթում վարորդին ու երջանիկ գնում դասիս:
Իսկ դուք ունե՞ք շնորհակալության առիթներ: