Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Կյանքի մեկ րոպե

Նախաբան

Ինչպես խոստացել էի` այս տարվա սկզբից սկսում եմ ևս մի խորագիր, մյուսներից ոչ պակաս հետաքրքիր:

Ինչպես ոմանք, հավանաբար, գիտեն, բացի իմ սիրելի և անկրկնելի ստուդիայի լայնածավալ ու բազմաշերտ աշխատանքները ղեկավարելուց` ես նաև տարվա մեջ մի քանի անգամ Յունիսեֆի և Ամստերդամի մեկ րոպեանոց ֆիլմերի հիմնադրամի պատվերով տարբեր երկրներում դեռահասների համար կինոյի պրակտիկ դասընթացներ եմ անցկացնում, որի արդյունքում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է մեկ րոպեանոց ֆիլմ նկարահանի: Ֆիլմերի հիմքում հիմնականում հենց իրենց կյանքից վերցրած որևէ պատմություն կամ իրավիճակ է դրվում: Բանն այն է, որ դասընթացների մասնակիցները հիմնականում սովորական դեռահասներ չեն. շատ հաճախ նրանք նախկին թմրամոլներ, հարբեցողներ, անչափահաս հանցագործներ, բանտարկյալներ, մանկատներում դաստիարակվածներ, ՁԻԱՀ-ով հիվանդներ, փախստականներ, պատերազմական գոտիներում հայտնված ու այլ լուրջ ու հաճախ անլուծելի խնդիրներով ապրող երեխաներ են, որոնց կյանքը, աշխարհայացքը, մտքերն ու խոսքը խիստ տարբերվում են համեմատաբար հանգիստ ու խաղաղ պայմաններում ապրող իրենց տարեկիցներից:

Դասընթացների առաջին երկու օրը սովորաբար անցնում է նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելով: Դա մի լուրջ փորձություն է թե իմ, և թե իմ գործընկերների համար: Զարմանալի են թե կյանքի պատմությունները, որ պատմում են մեզ դեռահասները, թե հենց իրենք` պատմողները: Ոմանք տասնչորս-տասնհինգ տարեկանում աչքի են ընկնում այնպիսի հասուն ցինիզմով բոլոր մարդկային արժեքների հանդեպ, որ Նիցշեն նրանց կողքին ծաղիկներ հավաքող աղջնակ է թվում, իսկ երբեմն էլ, ընդհակառակը, լցված են լինում աննկարագրելի կենսուրախությամբ, թեև իրենց իրավիճակում շատ մեծահասակներ վաղուց պատշգամբից ցած նետված կլինեին:

Այս խորագրի յուրաքանչյուր գլխում կփորձեմ առանց փոփոխությունների ներկայացնել ինձ հանդիպած դեռահասների պատմությունները` իրենց իսկ մենախոսության տեսքով:

Հոլիվուդյան ֆիլմերում հաճախ է խոսվում ազատ ընտրության և սեփական ճակատագրի կառուցման մասին: Արդեն համարյա տասը տարի այս աշխատանքով զբաղվելու արդյունքում ես շփվել եմ հարյուրավոր փոքր մարդկանց հետ, որոնց կյանքը կանխորոշված է եղել դեռևս իրենց ծնունդից առաջ, ու թեև նրանցից եզակիները, ատամները կրճտացնելով ու մկանները պատառոտելով, կարողացել են հետ խլել իրենց ղեկը, մեծամասնությանը դա չի հաջողվել ու թերևս երբեք չի հաջողվի: Այդ պատճառով, երբ ձեր կրտսեր եղբայրը կամ քույրը բողոքում են, ասենք, տնային աշխատանքի առատությունից կամ իրենց չսիրած ճաշից, մի քիչ հակամանկավարժական, բայց շատ օգտակար խորհուրդ` վզակոթին: Որ ուշքի գա:

 

Ուրիշ տարբերակ չկա

-Կարո՞ղ եմ մի բան խնդրել: Ես չեմ ուզում, որ իմ ազգանունը գրվի ֆիլմում, դա հնարավո՞ր է: Չէի ուզենա, որ ծանոթներս տեսնեին: Շնորհակալություն:

Ես ծնվել եմ մի քաղաքում, որը ժամանակին կառուցվել է բանտարկյալների կողմից: Այնտեղ սովորական օրենքները չեն գործում. թե մեծերը, և թե փոքրերը պարտավոր են ապրել գողական օրենքներին համաձայն: Խուսափել հնարավոր չէ: Ձեր քաղաքներում երեխաները կարող են ընտրել, թե ինչով են ուզում զբաղվել: Կարող են սովորել, սպորտով զբաղվել, համակարգիչ խաղալ: Ոչ ոք նրանց ոչինչ չի ասի: Մեզ մոտ այդպես չէ: Եթե խմբում չես, ուրեմն զոհ ես: Ամբողջ քաղաքում է այդպես: Կային տղաներ, որ փորձում էին հեռու մնալ այդ գործից, բայց նրանց շատ արագ ճնշում էին. կամ ստիպում էին վճարել, կամ չէին պաշտպանում մյուս խմբերից, երբ պատերազմ էր սկսվում, կամ պարզապես ծեծում էին այնպես, որ ամիսներով պառկում էր հիվանդանոցում: Կախված` թե ում տարածքում էր նա ապրում: Ուրիշ ելք չկար, եթե ուզում ես կենդանի մնալ ու պատիվդ պահել:

Ես մեր խմբի մեջ էի շատ փոքր տարիքից: Առաջին անգամ մարդ կողոպտեցինք, երբ ես տասներկու տարեկան էի: Ուրիշ տարբերակ չկար: Դժվար էր: Խմբում հիմնականում ինձանից մեծ էին` տասնչորս կամ տասնհինգ տարեկան: Նրանց արդեն ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում: Հետևում էին փողոցներում, սպասում, որ ինչ-որ մեկը միայնակ տուն վերադառնալիս լիներ, ու վերջ: Հիմնականում զոհերն անմիջապես տալիս էին իրենց ունեցած-չունեցածը: Եթե հրաժարվում էին` մերոնք երկար չէին սպասում: Շատ դաժան էին ծեծում: Դուք, երևի, մտածում եք, թե տասնչորս տարեկանները ինչպես կարող են ծեծել հասուն տղամարդու: Դա այդքան էլ դժվար չէ: Խմբով եթե հարձակվեն` երկու րոպեից առողջ ոսկոր չի մնա:

Փողը հիմնականում շատ արագ ծախսվում էր: Գլխավոր բաժինը տալիս էինք մեծերին, մնացածը բաժանում էինք մեր մեջ, բայց տուն չէինք տանում: Հիմնականում խմիչքի վրա էր ծախսվում: Խմբերի մեջ ընդհանրապես «իմը», «քոնը» չկա: Ամեն ինչ ընդհանուր է: Այսօր քո վերարկուն մյուսին պետք է` կտաս: Վաղը քեզ մի բան կտան, եթե պետք լինի: Եթե ինչ-որ մեկը փորձում էր խուսափել մեկ-երկու անգամ` պատժում էին ագահության համար:

Երկու-երեք տարում ես արդեն վարժվել էի ընդհանուր առմամբ: Դպրոց չէինք գնում, դե, պարզ է: Տներ էինք կողոպտում, բայց այդ դեպքերում նախապես տեղեկացնում էինք մեծերին: Եթե ասում էին` այդ տուն չմտնեք` չէինք կողոպտում: Եթե ամեն ինչ խաղաղ էր` կարելի էր ապրել: Եթե պատերազմ էր սկսվում, այդ ժամանակ արդեն վատ էր: Նման դեպքերում ամեն ինչ որոշում էր այն, թե ինչքան ուժեղ է քո խումբը: Միայնակ ինչ-որ տեղ գնալն ընդհանրապես բացառվում էր. կսպանեին: Կամ ավելի վատ: Այդպես էլ էր լինում: Մեր մոտից մեկը կար, տասնչորս տարեկան էր, համարյա շարժման մեջ չէր, բայց հիմնականում մեր հետ էր: Պատերազմի ժամանակ հիմարի պես գնացել էր ուրիշ թաղամասում ֆուտբոլ խաղալու: Վերադառնալիս այնպես էին ջարդել, որ խելքը լռիվ թռցրել էր: Ասում են` հիմա էլ հազիվ է խոսում: Բախտը բերել էր` դանակով խփել էին, բայց մահացու չէր վնասվել: Ուրիշներին, պատահում էր, փրկել չէր էլ ստացվում:

Հայր չեմ ունեցել: Մորս ինչքան հիշում եմ` լաց էր լինում: Ասում էր` փոքր եղբայրս նույն ճանապարհով է գնալու, երբ մեծանա, ու ես եմ ամեն ինչում մեղավոր: Ես ի՞նչ կարող էի անել:

Շարժումից դուրս գալն անհնար էր: Այսինքն` դե, դուք էլ երևի լավ գիտեք: Եթե ուզում ես հեռանալ` քաղաքից պետք է փախչես: Չնայած` դա էլ չէր օգնում: Մեծերից մեկը` մի քսան տարեկան էր արդեն, փոքր չէր: Սիրահարվել էր կարծեմ: Ընդհանուր փողի բաժնից վերցրել էր ու փախել քաղաքից: Գտան ու մահապատժի ենթարկեցին: Կատարողին հետո դատեցին, բայց դե կարգն այդպես էր:

Մայրս երբ կուրացավ, ես ասես ուշքի եկա: Նա տան միակ աշխատողն էր, ուրիշ տարբերակ չկար, կամ պետք է փախնեինք, կամ էլ սոված էինք մնալու: Տեղափոխվեցինք ուրիշ քաղաք: Ես ոչ մի պարտք չունեի մերոնց հանդեպ, բայց դե: Գիտեք: Դե, վախենում էի:

Հիմա շինարարությունում եմ աշխատում: Եղբայրս դպրոց է գնում: Մորս խոստացել եմ` ամեն ինչ կանեմ, որ նա համալսարան ընդունվի: Ես արդեն չեմ կարող, բայց ինքը կընդունվի: Չեմ թողնի, որ կորչի: Կամ որ ինչ-որ մեկը ձեռք տա: Կսպանեմ:

Կոլյա, 17 տարեկան: Դատվել է կազմակերպված կողոպուտի կասկածանքով, ազատ է արձակվել: Հաշվառման մեջ է: