Անշտապ, բայց ներքին շտապողականությամբ հանգցնում է ծխախոտը։ Ծանոթ ու հարազատ մեղեդին առաջին բանն է, որ հասնում է ականջներին։ Օրվա ամբողջ լարվածությունն անհետանում է արտաշնչի հետ։ Լսվում են նուրբ շշուկներ, կանացի ու տղամարդու միաժամանակյա լիաթոք ծիծաղներ, սառույցի խորանարդիկների թափահարման չխկոցներ ու գարեջրի սարքի ձայներ։ Կարմիր ու դեղին լույսերը համահունչ լցված են տարածության մեջ՝ ընդգծելով առանձին հատվածներ, որ պատին հենվելու ու հարմարավետ լռելու ցանկություն են առաջացնում։ Կախում է բաճկոնը։ Մատները զգում են կախիչի փայտի անսովոր սառնությունն ու փշաքաղվում է, չնայած, որ իր մատներն էլ միշտ սառն են։ Մի կողմում տեղավորած փարթամ ու իդեալականորեն վերևի ձախ անկյունից ընկած լույսի տակ փայլող առողջ մազերը բացում են սև զգեստի քառաթելը, որ ընկնում է իրանի մեջտեղում, ոչ իդեալականորեն ուղիղ՝ ընդգծելով թեքված պարանոցը, որ փոքր ինչ լարված ու այնքան փխրուն է թվում։ Մեջքի բաժանումները ստիպում են ցանկանալ դիպչել՝ վախենալով, որ մի անզգույշ շարժում, ու այն կկոտրվի։ Աջ ու ձախ թիակների արտահայտիչ հատվածներից սկիզբ առնող ձեռքը նման է աշնան մերկացած մի ճկուն ճյուղի, որ կիսածալվել է։ Նրանից սկիզբ են առնում հինգ երգուն, ավելի բարալիկ ու մեղմ անտառային քամով սնուցված ոստեր։ Դրանք իրենց գիրկն են առել խմիչքի բաժակը, որպես հասած պտուղ, որ ցանկացած պահի կարող է ընկնել, բայց չի ընկնում, մինչդեռ կարող ես սպասել այդ իրադարձությանը այնքան անվերջ, որքան ոտքերդ թույլ կտան կանգնել նույն անշարժ դիրքով։ Զգեստի մետաքսե ծալքերը ժողովված են իրար դիպած ոտքերի երերուն ծնկների վերևի հատվածում։ Ոտնաթաթերը ռիթմի հետ գնում ու գալիս են, ընդգծված ոսկորները խառնվել են կոշիկի թելերի հետ, որ գրկում են դրանք։ Նորամար ծխի գրեթե ցնդած հոտը հետ է բերում կյանքի բնականոն ռիթմին, տարածությունը խորն ու երկար շնչից հետո շարունակում է շնչել սովորականի պես։ Գլխի բարեհամբույր շարժումով ու ինչ-որ հեռու տեղ թափառող հայացքով հասկացնում է մատուցողուհուն, որ օգնության կարիք չկա, որ նա գիտի, թե ուր է գնում, որ իրեն սպասում են։ Սառը մատները ողջույնի փոխարեն հպվում են ուսիս աջ հատվածին։ Գիտի, որ չեմ վախենա։
Կիսաքնած երևակայատեսիլներից ազատվելու համար որոշում եմ դուրս գալ տանից։ Վերմակի խառնումներն ու թափահարումները իրենց վրա պետք է վերցնեին բոլոր մտքերը։ Դրա փոխարեն սենյակն է լցվում է ինչ-որ անբնական նարնջագույն լույսով։ Աչքերս բաց նայում եմ առաստաղին։ Անշարժ եմ։ Վերհիշում եմ՝ ինչից արթնացա։ Դեռ երկար ժամանակ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ անել ինձ տրված ժամանակի հետ։ Կրկնահիշողություններն ու ծակծկող զգացումապատկերները նորից լցվում են մարմնովս մեկ։ Կիսաարթուն մտքերից ազատվելու համար որոշում եմ ամեն դեպքում դուրս գալ տանից։ Անկողնուց վեր կենալիս, որը գրեթե հավասար է հատակի հարթությանը, մի պահ նույնիսկ չեմ ցանկանում բաց թողնել այդ վիճակը։ Ոտնաթաթերս գետնին հանդիպելու հետ մեկտեղ տխրությունով են պատվում վերջույթներս, որ վերջացավ․․․ Հետո գրեթե բան չեմ հիշում։ Սովորականի պես՝ նույն ճանապարհով, երգ լսելով, մարդաշատ ավտոբուսներով ու մենակ։ Սիրում եմ այս մենակությունը, որն ավելի շատ ազատության հոմանիշն է։ Սիրում եմ այս նույն ճանապարհը, որից կարելի էր հինգ տարում հանգիստ հոգնել, բայց ես երբեք երևի չեմ հոգնի։ Ամեն օր այն նման է դատարկ գրքի էջի և ամեն օրվա վերջ՝ նման վերընթերցելու պիտանի էջի։ Ինքն անշուշտ սխալվում էր, ասելով, որ իրենից շատ շուտ հոգնելու եմ։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ էդպիսին չեմ ու իրենից չէի հոգնի։
Երեկ, այս նույն ավտոլվացման կետի մոտ, մի աղունիկ էր կանգնած, ես նրան տեսնում էի ասես մոտեցրած օբյեկտիվով ու սևուսպիտակ հին ժապավենով կադրի մեջ։ Կարծես թե ոտքը վնասված էր։ Ես գլուխս որքան հնարավոր է երկար զննում էի նրան, երբ մի անցորդ զարմացած նայեց ինձ, և այդպես էլ չիմացա։ Ինքը հիշում էր, որ հենց այս՝ մրգերի ու բանջարեղենների արկղերի մոտ էր խոսել։ Հիշում էր․․․
Ես լսում էի դասախոսին դադարներով, հասկանում միայն ձեռքի շարժումների նշանակությունն ու ընկալում կանգնած դիրքը, ու թե ինչպես շտապողաբար ներս մտնելով, արագ հանեց վերարկուն, կախելով աթոռի մի հատվածում՝ ոչ ուղիղ դիրքով, և դեռ շնչակտուր սկսեց զեկույցը։ Քանի դեռ նա ուշանում էր, ես հանել էի նոթատետրս, որն ամեն դեպքում դրել էի պայուսակում, որևէ անհետաքրքիր կամ ամեն ինչից զատվելու ցանկության դեպքում մի բան նկարեմ կամ գրեմ մեջը, իմանալով, որ դժվար էլ թե ինչ-որ բան անեմ։ Նոթատետրը թաղվել էր ոտքերիս ու ձեռքերիս մեջ, երբ չգիտեմ թե որքան ժամանակ հետո և ինչից նորից աչքերս բացեցի ու դիրքս փոխեցի։ Ես չէի հիշում արդեն դրանում նկարվածների ու գրածների մասին։ Թեթևակի ժպիտ առաջացավ դեմքիս՝ մի էջ նայելիս։ Ժամանակը հետ տալու ցանկություն չկար, միայն գիտեի, որ այդ օրերին, երբ նկարվել էր նկարը, այնքան լա՜վ էր ամեն ինչ։ Ցանկացած պահ էլ մեռնելու համար իդեալական է։ Իսկ եթե ընտրել կյանքիցդ, ապա, ո՞ր պահը կլինի ամենաիդեալականը։ Չշարունակեցի որոնել այդ պահը, հարցնողը չէր սպասում պատասխանի, ու մտքերս ի վիճակի չէին շրջել անցյալով։ Հիմա էլ չգիտեմ ինչու չեմ ուզում մտածել դրա մասին։ Ինքն անշուշտ կմտածեր։ Նույնիսկ չհասցնելով մտածել՝ այդ պահը միանգամից կգտնվեր իր մտքում։ Այն կլիներ իրոք իդեալական։ Պարզության ու ռեալիզմի գեղեցկությանը չտիրապետող որևէ մեկը արժեք չէր գտնի նրա պատասխանի մեջ ու նույնիսկ կհիասթափվեր՝ սպասելով մի որևէ այլ արժեքավոր դրվագի։ Շատերի մոտ ուղղակի հարցականի նմանվող հայացք կառաջանար, որն ունակ չէ դուրս գալ իր տիրոջ աշխարհից ու մտնել նրա աշխարհ։ Իսկ ես նորից կլսեի պատասխանը՝ շուրթերից գիրք գրվելու պես ու կկուտակեի հիացած հայացքս լայնացած բիբերիս մեջ, որ չտեսնի։ Բայց իմ հայացքն էլ կլցվեր անվերջ մի հարցով․ անպատասխան հարցով, որովհետև այդ զգացումը հենց ինքն է։ Ես չունեմ պատասխանվելիք հարցեր․․․ Ենթագիտակցորեն ստուգում եմ մեր միջև հարաբերությունը՝ թեթևակի հեռանալով, թողնելով նրանց ազատ՝ ինձնից։ Նրանք հեռանում են լիովին այդ ազատությանն իրենց արժանի համարելով։ Ոչինչ չի փոխվում նրանցից առաջ ու հետո։ Հիմա նույնիսկ ազատ թողնելը, որ հեչ դժվար չէր՝ չի զբաղեցնում իմ միտքը՝ ամեն դեպքում պատասխանատվություն դնելով ուսերիս, էնպես որ մենակ շատ ավելի լավ եմ զգում ինձ։ Տարօրինակ օր է, նման անձրևային ու ամպամած օրվա։ Բայց իրականում թեթևակի ամպամած է, ու անձրև չկա։ Ես փորձում եմ նկատել մարդկանց, շուրջբոլորը։ Նկատում եմ ինչպես լղոզված իրականության փաստադրվագներ։ Նրանք բոլորը ու ամեն ինչ կամ ինձ հետ կապ չունի կամ ինձնից անպոկ է։ Սիրում եմ այս երգը։ Այն զգացումները, որոնց մասին այն խոսում է այնքան հասկանալի են ինձ, բայց այնքան հեռու են թվում․․․ Ոչ ուրախ եմ այդ առիթով, ոչ էլ տխուր։ Չեմ ասոցացնում ինձ երգի հետ, երգն ազատ է ինձնից, մտածում եմ երևույթի մասին։ Մտածում եմ, որ այն կա կյանքում։ Մի օր եղել է իմ կյանքում, միգուցե էլի է լինելու։ Մտածում եմ, որ եղել է ուրիշների կյանքում։ Որ ձգտել են դրան ու փախչել դրանից, բայց միևնույնն է՝ ապրել դրանով ու շնչել այնքան ուժեղ, որ հնարավոր է միայն այն դեպքում, երբ գիտակցում ես, որ ցանկացած պահի կարող է հենց օդդ շունչդ կտրել։
Laisse-moi devenir
L’ombre de ton ombre
L’ombre de ta main
L’ombre de ton chien
Վերելակով վերուվար եմ անում։ Մտածում էի ավելի շատ վիճակիս կհամապատասխանի աստիճաններո՞վ բարձրանալը, թե՞ ՝ վերելակով։ Բարձրանում եմ ամենավերևի հարկ, հասկանում, որ այն չէ, որն ինձ է պետք, բայց գիտակցում, որ երբեք չեմ նկատել պատուհանից բացվող լայն ու մեծ տեսարանը։ Կարելի էր վայրէջք կատարել ուղիղ դիմացի տանիքին, եթե թռչել իմանայի։ Երկար չեմ նայում ու չեմ էլ հիշում, թե ո՞նց էի նայում։ Նորից կանչում եմ վերելակը՝ այս անգամ պատահաբար սեղմելով այն հարկի նիշը, որն ինձ պետք էր։ Բացակայությունը ներկա է միայն կրկնահիշողություններով ու երևակայատեսիլներով։ Ուրիշ ոչնչով։
Ուրիշ ոչնչով․․․