Վերջերս ֆիլմ էի նայում, որտեղ հերոսը ուզում էր ինքն իրեն ոչնչացնել: Ու ասում էր, որ ինքը ոչ թե ցանկանում է մեռնել այլ, ուղղակի չի ուզում ապրել: Իմ կարծիքով նրանք, ովքեր արել են այդպիսի բան կամ երբևէ ցանկացել են անել, նրանցից ոչ մեկն էլ չի ցանկացել մեռնել, ուղղակի իրեն ինչ-որ հարցում անզոր է զգացել: Ես ու ոչ միայն ես, միշտ կռվում ենք մեր մեջ, մեր հետ, ինքնապատերազմում: Իմ կարծիքով, ինքնասպանությունը այդ պատերազմի հանգուցալուծումներից է: Երևի պատերազմը խիստ է եղել, չի եղել այնտեղ ինքնասիրությունը, ինքնահարգանքը ու ճնշել է, սեղմել է, միշտ խեղդել է թերարժեքությունը: Պակասել է ջերմությունը ու երջանկությունը: Իսկ երջանկությունը այնքան հեշտ ու պարզ է բան է: Վերջերս հասկացա, որ երջանկության համար պետք է միայն վայելել սովորել: Վայելել առավոտը, ընկերներին, թեյը, երաժշտությունը, գիրքը….Այնքա~ն բան կա վայելելու… Ու հետո, եթե վայելում ես, ուրեմն նաև գնահատում ես: Իսկ եթե գնահատում ես, ուրեմն դժվար թե երբևէ մտածես այդպիսի բանի մասին:
Ամեն անգամ, երբ ինքնասպանության դեպք եմ լսում, միշտ ինձ մեղավոր եմ զգում: Մեղավոր եմ զգում այն ընկերուհուս առաջ, որին ես չներեցի, ծանոթիս առաջ, որին նեղացրեցի կամ ծաղրեցի: Կամ ինչ-որ մարդկանց առաջ, որոնց անուշադրության մատնեցի: Իմ կարծիքով, հենց այսպիսի բաներն էլ կարող են ինքնասպանության պատճառ դառնալ:
Նման դեպքերը ինձ ստիպում են լինել ավելի ուշադիր բոլորի հանդեպ, բոլորին հաճոյախոսություններ անել ու սիրել, սիրել մարդկանց:
Համ էլ.
«Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:
Խնայեք իրար, մարդիկ…» Լեոնիդ Ենգիբարյան