Ինչ հրաշալի են մարդիկ, երբ օգնում են իրար

Ամենօրյա գործերից հոգնած, երբ քայլում ես քեզ հարազատ դարձած քաղաքով, փոփոխություն ես ուզում: Փոփոխություն ես ուզում, որովհետև հոգնել ես քեզ շրջապատող միօրինակությունից…

Իսկ դու տեսե՞լ ես, թե ինչպես է սկսվում փոփոխությունը, թե ինչպես է սկսում շողալ արևը, և թե ինչպես են ծնվում բարությունն ու կարեկցանքը, օգնությունն ու մարդասիրությունը:

Դու տեսե՞լ  ես, թե ինչպես են սկսում համախմբվել մարդիկ լավ բանի համար, թե ինչպես է ձևավորվում թիմը, ու թե ինչպես կարող են մարդիկ գնալ անծանոթ մեկի գաղափարի հետևից ու օգնել նրան դրա իրականացման գործում: 

Հավատա, որ այդ ամենը տեսնելը, իսկապես, հաճելի զգացողություն է, իսկ այդ ամենի մասնիկը դառնալը` աշխարհի ամենաերանելի բաներից մեկը:

Էս ամենին մենք ականատես եղանք երեկ, երբ Հայկական Կարմիր Խաչի Ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի կամավորներով գնացինք օգնելու այդ հոյակապ թիմին: 11:15 էր, երբ հասանք նախապես սահմանված վայրը, որտեղ մեզ սպասում էին Արմանը` էս ամենի կազմակերպիչն ու հեղինակը, մի խումբ երեխաներ, և խոտը հնձող մարդիկ: Գնացինք, կապեցինք գոգնոցները, դրեցինք ձեռնոցները ու միանգամից սկսեցինք աշխաատել: 

Ամիսներ առաջ Աշտարակի քաղաքապետարանի աջակցությամբ Արմանը լուսային դիոդներով լուսավորել էր Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի դիմացի 100 մետր երկարությամբ պատը, իսկ Awesome Foundation-ի տրամադրած գումարով` ձեռք բերել ներկեր, ու ներկել պատը դեղինից դեղին գունային անցումներով: Ու հիմա, երբ Արմանը Աշտարակ ֆանտաստիկ գույներ ու փոփոխություն է բերել ու իրականություն է դարձրել էս հրաշալի նախագիծը, էդ տարածքը մի փոքր մաքրել ու կարգի բերել էր պետք, որպեսզի պաշտոնական բացումը տեղի ունենա: Էս ամենն, ի վերջո, նաև մտածելակերպային փոփոխության սկիզբ է, որովհետև գաղափարն ու մոտեցումը շատ բաներ են փոխելու մարդկանց մոտ: Արդեն սկսել են փոխել… 

Հնձելու գործիքների ձայնն էր լսվում, երեխեքի ծիծաղը: Հետո շենքերից մարդիկ են դուրս գալիս, իջնում ներքև` օգնելու: Երեխեքը քարերն են հավաքում, մեծահասակները` խոտերը փոցխում: Հետո պուճուրները չգիտես որտեղից, սայլակ են բերում, լցնում քարերը մեջն ու տեղափոխում ենք էդ ամենը: Կարմիր Խաչի կամավորներն էլ են օգնում, ու ուշադիր հետևում են երեխեքին, որ հանկարծ չվնասեն իրենց: Ուրիշներն են տեսնում էս ամենը ու միանում, գալիս, սուրճ ու պաղպաղակ բերում, մյուսները` սառը ջուր, ուրիշներն էլ` թան, հյութ, կարկանդակներ…

Ես նայում եմ Արմանի դեմքին, որն ինչ-որ հպարտության կամ գոհունակության արտահայտություն ուներ: Նայում եմ ու պատկերացնում, թե ինչ հոյակապ է աշխարհը, երբ մարդիկ համախմբված են հանուն հրաշալի գաղափարների, եւ թե ինչ հրաշալի են մարդիկ, երբ կարողանում են օգնել իրար: