aniharutyunyanarm

Կարևորը

Գյուղում, եթե ուշադիր շուրջդ նայելով չքայլես, փոփոխություններ չես նկատի: Եթե ուշադիր չնայես Գևորգենց բակին, դարպասի նոր գույնը գուցե չնկատես, տասնամյակներով կանգնած հսկա թթենու բացակայությունը կնկատես միայն արևից այրվելիս: Գևորգին, եթե հեռվից նայես, հազիվ թե փոփոխություն նկատես. շորերը նույնն են, քայլվածքը մի քիչ ավելի խոնարհ` դեպի գետինը, դեպի հողը, որի վրա տարիներ շարունակ կռացած է ու տեսնում է ամենից շատ:

Երբ գյուղ ես գալիս միայն երեկոյան մթին ու տանեցիներին տեսնել ես հազիվ հասցնում, փոփոխություններ երբեք չես զգա: Գևորգին դեռ տեսնում եմ մանկության աչքերով, պապիս մոտ ընկերն է ու անընդհատ մեր բակում է, մեկ-մեկ էլ պապս է էնտեղ: Պապս ջահել է, հայրս էլ 19 էր` եղբայրս ծնվեց, պապիս ընկերներն էլ մեծ չէին, ու ես նրանց հիշում եմ առույգ, առանց սպիտակ մազերի ու կնճիռների: Երբ ես մեծացա, իրենք էլ, սկսեցին մեր բակ չգալ, գնացին երկրից, իրենց մեծանալը ես չտեսա, ու մնացին հիշողությանս մեջ պապիս` անկնճիռ ու սևահեր ընկերները:

Ինձ թվում էր` գյուղում փոփոխություններ չեն լինում. ովքեր չեն մահանում, միշտ մնում են մանկությանս հիշողությունների տեսքով, իրենց նույն բակում, նույն բազկաթոռին ու նույն շորերով: Հազվադեպ եմ դուրս գալիս գյուղում քայլելու: Քայլելն էլ երբեք աննպատակ չի լինում. պատճառը խանութ գնալն է: Գյուղում զբոսնելն ընդունված չէ. դաշտերում քայլելու շատ ժամանակ ունեն, երեկոն էլ հանգստինն է: Խանութի բակում Գևորգին տեսա: Մթությունից ու կարճատեսությունիցս ճիշտ կլինի ասել` նկատեցի, որ ինքն է: Բարևեցինք իրար: Պապիս ընկերներից իմ սիրելին է, միշտ ջերմ, հարգանքով:

Ներս մտա լուսավորված խանութ, Գևորգն էլ եկավ, կանգնեց կողքիս` դրամարկղի մոտ, նորից հարցրեց` լա՞վ ես, Անի ջան, բարձրացրի հայացքս` պապիս սևահեր ու անկնճիռ ընկերոջը տեսնելու. աչքիս առաջ կնճիռներն էին, սպիտակ մազեր: Շփոթվեցի, մի պահ առևտուրս մոռացա: Գյուղի գլխավոր փոփոխությունը մի վայրկյանում նկատեցի, հասկացա, որ դա բնավ ասֆալտը չի լինելու, ավելի շատ լուսավորությունը` նույնպես: Մարդիկ են գյուղի գլխավոր փոփոխությունը, նրանց վրա ես զգալու, ինքդ քո վրա ես զգալու, մանկությանդ մարդկանց ծերանալով ես զգալու: Հետո արդեն հորդ ու իր ընկերների ծերանալով ես զգալու: Ու ասֆալտն ու նոր տները գուցե երբեք  էլ չտեսնես. փոփոխությունը մարդկանց վրա ես զգալու: