Նման օրերը պիտի սկսվեն մի մատ խորքից, որ գոնե այդպես տեղ թողնենք առաջնեկ հույզերի համար, որ հիշենք ու ժպտանք փակ աչքերով` լայն։ Պահերը պիտի ընդունենք թափթփված, քամված ու լիքը, երբ լռում ենք, ու փոխարենը շնչում են հայացքները, հիմար շարժումները, որ չգիտես` ինչ պահ են արդարացնում։ Մեզ գծում ու ծափահարում են ճամփաները, որոնք մենակ չենք անցնում, բայց դա այն դեպքում, երբ շուրջդ մարդիկ են, որ հարգում են տարածքդ ու պատեհ պահի, առանց խոսքի, թույլ են տալիս ապրել առանձին քո շրջանակում, սիրել կյանքը մենակ, բայց չպատկերացնել այն առանց մյուսների։
Մեզ հոտնկայս ընդունում, թաքուն պահի խոնարհվում են քողարկված մարդուկները, որոնց չգիտեմ ինչպես ստեղծում ենք մեր մեջ ու արթնացնում այն օրերին, երբ ասելիք ունենք կյանքին ու պատրաստ ենք սրվելու մինչև խիստ երկնագույն։ Բայց նրանք սիրուն են այն ճամփաներին, երբ անցնում ենք մթին ու ճաշակում գիշերը, երբ մարդիկ ավելի իսկական են ու չեն վախենում մթի հպումից։ Պարզապես դրանք ժամանակներ են, որ տաքությունը մեր քունն է, որ հաճախ բաց ենք թողնում` այլոց քունը սիրուն տեսնելու համար, որովհետև մենք դրա համար ենք ընտրում ճամփաները։ Իսկ գրկելու, գլուխ շոյելու, կամ պարզապես հեռվից նայելու, բայց մոտիկ զգալու հավերժությունները մկանաթելերով կապում են իրար, ստեղծում տաք ալիք, որի հարվածից պիտի փռվեն բոլոր սառնությունները։ Հենց այսպես են վայելում գիշերը, երբ արահետները տանում են մի ուղղությամբ, որը ոչ այնքան սպասված էր, ինչքան կողքիդ մարդկանց անուշ քունը` չբարձրաձայնված հարցերի ու աստղաթափ երկնքի տրամադրության ներքո։
Իսկ առավոտները պիտի սկսվեն թարմությամբ ու ընդարձակվեն այնպես, ինչպես ձգվում էինք բոլորս քնից հետո, և պիտի գունավորվեն այնքան, ինչքան առատ էր խաղաղությունը մեր սրտում ու նման Թբիլիսյան աշնանը։ Մենք քայլում էինք փողոցներով ու սրբում մեր ներսը մտքերից, դատարկում անհանգստացնող ամեն բան, հետո երկնքից նայում էինք քաղաքին ու երազում էինք լինել մեր տեղում։ Իսկ ամենասիրունը հենց երկինքն էր, որ մի քանի րոպեով ընդունել էր մեզ, փաթաթվել, որ քամիների հոսքից չմրսեն մեր սրտերն, ու երազ չլինի։
Մեզ խորտակում են վախերն ու արգելում շնչել կանոնավոր, դրա համար ապահով չլինելու ցանկությունը երբեմն ամենացանկալին գուցե և պարտադիրն է թվում։ Այդժամ, մենք փախնում ենք չհասցնելու վախից ու բարձրաձայնում, որ սիրում ենք իրար ու սիրում այն կյանքը, որը միասին ենք ապրում։
Ես նորից ընտրում եմ այդ ճանապարհը, որը միասին էինք անցնում, հողին կպած, երկնքում, դողի, բայց և պաշտպանված մթնոլորտում։ Ես նորից ընտրում եմ նրանց, ում հետ ժամանակ կիսելը եռման վայելք էր, թաքնված, կիսով բացված խոստովանություն, և ում հետ ասելիքն այնքան էր, որ լռությունն էր հաղթում։
Բայց վերջում ամենահիշվողն այն աչքերն են, որոնք փակ են ու քուն են մտնում, և այն հոգիները, որ ճանապարհ են գնում, անկեղծ են և չեն խաղում։ Ապրում են։ Մաքուր։