anahit baghshetsyan new

Չժամանակ

Նման բառ չկա հայերեն լեզվում` բնական է: Ես եմ հորինել: Նման բառերը պիտի հորինվեն, որովհետև չժամանակը զգացմունք է, պահ, երևույթ, իրավիճակ, ոնց ուզում ես սահմանիր, բայց բոլորս անցել ենք դրա միջով, բոլորս մեր սեփական մաշկի վրա ենք զգացել այն:

Սկսենք վերջից:

Նա ինձ ճանապարհել է դեպի իրեն անծանոթ ու օտար ափեր: Այսինքն, այդ պահին ձեռքս չի բռնել ու ասել, որ ինձ կկարոտի: Աչքերը չեն թրջվել, հայացքը անօգնական չի պտտվել շուրջբոլորը: Չէ’: Սենտիմենտալ ոչ մի դրվագ չեղավ նրա` ինձ ճանապարհելու մեջ: Նա ուղղակի ինձ չկանգնեցրեց, երբ ես գնում էի: Ոչ մի բառ անգամ չհնչեց նրա ձայնով: Իմ կողմ նրա սիրուն աչքերի հայացքը չնետվեց, ու ես չկանգնեցի, որ անհագուրդ նայեմ ու ուղեղիս մեջ դրոշմեմ այդ հայացքը: Նա այդտեղ չէր, իմ կողքին չէր հենց այդ պահին: Ողբերգությունը հենց այդտեղ սկսվեց, ու ինձ հետ կես աշխարհ կտրեց ու եկավ հասավ դեպի նրան անծանոթ ափերը:

Իմ հիշողությունը այլևս չի ողողվում բոլոր գունավոր զգացմունքներով, որ նա էր հորինել իմ համար: Ես այլևս չեմ խորտակվում իմ ու նրա երազանքների գիրկը, որովհետև նա ինձ թողնեց, որ ես գամ ու հասնեմ օտար ափեր, որովհետև նա քաջություն չունեցավ ինձ կանգնեցնելու: Բայց այս մտքերը էլ չեն պտտվում գլխումս: Ուղղակի վռնդել եմ գլխիցս: Ներս չեմ թողնելու, որովհետև հենց թողեմ ինձ կրկին տանելու են նրա ափեր, որտեղ նա ինձ չի սպասում:

Նա էլ երևի իր ափերում ամեն ինչ դասավորել է: Երևի մեր երազանքները ծալել ու դրել է մի անկյունում ու մեկ ուրիշի հետ նոր երազանքներ է գծագրել, կառուցել, քանդել… Կամ էլ գուցե մեր երազանքները չի պահել, դրել է մի փոքր տուփիկի մեջ ու ծովի ալիքներով իմ ափ ուղարկել: Հա, հաստատ էդպես է արել: Որ ինձանից ոչ մի բան չմնա իրեն:

Վերջացնենք: Սկիզբը կպատմեմ:

Մենք հանդիպել ենք պատահական: Այսինքն, ոչ հստակ ժամ, ոչ տեղ, ու ոչ էլ օր չկար պլանավորված: Ուղղակի կյանքի ինչ-որ անհասկանալի հեգնանքով մենք բախվել ենք իրար ու մի փոքրիկ պատմություն ենք գրել միասին: Երևի ոչ մեկին էլ պետք չէր մեր գրած պատմությունը: Պատմություն չեմ կոչի,  անունը նովել կդնեմ, որովհետև ավարտը անսպասելի էր թե ընթերցողների, թե կերպարների համար: Ինձ թվում էր, որ մենք իրար համար ենք ստեղծված, նրա հասակը իմ հասակին համապատասխան էր, իմ կարծիքները` նրա կարծիքներին լրացնող: Բայց նա կյանքը սկսել էր բացահայտել, իսկ ես դեռ շարունակում էի նույն ուղով: Հետո էլ, երբ նա վերջացրեց իր փնտրտուքները, ես իմը սկսեցի: Իմ բացահայտումները նույն ափին չէին: Ու նա ինձ թողեց մենակ: Ասաց, որ մենք իրոք իրար համար էինք, բայց հանդիպել էինք կյանքում անհարմար պահի: Ու ես անունը դրեցի չժամանակ: Չժամանակ, որովհետև, բացի այն, որ հանդիպել էինք սխալ պահի, երկուսս էլ գիտեինք, որ ճիշտ պահը չի գալու երբեք: Ես լինելու եմ շատ զբաղված, ինքը լինելու է շատ ազատ, հետո ես լինելու եմ հասանելի բաժանորդը, իսկ ինքը` հակառակը:

Ու մենք հրաժեշտ տվեցինք իրար անհրաժեշտաբար: Ես լաց եղա ու ատեցի Սևակին մեր բախտը մեզնից շուտ կանխագուշակելու համար: Իսկ ինքը… Իսկ ինքը ինձ չկանգնեցրեց ճանապարհի կեսին: Ինքը չժամանակի զոհը դարձրեց համ ինձ, համ ինքն իրեն…