Հայաստանի ամեն տարածք յուրօրինակ բառ ու բան ունի: Մեր գյուղն էլ` Տավուշի մարզի Բերդավան գյուղը, աչքի է ընկնում իր յուրահատկություններով, բարբառով և համեղ կերակուրներով: Իհարկե, երիտասարդները փորձում են քիչ օգտվել դրանցից, բայց ես պաշտում եմ մեր ուտեստները: Շատ եմ սիրում այն օրերը, երբ տատս ինձ կտրում է գրքից, համակարգչից ու կանչում.
-Բալե՜ս, հըլա արի, բան եմ ասըմ:
Եվ երբ կանչում է, ուրեմն կա՛մ հին օրերից մի պատմություն է պատմելու, կա՛մ բառ է հիշել, և պնդելու է, որ գրի առնեմ իմ բառարանում: Հաճախ էլ մեր «հին» ու համեղ ուտեստներից է պատրաստում և ուզում է, որ առաջինը ես փորձեմ:
Դեմ չեք, չէ՞, որ մի փոքր պատմեմ իմ ու տատիս բառարանի մասին:
Այն մի հաստ տետր է՝ անհրապույր տեսքով, պոկված ու մի կերպ իրար սոսնձված էջերով: Դրա մեջ զինվորների պես շարված են մեր բարբառի գանձերը, և իհարկե, բառերի բացատրությունները: Երբ նոր էի սկսել գրել տետրի առաջին էջերը, ոչ ոք լուրջ չվերաբերվեց իմ նախաձեռնությանը: Բայց հետո բոլոր ծանոթներս ձեռնամուխ եղան այդ գործին: Նույնիսկ ուսուցիչները, հաճախ ընդհատում էին դասն ու նոր բառ թելադրում, որ գրի առնեմ:
Տանը տատս էր ձայն տալիս.
-Գրի՛, ումուդ-հույս:
Դասընկերոջիցս հաղորդագրություն էի ստանում.
-Գրի՛, ղարով- կույր:
Քույրս էր զանգում, և առանց բարևի, առանց որպիսությունս հարցնելու հրամայում.
-Գրի` ղրալլուխ-ականակիր, կենդու-մենակ:
Ինձ թվում էր՝շուտով կգժվեմ: Տետրն ու գրիչը ձեռքիցս վայր չէի դնում: Հետո «բառարանի» մեջ իրենց տեղը զբաղեցրին անեծքներն ու օրհնանքները:
Ես, իհարկե, չգժվեցի: Խոնարհ ծառայի պես գրի առա բոլորի ասածներն, ու տետրս լցվեց բազում բառերով ու արտահայտություններով:
Հա՜, քիչ էր մնում մոռանայի ամենակարևոր պատմությունը:
Օրս կրկին սկսվեց տատիս ձայնով:
-Լա վի կացի, աղջիկն էդքան քնիլ չի:
Արթնացա: ժամը ութն էր:
-Ու՜ֆ, էկա՜, էկա՜:
-Արի՛, կոնչոլ ենք սարքըմ:
Այ, դա ուրիշ, դա սփոփեց ինձ ու արդարացրեց տատիս:
-Բարի լույս, տա՛տ:
-Սոխը կլպե, սոխեռած արա:
Ու սկսվեց կոնչոլի արարողությունը, որը շատ պարզ բաղադրատոմս ունի` չոր հաց (գրեթե հնացած), հավկիթ, սոխ, կանաչի և, անպայման, ախորժակ:
Պատրաստում ենք, ու տատս ընթացքում պատմում է, որ ուտելիքը հորինել են սարերում ապրող մեր գյուղի տարեցները: Երբ ուտելու բան չի եղել, հացն էլ սկսել է բորբոսնել, կանայք հորինել են այս ուտեստը: Այդպես, տարիներն անցել են, իսկ էժան ու որակով բաղադրատոմսը պահպանվել ու հասել է մեզ:
Դե, ինչ, կոնչոլը պատրաստեցի, հիմա կփորձենք, ու տատս, որպես փորձագետ՝ կգնահատի պատրաստածս: Բույրն ինձ դուր եկավ: Տատս էլ հավանեց`ուտելով առաջին գդալը:
Մյուս անգամ էլ «դումբրակ» կպատրաստեմ` ավելուկի փշեջուր, «ծանդիլ», « փթռուկ»: Տատս էլ կհամտեսի ու կգնահատի: Լավ… Գնացի: Կոնչոլը հովանում է:
Բարի ախորժակ բոլորիս: