Ասպրամ Փարսադանյանի բոլոր հրապարակումները

«Հարկավոր է միայն ազատ կամք»

Հարցազրույց Բջնիի հոգևոր առաջնորդ, Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Արիստակես քահանա Բաղալյանի հետ: 

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

-Ինչու՞ որոշեցիք դառնալ հոգևորական: 

-Դպրոցական տարիքում երեխաները իրենց առջև դնում են մի հարց. ի՞նչ դառնալ: Ու հետաքրքիրն այն է, որ առաջին մասնագիտությունը, որը գրավում է երեխաներին, լինում է ուսուցչի մասնագիտությունը: Իսկ երեխաների մյուս մասի համար օրինակ են լինում իրենց ծնողները: Իմ ծնողները նույնպես մեծ ազդեցություն ունեցան իմ ընտրության հարցում: Իմ ընտանիքի բոլոր անդամները քրիստոնյա մարդիկ էին, ու մենք հաճախ էինք գնում եկեղեցի, Պատարագի էինք մասնակցում ու երբեմն էլ մատաղ էինք անում: Էդ ամեն ինչը նպաստեց իմ մեջ հոգևորական դառնալու ցանկության առաջացմանը: Սակայն իմ որոշումը դեռևս հաստատ չէր, մինչև չծանոթացա ու չընկերացա ճեմարանում սովորող տղաների հետ: Այդ ժամանակ կամքս վերջնական հաստատվեց: Ինձ գրավեցին նրանց գիտելիքները, հաստատակամությունը, աշխարհընկալումն ու Աստվածճանաչողությունը. դա ավելի ամրապնդեց իմ ցանկությունը: Քննություններ հանձնելուց հետո դարձա ճեմարանի սան:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ դուք ծառայում եք եկեղեցուն: 

-Սկզբում ծառայել եմ Մայր Աթոռում, որպես սարկավագ, հետո որպես քահանա: Իսկ յոթ տարի առաջ տեղափոխվել եմ Բջնի:

-Ի՞նչ կպատմեք ձեր գյուղի ու եկեղեցու մասին: 

-Գյուղը կոչվում է Բջնի, եկեղեցին՝ Սուրբ Աստվածածին: Գյուղում կա բերդ, որը Բջնին երկու մասի է բաժանում ՝ Մեծ Բջնի ու Փոքր Բջնի: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մեծ Բջնիում: Այն կառուցվել է 1031 թվականին: Սկզբում եղել է վանք, հետո դարձել է եկեղեցի: Բջնին հայտնի է իր խաչքարերի ու եկեղեցիների բազմազանությամբ, սակայն այստեղ գտվող երեսունից ավելի եկեղեցիներից գործող է միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երբ եկեղեցին վանական համալիր էր, նրա ձայնը որոշիչ էր կաթողիկոսական ընտրությունների ժամանակ:

Կա մի պատմություն, որ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ եկեղեցում փակված ժողովուրդը գաղտնուղու միջով անցնելով, հասել է բերդի մոտ ու փրկվել: Մենք գիտենք, որ եկեղեցին ծառայում է որպես հոգու փրկության միջոց, սակայն որոշ դեպքերում ծառայում է նաև մարմնական փրկության համար:

«Քարից հաց քամող» արտահայտությունն էլ լիարժեք ներկայացնում է բջնեցուն:

-Ի՞նչ եք կարծում, հավատացյալների թիվը գնալով քչանո՞ւմ է: 

-Յուրաքանչյուր մարդ, անկախ ամեն ինչից, հավատում է Աստծո գոյությանը, անգամ աթեիստը գիտակցում է, որ կա մի գերբնական ուժ ՝ ամենակարող Աստված, որին հավատում են շատ մարդիկ, իսկ ինքը ՝ իրեն բացառություն համարելով, հերքում է նրա գոյությունը:

-Իսկ տարիքային ո՞ր խմբի ներկայացուցիչներն են ավելի հաճախ գալիս եկեղեցի՝ Պատարագի: 

-Տարիքային բոլոր խմբերից էլ մարդիկ են գալիս. թե՛ փոքրերը, և թե մեծերը: Մարդիկ գալիս են այն դեպքում, երբ ունեն դրա կարիքն ու պահանջը:

-Ի՞նչ է անհրաժեշտ հավատացյալ մարդուն, որպեսզի նա շփվի Աստծո հետ: 

-Դրա համար հարկավոր է միայն ազատ կամք: Իսկ շփման միջոցը աղոթքն է:

Եթե մենք մի որևէ տեղից անընդհատ մի բան ենք վերցնում, այն սպառվում է, իսկ Աստծո օրհնությունը անսպառ է:

Կյանքը մարդուն մի անգամ է տրվում: Այն պետք է օգտագործել արդյունավետ: Եվ այնպես ապրել, որ երբեք չզղջաս քո որևէ քայլի համար: Մարդիկ ձգտում են բարեկեցության և կատարելության, իսկ լիարժեք կատարելության կարելի է հասնել միայն Աստծո ներկայությամբ:

Հարցազրույցը վարեցին Եվա Խեչոյանը և Ասպրամ Փարսադանյանը

Aspram Parsadanyan

Մի շրջան էլ ավարտվեց

Հաճախ է պատահում, երբ մեր կյանք են ներխուժում դեպքեր և դեմքեր, որոնց գալուստը ամենևին էլ պլանավորված ու գծագրված չէր:

Ներիր ինձ, ընթերցողս (եթե կաս), նախ քեզ երկար ժամանակ լքելուս, ապա պատմությանս երկարության համար:

Մարդիկ գրում են այն ժամանակ, երբ տխուր են, կամ, երբ չեն ունենում մեկին՝ նրա հետ կիսվելու համար: Այդ ժամանակ քեզ հավատարիմ բարեկամ, հլու հնազանդ ունկնդիր են դառնում թերթն ու գրիչը: Երևի տխուր եմ, որ գրում եմ:

Նստած եմ կիսախավար սենյակում, ծնկներիս մեր օրացույցը, որը ցավոք արդեն ավարտվել է: Նայում եմ դրա վրայի խզբզանքներին, ու ամեն օրվա դիմաց դրված նշանը սրտումս մի նոր թրթիռ է առաջացնում: Ժամանակն աննկատ է անցնում, երբ երջանիկ ես լինում:

Դպրոցական կյանքի ավարտն ազդարարեց հեռախոսիս զանգը: Մի՛ ծիծաղիր, հիմա կբացատրեմ: Զանգողը քույրս էր, ավելի ճիշտ, հրաքրոջս աղջիկը, ավելի ճիշտ, իմ մի մասնիկը: Այն մարդկանցից մեկը, ով իմ կյանք է մտել առանց ինձ հարցնելու, կամ էլ հարցրել է, բայց ոչ ես եմ հիշում, ոչ ինքը: Մեր տարիքային տարբերությունը չորս ամիս է, ու այնպես է ստացվում , որ միշտ միասին ենք: Մանկապարտեզ, դպրոց, ուսանողական կյանք: Նրա զանգն ինձ սթափեցրեց ու կրկին հիշեցրեց, որ պատրաստվեմ վաղվան: Մենք գնալու էինք Երևան, որտեղ պետք է սկսվեր մեր նոր կյանքը, դժվար, բայց լի հիշողության մեջ ամրացող արկածներով:

Առաջին անգամ ոտք դրի մեր նոր տուն: Ճեղքեցի ճամպրուկների պատնեշը և սկսեցի զննել մեր նոր անկյունը՝ գյուղի մեր տանից հետո փոքր թվաց: Հանգստացանք, ու երբ տեղավորեցինք մեր իրերը, այն ավելի մեծ երևաց:

Իրար հերթ չտալով անցան օրերը: Բոլոր օրերը տարբեր էին՝ լավ, վատ. նույնն էր միայն անսահման կարոտը:

Պատից կախված օրացույցի վրա, զինվորների նման, սկսեցինք ջնջել օրերը, բայց տարօրինակ ձևով: Ամեն օրվա դիմաց գրում էինք այդ օրը նկարագրող բառ կամ պատկեր:

Օրացույցը կատարելով իր պարտականությունը, ավարտվեց: Մենք էլ չնկատեցինք, թե ոնց ջնջեցինք վերջին օրը: Գյուղ գնալու ու բոլոր կարոտները փարատելու ժամանակն էր, և բացի դա, ամենաբարի Ամանորն էր: Զարմանալիորեն արձակուրդի մի շաբաթն անցավ բարեհաջող: Հա՜, մոռացա վերևում գրել, որ իմ և քրոջս հետ կարող են պատահել ամենահետաքրքիր արկածներ: Հա՜, լա՜վ, լա՜վ, մանր ու միջին անհաջողություններ (ավելի ճիշտ կլինի այսպես կոչել):

Մի քանի օր էր, ինչ «վայելում էի» արձակուդս, երբ զանգեց քույրս ու հայտնեց լուրը, չէ բոթը, գույժը: Այն էր՝ լքել մեր վարձակալած տունը ու գտնել նորը:

Կամա թե ակամա, մենք կապվում ենք մեր միջավայրին, որքան էլ այն լի լինի անհարմարություններով լի: Եվ որքան էլ դա կարճաժամկետ լինի, մեկ է, դժվար ենք բաժանվում ու երկար ենք հիշում: Առհասարակ, մարդիկ դժվար են բաժանվում իրենց անցյալից և դժվար են մոռանում դրա հետ կապված մանրամասները:

Նստած եմ մեր տան (թերևս արդեն ուրիշի) բազմոցին, ծնկներիս մեր օրացույցը: Հատիկ-հատիկ նայում եմ բոլոր օրերին ու դրանք նկարագրող պատկերներին: Զգում եմ, որ դեմքիս հիմար ժպիտ է առաջացել: Փակում եմ այն, ամուր պահում ձեռքումս ՝ հարստության նման, չվստահելով ոչ մի պայուսակի: Հայացքս ընկնում է ճամպրուկներիս վրա: Վերջին անգամ նայում եմ «մեր» (չէ՜, ուրիշի) դատարկված տանը: Աչքերիս առջևով մի վայրկյանում անցնում են բոլոր օրերը, դեմքիս՝ ժպիտ, իսկ աչքերումս արցունքի հետք թողնելով: Իրերս ոտքերիս խփելով դուրս եմ հանում տնից: Դռան հետևում թողնելով մեր փոքրիկ կյանքի ամենավառ հիշողությունները, մի վերջին անգամ փակում եմ այն, չէ որ դռան պատասխանատուն ես էի :

Aspram Parsadanyan

Կանանց ակումբ Բերդավանում

Վերջին շրջանում արդիական թեմաներից առավել քննարկելի դարձավ կանանց ներգրավվածության խնդիրը հասարակական, քաղաքական և ռազմական հարցերում։ Դրան նպաստեց  ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի  ընդունումը, որին պետք է անդամակցի նաև Հայաստանը։

Մի շարք հասարակական կազմակերպությունների գլխավոր խնդիրը դարձավ վեր հանել կանանց խնդիրները, իրազեկել նրանց՝ իրենց իրավունքների մասին։

Ուշադրության կենտրոնում հայտնվեցին հիմնականում սահմանամերձ բնակավայրերում ապրող կանայք։ Եվ այդ պատճառով «Դեմոկրատիան այսօր» Հկ-ի աջակցությամբ և հովանավորությամբ Տավուշի մարզի Բերդավան գյուղում ստեղծվեց կանանց ակումբ, որի համակարգող և կազմակերպիչ Անահիտ Փարսադանյանն այսօր իմ զրուցակիցն է։

-Ինչո՞ւ որպես առավել խոցելի խավ ընտրեցիք կանանց։

-Դարեր ի վեր հայ կինը որոշիչ դեր է կատարել ազգային և մշակութային արժեքների պահպանման գործում։ Շատ դեպքերում դա կատարվել է ոչ տեսանելի կամ անուղղակի ձևով։ Հիմա, երբ նոր մարտահրավերների ժամանակաշրջան է, հայ կինը պետք է գործի ավելի ազատ և իր սուրբ պարտականություններից զատ (ընտանիքի բարօրություն և ներդաշնակություն), իր կարողությունների սահմանում նպաստի նաև մեր երկրի կայացմանն ու զարգացմանը։

«Կանանց ակումբը» փորձում է միավորել Բերդավանի կանանց՝ իրենց տարբեր մտքերով ու գաղափարներով։

Ակումբի գործունեության նպատակը և առաքելությունը մեկն է ՝ ստեղծել դրական և ճիշտ արժեքների ընկալման միջավայր, որտեղ կինը կարող է և՛ երեխաների դաստիարակությամբ զբաղվել, և՛ աշխատել, և՛ մասնակցել համայնքի զարգացման գործին։

«Կանանց ակումբ» ստեղծելու գաղափարի մոտիվացիա հանդիսացավ այն հանգամանքը, որ իրոք, հասարակության ամենախոցելի խավը դրանք հիմնականում կանայք են, ովքեր ի վերջո, ավելի մեծ պատասխանատվություն են կրում սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին։

Իսկ սահմանամերձ գյուղում ապրելու հրամայականը մեկն է ՝ ապրել և արարել։ Այդ մարտահրավերին դիմակայելը ավելի հեշտ է միասին։ Սերտորեն ամրապնդելով «կին-ընտանիք-հասարակություն» կապը, կանայք կտիրապետեն համայնքի հետ կապված հավաստի ինֆորմացիաներին, պատրաստ կլինեն կատարել կազմակերպչական աշխատանքներ, կզարգացնեն իրենց առաջնորդելու հմտությունները։

-Ձեր կարծիքով, որքանո՞վ է արդյունավետ ակումբի գործունեությունը։

-Յուրաքանչյուր գործունեություն այնքանով է արդյունավետ, որքանով կարևոր է տվյալ միջավայրի համար։ Բերդավանի համար «Կանանց ակումբը» արդարացված է։
Գաղտնիք չէ, որ համատարած անվստահության և անտարբերության մթնոլորտ է տիրում։ Իհարկե, դա միայն մեր գյուղի օրինակը չէ: Մարդիկ առաջնորդվում են «յոլա գնալու», «յոլա տանելու» սկզբունքով։ Վերջապես եկել է այն ժամանակը, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք փոխել մեր և մեր երկրի ապագան։ Ես նույնպես կիսում եմ այն քչերի կարծիքը, որ կյանքի դրական որակը մեր ձեռքերում է, և դրա համար յուրաքանչյուր գործունեության մեջ պետք է ընդունել կազմակերպումը, որպես առաջնահերթություն։

-Դուք գտնում եք, որ կանայք կարո՞ղ են օգնել այդ հարցում։

-Բարոյական արժեքների ընկալումը պետք է սկսել ընտանիքներից, իսկ ընտանիքի շարժիչ ուժը կինն է, մայրը։ Վերջապես երեխան ընտանիքում մոր կողմից պետք է լսի, որ գողությունը, գռփելը «լավ տղայի» արարք չէ։ Կամ էլ` ծանոթ-բարեկամով առաջ գնալը ամոթ է ու անպատվաբեր։

-Որքա՞ն է ծրագրի տևողությունը,և ինչ կուզենայիք փոխել։

-Գաղափարի իրագործման համար շնորհակալ ենք «Դեմոկրատիան այսօր» Հկ-ին։ Ժամանակագրական առումով ծրագրի տևողությունն ընդամենը երեք ամիս է, սակայն հույս ունենք, որ դասընթացները կշարունակվեն ՝ ընդգրկելով բոլոր տարիքի կանանց և աղջիկների։

Քանի որ ակումբի գործունեությունը նոր է, բնականաբար շատ հարցերում աջակցման կարիք ունենք և շատ կցանկանայինք համագործակցել այլ ակումբների հետ։ Կցանկանայի նաև, որ բոլոր կանայք ապրեն ներդաշնակ, չենթարկվեն բռնությունների, վստահեն իրենց ուժերին, չթաքցնեն իրենց՝ որոշումներ կայացնելու ունակությունները և արժանապատվորեն պատասխանատվություն վերցնեն իրագործման համար։

Aspram Parsadanyan

Նյութս կլայքե՞ք

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ամեն ինչ մեքենայացված է: Նախորդ դարերում մարդկային կապը ապահովում էին աղավնինները, որոնք նամակներն էին փոխանցում հասցեատիրոջը, և բանբերները, որոնք լուրերը մի քաղաքից մյուսն էին տանում: Դրանց փոխարինելու եկան խելացի սարքավորումները՝ հեռախոսը, համակարգիչը, հեռուստացույցը, որոնք միաժամանակ և՛ խանգարում, և՛ օգնում են մարդկանց: Կարելի է ասել, թե ներկայումս մարդ էակը անկարող է ապրել առանց այդ սարքավորումների և իհարկե, դրանք գործի գցող ինտերնետի:

Արթնանում եմ հեռախոսիս զարթուցիչի ձայնից: Ի տարբերություն մեր նախահայրերի՝ ես իմ զարթուցիչի տհաճ ձայնից կարող եմ ազատվել ընդամենը մի կոճակի սեղմումով. վստահ եմ, որ աքաղաղի դեպքում դա բավականին դժվար կլիներ:
Օրս սկսում եմ հաղորդագրություններս ստուգելով: Նախ WhatsApp, ապա Gmail: Չեմ տառապում այն փաստից, որ գրանցված չեմ սոցցանցերում, բայց ընկերներիս հետ շփվելու, և նոր ընկերներ ձեռք բերելու համար օգնության է հասնում մայրիկիս ֆեյսբուքյան էջը: Չնայած ես այնտեղ էլ շատ անելիք չեմ ունենում. միայն ստուգում եմ ինձ ուղղված հաղորդագրությունները, մտնում եմ Ժուռնալիստիկա խումբ և հետևում կուրսընկերներիս հրապարակումներին:
Հերթական անգամ ներխուժեցի ֆեյսբուք:
-Օ՜յ, ունեի չորս նամակ. զարմանալի էր, միշտ ավելի քիչ հաղորդագրություններ են լինում: Ուրախությունս կարճ տևեց. երեքի մեջ խնդրում էին մեծացնել նկարը և լայքել: Ճիշտն ասած, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր, կոպիտ ասած, լայք են «մուրում» կամ ապրում են լայքերով:
Մինչ զայրացած ջնջում էի այդ նամակները, ինձ զանգահարեց ընկերուհիս: Խոսակցությունը հետևյալն էր.
-Բարի լույս:
-Բարև, ի՞նչ կա, առավոտ շուտ ինչի՞ ես զանգել:
-Մի բան եմ ուզում ասել, բայց չնեղանաս:
-Ասա, չեմ նեղանա (իրականում ես այդքան էլ նեղացկոտ չեմ):
-Կլինի՞ իմ ու քո էն նկարը ջնջեմ ֆբ-ից:
-Ի՞նչ նկար:
-Դե էն, որ անտառում նկարվել էինք:
-Ինչի՞ ես ջնջում, շատ էլ լավ նկար ա:
-Ա՜խր, քիչ լայք ունի, է՜:
-Այ քեզ բա՜ն: Դու լայքի՞ համար ես նկարվում:
-Բա դու ինչի՞ համար ես նկարվում:
-Լավ հիշողությունների: Կարճ ասած, ինչ ուզում ես` արա:
-Նեղանո՞ւմ ես:
-Չէ, ուղղակի զզվում եմ, որ լայքի համար կռիվ ես անում:
Ես անջատեցի հեռախոսը և սկսեցի նորություններ կարդալ: Բոլորն ունեին նմանատիպ բնույթ ու վերնագրեր. «Լայք, եթե սիրում ես քո մայրիկին», «Իրական շոկ՝ ի՞նչ գտավ տղան իր մահճակալի տակից»:
-Երևի կորած գուլպան,- քթիս տակ ասացի ես: Չեմ սիրում նաև նմանատիպ «լրագրողական հմտությունները»:
Նորից նամակ. «Լսի, նոր նկար եմ գցել, լայքի՛ ու մեկնաբանի, էլի»:
-Աստված իմ՜, բոլորը ձայնները մեկ են արել: Դուրս գամ վիրտուալ կյանքից, քանի դեռ չեմ գժվել:
Անկեղծ ասած, առհասարակ խուսափում եմ առցանց շփումից: Ավելի հաճելի է նայել մարդու աչքերին ու նոր խոսել, այլ ոչ ստեղներին:

Մարդի՛կ, երբեք մի մոռացե՛ք մարդկային պարզունակ շփման մասին: Ընկերություն մի սկսեք friend տալով և մի խզեք այն «սև ցուցակ» գցելով: Ի վերջո, մի ապրեք հանուն լայքերի:

Հ.Գ. Մոռացա ասեմ, որ խնդրեմ` մի հատ նյութս կլայքե՞ք:

Aspram Parsadanyan

Կամքի հաղթանակ

Երբեմն պատահում է, երբ մի փոքրիկ դիպված փոխում է մեր կյանքը: Չափազանցությո՞ւն համարեցիք: Ուրեմն, այսպես կձևակերպեմ, երբ փոխվում է մտածելակերպդ, ապրելաոճդ, երազանքներդ:

Ես սիրում էի ու սիրում եմ սպորտը: Չէ՜, չմտածեք, թե ես այն աղջիկներից եմ, ովքեր  չգիտես՝ ինչու,  ձևականությունների հետևից ընկնելով, ասում են, թե սիրում են սպորտը, կամ ավելի ճիշտ, ֆուտբոլը: Այնինչ իրականում ֆուտբոլ նայում են գեղեցիկ ֆուտբոլիստների համար: Ես ֆուտբոլն ավելի քիչ եմ սիրում, քան հանդբոլը, բասկետբելը, վոլեյբոլը (երևի նրանից է, որ դրանք ավելի լավ եմ խաղում):

Ձմռան մի գեղեցիկ  օր մեր` Բերդավանի դպրոցում, հայտնվեց մի կին, ով ներկայացավ մեր նոր ֆիզկուլտուրայի ուսուցչուհի: Ե՛վ ուրախ էի, և՛ տխուր: Կարծում էի՝ նա չի կարողանա կառավարել դասարանի տղաներին, ու դասերը կտապալվեն: Բայց մի շաբաթ չանցած ուսուցչուհիս հակառակն ապացուցեց: Մենք այնքան մտերմացանք, որ նա սկսեց փոխել ինձ ու իմ կարծիքը: Մեր զրույցները հաճախակի դարձան, անհամբեր սպասում էի նրա դասերին: Մենք խաղում էինք այն խաղերը, որոնց մասին ես ուղղակի երազում էի: Նետումներս գնալով ավելի դիպուկ դարձան:

Մի օր ուսուցչուհիս հայտնեց, որ տղաների խմբակ է բացվելու: Աղջիկներն էլ միայն կմարզվեին: Տղաները պետք է ավելի շատ խաղային ու մարզվեին. մրցումները մոտենում էին: Ես կոտրվեցի, իսկ մե՞նք:

Մի քանի շաբաթ շարունակ տղաների հետ գնացինք մարզումների: Չգիտեմ էլ ինչու, բայց ուսուցչուհիս ինձ ամեն անգամ գցում էր տղաների թիմ ու ասում` Խաղա՛, իսկ ինքը խաղում էր հակառակորդ թիմում: Սկզբում ամաչում էի, հետո սկսեցի չնկատել ոչինչ ու ոչ մեկին: Երբ գնդակը հայտնվում էր իմ ձեռքում, ես մոռանում էի ամեն ինչ, նպատակս լինում էր միայն գնդակը զամբյուղի մեջ նետելը: Ուսուցչուհիս գնահատում էր իմ ամեն մի հաջողությունն ու ճիշտ քայլը, ուղղում սխալներս: Իսկ տղաները բողոքում էին, ասում էին, թե կոպիտ եմ խաղում:

Շուտով բացվեց աղջիկների խումբը (դե իհարկե, երկար համոզելուց հետո): Մենք նույնպես մասնակցեցինք մրցումներին: Ես նշանակվեցի թիմի ավագ: Ուսուցչուհիս սովորեցրել էր մեզ լինել վստահ  մեր քայլերում, լինել համառ, ունենալ նպատակ և ցանկացած գնով հասնել դրան. թե՛ կյանքում, ու թե՛ խաղում:

Մրցավարի սուլիչը ճչաց, գնդակը հայտնվեց օդում: Պետք էր ցատկել ու վերցնել այն: Ես հարվածեցի, ու գնդակը հայտնվեց մեր թիմի ձեռքում: Ամեն ինչ կարծես լավ էր, մինչև այն պահը, երբ ես ստացա ծանր վնասվածք՝ արմունկով ուժեղ հարված ծնոտիս (այդ օրը ես հասկացա, որ աղջիկները բնավ էլ թույլ էակներ չեն): Առաջին բուժօգնություն ու հրաման, որ դուրս գամ խաղից: Իրական սարսափ. ես մոռացել էի ցավս ու տառապում էի այն փաստից, որ չեմ խաղալու մի ողջ խաղակես: Տառապանքս երկար չտևեց. մեր թիմը արդարացրեց թե՛ իմ, թե՛ ուսուցչուհուս սպասումները: Գոռում էինք, գրկում իրար, վայելում հաղթանակի բերկրանքը: Չէ որ դպրոցում ոչ ոք չէր հավատում, որ աղջիկները կհաղթեն, ավելին, անիմաստ էին համարում խմբակի բացվելը:

Ձեզ չի՞  հետաքրքրում, թե տղաները ինչ արեցին խաղում: Դե իհարկե պարտվեցին, միայն այն պատճառով, որ գերագնահատում էին իրենց, կամ էլ մեր <<նավսն>> էր (ինչպես իրենք էին ասում):

Ցավալին միայն այն է, որ սպորտը խլեց ինձնից աղջկական նրբությունս ու պարգևեց ծնոտի ցավ: Չնայած, ամեն անգամ, երբ այն ժանգոտած դռան նման սկսում է ճռճռալ, ես հիշում եմ իմ սպորտային օրերը, հաղթանակները ու կրկին վերապրում եմ կատարելության տանող հաղթանակի բերկրանքը:

Աղվերանի մեդիա ճամբար. Վարպետության դաս. ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյան

-Եթե կարելի է, պատմեք, թե  ինչպես եք սկսել լուսանկարել, որտե՞ղ եք սովորել:

-Ես, կարելի է ասել, լուսանկարիչ դարձել եմ բախտի բերմամբ, որովհետև դա ամենևին պլանավորված չէր: Սովորում էի հագուստի ձևավորում և ուզում էի մոդելավորող դառնալ: Հետո հայրս ինձ ֆոտոապարատ նվիրեց (այդ ժամանակ ես 18 տարեկան էի) ու սկսեցի լուսանկարել մեր հարևաններին: Լուսանկարչությունը դարձավ իմ հոբբին: Շատ պատահմամբ մասնակցեցի Զավեն Խաչիկյանի կազմակերպած ֆոտոժուռնալիստիկայի դասընթացներին: Մեր հարևանները, որոնց ես լուսանկարում էի, շատ էին ոգևորված, ու մի անգամ նրանցից մեկը տեղեկացրեց, որ մի ստուդիայում աղջիկ լուսանկարիչ են փնտրում: Ես գնացի: Մոտավորապես 10-15 աղջիկ էին եկել: Լուսանկարիչը բոլորին հերթով ստուգում էր՝ ով ինչպես է աշխատում և վերջում ասաց .

-Ես քեզ եմ ընտրում, վաղվանից կարող ես գալ աշխատանքի:
Ես իմ կարիերան սկսեցի «Յուպիտեր» ֆոտոստուդիայում: Եվ մի տարի շարունակ այնտեղ անձնագրի և վինետկայի համար դիմանկարներ էի անում: Հետո պատահաբար նույն Զավեն Խաչիկյանը, որը «Արմենպրես»-ում ֆոտոխմբագիր էր աշխատում, զանգեց, ասաց, որ գնամ Արմենպրես. աշխատանք կա: Ես ասացի, որ չեմ կարող, որովհետև այն ստուդիայում հազիվ էի սովորել իմ գործը ճիշտ կատարել: Բայց ի վերջո գնացի, և սկսվեց դժոխքը: Դա 2002 թվականն էր, և դաշտում կին ֆոտոլրագրողներ չկային: Ֆոտոլրագրողները հիմնականում 40-50 տարեկան տղամարդիկ էին, ովքեր, երբ առաջին անգամ ինձ տեսան, հարցրին. «Ամուսինդ ո՞նց ա թողնում, որ աշխատես»: Որին հաջորդում էր. «էսօր ի՞նչ ես եփել»: Եվ նմանատիպ հեգնական հարցեր, որովհետև նրանք վստահ էին, որ այս դաշտը կնոջ տեղը չէ: Բայց երբ իմ լուսանկարները հայտնվեցին «Հայաստանի Հանրապետություն» թերթի առաջին էջին, դա շատ պատվաբեր էր, ու իրենք նկատեցին, որ իրենց հավասար աշխատում եմ: Այնուհետև 2004-2005 թթ. ֆոտոլրագրության հրաշալի կուրս եղավ՝ Ռուբեն Մանգասարյանի  և World Press photo–ի կազմակերպած համատեղ կուրսերը, որը 9 ամիս տևեց: Այն ավելի ամրապնդեց իմ մասնագիտական հմտությունները: Հետո սկսեցի աշխատել ստուդիայում, թղթակցել «Երևան», «Ֆորում» ամսագրերին և «Ռոյթերս» գործակալությանը: Այսպես տարբեր փուլերով անցնում էի ու այդ ողջ ընթացքում մտածում. «Ի՞նչ եմ ուզում անել ես: Ո՞րն է իմ ասելիքը»:

Ու մի շատ հետաքրքիր դրվագով փոխվեց իմ հետագա կյանքը: Երբ սովորում էի Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտում,  մի առաջադրանքի ժամանակ մեզ հանձնարարվեց դիմանկարի միջոցով ցույց տալ հարաբերություններ: Ցեղասպանության 90-րդ տարելիցն էր, և ես որոշեցի վերապրածի գտնել ու գտա 100-ամյա Ամլիկյան Ռամելային: Իմ արած ֆոտոն էլ հաղթող ճանաչվեց: Երկու տարի անց հասկացա, որ պիտի փնտրեմ ու գտնեմ որքան հնարավոր է շատ վերապրածների, և որքան հնարավոր է արագ, քանի որ նրանք  տարիքով բավականին մեծ էին: Մի հուզիչ պատմություն կա շարքի ֆոտոներից մեկի հետ կապված: Գտա մի վերապրած կնոջ և, երբ նա ինձ տեսավ, փաթաթվեց ու սկսեց համբուրել ձեռքերս ու ասաց՝ ես գիտեի, որ դու կգաս: Հետո նրա տղաները պատմեցին, որ իրենց մորը Եղեռնի ժամանակ փրկել է մի ֆրանսուհի, ու ինքը ողջ կյանքում սպասել է նրան, ու խնդրեցին, որ ոչինչ չասեմ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում 4 Plus-ը :

-Դա կոլեկտիվ խումբ է, որի հիմնադիր անդամն եմ: Մենք դասընթացներ և ցուցահանդեսներ ենք կազմակերպում  ու հիմնականում ֆոկուսը դնում ենք կին լուսանկարիչներին աջակցելու ու խթանելու վրա:

-Արդյո՞ք Դուք կարծում եք, որ այս ասպարեզը իրոք կնոջ տեղը չէ և արդյո՞ք Ձեր մաշկի վրա զգացել եք դա :

-Ես երբևէ չեմ զգացել, որ դա կնոջ գործ չէ: Ինձ թվում է՝ բոլոր գործերն էլ կանայք կարող են անել և նույնիսկ ավելի լավ: Եթե դու զգում ես, որ կարող ես այդ գործը անել (իսկ ես դա զգում էի, որովհետև ուրիշ ասպարեզում ինձ չէի պատկերացնում), ուրեմն, կհասնես բարձունքների: Իմ մասնագիտությունը նաև իմ մտածելու ձևն է: Կանայք լուսանկարչության մեջ նոր ոճ են բերում, նրանք շատ ավելի հետևողական են ու խորը:

-Երբ բախվում են մասնագիտական հաջողությունները և մարդկային որակները, ֆոտոլրագրողն ի՞նչ պիտի անի :

-Ցանկացած պարագայում ես կարևորում եմ մարդկային կյանքը:

-Ինչպե՞ս եք ընտրում ֆոտոշարքերի թեմաները:

-Այն պետք է ինձ հուզի, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:

-Աշխարհում կա՞ն հայտնի կին լուսանկարիչներ:

-Դայան Արբուսը: Նա իմ ամենասիրելի կին լուսանկարիչն է ու ինձ ոգեշնչողը: Նա իսկական հեղաշրջում արեց, երբ 1930-ական թվականներին գնաց, շրջեց ԱՄՆ-ի գաղութներով, նկարեց փոքրամասնություններին ու մերժված մարդկանց:

Վերջում մեզ՝ պատանի թղթակիցներիս, խորհուրդ տվեց ազնիվ, պարզ ու համարձակ լինել, անընդհատ շարժվել ու անմնացորդ նվիրվել աշխատանքին:

Նյութը գրի առան` Աստղիկ Քեշիշյանն ու Ասպրամ Փարսադանյանը

Աղվերանի մեդիա ճամբար. Վարպետության դաս Դավիթ Թորոսյանի հետ

Զարթուցիչը գոռաց: Ու ոչ միայն զարթուցիչը:

-Շուտ արա, գնում ենք մարզասրահ,- ասացին  ընկերուհիներս, որոնց հետ կիսում եմ հյուրանոցի սենյակը:

Այսպես սկսվեց աղվերանյան երկրորդ օրը: Սկզբում մարզասրահ, հետո նախաճաշելու: Այ իսկ դրանից հետո ես չէի հիշում, դրա համար պետք էր նայել օրակարգը:

-Օհո՜, վարպետության դաս:

Բոլորն արդեն զբաղեցրել էին իրենց  տեղերը: Դե ինչ, սկսեցինք դասը:

-Էրեխեք ջան, էսօր մեր հյուրը, ավելի ճիշտ՝ դասընթացավարը պարոն Դավիթ Թորոսյանն է, ով Սլավոնական համալսարանի դասախոս է և RAU-TV-ի օպերատոր:Դասընթացը վերաբերում էր օպերատրությանը և ֆիլմեր ու տեսանյութեր նկարելուն: Սկզբում ծանոթացանք տեսախցիկի հետ: Հետո բացահայտեցինք որակյալ տեսագրություններ  անելու գաղտնիքները: Օրինակ՝  դուք գիտե՞ք, որ տեսանյութի մեկ վայրկյանը հիմնականում ներառում է  քսանհինգից-քսանվեց ֆոտո: Կամ, որ որակյալ վիդեո ստանալու համար պետք է օբյեկտը  «նշանառության» տակ պահել ամենաքիչը տասը վայրկյան: Չմտածեք, թե մենք խոսում էինք միայն օպերատրության մասին, չէ որ թե՛ ֆոտոն, թե՛  տեսանյութերը և թե՛ լրագրությունը սերտ կապված են միմյանց: Երբեմն պարոն Դավիթն օգտագործում էր աշխատանքային տերմիններ: Երեխաներից ոմանք հասկանում էին, ոմանք նայում իրար երեսի ու թոթվում ուսերը: Սակայն մեր ոչ մի շարժում չէր վրիպում տիկին Ռուզանի աչքից: Նա ընդհատում էր դասն ու ասում.

-Դավիթ ջան, էրեխեքի մեծ մասը չգիտի՝ էդ ի՞նչ ա նշանակում: Մի հատ բացատրի էլի:

Հա՜, ի դեպ, ես ամենաշատը սիրում եմ, որ Մանանա թիմի և մեր շփումը շատ անմիջական է:

Պարոն Դավիթը բացատրում էր տերմինների նշանակությունը ու երբ նկատում էր տիկին Ռուզաննայի գոհ հայացքը, անցնում էր առաջ:

Այսպես մեջբերումերով, խորհուրդներով անցավ դասընթացի կեսը: Հետո մենք դիտեցինք մի քանի ֆիլմ, որոնք նկարահանվել են Մանանա թիմի կողմից, ու քննարկում էինք դրանք: Ի՞նչ տեխնիկաներ են օգտագերծվել, ի՞նչը շտկելու դեպքում ավելի ճիշտ կստացվեր ֆիլմը, ի՞նչն էր ավելի գրագետ արված:Դասընթացը նման չէր սովորական, դպրոցներում անցկացվող դասերին, քանի որ բոլորը միջամտում էին, բերում էին  իրենց օրինակները, զուգահեռներ էին անցկացվում ֆոտոյի և վիդեոյի միջև: Մասնագետներից  յուրաքանչյուրը իր իսկ օրինակով փորձում էր ավելի հասանելի դաձնել մեր ստացած տեղեկությունները: Վերջում մեր գիտելիքները ամրապնդեցինք փորձով: Երեխաներից մի քանիսը պարոն Դավիթի օգնությամբ նկարահանեցին մեր բանավեճերն ու քննարկումները: Երեխաներն ասում են, որ սկզբում պարոն Դավիթն անընդհատ ուղղումներ էր անում, իսկ վերջում ասաց, որ համեմատաբար լավ է ստացվում: Գրեթե անցանք  ևս մեկ փուլ, որն ավելացրեց մեր հետաքրքրությունները ֆիլմերի ու դրանց նկարահնման ընթացքի նկատմամբ:

Aspram Parsadanyan

Սահմանին մենք ենք

21-րդ դարում յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ ձգտում է խաղաղության, սակայն միշտ չէ, որ կառավարությունը պատրաստ է լսել ժողովրդի ձայնը: Նույնիսկ այսօր, երբ ազգերը փորձում են հրաժարվել պատերազմներից, և վեճերն ու հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով, վայրի ու անգութ թշնամին շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, անկուշտ ու անհագ կառավարությունը խլում է թե՛ իր, թե՛ մեր` խաղաղ բնակիչների կյանքը: Որդեկորույս մայրը նույն մայրն է՝ անկախ ազգությունից. որբ մնացած մանչուկի ցավը ազգություն չի ճանաչում: Յուրաքանչյուր ոք ձգտում է խաղաղության, սակայն հայ ժողովրդին բախտ չի վիճակվել խաղաղ ապրել իր փոքրիկ հողակտորի վրա: Ինչպե՞ս կարող ենք հարևանի հետ խոսել ժողովրդավարության մասին, երբ դեռ նրա երակներում անհագ գիշատչի արյունն է հոսում: Ինչպե՞ս փոխել մարդկանց կարծիքը, թե խաղաղության տանող միակ ճանապարհը պատերազմն է, եթե նրանց մեջ  խոսում է  պապերից ժառանգած վրեժը: Ինչպե՞ս հավատալ խաղաղությանը, երբ ամեն առավոտ արթնանում ես կրակոցի ձայնից, այլ ոչ աքաղաղի, երբ ամեն գիշեր անուշ հեքիաթին փոխարինում են ահազդու ձայները: Ինչպե՞ս երազել բարեկամության մասին, երբ բարեկամդ զոհն է դառնում մահաբեր արկի…

Յուրաքանչյուր ձայն հոգուդ մեջ արթնացնում է թե՛ հայրենասիրություն, թե՛ վաղաժամ մահվան վախ: Այդուհանդերձ, անընկճելի և ամենակարող հայ ենք, որի վերացումը ծրագրված էր հարյուրամյակներ առաջ, սակայն այսօր կամ ես, կաս դու. դա փաստն է այն բանի, որ կրկին ու կրկին ծրագիրը տապալված է: Միայն պետք է հասկանալ, որ հայրենիքը սկսվում է սահմանից: Հանգիստ եղեք, սիրելինե՛րս, չէ՞ որ սահմանին մենք ենք:

Aspram Parsadanyan

Կոնչոլ

Հայաստանի ամեն տարածք  յուրօրինակ բառ ու բան  ունի: Մեր գյուղն էլ` Տավուշի մարզի Բերդավան գյուղը,  աչքի է ընկնում իր յուրահատկություններով, բարբառով և համեղ կերակուրներով: Իհարկե, երիտասարդները փորձում են  քիչ օգտվել դրանցից, բայց ես պաշտում եմ մեր ուտեստները: Շատ եմ սիրում այն օրերը, երբ տատս ինձ կտրում է գրքից, համակարգչից ու կանչում.

-Բալե՜ս, հըլա արի, բան եմ ասըմ:

Եվ երբ կանչում է, ուրեմն կա՛մ հին օրերից  մի պատմություն է պատմելու, կա՛մ բառ  է հիշել, և պնդելու է,  որ գրի առնեմ իմ բառարանում: Հաճախ էլ մեր «հին»  ու համեղ ուտեստներից է  պատրաստում և ուզում է, որ առաջինը ես փորձեմ:

Դեմ չեք, չէ՞,  որ մի փոքր պատմեմ իմ ու տատիս բառարանի մասին:

Այն մի հաստ տետր է՝ անհրապույր տեսքով, պոկված ու մի կերպ իրար սոսնձված էջերով: Դրա մեջ զինվորների պես շարված են մեր բարբառի գանձերը, և իհարկե, բառերի բացատրությունները: Երբ նոր էի սկսել գրել տետրի առաջին էջերը, ոչ ոք լուրջ չվերաբերվեց  իմ նախաձեռնությանը: Բայց հետո  բոլոր ծանոթներս ձեռնամուխ եղան այդ գործին: Նույնիսկ ուսուցիչները, հաճախ ընդհատում  էին դասն ու  նոր բառ թելադրում, որ գրի առնեմ:

Տանը տատս էր ձայն տալիս.

-Գրի՛, ումուդ-հույս:

Դասընկերոջիցս հաղորդագրություն էի ստանում.

-Գրի՛,  ղարով- կույր:

Քույրս էր  զանգում,  և առանց բարևի, առանց որպիսությունս հարցնելու  հրամայում.

-Գրի` ղրալլուխ-ականակիր, կենդու-մենակ:

Ինձ թվում էր՝շուտով կգժվեմ: Տետրն ու գրիչը ձեռքիցս վայր չէի դնում: Հետո «բառարանի» մեջ իրենց տեղը  զբաղեցրին անեծքներն ու օրհնանքները:

Ես, իհարկե, չգժվեցի: Խոնարհ ծառայի պես գրի առա բոլորի ասածներն, ու տետրս լցվեց բազում բառերով ու  արտահայտություններով:

Հա՜, քիչ էր մնում մոռանայի ամենակարևոր պատմությունը:

Օրս կրկին սկսվեց տատիս ձայնով:

-Լա վի կացի, աղջիկն էդքան քնիլ չի:

Արթնացա: ժամը ութն  էր:

-Ու՜ֆ, էկա՜, էկա՜:

-Արի՛, կոնչոլ ենք սարքըմ:

Այ, դա ուրիշ, դա սփոփեց ինձ ու արդարացրեց տատիս:

-Բարի լույս, տա՛տ:

-Սոխը կլպե, սոխեռած արա:

Ու սկսվեց կոնչոլի արարողությունը, որը շատ պարզ բաղադրատոմս ունի`  չոր հաց (գրեթե հնացած), հավկիթ,  սոխ, կանաչի և, անպայման, ախորժակ:

Պատրաստում ենք, ու տատս ընթացքում պատմում է, որ ուտելիքը հորինել են սարերում ապրող մեր գյուղի տարեցները: Երբ ուտելու բան չի եղել, հացն էլ սկսել է բորբոսնել, կանայք հորինել են այս ուտեստը: Այդպես, տարիներն անցել են, իսկ էժան ու որակով բաղադրատոմսը պահպանվել ու հասել է մեզ:

Դե, ինչ, կոնչոլը պատրաստեցի, հիմա կփորձենք, ու տատս, որպես փորձագետ՝ կգնահատի պատրաստածս: Բույրն ինձ դուր եկավ: Տատս էլ հավանեց`ուտելով առաջին գդալը:

Մյուս անգամ էլ  «դումբրակ» կպատրաստեմ` ավելուկի փշեջուր, «ծանդիլ», « փթռուկ»: Տատս էլ կհամտեսի ու կգնահատի:  Լավ… Գնացի: Կոնչոլը հովանում է:

Բարի ախորժակ բոլորիս:

Սուտը, մեծ քիթը և հայը

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Երևի բոլորիս էլ փոքր ժամանակ ասել են. «Սուտ մի՛ խոսիր, քիթդ կմեծանա»:  Ես բացառություն չեմ եղել, ինձ նույնպես շատ հաճախ ասում էին այս արտահայտությունը և, որպես ապացույց, ցույց էին տալիս Բուրատինոյի մուլտֆիլմը:  Ինձ շատ էր վախեցնում մեծ քիթ ունենալու միտքը:  Եվ ամեն անգամ, երբ բակում խաղի ժամանակ մանկական ստեր էի ասում, վազում էի տուն ու երկար ժամանակ մնում հայելու դիմաց:  Մայրս հասկանում էր ու հարցնում.

-Ի՞նչ ես խաբել:

Ես անկեղծորեն պատասխանում էի, իսկ մայրս սփոփելով ինձ ասում էր.

-Էս անգամ քիթդ չի երկարի, բայց էլ չխաբես:

Շուտով իրար հերթ չտալով՝ անցան իմ մանկության օրերը: Ժամանակն էր դպրոց գնալու ու սովորելու հայոց ոսկեղենիկ տառերը:

Առաջին դասարանի վերջին ամսում, երբ կրկնում էինք տարվա նյութը, ուսուցչուհին մեզ հանձնարարեց հետաքրքրաշարժ մի վարժություն:

Դպրոցական օրն ավարտվեց: Գնացի տուն ու առանց ճաշելու սկսեցի գրել տնային աշխատանքս: Այսօրվա պես հիշում եմ գրքի այդ էջը: Վարժությունը հետևյալն էր. հայ հայտնիներից մի քանիսի նկարներն էին պատկերված, իսկ դրանց տակ խաչբառի տեսքով բաց էր թողնված տվյալ մարդու մասնագիտությունը:

Գրված էր՝ հայ մեծանուն □ □ □ □ □ □ □ , իսկ վերևում ՝ Մհեր Մկրտչյանի նկարը:

Մենք պետք է լրացնեինք վանդակները: Այսպես, ես սկսեցի գրել (անկեղծ կլինեմ՝ մի կերպ էի գրում, ծուռումուռ տառերով): Արդեն հոգնել էի, երբ նկատեցի, որ երկու նկար է մնացել: Կարդացի՝ Մ-հ-ե-ր Մը-կըրտ-չյան հ-ա-յ մե-ծա-նուն □ □ □ □ □ □ □ : Նայեցի նկարին ու գոչեցի .

-Օ՜յ, ի՜նչ մեծ քիթ ունի,-ու գրեցի ՝ սու-տա-սան:

Հաջորդը՝ Առ-նո Բա-բա-ջան-յան հ-ա-յ մ-ե-ծ …..

-Վա՜յ, մի տես, մեզ ասում են մի՛ ստեք, իսկ իրենք այնքան են ստել, որ երևի ամենամեծ քիթն ունեն,-ինձնից շատ գոհ գրեցի՝ խա-բե-բա:

Աշխատանքները ստուգվեցին, ես սխալ էի գրել, ուսուցիչը ամոթանք տվեց ու նույնիսկ չլսեց իմ բացատրությունը: Տետրիս մեջ հայտնվեց առաջին երկուսը:

Երկար ժամանակ է անցել թե՛ երկուսից, թե՛ մանկության տարիներից: Հիմա էլի նայում եմ հայելու մեջ. այն ժամանակներից մինչև հիմա քիթս իրոք մեծացել է: Երևի ես էլ երբևէ պատճառ եմ ունեցել ստելու: Մեծացել եմ, ամոթով եմ հիշում, որ մեր մեծերին հանդգնել եմ սուտասան կարծել: Հասկացել եմ, որ մեծ քիթը հային բնորոշ հատկանիշ է: Իսկ շատերն ասում են նաև, որ մեծ քիթը խելացիության նշան է: Չգիտեմ, երևի Բուրատինոն մեր ազգի համար գրված հեքիաթ չէ: