Լրագրության այսօրը

Հարցազրույց «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ


-Պարոն Նալբանդյան, շատերն ասում են՝ լրագրությունը մոդայիկ մասնագիտություն է դարձել: Որքանո՞վ է դա փոխել լրագրային դաշտի պատկերը:

-Մոդայիկ լինելը կապ չունի որևէ բանի հետ: Ժամանակին իրավաբանական կրթություն ստանալն էր մոդայիկ, բայց դրանից շատ բան չէր փոխվում կրթության որակի առումով: Պարզապես կոնկուրսն էր մեծանում: Ենթադրում եմ, որ լրագրությունը դարձել է մոդայիկ, որովհետև ավելի հեշտ է դարձել լրագրող դառնալը, հնարավորություններն են շատացել: Համացանցը տալիս է այդ հնարավորությունները: Ասենք, 20 տարի առաջ մարդիկ կարող էին աշխատել միայն հեռուստատեսությունում, ռադիոյում և թերթերում: Հիմա ավելացել են նաև կայքերը, սոցիալական ցանցերը: Այդ պատճառով ավելի շատ երիտասարդներ են կարողանում իրենք իրենց ռեալիզացնել կայքերում և սոցիալական ցանցերում: Գուցե սա մոդայիկ է, գուցե ժամանակի պահանջն է: Երբ առաջարկը լինում է պահանջարկից ավելին, կարող է լինել լճացում: Լճացման հետևանքով ապրանքը, ծառայությունը և մասնագիտական որակը կարող է կորցնել հատկանիշներ, որոնք մի ժամանակ կարևոր էին: Հետսովետական շրջանում առաջին տասնամյակում ավելի կարևոր էր բովանդությունը, հիմա՝ ձևը: Անկախության առաջին շրջանում ավելի կարևոր էր լուրը խորապես ուսումնասիրելը և հետո դրա մասին գրելը, հիմա ավելի կարևոր է շատ արագ, մակերեսային լուրերը տեղ հասցնելը: Լրագրության մեջ լուրի ճշգրտությունը, կարևորությունը, բազմակողմանիությունը և տարբեր տեսակետների համար հնարավություն ստեղծելը շատ ավելի կարևոր է, քան արագությունը: Կայքերում սովորաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնում հնարավորին չափ շատ նյութ արագ տարածելու վրա: Մենք դեռևս համարում ենք, որ սա լրագրողական որակների կորուստ է: Գուցե կգա ժամանակ, որ դա ստանդարտ կդառնա:

-Այսօր յուրաքանչյուրը կարող է համացանցի միջոցով լրագրությամբ զբաղվել, նկատի ունեմ քաղաքացիական լրագրությունը, այս դեպքում լրագողի մասնագիտություն ստանալը, արդյո՞ք, կարևոր է:
-Լրագրողի մասնագիտություն ստանալը, կարծում եմ՝ կարևոր է, բայց դա միակ չափանիշը չէ լրագրողի աշխատանքով զբաղվելու համար: Ես գիտեմ, որ բազմաթիվ հեռուստաընկերություններում աշխատանքի են ընդունում մարդկանց ոչ թե ըստ այնմ, թե նրանք լրագրողական մասնագիտություն ստացել են, թե ոչ, այլ ըստ այնմ, թե կարողանում են այդ աշխատանքը կատարել թե ոչ, լավ են անում, թե վատ:

-Հայաստանում լրագրողի նկատմամբ վստահությունը 1-5 բալային սանդղակով որքա՞ն կգնահատեք:
-Չկա որևէ սոցիոլոգիական հետազոտություն, որով կարողանանք առաջնորդվել: Կարող ենք ընդամենը ենթադրել, որ լրագրողի նկատմամբ վստահությունը ընկել է Սովետական Միության համեմատ: Բայց Սովետական Միությունում լրագրողներ չկային. բոլորը քարոզիչներ էին: Էնպես որ շատ դժվար է համեմատել, թե որ ժամանակաշրջանի համեմատ ինչքան է բարձրացել կամ ընկել լրացրողի հանդեպ վստահությունը: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ լրագրողի դեմ կատարվող բռնություններն են պակասել: Օրինակ՝ 90-ականներին ավելի շատ էին բռնությունները, քան հիմա: Բայց դա խնդրի մի կողմն է, որովհետև մենք կարող ենք միայն հարուցված քրեական գործերով դատել: Մյուս կողմից լրագրողներին կաշառելը և’ 90-ականներին, և’ հիմա եղել է և մնում է արատավոր երևույթ: Բայց այս դեպքում քրեական գործերի հետ չենք առնչվում, որովհետև շատ քիչ են: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ լրագրողին կաշառելու հոդվածով որևէ մեկը դատապարտվեր: Բայց այդ արատավոր երևույթը կա: Նկատի ունեմ՝ գուցե լրագրողին ծեծելն ու սպանելը պակասել է, բայց կաշառելն է ավելացել: Մենք կարող ենք ընդամենը ենթադրել:

-Վերջերս Ա. Նոտոմբի «Մարդասպանի հիգիենան» գրքում հանդիպեցի հետևյալին. «Լրագրողներն անխուսափելիորեն անտակտ են: Դա նրանց մասնագիտությունն է»: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ: Որո՞նք են սկզբունքներն ու սահմանները, որոնք պետք է պահպանել:
-Կարող եմ ենթադրել, որ գրքում միտքը եղել է այն, որ լրագրողները շատ հաճախ թողնում են լկտի, լպիրշ, անտակտ, ցինիկ մարդու տպավորություն: Բայց դա չի նշանակում, որ նրանք իրականում լկտի, անտակտ, ցինիկ և լպիրշ են: Լրագրողի մասնագիտությունը ստիպում է հարցերը ձևակերպել ուղիղ և տալ, ինչը շատ հաճախ այլ մասնագիտությունների տեր մարդիկ չեն անում: Լրագրողները հարց տալիս են պետական պաշտոնյային, քաղաքական գործչին, իշխանության, ընդդիմության ներկայացուցիչներին և բնական է, որ պետական պաշտոնյաները, ընդդիմության լիդերները, իշխանության լիդերները լրագրողին բնորոշում են հենց այդ հատկանիշներով: Ասում են՝ նա լկտի, ցինիկ, լպիրշ, անտակտ անձնավորություն է, որովհետև ինձ տալիս է հարցեր, որոնք ինձ դուր չեն գալիս: Հետևաբար պետք է պատկերացնենք, թե ցինզմ, լկտիություն ու՞մ տեսանկյունից: Անտակտության մասին պատկերացումներն էլ որևէ տեղ արձանագրված չեն, անտակտությունը քրեական օրենսգրքով սահմանված չէ: Դրա մասին կարող ենք դատողություններ անել: Օրինակ՝ եթե լրագրողը մոտենում է վարչապետին և ասում՝ «Ես տեղեկություն ունեմ, որ դուք սիրուհի ունեք և նրան ծառայեցնում եք ձեր պետական մեքենան»: Բնականաբար, վարչապետը կարող է ասել՝ դուք անտակտ եք: Եվ բնական է, որ անտակտությունը կարող է արժանանալ ապտակի կամ քրեական հետևանք ունենալ: Եթե սիրուհի ունենալու հանգամանքը ուսումնասիրվում է, ոչ թե մտնելով մարդու անձնական կյանք, այլ առաջնորդվելով հասարակության գերակա շահերով, դա արդեն անտակտության խնդիր չէ: Նույն հարցը մեկ ուրիշ կոնտեքստում փոխում է իր հանդեպ վերաբերմունքը:

-Պարոն Նալբանդյան, խոսենք հեռուստատեսության մասին: Հայկական հեռուստատեսությունը գրաքննության ի՞նչ փուլեր է անցել և այժմ ի՞նչ փուլում է:
-Սովետական իշխանության տարիներին տոտալ գրաքննություն էր, հետսովետական շրջանում գրաքննությունը հայտարարվեց օրենքից դուրս: Հիմա մեր Սահմանադրությամբ էլ այն արգելված է, բայց կա: Գրաքննությունն ունի մի քանի տեսակ, արտահայտվում է մի քանի ձևով՝ ինքնագրաքննության տեսքով, խմբագրության ներսում և խմբագրությունից դուրս կառույցների գրաքննական փորձերի տեսքով: Նախ պետք է հասկանանք՝ ինչ է գրաքննությունը: Ինֆորմացիոն տեքստը քաղաքական նկատառումով փոխելը, կրճատելը, ավելացնելը կամ արգելելը գրաքննություն է: Ոչ թե մասնագիտական առումով, այլ քաղաքական, որովհետև լրագրողի տեքստը խմբագիրը կարող է մասնագիտական առումով փոփոխությունների ենթարկել, կարող է նույնիսկ արգելել դրա հրապարակումը: Յուրաքանչյուր լրագրող ինքը  պետք է որոշի՝ թույլ է տալիս քաղաքական առումով միջամտություն իր տեքստին, թե ոչ: Լրագրողները սովորաբար 18 տարին լրացած անձինք են և իրենք են պատասխանատվություն կրում իրենց հոդվածների համար: Եթե լրագրողը չի ցանկանում պայքարել իր ազատության համար՝ մնում է գրաքննության գործին: Եթե ցանկանում է՝ դժվար է լինելու պայքարելը: Գուցե զրկվի աշխատանքից: Բայց դա մի որոշում է, որ պետք է կայացնի յուրաքանչյուր ոք անձամբ: Պետությունը երաշխավորում է նրա իրավունքների պաշտպանությունը գրաքննության դեպքում: Նշանակում է՝ լրագրողը, որը ցանկանում է թոթափել գրաքննության լուծը, պետք է նույնքան գրագետ լինի, որ կարողանա դիմել պետական մարմիններին իր իրավունքները պաշտպանելու համար:

-Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացել են, հիմա համացանցն ավելի արագ է գտնում, արձագանքում, հրապարակում, ի՞նչ պետք է անի հեռուստատեսությունը հետաքրքիր մնալու համար:
-Օրինակ: BBC-ն վաղուց հասկացել է, որ չի կարող մրցել համացանցի հետ այդ առումով և չի էլ ցանկանում: BBC-ն ասում է՝ «Ես համացանցից տարբերվում եմ նրանով, որ իմ լուրերը հավաստի են, աղբյուրները վստահելի են, հայտնած տեղեկությունները ճշգրիտ են և իմ հայտնած լուրերի մեջ ամեն ինչ համակողմանի է ներկայացված: Այսինքն՝ որակը, կոնտենտը, բովանդակությունը ավելի կարևոր է BBC-ի համար: Կարծում եմ, որ հեռուստաընկերությունները Հայաստանում էլ պետք է առաջնորդվեն այս սկզբունքով, որովհետև համացանցի հետ արագության առումով մրցելն անիմաստ է: Մյուս կողմից՝ հեռուստատեսությունը չպետք է մտածի համացանցի հետ մրցակցության մասին, այլ պետք է համացանցն օգտագործի իր շահերի համար: Հեռուստաընկերությունների մեծ մասն այդպես էլ անում է. համացանցն օգտագործում են իրենց պատրաստած հեռուստատեսային ապրանքը երկրորդային շուկայում վերավաճառելու նպատակով:

-Լինելով մեդիա դաշտում հնաբնակ՝ կոփվելու ի՞նչ փուլեր եք անցել:
-Կարծում եմ, որ լրագրողը պետք է առաջին մի քանի տարիները՝ 6-7 տարի, բազմապրոֆիլ լինի, այսինքն՝ ամենատարբեր թեմաներով գրի, կրթություն, քաղաքականություն, սպորտ, քրեական պատմություններ, որպեսզի ծանոթանա դաշտին: Հաջորդ փուլում կարող է մասնագիտանալ որևէ ոլորտում՝ դառնա ոլորտային լրագրող: Այս փուլը հաղթահարելուց հետո նա կրկին կարող է անցնել բազմոլորտ լրագրությանը: Ստացվում է մոտ քսան տարվա փորձառություն: Առաջին էտապը թույլ է տալիս, որ նա ծանոթանա բոլոր գործող անձանց, երկրորդը՝ ծավալվել ոչ միայն հորիզոնական, այլև ուղղահայաց՝ դեպի խորքը գնա, իրերի արմատները գտնի, և երրորդ էտապում արդեն հորիզոնական ծավալվում է՝ մեծ խորություն պահպանելով: Քսան տարի դաշտում լինելուց հետո նա կարող է տրանսֆորմացվել՝ դառնալ մեկնաբան, վերլուծաբան, տեսաբան, այսինքն՝ կարող է ի հայտ գալ մեկ այլ կարգավիճակով:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա և սկսնակ լրագրողներին:
-Մասնագիտական խորհուրդը հետևյալն է. որևէ խմբագրությունում աշխատանքի տեղավորվելուց առաջ ուսումնասիրեք այդ խմբագրության արժեքային համակարգը, տեսեք՝ էնտեղ ովքերն են աշխատում, ինչպես են աշխատում և ինչու են նրանք էդտեղ աշխատում, որպեսզի կարողանաք գլխի ընկնել՝ դուք ուզո՞ւմ եք աշխատել այդ խմբագրությունում այդ նպատակների համար, այդ թիմի հետ: Եթե չեք ուզում՝ ավելի լավ է չտանջվեք, գտեք այն խմբագրությունը, որտեղ դուք կկարողանաք ձեզ ռեալիզացնել՝ պահպանելով ազատության  կամ արդարության մասին ձեր պատկերացումները: Իսկ ավելի լավ է՝ ինքներդ որոշեք ինչ-որ բան անել: Ոչ թե մեկ ուրիշի մոտ մտնել աշխատանքի, այլ ստեղծել համակարգ, որ ինքներդ կարողանաք ռեալիզացնել ձեր հնարավորությունները: