Մարիամ Պապոյանի բոլոր հրապարակումները

Հայ-բելգիական “Exploring the world through the lens of camera” ծրագիր. օր տասներորդ

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Առավոտ էր… Հյուրատան լուսապայծառ ու չքնած առավոտներից մեկը։

Օրը սկսվեց առավոտյան 6։00-ից, որովհետև չէր էլ ավարտվել։ Դեպի Խոր Վիրապ և Բյուրականի աստղադիտարան այցերից ու գերհագեցած օրվանից հետո մասնակիցների մի մասը քնեց, մյուս մասը զբաղվեց միջմշակութային հաղորդակցության  զարգացման գիշերային բուռն ծրագրերով։ Զարգացրինք։
Տասներորդ օրը տեղի ունեցան օրակարգային որոշ փոփոխություններ։ Դեպի Գեղարդ ճամփորդությունը հետաձգվեց՝ ճանապարհների փակ լինելու պատճառով: Ինչպես գիտեք, դեպի Գեղարդ տանող ճանապարհի մի հատվածում տեղի է ունեցել քարաթափում, և տարվում են պայթեցման աշխատանքներ, հետևաբար օրվա պլանավորումն ազատ էր։ Մասնակիցները «Մանանա» կենտրոնում պետք է լինեին 13։00-ին՝ նախկին 10։00-ի փոխարեն։ Մինչև այդ ժամանակը պետք է օգտագործվեր  խմբային նախագծերի աշխատանքների համար։ Մենք ազատ էինք ընտրելու աշխատանքների իրականացման վայրն ու ֆորմատը։
Կեսօրից հետո ազատ ժամանակ հատկացվեց: Անհրաժեշտ էր տեղում մտածել ժամանակի ճիշտ կառավարման մասին։ Մի քանիսը ընտրեց այն անցկացնելու մշակութային, մնացածը՝ աշխատանքային ֆորմատը։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Այսպես՝ առաջին խումբը ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։ Բելգիացի մասնակիցների հետաքրքրությունն ու ավելի մանրամասն թեմային ծանոթանալու ցանկությունը նկատելի էր։ Թանգարանում նրանց ներկայացվեց ցեղասպանության պատմությունը, պատճառը, պատմական հետևանքները։ Բելգիացի մասնակիցները տպավորված էին։ Անգամ հնչեցին մտահոգություններ, որ իրենք պատմությանը քիչ ծանոթ են, ինչն, ըստ իրենց, վատ է։
Հուշահամալիր այցից հետո մասնակիցները բացահայտեցին երեկոյան Երևանի իրենց համար դեռևս անհայտ կողմերը։
19։00-ին բոլորս «Մանանայում» էինք, որտեղից պետք է ուղևորվեինք ճաշի։
Մատուցողը Մորանին.
- Կարող եք սպասել ջրի համար։ Կթարգմանե՞ք իր համար։
Ես.
- Հա, իհարկե: Մորան, նա ասում էր, որ պետք է սպասես ջրի համար։
Իմ վստահությունն, իհարկե, բավական էր, որ Մորանը, համարյա հայերեն հասկանար, բայց լեզվական փոքրիկ խնդիրները թույլ չտվեցին։
-  Բարի գիշեր, երեխեք։ Redouan, it means “good night, guys”
- Okay, I got it. Բարի գիշեր:

Մարիամ Պապոյան

***

Ներկայացնում ենք մեր մասնակիցներին

Հարցազրույց Սուրեն Կարապետյանի հետ

-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել ծրագրին:

-Առաջին հերթին ցանկացա մասնակցել ծրագրին, քանի որ «Մանանայի» մեկ այլ ծրագրով պետք է գնամ Բելգիա, այդ իսկ պատճառով ուզեցի շփվել բելգիացիների հետ, ծանոթանալ իրենց մշակույթին: Երկրորդը, որ անգլերենով հաղորդակցվելու փորձառությունս մեծացնեմ, որպեսզի Բելգիայում խոսելիս չկաշկանդվեմ: Բացի այդ ես միշտ էլ մեծ ոգևորությամբ եմ մասնակցում «Մանանայի» ծրագրերին, որովհետև դրանք աչքի են ընկնում ստեղծարարությամբ. Ինչ ծրագիր էլ լինի, անպայման կիրառում ենք մեր «մասնագիտական» կարողությունները՝ գրում ենք, լուսանկարում, նկարահանում: Ես օրինակ, այս ծրագրի ընթացքում նկարահանում եմ ծրագրի ողջ ընթացքը, որպեսզի պատրաստեմ աշխատանքային մեր ֆիլմը: Կարելի է ասել՝ ես իսկապես աշխարհին նայում եմ օբյեկտիվի միջից:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Ի՞նչ սպասելիքներ ունեիր, և արդյո՞ք դրանք իրականացան:

-Սպասելիքներ ունեի ծանոթանալու իրենց մշակույթին և, ինչպես ասացի, իրականացել է: Արդեն գիտեք, որ մեր բելգիացի մեր մյուս ընկերը՝ Ռեդուանը, արմատներով Մարոկոյից է, ծանոթացնում է նաև արաբական մշակույթին:
Ես միշտ նմանատիպ ծրագրերի ժամանակ աշխատանքային ֆոտոներ եմ անում, այս անգամ նաև ֆիլմը: Հենց այդ անկնկալիքներն ունեի, որոնք իրականացան:

-Արդյոք հասցրե՞լ ես շփվել բոլոր բելգիացի մասնակիցների հետ:

-Այո, արդեն հասցրել եմ ընկերանալ բոլոր բելգիացի մասնակիցների հետ, սակայն ամենաշատը մտերմացել եմ Ռեդուանի հետ, որովհետև ինքը կարծես հոգով հայ լինի, ցանկանում է գալ և Հայաստանում ապրել, ուստի նաև հայերեն է սովորում:

-Կշարունակվի՞ հետագայում բելգիացի ընկերների հետ շփումը

-Ինձ թվում է միանշանակ կշարունակվի, որովհետև բոլոր բելգիացիները շատ հյուրընկալ են. օրինակ Ռոուինը և Ռեդուանը ինձ միշտ ասում են, որ երբ ես գնամ Բելգիա, զանգահարեմ իրենց, մենք անպայման կտեսնվենք, կամ եթե ինչ-որ խնդիր ունենամ, այնտեղ անմիջապես իրենց ասեմ, և նրանք ամեն բանով կօգնեն ինձ: Եվ ես կարծում եմ, որ երբ ծրագիրը ավարտվի, մենք կմնանք իսկական ընկերներ:

-Նոր բան սովորե՞լ ես, որը կարող է հետագայում օգտակար լինել:

-Այո, ես սովորեցի հարցազրույց վարել, և դասընթացները շատ օգնեցին: Օրինակ, առաջին հարցազրույցը արել եմ բելգիացու հետ, և դա իմ առաջին օտար լեզվով կատարած հարցազրույցն էր:

-Ի՞նչ դժվարություններ էին առաջանում բելգիացիների հետ շփման ժամանակ:

-Նախ առաջին օրը, երբ եկա, և Ռեդուանը հայերենով բարևեց, միանգամից մտերմացանք և իր հետ խնդիր չկար: Իսկ հիմնական խնդիրը կարծում եմ, որ անգլերեն շփման ժամանակ էր: Առաջին օրերի ընթացքում բոլորս փակ էինք, քանի որ ամաչում էինք, իրենք՝ նույնպես, որովհետև անգլերենը Բելգիայում առաջին կամ երկրորդ լեզու չէ, բայց արդեն երկու օրվա մեջ մտերմացանք, առանց կաշկանդվելու շփվում ենք, կես բառից հասկանում ենք իրար:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Կարո՞ղ ես հիշել ամենատարօրինակ պատմությունը այս օրերի ընթացքում:

-Ամենատարօրինակ պատմությունը պատմություն պատմելն էր: Երեկոյան հյուրատանը Ռեդուանի հետ նստած էինք դրսում: Ոչ ոք ձայն չէր հանում, և Ռեդուանը անսպասելի հարցրեց. «Իսկ դուք քնո՞ւմ եք շենքի տանիքին»: Զարմացա, թե ինչպես կարելի է տանիքին քնել, իսկ նա շարունակեց պատմել, որ Մարոկոյում դա նորմալ է, երբ գիշերը շոգ է լինում, նրանք ընտանիքով բարձրանում էին կտուր, քնում աստղերի տակ: Մենք կատակելով ասացինք, որ դա շատ ռոմանտիկ է:
Իսկ մյուս տարօրինակ պատմությունը դարձյալ Ռեդուանից եմ լսել: Մենք լսել ենք, որ մուսուլմաններն ունենում են շատ կանայք, բայց առաջին անգամ հնարավորություն ունեինք Ռեդուանից հարցնելու դրա մասին: Եվ պարզվեց, որ Ռեդուանի պապիկը ունի չորս կին, Ռեդուանը առաջին կնոջ թոռն է, ընդհանուր հաշվեցինք, պապն ունի 46 թոռ:

Հարցազրույցը վարեց՝ Զառա Թորոսյանը

***

Tell me interesting story during the program

I am going to tell a story from when we were at the host family. We arrived at the village and were welcomed with a big meal. It was super delicious. After lunch we went on a walk to see the village were we would be staying at for the next couple of days. After our walk we came back to our host family’s and had dinner. When we finished our dinner, we talked for hours with our host family and then got ready for bed. I was staying in the same room as Valentina, Anna and Oriane. We all sat on the same bed and stared talking about love. Just love and nothing else. It was so interesting to hear how different love works in Armenia compared to Belgium. The way Anna and Valentina were talking about love was so cute and so adorable. It was a really pleasant night and we got way closer after it.

***

Մի պատմություն Վալերիայից

Ես պատրաստվում եմ պատմել պատմություն, երբ մենք հյուրընկալ ընտանիքում էինք։ Մենք հասանք գյուղ, և մեզ դիմավորեցին ճաշի սեղանի շուրջ։ Այն արտակարգ համեղ էր։ Ճաշից հետո մենք գնացինք զբոսնելու և տեսնելու գյուղը, որտեղ մնալու էինք հաջորդ երկու օրերը։ Զբոսանքից հետո մենք վերադարձանք հյուրընկալ ընտանիք և ընթրեցինք։ Երբ մենք վերջացրինք ընթրիքը, մի քանի ժամ զրուցեցինք մեր հյուրընկալ ընտանիքի հետ, ապա գնացինք քնելու։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ես մնալու էի նույն սենյակում Վալենտինայի, Աննայի և Օրիենի հետ։ Մենք նստեցինք նույն մահճակալի վրա և սկսեցինք խոսել սիրո մասին։ Միայն սեր, և ուրիշ ոչինչ։ Շատ հետաքրքիր էր լսել, թե ինչպես է սերը տարբերվում Հայաստանում՝ համեմատելով Բելգիայի հետ։ Այդ ժամանակ Աննան ու Վալենտինան խոսում էին սիրո մասին շատ սիրուն ու զմայլելի։ Շատ հաճելի գիշերվանից հետո մենք մտերմացանք միմյանց հետ։

Վալենտինա Չիլինգարյան

Մեկնարկել է հայ-բելգիական “Exploring the world through the lens of a camera” ծրագիրը

Օր առաջին

-Իսկ դու հայերեն բառեր գիտե՞ս։ Օրինակ, դամբուլ։

Երեկ մեկնարկեց հայ-բելգիական երիտասարդական փոխանակման ծրագիրը։ Այն կրում է “Exploring the world through the lens of a camera” անունը։ Հայաստանից ծրագիրն իրականացնում է «Մանանա» կենտրոնը, Բելգիայից՝ «Թումուլտ» կազմակերպությունը։ Երկու շաբաթ շարունակ մենք՝ տասնչորս հայ ներկայացուցիչներս ութ բելգիացի պատանիների հետ անցնելու ենք լուսանկարչության, կինոյի ու լրագրության, կոնֆիլկտների տարբեր տեսակների, դրանց հաղթահարման մասին դասընթացներ։ Գրելու ենք հոդվածներ, պատրաստելու ֆոտո և վիդեո ռեպորտաժներ, համատեղ հետազոտելու ենք Հայաստանը:

Երկշաբաթյա ծրագրի առաջին օրը հիմնականում ծանոթություն էր միմյանց ու երկու կազմակերպությունների հետ։ Երկու տարբեր երկրներ ու մշակույթներ ներկայացնող երիտասարդները միմյանց տալու և իրարից վերցնելու բաներ հաստատ կունենան։

Մինչ այդ պետք է ծանոթանալ։ Միմյանց անուններն իմանալուց ու ինքներս մեզ ներկայացնելուց հետո սկսվեց իրական ծանոթությունը։ Teambuilding, սուրճի ընդմիջում, և արդեն երևում է, որ մեր օտարերկրացի ընկերները եկել են հսկայական սփյուռք ունեցող երկիր։ Նրանցից ոմանք նույնիսկ հայ ընկերներ ունեն։ Օրիենն, օրինակ, ասում էր, որ լավ կլինի տեսնել՝ ինչպես են բոլոր հայերը վերադառնում իրենց հայրենիք։

Մինչ Հայաստան գալը ծրագրի մասնակիցները որոշակիորեն ծանոթացել էին Հայաստանին, հայկական մշակույթին ու խոհանոցին։

Հաջորդող մի քանի ժամերին արդեն հայ մասնակիցները հասցրել էին նրանց հայերեն բառեր էլ սովորեցնել, դե, դամբուլից բացի։

Հետո ծանություն էր երկու կազմակերպությունների հետ։ Առաջինը ներկայացվեց բելգիական «Թումուլտ»-ը։ Այն ունի գործունեության մի քանի հիմնական ուղղություններ։ Իրենից ներկայացնում է կամավորների կազմակերպություն, որն իրականացնում է ճամբարներ ու տարատեսակ դասընթացներ երեխաների, երիտասարդների համար, կազմակերպում է երիտասարդական փոխանակման ծրագրեր։ Կազմակերպության գործունեության շեշտը հիմնականում դրված է կոնֆլիկտների, դրանց հաղթահարման վրա։

Մասնակիցների հետ դիտեցինք «Մանանա» կենտրոնի սաների նկարահանած ֆիլմերից ու անիմացիաներից, փորձեցինք քննարկել, վերլուծել դրանք։

Օրն ավարտելուց առաջ հասցրինք զբոսնել գիշերային Երևանի փողոցներով։

Առջևում երկրորդ օրն է․ սպասվում են նոր գաղափարներ ու ծրագրեր։

Հետևեք ծրագրի օրագրին 17-ի էջերում:

Անի Ավետիսյան

***

Հարցազրույց «Թումուլտ» կազմակերպության անդամ Լիո Կաեբլենի հետ:Lio

-Կպատմե՞ք «Թումուլտի» մասին։

-«Թումուլտը» երիտասարդական կազմակերպություն է Բելգիայում։ Այն իր գործունեությունը սկսել է մոտ 14 տարի առաջ։ Աշխատանքը միտված է կոնֆլիկտների, ինչպես նաև ծաղրանքի, խտրականության, նախապաշարմունքների հաղթահարմանը։

-Ինչպե՞ս որոշեցիք համագործակցել «Մանանայի» հետ։ 

-Անցյալ տարի մենք փնտրում էինք կազմակերպություն, որի հետ պետք է համագործակցեինք։ Եվ մենք գտանք «Մանանան», որը բավական հայտնի է, զբաղվում է լրագրությամբ, ֆիլմերի ստեղծմամբ և լուսանկարչությամբ։ Դա շատ հետաքրքիր էր, և մենք որոշեցինք կապվել իրենց հետ։ Մայիսին մենք նախապատրաստական այցով Երևանում էինք և ավելի լավ ծանոթացանք կազմակերպությանը։

-Ինչպե՞ս եք կատարում երկրի ընտրությունը։ Ինչո՞ւ այս տարի ընտրեցիք հենց Հայաստանը։ 

-Մենք կարևորում ենք ծրագիրը։ «Մանանան» զբաղվում է պատանեկան մեդիայով և ֆիլմերի ստեղծմամբ, ինչն էլ մեզ հետաքրքրում էր, և մենք էլ սովորելու բան կունենանք: Բացի այդ Հայաստանը կոնֆլիկտ ունի Ադրբեջանի հետ և Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր չունի։ Եվ այս ամենի մասին իմանալը և ծանոթանալը իսկապես հետաքրքիր է։ Սա երկիր է, որի մասին շատ քիչ գիտենք։ Շատ կարևոր է մեզ համար նոր բան բացահայտելը։ 

-Արդեն մեկ օր անցկացրել եք Հայաստանում։ Ինչպիսի՞ն են օրվա տպավորությունները և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Մենք առայժմ Երևանի կենտրոնում ենք եղել։ Իսկապես գեղեցիկ է։ Շատ եմ ցանկանում քաղաքից հեռու վայրերում ևս լինել։ Իսկապես հետաքրքիր է, թե ինչով են դրանք տարբերվում մայրաքաղաքից։ Սա հիանալի ծրագիր է՝ միմյանց մշակույթներին ծանոթանալու և միջմշակութային հաղորդակցությունը զարգացնելու համար։

Հարցազրույցը վարեց Մարիամ Պապոյանը

***

Our experience started one day earlier because of the flight we had to take to Armenia. We gathered at Zaventem at 16:30 and we said our final goodbyes to our families. When we went to check-in, the flight was overbooked and Lio wasn’t sure of her place on the plane. Luckily we could get her on the flight because we’re travelling as a group.

It was a long flight but it was very smooth and there were no further complications. As we went to the hostel we had two taxi buses to drive us. One taxi had a small TV where the music videos of songs were played on, we were all stunned to see it. When we arrived safely at the hostel the rooms we went to sleep as fast as possible because we were all tired of the long flight.

After a goodnight rest we woke up around 10 o’clock to have a nice breakfast and get ready for the day. At 11 o’ clock we went to the supermarket and exchanged our euros for drams. When we were back at the hostel we waited for the Armenian participants to arrive. At first it was a little awkward to meet them but when we walked to Manana Center we started to talk very fast and we started to get to know each other. At Manana we did some team-building games to remember the names and to know each others’ interests. After the games we had a lunch we ate shaurma. During lunch we exchanged Instagram accounts and we took some selfies. When lunch was done we had two presentations, one about Tumult, the Belgian organisation and one about Manana Youth Center, the Armenian organisation. A long coffee break followed with a lot of cookies, coffee, tea and soda. During the coffee break we had to write down our expectations and fears. The most common expectation was meeting new friends and the most common fear was getting lost. After we discussed them we made the rules and went to the hostel to settle. Around twenty minutes to eight we started walking to the restaurant, furshet-bufet . After dinner we went to the Yerevan cascade, then we got to decide whether we went back to the hostel or we went on a city tour. After that we went to sleep.

Jitse Van Nueten

 

mariam papoyan

«Խցկիր» հեղափոխությունը դպրոց

Կրթական համակարգի խնդիրների մասին իմ նախորդ նյութից հետո՝ FEEDBACK ԴՊՐՈՑԻՆ, ես ստացա ամենատարբեր արձագանքներ
Հիմա դրանցից մի քանիսի մասին եմ ուզում խոսել։
Արձագանքներ կային, որոնք ես կուզեի ստանալ, բայց չստացա։ Համոզվեցի՝ այն ինչ գրված էր նյութի մեջ, այդքան էլ սուբյեկտիվ չէր։
Թեմային անդրադառնում եմ երկրորդ անգամ, որովհետև նախորդի արձագանքից հասկացա՝ խնդիրները հետաքրքրում են հիմնականում մեզ՝ կրթության ոլորտի արտադրանքի սպառողներիս։ Համակարգը ստեղծողները  թեմայով այդքան էլ հետաքրքրված չեն։ Շոգ է։ Հասկանում եմ։ Նախ ասեմ՝ չեմ կարծում՝ համակարգը ստեղծում  են «վերևներում»։ Կամ գոնե ոչ միայն այնտեղ։
Դպրոցում համակարգ ձևավորում ենք մենք և ուսուցիչները։
Նյութի մեկնաբանություններում քննադատությունները քիչ էին։
Ես դրանցից մեկն եմ առանձնացրել։ Մեկնաբանող տիկինը, որն ինձ դիմում էր «որպես մայր, ծնող, դպրոցում աշխատած ուսուցիչ», գրում էր տրանսլիտով, վերջում այդպես էլ հարցիս չպատասխանեց։
Բառացի մեջբերում եմ մեկնաբանությունը.
«Գրվածում իրականություն կա։ Սակայն դպրոցում պետք է սովորել բոլոր առարկաները անկախ նրանից՝ դա կարող ես, թե ոչ (ասեղ թելել, նկարել …)։ Պարզապես պետք է հայկական ուսումնական հաստատություններում մտցնել այն գաղափարը, որ պարտադիր չէ որ բոլորը կարողանան դա անել գերազանց։ Սիրելի նյութի հեղինակ, որպես մայր, որպես ծնող, որպես դպրոցում աշխատած ուսուցիչ խորհուրդ կտամ կյանքում ամեն ասպարեզից մի քիչ-մի քիչ գիտելիք ունենալ (բոլորը կատարյալ հնարավոր չէ), կյանքը լի է անակնկալներով»։
Երբ ասաց, որ հայկական կրթական ծրագրերը լավն են ի տարբերություն եվրոպականի, ես հարցրի՝ արդյո՞ք ուսումնասիրել է եվրոպական որևէ երկրի կրթական ծրագիրը։ Հարցս մնաց անպատասխան։
Տիկինն այդպես էլ չընդունեց, որ ես բազմակողմանիորեն զարգացած լինելուն դեմ  չեմ։ Ընդհակառակը։ Պարզապես իմ և իր «բազմակողմանին» տարբեր էին։ Ես բազմակողմանիորեն զարգացած լինել ասելով՝ հասկանում եմ բացի մայրենի լեզվից գոնե երկու օտար լեզվի իմացություն, ՏՀՏ-ից օգտվելու և դրանք կիրառելու հմտություն և մաքսիմալ պրոֆեսիոնալիզմ դասավանդած առարակայում։
Իմ նշած հմտությունները կարելի է ձեռք բերել ինքնակրթության միջոցով։ Ի դեպ՝ մեկնաբանող կինը նաև նշեց, որ իրենց ժամանակ չկային համակարգիչներ ու իրենք օգտվում էին հանրագիտարաններից ու հին սերնդից։
Ինձ համար մեր «օնլայն բանավեճի» ամենակարևոր արտահայտություններից էր սա։ Որովհետև ես հասկացա, որ խնդիրը փոփոխություններին պատրաստ չլինելն է ու պարզապես չիմանալը, որ այդ փոփոխություններն ընդունելը կարևոր է։ Շատ կարևոր։ Եթե կարիք լինի՝ ուղերձս ձեզ հասցնելու համար երրորդ անգամ գրել այս թեմայի մասին, ես պատրաստ եմ։
Որևէ հեղափոխություն, նոր կառավարություն, ԿԳՆ չի կարող փոխել կրթական համակարգը, լուծել խնդիրները, եթե հանրակրթական դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչները չգիտակցեն, որ այս խնդիրը իսկապես կարևոր է, որ մեզ ու դպրոցի և իրենց հետ հարաբերություններ ձևավորելուն խանգարում է հենց իրենց անտարբերությունը, եթե չհասկանան, որ մեդիագրագիտությունը կարևոր է, որ հայոց եկեղեցու պատմություն առարկայի փոխարեն պետք է ներառել կրոնագիտությունը, որ մարդկանց տարբեր ու հավասար լինելն ընդունելը ոչ թե «արևմտամետ լինել է», այլ կարևոր արժեքների գիտակցում (Ինձ Սորոսը չի ֆինանսավորում)։
Հետաքրքրվածների համար էլ առաջարկ ունեմ։ Ցանկանո՞ւմ ես փոխել, գիտակցո՞ւմ ես, որ հեղափոխությունը պետք է «խցկել» դպրոց, պատրա՞ստ ես սովորեցնել, անտարբեր չե՞ս։ Ինձ ուղղակի ինչ-որ կերպ հասկացրու, որ էդպես է. գրիր, մեկնաբանիր, սկսենք «չելենջ», հեշթեգը՝ #ՍովորեցրուՈւսուցչինՍովորել։ Սա իմ տարբերակն է, բայց ես բաց եմ բոլորիդ առաջարկների ու քննադատությունների առաջ։ Ես դրա համար ունեմ ընդամենը մի սեպտեմբերի հնարավորություն, բայց ուզում եմ՝ մնացածի մնացած սեպտեմբերները չլինեն էսպիսին, որ հասկանան դպրոց հաճախելու կարևորությունը, որ սիրեն սովորելու գործընթացը։

Սպասում եմ տարբերակների։

 

mariam papoyan

Feedback դպրոցին

Հայաստանում հանրակրթական դպրոցների ու ընդհանրապես կրթական համակարգի խնդիրներին շատերն են բախվել, քննարկել դրանք, խոսել, բարձրաձայնել։ Ես 11 տարի սովորել եմ ու դեռ մեկ տարի էլ պիտի սովորեմ ավագ դպրոցում։ Խնդիրների մասին խոսելու եմ մաքսիմալ կոնկրետ ու ոչ օբյեկտիվորեն, որովհետև ես աշակերտ եմ, որ հիմա պիտի անցնի իր 11 տարիների վրայով։ Նման դեպքում օբյետիվություն պահելը, հավատացեք, դժվար է։ Նյութի միակ օբյեկտիվ ու ոչ կողմնապահ կողմը դրա՝ հասակակիցներիս շրջանում նույնպես տարածված լինելու համոզվածությունս է։

Մինչ տարբեր հարթակներից երկար տեքստեր էին հնչում, ես ամեն տարի ավելի էի հեռանում դպրոցից։ Այնքան, մինչև իմ ու դպրոցի կապը հասավ նվազագույնի։ Ես հասկացա, որ ինչ անում ենք դպրոցում (և ավելին) ես 99%-ով կարող եմ անել դպրոցից դուրս ինքնակրթության միջոցով։ Չէի կարող վերահսկել գործընթացը, որովհետև ես աշակերտ եմ, որ տոննաներով անգիր սովորելուն զուգահեռ ֆիզիկապես պատրաստ չէ մտածելու իր ու դպրոցի հոգեբանական կապի պահպանման մասին։

Սկսենք տարրական դասարանից։ 1-ինից 7-րդ դասարանում անցնում ենք կերպարվեստ, երաժշտություն, տեխնոլոգիա առարկաները։ Գնահատվում ենք։ Ուրեմն՝ տիեզերքում խնդիրը լուծելու հնարավորություն ունեցող որևէ մեկին չի հետաքրքրում, որ դու, օրինակ, ձայնային տվյալներ չունես, նկարելու ձիրք էլ, ասեղ բռնել չգիտես, նյարդայնանում ես թղթով աշխատելիս և այլն։ Դու ու Բախը դրա համար գնահատվում եք նույն չափորոշիչներով։ Դու ու Կլիմտը՝ նույնպես։ 20-25 հոգու առաջ դու երբեմն ստիպված ես լինելու կատարել Կոմիտաս, ու որևէ մեկին հոգեբանական ապրումներդ չեն հետաքրքրելու, որովհետև դու աշակերտ ես՝ օբյեկտ, որի գլխուղեղ ընդամենը անհրաժեշտ է 12 տարի ինչ-որ բան «խցկել»։ Ուրեմն՝ դպրոցական վեց տարիների սթրեսը երաշխավորված է։ Եթե այդ ամենին ավելանա նաև մայրենիի, հայրենագիտության կամ բնագիտության նկատմամբ ոչ համակրելի վերաբերմունքդ, ուրեմն՝ ի՞նչ ասեմ, կարող ես ընդհանրապես դպրոց չգնալ, դու ծույլ ես, ծայրահեղ վիճակում, անհույս։ Ութերորդ տարում հավանաբար կկորցնես հետաքրքրությունդ դպրոցի նկատմամբ, կրթություն ստանալու գործընթացը կդառնա բեռ, որ դրանից հետո ամեն տարի ավելի ծանր է թվալու։ Իններորդ դասարանում սեպտեմբերից մայիս քեզ հոգեբանորեն կպատրաստեն քննություններին։ Ամեն օր, ամեն ժամ ինչ-որ մեկը կվախենա, որ դու անգիրը կարող ես չհիշել։ Եթե հնարավորություն ունենան, ուղեղիդ մեջ 90 րոպեի համար օգտագործվող գիտելիք կդնեն, որովհետև կարևոր չէ ո՛չ քննությունից առաջ, ո՛չ դրանից հետո իմացածդ։ Մայիս ամսին դու գուրգուրանքի, սիրո, քնքշության, նրբության, կարոտի ելույթների մի ամբողջ տեղատարափ կլցնես քո և մնացածի ուղեղը ու կգնաս։ Ի դեպ՝ ըստ վիճակագրական տվյալների՝ մի ամիս հետո կարոտից ընկճախտը կայցելի քեզ։ Ամենակարևորը՝ դու դա կանես համարյա ստրուկի (կներես) նրբանկատությամբ ու բրնձի խանդավառությամբ։ Դու երբևէ չես շրջվի ու դասղեկիդ ասես՝ տիկին/պարոն, ես զոմբի՞ եմ, ինչո՞ւ չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ, Դուք վախենո՞ւմ եք։ Ինը տարվա մեջ դու սովորում ես՝ ինչպես յուրաքանչյուր վերնագրով, թեմայով շարադրություն դարձնել բանակի ու հայրենիքի մասին, ինչպես հնարավորինս համոզիչ լացել, հպարտանալ դրանց մեջ։ Ի դեպ՝ քո փոխարեն կարող է լացել ու հպարտանալ հարևանի աղջիկը, բարեկամը, քույրդ, եղբայրդ, գրականության ծանոթ ուսուցիչ։ Ի՞նչ լայն հնարավորություններ են ընձեռված, չէ՞։ Դու, իհարկե, կարող ես այս անհավանական պայմաններից չօգտվել ու գրել ինչ մտածում ես։ Դասարանի ներկայությամբ կկարդաս, ուսուցիչդ մատյանը կլրացնի, հետո կկանչի դասարանի լավագույն պաթոսախեղդվածին, ու դու կհասկանաս, որ «անտաղանդ ես»։ Եթե ինը տարիների կուրսը տեղը տեղին յուրացրել ես, ուրեմն շնորհավորում եմ, դու կորցրել ես ինքզ քեզ հասկանալու, քեզ հետ անկեղծ լինելու, մտքերդ ձևակերպելու, ստեղծագործելու, պատկերացնել կարողանալու ու էլի լիքը պուպուշ բաների շանսեր, որովհետև ինը տարի քեզ փորձում էին դարձնել «արժանի հայ մարդ», «առաքինի քրիստոնյա», «գերազանցիկ», որի համար հերոսը պետք է լինի Արցախյան կամ Վարդանանց, հաղթանակը՝ պատերազմից հետո, գրած նամակը՝ զինվորին։ Չփորձես մտածել, որ քո հերոսը մուլտից է կամ ընդհանրապես չկա, հաղթանակդ անձնական է, նամակդ ուրիշ հասցեատեր ունի։

Ավագ դպրոցը քո փրկության միակ տարբերակն է։ Նույնն ու հնարավոր է ավելի վատը կկատարվի էնտեղ։ Դու էստեղ ավելի քան երբևէ անազատ ես, որովհետև տիեզերքից մեկը գցել-բռնել ու հասկացել է, որ եթե որևէ լեզու ես սովորում, ուրեմն բնագիտական որևէ առարկայի նկատմամբ հետաքրքրություն չպետք է ունենաս, ո՞նց է հնարավոր անգլերենով ֆիզիկա սովորել։ Ցնդե՞լ ես։ Նորից գլուխդ խցկվելու է անգիրների խուրձը։ Գրողը տանի քո գրական ճաշակը, դա բացարձակ անկարևոր է։ Բայց դու կունենաս երեք տարի ՝ մտածելու ու կոմայից նոր դուրս եկածի պես վերլուծել փորձելու նախորդ ինը։ Դու ունես բոլոր հուշումները, որ հասկանաս՝ ինքնուրույն լինելը կարևոր է, շարադրությունները միայն բանակի ու հայրենիքի մասին չեն, դու ունես ներաշխարհ, դու ունես անձնական դաշտ, կարծիք, կարող ես ստեղծագործել, երևակայել, ձայնային տվյալներ չունենալը, ասեղ չսիրելը, ձմերուկ սիրելը, տանձով հիանալը նորմալ են, մնացած կրոններն ուսումնասիրելը կարևոր է, չհավատալը՝ հնարավոր, Նոյի տապանը Արարատի վրա չի երևում, ազգությունը որևէ բան չի պայմանավորում, մարդիկ կարող են լինել քեզնից տարբեր ու չլինել հայ։

Մենք ունենք էս ամենը, որովհետև չունենք.

Աշակերտից սովորելու պատրաստակամություն ունեցող ուսուցիչների մեծամասնություն։

Բազմակողմանիորեն զարգացած, իրավագրագետ, մեդիագրագետ, անընդհատ ինքնազարգացող, նորությունների նկատմամբ բաց ուսուցիչների մեծամասնություն։

Աշակերտին ոչ միայն Հայաստանի կյանքին, այլև աշխարհին պատրաստող հանրակրթական դպրոց։

Անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտին։

Համակարգի բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ուշադրության կենտրոնացում դեպի աշակերտը։

Հասարակագիտական առարկաների նկատմամբ համակարգային կարևորության գիտակցում։

Ընտրության իրավունքը հարգելու պատրաստակամություն։

Ազատ մտածող մեծամասնություն կազմող ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Այո, տարիքային տարբերությունը մեծ նշանակություն ունի։ Երբեմն անտանելի դժվար է քեզնից 50 տարի մեծերի հետ շփումը, որոնք ունեն կարծրատիպային մտածողություն, հին պատկերացումներ, կյանքի մեծագույն մասն անցկացրել են սովետական միջավայրի սահմանափակ պայմաններում, որոնց համար դասավանդման նոր մեթոդը միայն սլայդն է։

Գիտակցում, որ ուսուցչի գիտելիք տալու գործառույթը այլևս կարևոր չէ, գնահատման համակարգը միայն ինքնաստուգման միտում պետք է ունենա, ստուգող, պատժող գործառույթ ուսուցիչը չունի։ Հիմա ուսուցիչն ունի գործառույթ՝ ուղղորդելու, օգնելու հասկանալ ստացած գիտելիքի կարևորությունն ու պիտանելիությունը. ոչ թե ի՞նչ խցկել, այլ ինչո՞ւ (ընդհանրապես չխցկել)։

Ազատություն հանրակրթական դպրոցում։

Հուսով եմ՝ նյութն ուսուցիչներ էլ կկարդան, չեն համաձայնի, կբանավիճենք։ Մենք հավասար հարթության վրա բանավեճերի կարիք էլ ունենք։ Մտածեք…

Feedback դպրոցին

Թվապատում 2018

Այս տարի թվապատվե՞լ ես, ո՞չ, սկսենք։

Թվապատումը երկօրյա մեդիա կոնֆերանս է, որը կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Ինտերնյուսի կողմից։ Միավորում է մեդիա սպառողներին ու արտադրողներին աշխարհի տարբեր անկյուններից։ Այս տարի Թվապատում 2018-ը ամենադեղիններին ու սպիտակներին թվապատեց երիցուկի թեյով, որ քննարկի մեդիագրագիտությունը, հանրային մեդիայի դերը, օգնի բացաhայտել ապատեղեկատվությունը ու հայացք նետի հեղափոխությանը։

Ավելի մանրամա՞սն։ Ունե՞ս ֆեյսբուքյան ակաունտ, ինստագրամում մեկ-մեկ ֆոտոնե՞ր ես հրապարակում, թվիթո՞ւմ ես, փողոց դուրս գալի՞ս ես, ընկերներով քննարկո՞ւմ եք հարևանի շանը ու երկրի վիճակը։ Նշվածներից գոնե մեկին դրական պատասխանեցի՞ր։ Ուրեմն ամենադեղին ու թավշյա կոնֆերանսի թիրախն այս տարի հենց դու էիր։ ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Վրաստանից ու Հայաստանից մեդիա դաշտի պրոֆեսիոնալները երկու օր շարունակ քննարկում էին քեզ, վերլուծում՝ որպես մեդիա սպառող ու թեյում։

Հետաքրքրվա՞ծ ես կամավորության ծրագրերով, ուրեմն կիսվեմ իմ ամենահավես փորձառությամբ։ Ես Թվապատում 2018-ի կամավորներից էի։ Մի լուսապայծառ առավոտ (ստուգեցի, փաստորեն գիշեր էր), երբ չէի կողմնորոշվում «Թվապատում» թե «Բարքեմփ», ինձ գրեց Սոնան՝ Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնից ու առաջարկեց լինել Թվապատում 2018-ի կամավոր։ (Ի դեպ Սոնան «տարվա գործատուի» իմ թեկնածուն է): Հանդիպեցինք, Սոնան մանրամասն ներկայացրեց կոնֆերանսի էությունը։ Ի՞նչ պիտի անեի։ Ուրեմն պիտի ուղեկցեի, գրանցեի մասնակիցներին, հանձնեի իրենց, ինչպես նշում էին՝ «եղն ու բրինձը» (չգիտե՞ս Թվապատում 2018-ի «եղ ու բրնձի» մասին։ Հաջորդ տարի կգաս, որ իմանաս), սրահում խոսափողը փոխանցեի։ Բայց դա ընդամենը տեխնիկական մասն էր։

Թվապատում 2018-ի ողջ թիմն ինձ տվեց տարածաշրջանում ամենաընտիր փորձը, հմտությունները մարդկանց, շփումները, թեյը ու ISTC-ի վերելակի չիպ։ Համարյա մոռանում էի։ «Ազատության» Նարինե Ղալեչյանն ընդունեց իմ «friend request»-ը վերելակում մեր հանդիպումից հետո։ Նարինեն Թվապատման բանախոսներից էր։ Պատմեց հեղափոխության օրերին լրագրողների ոչ այդքան թավշյա աշխատանքի, ակտիվության, ծանրաբեռնվածության, իր հայտնի գլխարկի ու այն մասին, թե ինչպես մի քանի օրվա ընթացքում փոխվեց հայաստանյան մեդիա դաշտի պատկերը։ Հեղափոխությունը, ընդհանրապես, երկրորդ օրվա ամենաակտուալ թեմաներից էր։ BBC-ի թղթակից Ռայհան Դեմիտրիեն պատմեց՝ ոնց էր Հայաստանը մի քանի շաբաթ դարձել աշխարհի կենտրոնը։ Հունիսի 16-ն այս տարի ամենաէմոցիոնալն էր։

Հանրայինը վերջին շրջանում ամենաքննարկվածներից էր։ Թվապատումը բացեց Նիդերլանդների գաղտնիքը։ Սթան Էնգելենը (VPRO) ներկայացրեց լսարանին հասկանալու ու նրա հետ շփման իրենց բանաձևը։

Դե ինչ, թվապատված, հեղափոխված, թեյած սպասում եմ, որ 2019-ին դու էլ թվապատվես։

Մի բան էլ լավ կլինի՝ անկախ երիցուկի ցույց տված տվյալներից, միշտ ստուգես կարդացածդ, լսածդ ու անգամ տեսածդ, աշխատես «չապատեղեկատվել»։ Մեդիան դու ես, ուրեմն ինչո՞ւ չլինել մաքսիմալ վստահելի ու հավաստի։

Լրագրության այսօրը

Հարցազրույց «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ


-Պարոն Նալբանդյան, շատերն ասում են՝ լրագրությունը մոդայիկ մասնագիտություն է դարձել: Որքանո՞վ է դա փոխել լրագրային դաշտի պատկերը:

-Մոդայիկ լինելը կապ չունի որևէ բանի հետ: Ժամանակին իրավաբանական կրթություն ստանալն էր մոդայիկ, բայց դրանից շատ բան չէր փոխվում կրթության որակի առումով: Պարզապես կոնկուրսն էր մեծանում: Ենթադրում եմ, որ լրագրությունը դարձել է մոդայիկ, որովհետև ավելի հեշտ է դարձել լրագրող դառնալը, հնարավորություններն են շատացել: Համացանցը տալիս է այդ հնարավորությունները: Ասենք, 20 տարի առաջ մարդիկ կարող էին աշխատել միայն հեռուստատեսությունում, ռադիոյում և թերթերում: Հիմա ավելացել են նաև կայքերը, սոցիալական ցանցերը: Այդ պատճառով ավելի շատ երիտասարդներ են կարողանում իրենք իրենց ռեալիզացնել կայքերում և սոցիալական ցանցերում: Գուցե սա մոդայիկ է, գուցե ժամանակի պահանջն է: Երբ առաջարկը լինում է պահանջարկից ավելին, կարող է լինել լճացում: Լճացման հետևանքով ապրանքը, ծառայությունը և մասնագիտական որակը կարող է կորցնել հատկանիշներ, որոնք մի ժամանակ կարևոր էին: Հետսովետական շրջանում առաջին տասնամյակում ավելի կարևոր էր բովանդությունը, հիմա՝ ձևը: Անկախության առաջին շրջանում ավելի կարևոր էր լուրը խորապես ուսումնասիրելը և հետո դրա մասին գրելը, հիմա ավելի կարևոր է շատ արագ, մակերեսային լուրերը տեղ հասցնելը: Լրագրության մեջ լուրի ճշգրտությունը, կարևորությունը, բազմակողմանիությունը և տարբեր տեսակետների համար հնարավություն ստեղծելը շատ ավելի կարևոր է, քան արագությունը: Կայքերում սովորաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնում հնարավորին չափ շատ նյութ արագ տարածելու վրա: Մենք դեռևս համարում ենք, որ սա լրագրողական որակների կորուստ է: Գուցե կգա ժամանակ, որ դա ստանդարտ կդառնա:

-Այսօր յուրաքանչյուրը կարող է համացանցի միջոցով լրագրությամբ զբաղվել, նկատի ունեմ քաղաքացիական լրագրությունը, այս դեպքում լրագողի մասնագիտություն ստանալը, արդյո՞ք, կարևոր է:
-Լրագրողի մասնագիտություն ստանալը, կարծում եմ՝ կարևոր է, բայց դա միակ չափանիշը չէ լրագրողի աշխատանքով զբաղվելու համար: Ես գիտեմ, որ բազմաթիվ հեռուստաընկերություններում աշխատանքի են ընդունում մարդկանց ոչ թե ըստ այնմ, թե նրանք լրագրողական մասնագիտություն ստացել են, թե ոչ, այլ ըստ այնմ, թե կարողանում են այդ աշխատանքը կատարել թե ոչ, լավ են անում, թե վատ:

-Հայաստանում լրագրողի նկատմամբ վստահությունը 1-5 բալային սանդղակով որքա՞ն կգնահատեք:
-Չկա որևէ սոցիոլոգիական հետազոտություն, որով կարողանանք առաջնորդվել: Կարող ենք ընդամենը ենթադրել, որ լրագրողի նկատմամբ վստահությունը ընկել է Սովետական Միության համեմատ: Բայց Սովետական Միությունում լրագրողներ չկային. բոլորը քարոզիչներ էին: Էնպես որ շատ դժվար է համեմատել, թե որ ժամանակաշրջանի համեմատ ինչքան է բարձրացել կամ ընկել լրացրողի հանդեպ վստահությունը: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ լրագրողի դեմ կատարվող բռնություններն են պակասել: Օրինակ՝ 90-ականներին ավելի շատ էին բռնությունները, քան հիմա: Բայց դա խնդրի մի կողմն է, որովհետև մենք կարող ենք միայն հարուցված քրեական գործերով դատել: Մյուս կողմից լրագրողներին կաշառելը և’ 90-ականներին, և’ հիմա եղել է և մնում է արատավոր երևույթ: Բայց այս դեպքում քրեական գործերի հետ չենք առնչվում, որովհետև շատ քիչ են: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ լրագրողին կաշառելու հոդվածով որևէ մեկը դատապարտվեր: Բայց այդ արատավոր երևույթը կա: Նկատի ունեմ՝ գուցե լրագրողին ծեծելն ու սպանելը պակասել է, բայց կաշառելն է ավելացել: Մենք կարող ենք ընդամենը ենթադրել:

-Վերջերս Ա. Նոտոմբի «Մարդասպանի հիգիենան» գրքում հանդիպեցի հետևյալին. «Լրագրողներն անխուսափելիորեն անտակտ են: Դա նրանց մասնագիտությունն է»: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ: Որո՞նք են սկզբունքներն ու սահմանները, որոնք պետք է պահպանել:
-Կարող եմ ենթադրել, որ գրքում միտքը եղել է այն, որ լրագրողները շատ հաճախ թողնում են լկտի, լպիրշ, անտակտ, ցինիկ մարդու տպավորություն: Բայց դա չի նշանակում, որ նրանք իրականում լկտի, անտակտ, ցինիկ և լպիրշ են: Լրագրողի մասնագիտությունը ստիպում է հարցերը ձևակերպել ուղիղ և տալ, ինչը շատ հաճախ այլ մասնագիտությունների տեր մարդիկ չեն անում: Լրագրողները հարց տալիս են պետական պաշտոնյային, քաղաքական գործչին, իշխանության, ընդդիմության ներկայացուցիչներին և բնական է, որ պետական պաշտոնյաները, ընդդիմության լիդերները, իշխանության լիդերները լրագրողին բնորոշում են հենց այդ հատկանիշներով: Ասում են՝ նա լկտի, ցինիկ, լպիրշ, անտակտ անձնավորություն է, որովհետև ինձ տալիս է հարցեր, որոնք ինձ դուր չեն գալիս: Հետևաբար պետք է պատկերացնենք, թե ցինզմ, լկտիություն ու՞մ տեսանկյունից: Անտակտության մասին պատկերացումներն էլ որևէ տեղ արձանագրված չեն, անտակտությունը քրեական օրենսգրքով սահմանված չէ: Դրա մասին կարող ենք դատողություններ անել: Օրինակ՝ եթե լրագրողը մոտենում է վարչապետին և ասում՝ «Ես տեղեկություն ունեմ, որ դուք սիրուհի ունեք և նրան ծառայեցնում եք ձեր պետական մեքենան»: Բնականաբար, վարչապետը կարող է ասել՝ դուք անտակտ եք: Եվ բնական է, որ անտակտությունը կարող է արժանանալ ապտակի կամ քրեական հետևանք ունենալ: Եթե սիրուհի ունենալու հանգամանքը ուսումնասիրվում է, ոչ թե մտնելով մարդու անձնական կյանք, այլ առաջնորդվելով հասարակության գերակա շահերով, դա արդեն անտակտության խնդիր չէ: Նույն հարցը մեկ ուրիշ կոնտեքստում փոխում է իր հանդեպ վերաբերմունքը:

-Պարոն Նալբանդյան, խոսենք հեռուստատեսության մասին: Հայկական հեռուստատեսությունը գրաքննության ի՞նչ փուլեր է անցել և այժմ ի՞նչ փուլում է:
-Սովետական իշխանության տարիներին տոտալ գրաքննություն էր, հետսովետական շրջանում գրաքննությունը հայտարարվեց օրենքից դուրս: Հիմա մեր Սահմանադրությամբ էլ այն արգելված է, բայց կա: Գրաքննությունն ունի մի քանի տեսակ, արտահայտվում է մի քանի ձևով՝ ինքնագրաքննության տեսքով, խմբագրության ներսում և խմբագրությունից դուրս կառույցների գրաքննական փորձերի տեսքով: Նախ պետք է հասկանանք՝ ինչ է գրաքննությունը: Ինֆորմացիոն տեքստը քաղաքական նկատառումով փոխելը, կրճատելը, ավելացնելը կամ արգելելը գրաքննություն է: Ոչ թե մասնագիտական առումով, այլ քաղաքական, որովհետև լրագրողի տեքստը խմբագիրը կարող է մասնագիտական առումով փոփոխությունների ենթարկել, կարող է նույնիսկ արգելել դրա հրապարակումը: Յուրաքանչյուր լրագրող ինքը  պետք է որոշի՝ թույլ է տալիս քաղաքական առումով միջամտություն իր տեքստին, թե ոչ: Լրագրողները սովորաբար 18 տարին լրացած անձինք են և իրենք են պատասխանատվություն կրում իրենց հոդվածների համար: Եթե լրագրողը չի ցանկանում պայքարել իր ազատության համար՝ մնում է գրաքննության գործին: Եթե ցանկանում է՝ դժվար է լինելու պայքարելը: Գուցե զրկվի աշխատանքից: Բայց դա մի որոշում է, որ պետք է կայացնի յուրաքանչյուր ոք անձամբ: Պետությունը երաշխավորում է նրա իրավունքների պաշտպանությունը գրաքննության դեպքում: Նշանակում է՝ լրագրողը, որը ցանկանում է թոթափել գրաքննության լուծը, պետք է նույնքան գրագետ լինի, որ կարողանա դիմել պետական մարմիններին իր իրավունքները պաշտպանելու համար:

-Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացել են, հիմա համացանցն ավելի արագ է գտնում, արձագանքում, հրապարակում, ի՞նչ պետք է անի հեռուստատեսությունը հետաքրքիր մնալու համար:
-Օրինակ: BBC-ն վաղուց հասկացել է, որ չի կարող մրցել համացանցի հետ այդ առումով և չի էլ ցանկանում: BBC-ն ասում է՝ «Ես համացանցից տարբերվում եմ նրանով, որ իմ լուրերը հավաստի են, աղբյուրները վստահելի են, հայտնած տեղեկությունները ճշգրիտ են և իմ հայտնած լուրերի մեջ ամեն ինչ համակողմանի է ներկայացված: Այսինքն՝ որակը, կոնտենտը, բովանդակությունը ավելի կարևոր է BBC-ի համար: Կարծում եմ, որ հեռուստաընկերությունները Հայաստանում էլ պետք է առաջնորդվեն այս սկզբունքով, որովհետև համացանցի հետ արագության առումով մրցելն անիմաստ է: Մյուս կողմից՝ հեռուստատեսությունը չպետք է մտածի համացանցի հետ մրցակցության մասին, այլ պետք է համացանցն օգտագործի իր շահերի համար: Հեռուստաընկերությունների մեծ մասն այդպես էլ անում է. համացանցն օգտագործում են իրենց պատրաստած հեռուստատեսային ապրանքը երկրորդային շուկայում վերավաճառելու նպատակով:

-Լինելով մեդիա դաշտում հնաբնակ՝ կոփվելու ի՞նչ փուլեր եք անցել:
-Կարծում եմ, որ լրագրողը պետք է առաջին մի քանի տարիները՝ 6-7 տարի, բազմապրոֆիլ լինի, այսինքն՝ ամենատարբեր թեմաներով գրի, կրթություն, քաղաքականություն, սպորտ, քրեական պատմություններ, որպեսզի ծանոթանա դաշտին: Հաջորդ փուլում կարող է մասնագիտանալ որևէ ոլորտում՝ դառնա ոլորտային լրագրող: Այս փուլը հաղթահարելուց հետո նա կրկին կարող է անցնել բազմոլորտ լրագրությանը: Ստացվում է մոտ քսան տարվա փորձառություն: Առաջին էտապը թույլ է տալիս, որ նա ծանոթանա բոլոր գործող անձանց, երկրորդը՝ ծավալվել ոչ միայն հորիզոնական, այլև ուղղահայաց՝ դեպի խորքը գնա, իրերի արմատները գտնի, և երրորդ էտապում արդեն հորիզոնական ծավալվում է՝ մեծ խորություն պահպանելով: Քսան տարի դաշտում լինելուց հետո նա կարող է տրանսֆորմացվել՝ դառնալ մեկնաբան, վերլուծաբան, տեսաբան, այսինքն՝ կարող է ի հայտ գալ մեկ այլ կարգավիճակով:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա և սկսնակ լրագրողներին:
-Մասնագիտական խորհուրդը հետևյալն է. որևէ խմբագրությունում աշխատանքի տեղավորվելուց առաջ ուսումնասիրեք այդ խմբագրության արժեքային համակարգը, տեսեք՝ էնտեղ ովքերն են աշխատում, ինչպես են աշխատում և ինչու են նրանք էդտեղ աշխատում, որպեսզի կարողանաք գլխի ընկնել՝ դուք ուզո՞ւմ եք աշխատել այդ խմբագրությունում այդ նպատակների համար, այդ թիմի հետ: Եթե չեք ուզում՝ ավելի լավ է չտանջվեք, գտեք այն խմբագրությունը, որտեղ դուք կկարողանաք ձեզ ռեալիզացնել՝ պահպանելով ազատության  կամ արդարության մասին ձեր պատկերացումները: Իսկ ավելի լավ է՝ ինքներդ որոշեք ինչ-որ բան անել: Ոչ թե մեկ ուրիշի մոտ մտնել աշխատանքի, այլ ստեղծել համակարգ, որ ինքներդ կարողանաք ռեալիզացնել ձեր հնարավորությունները:

mariam papoyan portert

Հե՜յ, ո՞վ կա էդտեղ

11-րդ մեդուզան էի նկարում։ Ձեռքս թմրեց։ Մեդուզաներից ու թղթի սպիտակից հոգնում եմ։ Արմավենի նկարելն ավելի հեշտ է։ Մանավանդ, երբ անտաղանդ ես։ Էդպես էլ արմավենիների մասին ուղիղ խոսել չսովորեցի,  ոչ էլ մեդուզաների, ոչ էլ քո։ Արդեն տասը «Ա» տառ դարձրել եմ մեդուզա։ Եթե օպտիմիստ ես, ուրեմն այդքան էլ վատ չեն գործերս։ Հիմա հավանաբար կարդում ես։ Եթե կարդում ես, ուղղակի, որովհետև աչքիդ մեջ անջատիչ չկա, ուրեմն նայիր աջ ու ձախ, ուսերիցդ մի քիչ  ներքև կախված բաներ կան։ Ձեռքերդ են։ Դրանցով ուղիղ իջիր ներքև, կհասնես հինգ հատ երկար ու կարճ բաների։ Դրանք էլ մատներդ են։ Հիմա դրանցից մի-մի հատ վերցրու ու ամեն աչքիդ մեջ մի հատը մտցրու։ Լավ կլինի զգամ, որ չես տեսնում։ Ինձ համար կարևոր է, որ էդպես անես։ Եթե տեսողությունդ դեռ լավ է, ուրեմն նկարածս մեդուզաները դուրս չեն եկել, ու վերջապես սկսել եմ գրել։ Հա, մոռացա՝ արմավենիներն էլ։

Կուզեի՝ ինձ մեդուզաներ նվիրեիր, կամ գոնե առաջարկեիր արմավենիներ մագլցել։ Ծածկոցիդ տակից գոնե մի անգամ գլուխդ հանեիր, մկաններիդ նեղություն տայիր ու թեյի բաժակը վերցրնեիր։ Ես երևի զանգդ կտայի, ու զրնգոցից թեյդ կթափեիր կահույքին։ Կահույքդ կփչացնեի։ Ես կուզեի կահույքը չկարևորեիր։ Մի երկու բան քթիդ տակ մրթմրթալով դուռը բացեիր։ Գիտեմ, որ մեդուզաներիս փունջը չէիր տեսնի ու կասեիր.

-Հե՜յ, ո՞վ կա էդտեղ։

Բայց դա չէիր ասի ֆիլմերի ռոմանտիկների պես։ Համարյա կգոռայիր։ Որովհետև դու մեդուզաներին սիրել չգիտես։ Միայն հասցնում ես կահույքդ մաքրել տալ։ Քեզ հետ խոսելիս նյարդային բջիջներիս մեջ մի տեսակ դեպրեսիա է սկսվում։ Երևի որովհետև դու արմավենի մագլցել չես սիրում, ես էլ թեյոտ կահույքդ։ Դեպրեսիաս սովորաբար ուղեկցվում է սիրածս գրիչի կանաչ մասը ջարդելով, բայց դե, քեզ ի՞նչ կա. դու չես էլ պատրաստվում գլուխդ անիծյալ ծածկոցի տակից հանել ու հարցնել.

-Էդ ի՞նչ գրիչի ճտտոց է։

Բացի մեդուզաներից ճտտոց էլ չես սիրում, բայց եթե մեդուզան կողքիդ գրիչ ճտտացնի, մեկ է, գլուխդ ծածկոցի տակ, կահույքդ կուսումնասիրես։ Ես կուզեի թեյդ ցուցամատդ այրեր, ու մատդ թափ տալով ոտաբոբիկ վազեիր տնով մեկ։ Գրողը տանի, գոնե ծածկոցիդ տակից դուրս կգայիր։ Կուզեի երբեմն լսես՝ ոնց են մեդուզաները ցրտից դռանդ արտաշնչում։ Բայց դու միայն կահույք բերողների համար ես մկաններդ մարզում։

Ես կուզեի դարչնագույն ծածկոցիդ տակ մի վարդագույն մեդուզա պահեիր։ Կուզեի կահույքիդ առաքիչին մի անգամ հարցնեիր՝ արդյո՞ք ներքևում վազող մեդուզա չի տեսել։ Առաքիչդ հավանաբար աչքի բիբերը կմեծացներ ու բերանը կծռեր, հետո գումարը կուզեր ու կգնար։ Մի երկու բան էլ քթի տակ հավանաբար առաքիչդ կմրթմրթար։ Մեծ մասամբ առաքիչդ քեզ նման է։ Երկուսդ էլ մեդուզա չեք տեսնում։ Ես կուզեի վարժեցնել մեդուզաներիս, որ ականջիդ տակ ճտտոց նվագեին։ Դե դու չէիր լսի ու հավանբար ձայնարկիչը գետնով կտայիր, որ ճտտոցն ականջդ չծակի։

Երբ որոշես վերջապես մոտենալ դռանը, ու «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» արտահայտությունն արդեն զզված միլիոն անգամ կրկնելուց հետո, իջնեիր աստիճաններով՝ մտածելով, որ կողքիդ հարևանի երեխան էլի պարապ է մնացել, մեդուզաս հավանաբար դռանդ արանքում կմնա։ Կուզեի՝ ծածկոցդ մոռանայիր տանը թողնել ու դրանով խելագարի պես վազեիր փողոցում, որ գտնես հարևանիդ երեխային։ Հետո հիասթափված, ջղայնությունից կիսաարցունքոտ բարձրանայիր վերև։ Գոնե կյանքում մի անգամ ծածկոցը ճիշտ կօգտագործեիր ու ներսիդ փոխարեն դրսիդ կսեղմեիր։ Ծածկոցդ է մեղավոր, որ մեդուզաներին չես տեսնում։

-Հե՜յ, ո՞վ կա էդտեղ,- միլիարդ անգամ էլ գոռաս, պարանոցդ ներքև չես կախի, որ ճզմված արմավենի երազող մեդուզաներիս տեսնես։ Շուտով մարդիկ կմտածեն՝ գիժ ես։ Դու մեդուզա չես տեսնում, փոխարենը կահույքի վրայից հորինածս թեյի հետքերն ես սրբում։ Մարդիկ երևի ճիշտ են… Որովհետև մեդուզա սիրել չես սովորում։

mariam papoyan portert

Կիսելի բաժակն ու չկերած բորշը

-Իմ աղջիկ, հեսա վերջացնում եմ, համբերի,- արդեն 7-րդ անգամ վերջացնում էր մայրս ու ամեն վերջացնելուց ավելի ուժեղ էր ձգում մազակալը։

Սա դեռ քիչ է, մի հատ էլ տնից դուրս գալիս ընտանիքիս բոլոր անդամները իմ ու սպիտակ սևամորթների, ձկների ու էլի շատ անհավանական բաների միջև զուգահեռ պիտի անցկացնեին ու հետո ինձ ու մորս ուղեկցեին մինչև դուռը։ Ատում էի ամեն օր ավելի տարօրինակ թվացող սանրվածքներս, որովհետև հատուկ դրանց համար մաման գիշերվանից ինձ տրամադրում էր, որ առավոտյան պիտի նոր ապուշություն շինի գլխիս վրա։ Բայց էդ ինձ էդքան էլ չէր ջղայնացնում, որքան լուրջ մեծահասակների կիսազմայլ հայացքները սանրվածքներս տեսնելիս։ Մեկ-մեկ քիչ էր մնում գային շոշափեին, նկարվեին հետս։ Թանգարանում վերջին նմուշի տեղ կանցնեի։ Հասնում էինք մեր խմբի դռան մոտ։ Գրողը տանի, լավ է՝ մեր խումբը առաջին հարկում էր, որովհետև բացի սանրվածքներիցս ու կիսազմայլ հայացքներից՝ ես նաև մանկապարտեզի աստիճաններն էի ատում, երբ տանում էին դահլիճ՝ եսիմինչեր անելու։ Ի դեպ, ես էդ եսիմինչերի գլխավոր թիրախն էի, քանի որ պարի էի գնում ու իբր տաղանդավոր երեխա էի։ Միակ բանը, որ էնտեղ սիրում էի, կիսելիս բաժակն էր։ Հոգ էի տանում դրա մասին էն օրվանից սկսած, երբ տեսա, թե ոնց մեր խմբի Ռուբենը ջարդեց կիսելիս առաջին բաժակը։ Քիչ էր մնում՝ գազարիս բարձով խեղդեի։ Հա, ես գազարն էի, ոչ մի տեսանկյունից բախտս չէր բերել։ Կիսելիս բաժակը էնքան փխրուն էր, մեծահասակի պատասխանատվությամբ խնամում էի, ինքս էի լվանում ու տալիս Նարինե մորաքրոջը։ Անփույթ շարժուձև ուներ Նարինե մորաքույրը, մեկ էլ տեսար՝ գցեր, ջարդեր, իրեն շատ չկար։ Մինչև կիսելիս բաժակը ջարդելը մտածում էի՝ վատ տղա չի Ռուբոշը։ Հետո հերիք չի ջարդեց, մի հատ էլ մի անգամ լեգոյով խփեց, ու ճակատիցս արյունը ֆշշաց։ Ինքն էլ էդ օրերից միացավ սանրվածքներիս, աստիճաններին, մեծահասակների հայացքներին, ու մի խոսքով՝ ես իրեն էլ սկսեցի չսիրել։ Վերջիվերջո, մեծ բան չէի կորցնում։ Մեզ կապում էր միայն չկերած բորշը ու դրա փոխարեն՝ իր տատիկի բերած աղցանները, թե բա՝ մեղք ենք, սոված չմնանք։ Ամեն երեքշաբթի ու հինգշաբթի պարի էի։ Դեռ հետո իմացա, որ երեքշաբթի- հինգշաբթի էին։ Այն ժամանակ գիտեի՝ ամեն օր եմ։ Նշված օրերին մաման ինձ պիտի շուտ վերցներ, ասում էր.

-Կես ժամ կպառկես, կգամ ես։

Չէի սիրում էդ պարի օրերը։ Ես կես ժամ պառկում էի ու աղոթում, որ մաման էդ օրը շուտ չգա, չգնանք պարի։ Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ աղոթքներս տեղ էին հասնում, մնացած օրերին փուչ էին լինում։ Նեղվում էի մի քիչ։ Կյանքիս առաջին հիասթափությունն էր ընդունելը, որ ոչ մեկը վերևում նստած ցանկություններովդ չի հետաքրքրվում, ու էդ օրերին էլ ուղղակի պար չկար, դրա համար մաման չէր գալիս։ Կիսելիս բաժակն էլ ամբողջ կյանքում ինձ նույն հավատարմությամբ չպիտի պատասխաներ։ Ռուբոշն էլ վատը չէր, կարևորը՝ ճակատիս սպին անցավ։ Ինքն էլ երևի դեռ բորշ չի սիրում, բայց ընկեր Գայանեն ասում էր.

-Սոված մնա, լավ էլ կուտի։

Հաստատ կուտի։

mariam papoyan portert

«Կարմիրի» քաղց կա

Աչքերս կիսաբաց՝ ձեռքս մեխանիկորեն տարա հեռախոսին։ Օրգանիզմումս թթվածինն ու ածխաթթու գազը մի երկու-երեք անգամ հավասարակշռելուց (հորանջելուց) հետո արեցի դրան տրամաբանորեն հաջորդող ևս մի քանի՝ ընդարմացած մկաններիս համար դաժան գործողություններ: Երկու րոպե անց տեսողական ռեցեպտորներիս հասավ «կարմիրը»՝ մեջը սպիտակով «հինգ»։ Հետաքրքրությունը ստիպեց ուղեղիս բջիջներին զարթնել։ Մի տեղից 99+ նամակ՝ 99+ զգացմունքների անարդյունք արտահայտման ձև: Քսան հոգի արձագանքել է նույն երևույթին տարբեր քանակով «էմոջիներով» 99+ անգամ։ Գժվելու բան է: Մեկից բարի լույսին համարժեք «բարի գիշեր», մեկը՝ «հաաա», մեկից՝ «լավ», թե ասա ինչ լավ, է՜, մեկն էլ թե բա՝ «ապրես», ու առավոտ շուտ չես էլ հիշում, թե գիշերը 4։54 ինչի համար պիտի «ապրեիր»։

Կարմիր հինգն էլ տրամադրող էր, գրավիչ ու սիրուն։ Կարմիրի տեղ անցնողներից էին, բայց մի տեսակ կարմիր չէին։ Իրական կարմիրները չկան, որովհետև դու էլ իրական կարմիրները ստեղներին չես տալիս, ես էլ։ Եթե տայինք, հավես մեղեդի կստացվեր։ Չհասկացա՞ր։ Պատկերացրու՝ ես էլ, ուղղակի սիրուն տող էր, ասացի՝ չջնջեմ։ Չէ, բայց «տըկ-տըկ», ահագին էլ սիրուն է։
Իրական կարմիրները սկսել ենք չգրել։ Պոետիկ է, չէ՞։ Ո՞վ մեր կարմիրների ժամանակն ունի։ Դրա փոխարեն կասենք՝ «հաա», «ապրես»։ Ու կապրենք։ Էլի ամեն առավոտ մեխանիկորեն քնաթաթախ ձեռքներս անփույթ ձախ-աջ, մեկ էլ «հինգը» միլիոն հինգ կերևա, կբացենք ու 99+ «հաա»։
«Հաա»-երի ավելցուկ ու «կարմիրի» պակաս ունի օրգանիզմս, հա՜…

Ավստրալական մշակույթն Աբովյան 64-ում է

 

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

«Արևմտյան Ավստրալիայի տափաստանի աբորիգենների արվեստը» ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:
Բացման արարողության հատուկ հյուրերից էր Մոսկվայում Ավստրալիայի դեսպանատնից Դամիեն Բրակարդը՝ մշակույթի բաժնի պատասխանատուն:

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Ցուցահանդեսը նվիրված է հայ-ավստրալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-
ամյակին: Այն արվեստասեր հասարակությանը ներկայացնում է Արևմտյան Ավստրալիայի տափաստաններում
ապրող աբորիգենների աշխատանքների վերատպությունները:
-Նկարներում ցույց է տրված տեղաբնիկների և նրանց երկիրը գրաված սպիտակամորթների մշակույթների
բախումը, ինչպես նաև աբորիգենների իրենց կորսյալ հայրենիքի վերագտնման ձգտումը,-մեկնաբանեց
թանգարանի գիտական գծով տեղակալ Ժենյա Քալանթարյանը:
Աշխատանքները սիմվոլիկ են: Հիշեցնում են քարտեզային պատկերներ: Դրանք արտացոլում են 20-րդ դարի
երկրորդ կեսին տեղաբնիկների կյանքի վրա մեծ ազդեցություն թողած «Canning Stock Route» կոչվող
աշխարհի ամենաերկար արահետի պատկերները: 1850 կմ երկարությամբ արահետը ձգվում էր ամբողջ
Արևմտյան Ավստրալիայով՝ Կիմբերլիից մինչև Հարավային Գոլդֆիլդի շրջան:
Նկարների դիտակետն ընտրված է վերևից:

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Խոսելով ցուցահանդեսի կազմակերպման նպատակի մասին՝ տիկին Ժենյան նշեց.
-Աբորիգենների ստեղծած մշակույթը ոչնչացման եզրին է: Ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր նպատակը,
հասարակությանը այս յուրահատուկ արվեստը ներկայացնելու միջոցով, այն պահպանելն է, քանի որ սա այդ
ժողովրդի էթնիկ մշակույթն է:

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Հարությունյանի

Ցուցահանդեսը շրջիկ է: Նրա նախորդ կանգառը Բուլղարիան էր: Կազմակերպիչները նախատեսում են մեկ
տարվա ընթացքում կատարել հինգ այսպիսի շրջագայություն տարբեր երկրներով: Հայաստանյան այցը
կավարտվի նոյեմբերի 10-ին:
Այցելեք: