Դե, երևի ձեզնից շատերը՝ ինչպես և ես, փոքր տարիքում, չգիտեր, թե ինչ է կարմիր կակաչ լինելը: Մի րոպե, հիմա բացատրեմ:
Երբ փոքր էի, տատիցս հաճախ էի լսում, որ որոշ մարդկանց մասին ասում էր. «Կարմիր կակաչ ա», իսկ ես միշտ նույն հիմար ու մանկական հարցն էի տալիս. «Տատ,մարդ ո՞նց կարա կակաչ լինի, ախր, կակաչը ծաղիկ ա, է, մեծ ես՝ պիտի իմանաս»: Ու տատս բացատրում էր ինձ.
-Կարա, բալա ջան,կարա…
-Էդ ո՞նց, տա՛տ:
-Բալես, կյանքում գալիս ա մի ժամանակ, որ ամեն մարդ էլ կակաչ ա դառնում:
-Տա՛տ, մեկ ա՝ չեմ հասկանում, ինչի՞ կակաչ, ախր, ուրիշ ավելի սիրուն ծաղիկներ էլ կան է…
-Դրա մեջ լավ բան չկա, բալես, ինչ սիրուն ծաղիկ: Տես՝ կակաչ, որովհետև ինքը դրսից կարմիր ա՝ ուրախ, պայծառ, դրական, բայց որ բացում ես կակաչի մեջը՝ սիրտը՝ սև ա: Մարդն էլ ա տենց, բալես, շատ մարդիկ, որ տեսնում ես ուրախ են՝ մեջները կակաչի պես սևացել ա՝ տխուր ա սիրտները, բայց իրանք էլի ժպտում են ու էդ ցավը խեղդում իրանց մեջ: Բայց էս էլ իմացի՝ էդ մենակ կործանում ա, ամեն ինչ արա, որ էդպիսին չդառնաս ու կողքիններիդ էլ օգնի:
-Լավ տա՛տ, կանեմ:
…Այս խոսակցությունը երեք տարի առաջ էր, երբ ես դեռ շատ բաներ չէի հասկանում ու տատիս խոսքերն էլ անհասկանալի էին ինձ համար, բայց հետո՝ մեծանալով հասկացա, որ տատս ճիշտ էր: Ամեն մարդ էլ մի «կարմիր կակաչ» է՝ իր ցավով ու արցունքներով, իր տխուր-ուրախ կյանքով, բայց ոչ բոլորն են դա ցույց տալիս: Շատերը դա պահում են իրենց ներսում, ու այդ ցավը մեծանում-մեծանում ու մի օր կուլ է տալիս մարդուն՝ խեղդելով երազանքները, ձգտումները ու մնացած ամեն ինչ:
Երբ հասկացա սա, սկսեցի իմ ծանոթների ու ընկերների մեջ այդ «կարմիր կակաչ» լինելը փնտրել՝ հետաքրքիր էր, կա՞ն այդպիսիները, թե՝ ոչ: Ու գիտե՞ք, երկար փնտրել պետք չէր. «կակաչները» շատ են մեր օրերում:
Այ օրինակ՝ մոտ մեկ տարի առաջ ծանոթացա մեկի հետ ու մեր շփման առաջին իսկ օրից զգացի նրա «կակաչ» լինելը: Ախր, դա զգալն այնքան էլ բարդ չէ՝ մարդ ժպտում է, ծիծաղում, բայց ընդամենը մի հայացք ես գցում աչքերին՝ հասնում հոգու խորքը, ու տխրությունը պարուրում է քեզ: Դե, աչքերը հոգու հայելին են, չէ՞: Հենց այդ մի հայացքից հետո նա դարձավ «իմ կարմիր կակաչը» (բայց այնքա՜ն չէի ուզում դա, ախր, նա կարող էր, չէ՞, ուղղակի երջանիկ լինել): Ու գիտեք, մի բան եմ զգացել՝ կյանքը միայն լավ մարդկանց առաջ է ցավ ու դժվարություններ դնում: Ախ, եթե մեկը բացատրեր ինձ, թե ինչու է այդպես… Լավ, ինչևէ…
Ու էդպիսի մարդիկ այնքան ուրախ են իրենց պահում ու իրենց շուրջն ապրող մարդկանց էլ են փորձում ուրախացնել, երևի որովհետև գիտեն` ինչ վատ է տխուր ապրելը: Նրանք ուրախացնում են՝ մինչդեռ իրենց է իրական ուրախություն պետք, ախր, նրանց այդ գեղեցիկ ժպիտներն այնքան կեղծ են: Ու եթե լավ փնտրեք, ձեր շրջապատում կամ՝ գուցե ինքներդ ձեր մեջ գտնեք այդ «կարմիր կակաչից» ինչ-որ մի մասնիկ: Բայց մի թողեք այն խեղդի ձեզ, պայքարեք դրա դեմ:
Մի խորհուրդ եմ ուզում տալ բոլոր նրանց, ովքեր «կարմիր կակաչ» են ինչ-որ չափով: Ժպիտ տալը քիչ է՝ ինքներդ էլ ստացեք ու գունավորեք ձեր սևացած սիրտը, ցավով շարժվելը միայն դժվարեցնում է կյանքի ընթացքը:
Արմսթրոնգն ասում էր. «Ցավը ժամանակավոր երևույթ է: Այն կարող է տևել մեկ րոպե, մեկ ժամ, մեկ օր կամ տարի, բայց վերջին հաշվով, այն կանցնի, և ինչ-որ բան կզբաղեցնի դրա տեղը: Բայց եթե ես հանձնվեմ, ցավը կշարունակվի անվերջ»: Մի՛հանձնվեք:
Իսկ իրականում ես այս ամենը պատմեցի, որ ինչ-որ չափով կարողանամ օգնել իմ կարմիր կակաչին: Չգիտեմ` ինչքանով ստացվեց, բայց խնդրում եմ՝ ժպտա, հա՞…
Չեմ ուզում, որ ցավը քեզ էլ հաղթի՝ սպանիր իրեն քո մեջ, ժպտա՝ այն ամենաիսկական ու անկեղծ ժպիտով, որ միայն դու ես կարողանում:
Հ.Գ. Տա՛տ, ճիշտ էիր՝ ամենքս էլ կյանքի ինչ-որ մի փուլում դառնում ենք «կարմիր կակաչ», ու տատ, եթե ես այն ժամանակ հասկանայի, թե ինչ է դա, գուցե քեզ էլ կարողանայի տալ այն ուրախությունը, որ դու էիր մեզ տալիս: Կներես, տատ: Ես հիմա փորձում եմ անել ասածդ՝ օգնել էդպիսի մարդկանց, որ ժպիտ գտնեն, ամենաիսկական ու ամենասիրուն ժպիտը, որ մենակ երջանկությունից է ծնվում, փորձու՛մ եմ, տա՛տ: