Astghik Ghazaryan

Կռիվը

-Երե՛մ, ցուրտ ա, վիզդ պյաց տյուս մի՛ կյա:

-Թու՛, քու տիպը կտրի…

Ամեն շաբաթ-կիրակի զարթուցիչի ձայնի փոխարեն լսում էի Ամայի (տատիկս է) ու պապիկի կռվի ձայնը ու փնթփնթում. «Էլի կռվո՞ւմ են, չեն թողնում՝ մարդ մի քիչ քնի…»: Դե, կռիվ ասելը մի քիչ կոպիտ է հնչում, որովհետև նրանք վիճում էին միմյանց լավն ուզենալու համար, բայց եթե թույլ տաք, ես դրանք կռիվ կանվանեմ:

Կռիվը հիմնականում սկսում էր Ամայը: Պապիկի վրա շատ էր բարկանում, երբ ուտում էր այն, ինչը բժիշկն էր արգելել, կամ ինչու ամբողջ գիշեր չէր քնել ու շարունակ տնով մեկ քայլել էր, և այլն:

Մի խոսքով, օրը սկսում էին իրարից նեղացած, իսկ օրվա կեսին կռիվը շարունակվում էր.

-Երե՛մ, էդ անտեր չայը հերիք ա խմես, մի քիչ կամք ունեցի, էլի… Էն Չոբանյանը քանի՞ հետ ասած կըլի, որ էդ անտերը քեզ չի կարելի…

-Թու՛, ե՞րբ ես տեսել, որ ես չայ եմ խմել, էս իրեք օր ա՝ պերանս մի կաթիլ չայ չեմ տարել:

Առավոտը՝ կռիվ, կեսօրին՝ կռիվ, բայց հենց մութն ընկնում էր, պապիկը գալիս, Ամայի մոտ նստում, հետո վեր էր կենում, գնում-գալիս, նայում Ամային ու էլի գնում-գալիս: Ամայը հասկանում էր պապիկի միտքը, բայց ոչինչ չէր ասում: Ու պապիկը ճարահատյալ ինքն էր առաջին քայլն անում.

-Հրանու՛շ, կարտի չքցե՞նք:

-Կարտերը վե՛ր կալ, արի՛…

Ու սկսում էին թղթախաղ խաղալ: Ամայը նստում էր իր «գահավորակին»՝ թախտին, իսկ պապիկը՝ Ամայի դիմաց՝ փոքրիկ աթոռի վրա: Ու այնպես էր ստացվում, որ Ամայի դիրքը ավելի բարձր էր լինում, ու պապիկի բոլոր խաղաթղթերը երևում էին: Սա էր պատճառը, որ խեղճ պապս միշտ պարտվում էր, նեղանում, թղթերը թափում ու գնում էր: Իսկ Ամայը.

-Հը՞, տարվեցիր, տրա՞  հըմար ես քըմ:

Պապիկը գլուխը տարուբերում էր, իր սովորության համաձայն մի հատ «թու՛» ասում ու հեռանում: Մի կես ժամից էլի գալիս ու Ամայի շուրջը պտտվում էր, հետո մյուս թախտին պառկում ու փորձում էր մի քիչ քնել, բայց դեռ չհաշտված՝ Ամայը էլի սկսում էր.

-Երե՛մ, քնա քու տեղըմ պառկի, հանգիստ քնի:

-Թու՛…

Ու այսպես իրարից նեղացած էլ քնում էին, հաջորդ օրն էլ այս պատմությունը կրկնվում էր:

Համարյա մի տարի է՝ այսպիսի վեճեր չեն լինում մեր տանը, ես էլ զարթուցիչի ձայնից եմ զարթնում: Չգիտեմ՝ Ամայը իրենց վեճերը կարոտել է, թե՝ չէ, բայց ես կարոտել եմ:

Այդպես է աշխարհի կարգը. կորցնում ես, հետո հասկանում, գնահատում ու կարոտում…

Փետրվար, 2016