«Մարդկանց համար խորթ էր, որ նման խնդիրներ ունեցողները կարող են բարձրագույն կրթություն ստանալ։ Համալսարանում մեզ թերահավատորեն էին մոտենում, սակայն մենք ապացուցեցինք հակառակը»,- ասում է Սյուզաննա Աղաբաբյանը։
Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյան քույրերը Տավուշի մարզի Կողբ բնակավայրից են։ Երեք տարեկանում երկվորյակ քույրերը ձեռք են բերել ֆիզիկական հաշմանդամություն, հենաշարժողական համակարգի խնդիրներ, սակայն չեն դադարել առաջ շարժվել. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են համալսարան, ստացել բարձրագույն կրթություն։
Քույրերի առավոտը, ինչպես իրենք են նշում, սկսվում է «մյուս մարդկանց նման». շտապում են աշխատանքի։ Սյուզաննա եւ Ռուզաննա քույրերն աշխատում են «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում։
Այն հարցին՝ բարդ չէ՞ աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, Սյուզաննան պատասխանում է. «Ոչ, ինքս ունենալով հաշմանդամություն, միշտ ցանկացել եմ աշխատել նման խնդիրներ ունեցող երեխաների հետ. լավագույնս կարող եմ հասկանալ նրանց, նրանց հաջողություններն ու դժվարությունները, բարձրաձայնել խնդիրները»։
Քույրերին գրեթե միշտ կարելի է միասին հանդիպել, հաճախ իրենց հոր՝ Գագիկ Աղաբաբյանի ուղեկցությամբ։ Ռուզաննան ասում է, որ մի անգամ առանց ծնողների ուղեկցության որոշել են հարևանին այցելել, և իրենց համարձակության, իրար օգնելու շնորհիվ կարողացել են հաղթահարել թեև կարճ, բայց ոչ այդքան դյուրին ճանապարհը։
Քույրերը նշում են, որ իրենք այդքան ուժեղ չէին լինի, եթե չլիներ իրենց ծնողների աջակցությունը. «Հայրս միշտ ասում էր` չմտածեք, որ ինչ-որ մեկը ձեզանից բարձր է, դուք բոլորի հետ հավասար եք, չփորձեք ձեզ տարբերակել ուրիշներից։ Երբ պարզվել է, որ մենք ունենք մանկական ուղեղային կաթված, բժիշկներն ասել են` այս երեխաները ոչ կարող են խոսել, ոչ շարժվել, ոչ հասկանալ, բայց ծնողներիս աջակցության և հավատքի շնորհիվ մենք շատ ավելի կայացած ենք, քան ուրիշները»,-հավելում է Սյուզաննան։
Խոսելով հասարակության մեջ իրենց դերը գտնելու, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունների մասին, Սյուզաննան ասում է, որ ցանկացել են կրթություն ստանալ, ստացել են, ցանկացել են աշխատել, հիմա աշխատում են, բայց պայքարել միշտ է պետք։ «Կարծում եմ` մենք բացառություն չենք, և ցանկացած մարդու մոտ էլ պայքարի շրջանը միշտ էլ կա. կապ չունի՝ հաշմանդամություն ունի, թե՝ ոչ, մարդ պետք է իր կյանքի ուղին ինքը իրենով, իր դժվարությունները հաղթահարելով առաջ գնա»։
Զուգահեռաբար նշում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հանդիպող խոչընդոտների մասին, որոնցից մեկն էլ շրջապատող անմատչելիությունն է. թեքահարթակների, ճանապարհներին բազրիքների, բռնակների բացակայությունը, որոնք նախատեսված կլինեին ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև երեխաների և տարեցների համար։ «Մանկության տարիներին դեպքեր են եղել, որ աստիճանները բռնակ չունենալու պատճառով նստած ենք բարձրացել։ Բարձրանալու ժամանակ մեզ ոչ թե տառապանքն էր համակում, այլ ուրախանում էինք, որ առանձնահատուկ ձև ունենք բարձրանալու»,- հավելում է քույրերից Ռուզաննան։
Աշխատանքին զուգահեռ քույրերը նաև ազատ ժամերին ստեղծագործում են, իսկ վերջին տարիներին հոր հետ հիմնադրել են ընտանեկան բիզնես. զբաղվում են գինու արտադրությամբ։ Քույրերից յուրաքանչյուրը բիզնեսում իր դերն ունի։ Սյուզաննան զբաղվում է թղթաբանական հարցերով, Ռուզաննան` ընկերության մարքեթինգի և սոցիալական էջերի վարման աշխատանքներով։
Հ.Գ. Զրույցի վերջում քույրերին խնդրում եմ իրենց խորհուրդը հղել դժվարություններ և խնդիրներ ունեցող անձանց։
Սյուզաննա Աղաբաբյան.
«Կյանքում երբեք չընկճվել, յուրաքանչյուր իրավիճակում, անկախ կարողություններից, հնարավորություններից առաջ գնալ, երբեք չբողոքել, անցյալը չհիշել, անցյալի վրա չհիմնվել։ Եթե անցյալի վրա հիմնվելով ապրենք, կկորցնենք ապրելու մեր տեսլականը, անցյալը վերհիշելու փոխարեն պետք է առաջ գնալ, պայքարել սեփական իրավունքների, նպատակների և երազանքների համար»։
Ռուզաննա Աղաբաբյան.
«Քո կյանքի ճանապարհը դու ես անցնում, և ուրիշի կյանքի փորձը քոնը չէ։ Պետք է անցնես այդ ճանապարհը, որ գտնես կյանքի բանալին և բոլոր հարցերի պատասխանները։ Կարևորը պայքարելն ու քո ուժերին հավատալն է»։