shushan nor

Խին-խին պաներ

Նախապատմություն

Շեքսպիրյան հերոսի ողբերգական  ոճով՝ ձեռքը ճակատին և ունքերը կիտած, մի անկյունում նստած էր տատս: Գրե՞լ, թե՞ չգրել. այս էր մեր տան այդ օրվա գերխնդիրը:

-Քեզի կասեմ` չկյրես,- հաստատ, բայց աղերսական պահանջեց տատս:

…Ես, դասը չսովորած աշակերտի նման՝ գլուխս կախ ու «հնազանդ», կանգնել էի տատիս դատաստանի առջև:

-Տա՛տ, տատ,  լավ էլի, կասե՞ս` Ճավկի Էդոն ո՞վ ա,- ասացի ես՝ անգամ այդ «օրհասական» պահին փորձելով մի նոր նյութի թեմա գտնել:

-Էսի ընձի ծեռ ա կառնի, ճժե՛ր,-դարձավ տատս դեպի սեղանակիցները,- հերիք չի մեզի ցնոտ նկարեց տվեց կամպուտրի մեջ (Տատս նախորդ նյութիս մասին էր խոսում), հըմի էլ կուզի սաղ գեղի խետ թուր-թվանք անի: Էտ մարդերի թոռներըն, որ ըտոնց հեվլի անուններըն կարդացին, քեզի կանիծեն, քֆուր կտան (Սիրում եմ տատիս այսչափ պարզ միամտությունը):

-Է՜, ա՛յ մեր, բան էլ չեն անի,- մեջ մտավ քեռիս՝ ինձ օգնելու,-սաղ էլ ուրախ կլնեն, որ իրանց պապիկների մասին գրեն: Գյուղի մեջ սաղ էտ են խոսում: Նստում են, ընտանիքներով կարդում են, խաբա՞ր ես:

-Ա՛յ մեր, մի բան պատմի թող էս էրեխեն գրի,- փորձեց տատիս համոզել մորաքույրս,- կարողա՞ վատ բան ա անում: Գյուղի հին-հին պատմություններն ա հավաքում: Պիտի մոռացվեին, գնային, էլի:

-Թող էթա ռնդամալցիքի, ախպարեցիքի մասին կյրի: Մեր կեղացիքից հեռու մինակ,- նորից նեղսրտեց տատս,- կամ էլ ի՞նչ ա կկյրի որ: Բառադի պաներն են, էլի: Մեկն էն վախտ շատ ա ճավիկ գողցե կերե, անուն տրած են Ճավիկ, էն մեկելն էլ շտուկ ա շատ խմե, անուն տրած են Շտուկ: Ասեյ Խլսուկն էլ շատ հարուստ ու չաղ մարդ ա էլել, «շփոթված»  անուն տրեր են Խլսուկ՝ պայսուկ, պրծուկ (Ես մտովի հրճվում էի. տատս առանց գիտակցելու ինձ նոր նյութ էր տալիս): Ասեյ ըտու մեջըն ի՞նչ կա:

Հանկարծ տատիս դեմքի կնճիռները մի  քանիսով էլ ավելացան, և նա տվեց իր հանկարծակի հղացած հարցը՝ կարծես սարսափելով լսել պատասխանը.

-Ճժե՛ր, էտի Բարաք Օբի մոտն էլ կկարդա՞ն:

-Խա՛, բա ոնց: Առանց ըտու ոնց կըլնի,-ասաց պապս, որ մինչ այդ ծխում էր՝ հանգիստ սպասելով մեր զրույցի հանգուցալուծմանը:

- Վա՛յ, ըտեղ էլ խայտառակ արեց մեզի շան տղի աղջիկըն: Ամերկան՝ Ամերկա, բայց հարգանքըն լավ պան ա: Ըտե են ասե ճժին մե պան ասա` սաղ աշխարհըն հիմընա: Դուք ընձի արդեն նեռվախան կանեք,- գլուխն ափերի մեջ առավ տատս:

-Իմ կնգան չջղայնացնեք,- ձեռքը սեղանին խփեց պապս:

-Պապի՛, լավ էլի, տատիին ասա, թող մի բան պատմի, կամ էլ դու պատմի,-սկսեցի ես իմ ձևերը,- էս տատին չի ուզում, որ ես հայտնի դառնամ, Բարաք Օբաման իմ հոդվածները կարդա, Օսկար շահեմ, Հոլիվուդում իմ աստղն ունենամ… Լավ է, դուք ինձ մի ճանճի չափ չեք սիրում: Վեր՛ջ, ես նեղացա:

- Թոռիս չնեղացնեք,- նորից ձեռքը սեղանին խփեց պապս,-Լալա՛, շու՛տ արա, էն խին-խին պաներից պատմի:

-Լա՛վ,- ասաց տատս ու սեղանի կեղտոտ շորը գցեց հեռախոսիս վրա:- Ըսենց չես կանա ձայնագըրես: Ես էլ յավաշ իմ պատմությունըն  կանեմ:

Կուռուղչի Յաշան, տատիս հընգերուհի Ժենոն ու…

-Ջահել ժամանակ շատ էր կէթինք Զանգուն լողկնալու,-սկսեց տատս իր պատմությունը,-էն ժամանակ էտենց պաներ չկար: Աղջիկ, տղա շորներս կխանինք կմտնինք ճուր: Մե անգամ էլ ըտենց կլողնինք Զանգուն, մեկ էլ էս իմ խրոխպոր տղա Յաշան ծիով էկավ: Էտի իմ հընգերուհի Ժենոյն էր կսիրեր, ազի՛զ: Էն էլ կխավներ ըտուն, բայց… (Տատս երկար մտածում էր, թե ինչ անուն տա նրան, ինչին մեր օրերում «ձևեր տալ» են ասում, հետո շրջանցեց այդ պահը):

…Էկավ, ծեռն թալեց, Ժենոյ շորերըն վերուց, տրեց ծիու քամկին: Մեյ՝ սաղս, հելայ, խաքայ, էս Ժենոն մացեր ա ճրի մեջ: «Էշի՛ քուռակ, էշի՛ քուռակ, շորերս տուր»,- կասի: Էս էլ բա. «Չե՛մ տա»: «Քեզի կասեմ, տու՛ր», «Չե՛մ տա: Մինչև ընձի չառնես, չե՛մ տա»…

Էտ  ժամանակ ես պստի ճիժ իմ: Էն վախտ, որ Յաշան Ժենոյ խետ տարվուկ կխոսար, ես յավաշ կյացիմ, հմա ծիու քամկից շորերն առամ, մտամ ճուր, ասիմ.«Ժենո, արի հես եմ»: Յաշան, որ տեսավ, տառը նայեց աշկերիս մեջ ասեց. «Լալա՛, տու իմ բարեկամն իր, չպտի ըտենց պան անիր…»:

-Տա՛տ, բա հետո ի՞նչ եղավ, ամուսնացա՞ն,-հարցրեցի ես:

-Խա, բա ոնց. փախցըրինք: Ես ի, Յաշան էր, Աշխարհն էր, խրոխպորս տղեն էր, մեր հարևնի տղեն էր. ըտենց մե քսան խոքի: Էն վախտ սաղ գեղով ին աղջիկ փախցնում:

Էս Ժենոյ, որ կպռնեն, կկպնի կռավաթին, կքյաշի, կխասցու մինչև տուռըն: Էնենց էր կճվար, էնենց էր կճվար, որ իմ սիրտըն կմրմռար, ասիմ. «Տնա՛շեններ, մե քիչ կամաց եք»: Ըտենց կտանեն Դիլիջան, ճամփին կլնի կփախնի, կմտնի քյարերի արանք: Կպռնեն, կտանեն մե երկու օր կպախեն, ըտենց կհամաձայնվի: Էլ ճարըն ինչ. մարդիկ կասին` պանը պանից հնցե:

Տատս մի քանի վայրկյան հիշողությունների գիրկն ընկավ: Հետո դեմքին կենդանացավ անցյալի ժպիտն ու  երեսը երկինք հառած և արցունքոտ աչքերով  վերջացրեց պատմությունը.

-Բայց, որ կհիշեմ ըտոնց, շատ սերով մարդ-կնիկ ին, է՜, շա՜տ,- տատիս արցունքոտ հայացքի մեջ կարոտ կար: Եվ դա երևի նրանից էր, որ այս պատմության հերոսներից շատերն էլ չկան, ու նրանց մասին այս պատմությունը մեզ համար այդպես էլ կմնա առասպել: Առասպել՝ միամիտ սիրո մասին:

 

Դուրսն հըլնեմ՝ անբախտ եմ, ներս մտնեմ՝ անբախտ եմ…

-Մեր Սիլվան շատ խորոտ աղջիկ էր: Շատ ուզողներ ուներ…

Մե օր էլ ժամի տուռ կոլոնվուկ կլնեն, էսա մեր Հրազդանի մերըն կասի. «Սիլվա՛ ջան, արի քեզի ուզեմ իմ Վալոդին»: Էս էլ կվերու կասի. «Չէ՛, չեմ խավնե քու տղին»: Էս մեր Հրազդանն էլ կկյա մորս կասի` քու աղջիկըն էսենց-էսենց պաներն ա կասի:

-Յա՛, Լալա՛,- ասաց Սիլվա տատիկը՝ կարծես վիրավորվելով իր «հեղինակային» իրավունքների խախտումից,- ես էտենց պան չեմ ասե: Ես ասեր եմ՝ ես քու տղին կթալեմ թումբընիս մեջ, կխեղդեմ: Էզդա պան: Էլ մեկել անգամ ընձի սուտ չխանես: Ոնց ասեր եմ, էտենց ասա: Ճժերին ընչի՞ ա կխաբես…

Մի լավ ծիծաղելուց հետո հայացքս հանկարծ որսաց  երկու հպարտ ու գոհ հայացքներ. մեկը՝ Սիլվա տատիկինը, որ իշխող, բայց անթաքույց սիրով նայում էր ամուսնուն, իսկ մյուսը՝ Երեմ պապիկինը, որ կարծես գոհ էր կնոջ տված պատասխանից: Կարծես հենց այդ «ճիշտ» պատասխանից էր կախված եղել տարիներ հետո ճակատագրով կանխորոշված նրանց ամուսնությունը:

 

Կոլխոզն ու՞մ ա պատկանում…

-Որդկարած Շաշինի Վազգեն կէթա ընդունվի կոմունիստ: Խարց կտան. «Կոլխոզն ու՞մ ա պատկանում»: «Հընգեր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ»,- կասի: Հընգեր Հակոբյանը մեր կոլխոզի նախակահն էր: Էն վախտ մեզի կասին, որ կոլխոզըն ժողովրդինն ա, բայց դե Շաշինի Վազգեն ի՞նչ հիմընար կոլխոզն ումն ա: Ծնված օրից գոմից տուն չէր էկե. որդիկ էր կարածցներ: Ըտենց էլ ըտուն չընդունին կոմունիստ: Քննությունըն կըդրվեր էր, էլի…

 

Դու չգիդե՞ս, որ ստե ճնջուղ զանելու տեղ չի…

-Քոչինյան մեր թագավորն էր՝ Դեմիրճյանից հառեճ: Մե օր կեթա Հանքավան՝ անտառի փեշեր, ախոտնի հրացանով թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ. ճնջուղ ա զանի…

Սովխոզ էր էտ վախտ: Սովխոզի որդիկներն էլ ըտե կարածին: Էտ անգլուխ Երամն էլ որդկարած էր: Էդ, որ ճնջուղ զանի որդկներն խրտնի փախնի: Կեթա ինչ քֆուր գիդի կասի. «Ես քու ըսենց ընենցը, ես քու ծնողը, ես քու…Լոպազ շան որդի, ըստե ճնջուղ զանելու տեղ ա՞…»

Էն յանից մեր Ալոյ Լուկաշըն, ծանոթ ին էլի, կասի. «Ա՛յ տղա Անկլոխ, դու գիդես էտի ո՞րն էր»: «Որն կուզի հլնի: Որդկներս խրտնցրել ա»: «Էտի մեր թագավորն ա, գիդե՞ս, հընգեր Քոչինյանն ա: Կնա՛, ներողություն խնդրի»: Կեթա չոքի դեմը. «Ես քու բալեքին մեռնեմ: Ես չիմ գիդե տու ոն իր»: Քոչինյանն էլ կվերու կասի. «Ոչինչ, ոչինչ, տղա՛ ջան, վեր կաց: Բա հորթերդ խրտնեցրել եմ, պիտի ուշունց տաս»: Կասեն Երամն մինչև լուս ըտենց չոքուկ ա մացե: Շվարե մացեր էր… Բա, ըտուն Քոչինյան կասեն…

 

Թե ինչու էր հեքիաթը կիսատ մնում…

-Հմա մութըն կընգներ, սաղ դաշտից կկյին, կժողովվին մեկի տուն, ոտներ կկախին թունդիր ու մեծից պստիկ հեքիաթ էր անգաջ կանին: Էն ժամանակ ըտենց պաներ չկար. էտի մեր խմա հա՛մ տելեվիզըր էր, հա՛մ ինտերնետ, հա՛մ թերթ ու ռադիո: Ըտով էր հիմնիյ աշխարհն ինչ կա, ի՞նչն ա լավ, ինչ՝ չէ, որն ա լավ մարդըն, որն՝ չէ…

Գեղի ամենալավ հեքիաթ ասողըն Հայդո Երամն էր: Շատ բոյով, դռբով, խորոտ մարդ էր: Ըտու խմա էլ կասին Հայդո: Լավ-լավ հեքիաթներ գիդեր, նաղլ, մասալա ու էտենց պաներն էլի: Բայց հմա կկյար կխասներ հեքիաթի ամենալավ տեղըն, կասեր. «Լավ է, կյացեք քնեք, ուշ ա»: Կասին. «Չէ՛, պըտի պատմես: Չարի չպատմես` չեյ էթա», կասեր. «Չէ՛, քյունս կտանի, կեսն էլ առավոտ…»: Սաղ գիդին, թե հինքըն գիդեր՝ կպատմեր, տու մի ասա մինչև ըտե էր հորինե: Կկյար կխասներ հեքիաթի ամենամեթավուր տեղըն. «…Տուռըն կզանեն. գյըմփ, գյըմփ, գյըմփ: Մեկ էլ մե խատ ճոչ-ճոչ ատըմներով պառավ…»

Շարունակելի…

Մայիս 25, 2014