Նրանց պատմությունները նույնն են, բայց միևնույն ժամանակ, տարբեր ու յուրահատուկ: Նրանց 44 օրը նման էր գրքի կամ ինչ-որ ֆիլմի, որի հաջորդ տեսարանին բոլորս լարված սպասում էինք, և հակառակ բոլոր ֆիլմերի, մենք ուզում էինք, որ այն րոպե առաջ ավարտվի:
Այս ֆիլմում էմոցիաները տարբեր էին, բայց մեկ նպատակի համար դրանք դարձել էին այնքա՜ն նույնը… Իսկ որտեղի՞ց նրանց այսքան ուժ, կամք ու նպատակ ավելին անելու հայրենիքի համար: Հերո՞ս, իսկ միգուցե այս բառը դեռ քի՞չ է նրանց համար:
Գոռը… Հայաստանի ամերիկյան համալսարանի լսարաններից մինչև պատերազմի դաշտ ու հակառակը:
Գոռին բնութագրելիս առաջին բառը պիտի լինի բարությունը, իսկ հետո հայրենիքի համար կյանքը չխնայելու պատրաստակամությունը: Ծառայության անցնելը նրա համար ոչ թե լոկ հայրենքի պարտքն էր, այլ պատասխանատվություն ու սեր առ հայրենիք, որը գործով պիտի ապացուցվեր: «Ամեն ինչի մեջ պետք է դրականն ու լավը տեսնել»,- ասում է Գոռը և աչքերի մեջ թախիծով, բայց ժպիտով ու հպարտութամբ պատմում իր երկու տարիների, և հատկապես պատերազմի մասին:
-Ծառայել եմ Լուսակերտում, հրետանային գնդում, որպես կրտսեր սերժանտ, ապա տեղափոխվել Արցախ, Ստեփանակերտի Ցոր զորամաս: Միշտ մարտական ու պատրաստ ենք եղել ամեն ինչի, անգամ ամենաանհնարինին: Ամեն ինչ լավ էր, բայց…
Բայցից հետո, միշտ շունչդ պահած ես լսում, քանի որ այդ պահին շատերի ժպիտն ուղղակի սառել է, շատերը չեն հասցրել անգամ վերջին ջրի կաթիլը խմել… Իսկ շատերն էլ սառել են մի պահ, բայց հավաքել իրենց և սկսել պայքարը հանուն հայրենիքի:
-Բայց սեպտեմբերի 26-ին հրաման ստացանք պատրաստ լինելու, քանի որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել: Անգամ մեկ վայրկյան չենք մտածել հետ նայելու, փախնելու կամ վախենալու մասին: Մեր մտքով նման բան չէր կարող անցնել: Ու հաջորդ օրը մեր առօրյան նույն կերպ սկսվեց, ու րոպեներ հետո ամեն ինչ փոխվեց, որովհետև այն, ինչ ստեղծվում է տարիների ընթացքում, վայրկյանի մեջ հողին էր հավասարեցվում: Յոթն անց էր, տագնապ, տագնապ ու էլի տագնապ: Կենտրոնացման շրջանում մնացինք 3 օր, ապա Արցախի ամեամեծ գյուղ՝ Հաթերք: Լեռներում ու ձորերում ապրելն ավելի էր մոտեցնում մեզ մեր հայրենիքին: Ապրում էինք այնտեղ ու նրանով:
Ախր, հայրենիքին տերեր պետք չեն, հայրենիքին տեր կանգնել է պետք, իսկ Գոռն այդ պարտականության կրողներից մեկն է: Նա լեռներում ու ձորերում ավելի մոտ էր իր այդքան սիրելի հայրենքին, որտեղ իրականության հետ առնչվելն այդքան էլ հեշտ գործ չէ:
-Երբ որ նայում էինք երկնքին, անդադար լույսեր էին, ու մեկ-մեկ ուզում էիր փակել աչքերդ ու հաջորդ րոպեին, երբ բացես, գոնե մի վայրկյան դու էլ լինես հարձակվողը, բայց չկար մարտական գործողություն, մենք ուղղակի պաշտպանվում էինք: Մեզ պահում էին մեր արած կատակները, հույսն ու հավատը: Շարունակվում էր անվերջ թվացող պատերազմը: Հոկտեմբերի սկզբին տարան Շուշի, զանգեցի եղբորս ու տեղյակ պահեցի, դե կարող ա հետ չգայի, բայց գիտեի, թե ինչի եմ զոհվելու ու պատրաստ էի….
Մենք շատ հաճախ ենք ծրագրեր մշակում մեր կյանքի համար, չիմանալով, թե որ պահին և ինչպես կփոխվի ուղեցույցը: Գոռն ապագա ծրագրավորող է, բայց կմտածե՞ր արդյոք, որ հազարավոր զրոների ու մեկերի խաչմերուկում խաղաղություն է ծրագրելու:
-Շատ ընկերներ կորցրեցի, մոտ ընկերներ….
Ժպտերես տղայի դեմքից միանգամից կորչում է ժպիտը, չէ՞ որ կան թեմաներ, որոնց մասին խոսելիս մենք ինքներս մեր էմոցիանեերը դժվար ենք կառավարում:
-Ականանետը շարքից դուրս էր եկել, ու պետք ա ռացիայի մարտկոց տանեի կես կիլոմետր հեռու: Նման կրիտիկական պահերը մեզնից անպակաս չեն եղել: Էդ ընթացքում ռուս լրագրող մոտեցավ, հաճելի էր, որ կարողանում էի երկրիս պաշտպանի գործին կցված նաև ներկայանալ ճիշտ ու չվախենալ ոչ մի տեսակ արգելքից: Կես կատակ կես լուրջ, բայց մի փոքր էլ խանգարում էր, որովհետև այդ պահին ականներ էի պատրաստում:
Պատերազմի դաշտից կամ հիշողություններ են գալիս, կամ տղաներ, ովքեր երբեմն թաքցնում են իրենց հույզերը, բայցևայնպես ամուր պահում այն հիշողությունները, որոնք փոխել են իրենց կյանքը:
-Հին փամփուշտներ էինք գտնում Շուշիից ու ոգեշնչվում, հետո հուզվում էինք շատ: Պահ եկավ, երբ հարկ կար գիշերելու գերեզմանոցում: Չէ, դա էնպես չի, որ շատ դժվար կամ ամենադաժան պահերից ա եղել: Շատերս փրկվում էինք, միևնույն ժամանակ մտածելով, որ հերթը մերն ա: Հիշում եմ Հաթերքի հողից պատրաստված տունը… Եռաբլուր գնում եմ շատ….
Գոռի երկար դադարն ասում էր ամեն ինչ, չէ՞ որ այն հայրենիքի լռության տունն է, որտեղ միայն դրոշների շշուկներն են, իսկ ծնողները…
-Երազում եմ, որ մի օր երեխաներիս ձեռքը բռնած կգնամ Արցախ ու կպատմեմ, կասեմ, որ ձեր պապան էս հողի համար կռիվ ա տվել, բայց վախենում եմ այն մտքից, որ միայն նրանց կպատմեմ, ու այդպես էլ չեմ կարող կանգնել այն հողին, որը Սրբություն է, որի համար կյանք ու արյուն չի խնայվել… Ես անգամ հիմա պատրաստ եմ պայքարել իմ հայրենիքի համար:
Պատերազմը մեզնից կամ տանում, կամ ավելի է ամրացնում այն, ինչ մենք ունեք: Ես էլ, մյուսն էլ, մեկ ուրիշը հեռվում, Գոռը, շատերս, խոստում ունենք, որ ուր էլ որ լինենք, հայրենիքին մենակ չենք թողնելու, ինչ էլ որ լինի: Կրթությամբ ու աշխարհի գիտելիքները մեր տուն բերելով այն դարձնելու ենք այն, ինչի մասին մեր շատ զոհված ընկերները երազում էին:
Պատերազմը փոխել է Գոռին, դարձրել ավելի հոգատար ու բարի, որովհետև հայրենիքը նման կորովով երիտասարդների կարիքը շատ ունի: Այսօր Գոռը շարունակում է իր կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային գիտություն բաժնում: Հայրենիքի համար լավագույն մարդ լինելու համար նա ունի բոլոր տվյալները, նա արել է ամենաանհնարինը՝ չմտածելով անգամ իր սեփական կյանքի մասին, իսկ այժմ նույն պատրաստակամությամբ էլ հասնելու է այն լավագույն մասնագետի բնութագրին, որի կարիքն այսօր մենք՝ հայերս, շատ ունենք…
Այս ֆիլմում էմոցիաները տարբեր էին, բայց մեկ նպատակի համար…