Հոկտեմբերի սկզբին նշում են ծերերի տոնը։ Այս տոնը մեր դասարանի աչքից չվրիպեց։ Դասղեկի օգնությամբ գումար հավաքեցինք և որոշեցինք գնալ գյուղում միայնակ ապրող Ասյա տատիկին այցելության։ Քանի որ ամսի մեկը շաբաթ էր, մենք որոշեցինք չխանգարել Ասյա տատիկի հանգիստը ու այսօր` դասերից հետո, ուղևորվեցինք նրա տուն։ Ճանապարհին ասում-խոսում էինք, և ես առաջարկեցի հարցազրույց անցկացնել տատիկի հետ։ Գնացինք մոտակա խանութներից մեկը, մի քանի բան գնեցինք Ասյա տատիկի համար ու շարունակեցինք ճանապարհը։ Խանութից դեռ դուրս չեկած, արդեն հասանք տատիկի տուն։ Հիմնական մուտքի դարպասը փակ էր, և մենք մյուս դարպասով մտանք ներս։ Տատիկը տունն էր մաքրում, երբ մենք ներս մտանք, և նա, մեզ տեսնելուն պես, շտապեց հյուրասիրել։ Մենք առաջարկեցինք մեր օգնությունը և շտապեցինք տունը մաքրել։ Հետո դասղեկս ասաց.
-Ասյա տատիկ, երեխաները ուզում են, որ մի քիչ պատմեք ձեր ուսումնական տարիների մասին։
-Ի՞նչ պատմեմ, երեխեք ջան: Ես ըստի աղջիկ չեմ, երևանցի եմ։ Երկու կրթություն եմ ստացել` հայկական ու ռուսական։ Հիշում եմ, որ փոքր էի` երևի մի տասը տարեկան, տնեցիքով գնացինք Ռուսաստան։ Էնտեղ ընդունվեցի դպրոց, սովորեցի, եկանք Հայաստան։ Էստեղ էլ էն ժամանակ կենտկոմի մոտ դպրոց կար, էդտեղ էլ սովորեցի ու տասնութ տարեկանում ամուսնացա։ Եկա գյուղ` տանջվեցի, տառապեցի, բայց իմ կյանքը ապրեցի։
-Բոլոր գյուղացիներն էլ տանջվում են, դա բոլորը գիտեն,- ասաց դասղեկս։
Ասյա տատիկը պատմեց իր թոռների մասին, բայց հետո մի պահ լռեց։ Քիչ հետո պարզվեց, որ նա որդեկորույս մայր է։ Թեկուզ տխուր, բայց հպարտությամբ էր պատմում, թե ինչպես է որդին զոհվել հայրենիքը պաշտպանելու ժամանակ։ Խոսքն ավարտելուց հետո տատիկը սուրճ առաջարկեց, բայց քանի որ ուշ էր, մենք էլ դեռ դաս պետք է սովորեինք, հրաժարվեցինք սուրճից և հրաժեշտ տալով Ասյա տատիկին` գնացինք տուն։