Lilit Vardanyan amarayin

Վայրի կարմիր կակաչներ

Չեմ սիրում վարդեր, դրանցից սուր հոտ է գալիս, իսկ ես սուր հոտերից ալերգիա ունեմ։ Նախընտրում եմ վայրի կարմիր կակաչներ վարդերի փոխարեն։

Փետրվարի վերջին, երբ եղանակը փոքր-ինչ տաքանում է, նախընտրում եմ հագնել կարճ կիսաշրջազգեստ, որ մի փոքր մրսեմ ու չզգամ գարնան մոտենալը։ Տնից դուրս գալիս երբեք չեմ մտածում ուրիշների հայացքների ու հնարավոր տհաճ դեպքերի մասին։

Սիրում եմ ընկերուհուս հետ գիշերային անկեղծ զբոսանքները, երբ դրսում բացի մի քանի սև հագած տղաներից ու գիշերային մարզանք անողներից ոչ ոք չկա։

-Մարտի ութդ շնորհավոր,- կլսեմ նորից ինչպես ամեն գրողի տարած տարի։

-Շնորհակալություն,- կասեմ մի քանի վայրկյան անց որպես պատասխան։

«Փորձանքը մի անգամ ա լինում»,- ամեն անգամ կրկնում է տատիկս, երբ տնից ուշ ժամի եմ դուրս գալիս։ Նայում եմ նրա անհանգստացած հայացքին, վերցնում հեռախոսս։

«Գնացի տատ»,- եթե ես ամեն օր տնից դուրս գալիս մտածեի հնարավոր փորձանքների ու ուշ ժամին ապահով հետ վերադառնալու մասին, կդառնայի տան բույս ու չէի կարողանա ապրել կյանքն ամբողջությամբ։

Աշխարհում երեք կանանցից մեկը կյանքի ընթացքում ֆիզիկական բռնության զոհ է դառնում։ Դեպքերի մեծամասնությունը մնում է ստվերի տակ։ Քչերը ունեն բավականաչափ համարձակություն իրենց պատմությունը բարձրաձայնելու։

Ներկայիս ՀՀ Օրենսգրքում նշված է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության սկզբունքի մասին, սակայն ինչու՞ են կանանց բռնությունների դատավարությունները ավարտվում դեռ չսկսված՝ դեպքի կրկնվելու ռիսկով։

Ապրելով պատրիարխալ հասարակությունում, որտեղ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կողմից ամեն օր զգում ես հասարակության կողմից ընդունված նորմերի պարտադրումը՝ մարտի ութի շնորհավորանք ստանալը արդեն վիրավորական է դառնում։ Կարծես հատուկ ընդգծվի, որ ես՝ լինելով իգական սեռի ներկայացուցիչ, ունեմ մի յուրահատուկ օր այդ մասին ևս մեկ անգամ հիշեցնելու։ Իսկ հետո կստանամ թանկարժեք վարդերը, որոնց պատճառով ալերգիաս ավելի կսրվի ու կշարունակվի ամբողջ գարնան ընթացքում։ Կանանց միամսյակ է, ասում են։

Մարտի ութը բավականին սխալ է ընկալվում մեր հասարակության կողմից։ Այն դարձել է տոնական զեղչերի ու վաճառքները բարձրացնելու միջոց։

«Մարտի ութդ շնորհավոր»,- ասում են։ Բայց ի՞նչ առիթով են նրանք շնորհավորում՝ կին լինելու՞, թե՞ երկու դար առաջ կանանց՝ քվեարկելու իրավունքը ձեռք բերելու առիթով։

Մարտի ութը այլևս արդիական չէ։ Ես այն դատապարտում եմ և դեմ եմ գնում մեր կողմից այդ օրվա սխալ ընկալմանը։ Մարտի ութը ուղղակի ոչ աշխատանքային օր է, առիթ՝ թանկ գներով ծաղիկներ գնելու և կանանց հաճելի նվերներ անելու։

Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության պայքարը ամեն օր է։ Մարտի 8-ին, ապրիլի 7-ին, հունվարի 28-ին և նույնիսկ դեկտեմբերի 4-ին։

1917 թվականին սպիտակ կանանց ընտրական իրավունքի ձեռքբերումից 2 դար է անցել։ Այդ ընթացքում կանանց՝ տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու պայքարը շարունակվել է՝ ամեն անգամ զարգանալով և նոր գաղափարներ առաջ բերելով։ Չնայած նրան, որ Հայաստանում նույնպես կարող ենք նկատել դրական փոփոխություններ, բայց հիմնական գաղափարը մնում է այն, որ մարտի ութը մնացել է սովետական սովորույթներից մնացած հնաոճ տոն։

Ըստ 2021թ-ի տվյալների Հայաստանում ամեն 4-րդ երեխան չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական դադարեցման պատճառով։

Ակնհայտ է, որ դեռևս ընտանիքում գոնե մեկ տղա երեխայի առկայությունը ավելի ողջունելի է և ավելի մեծ ոգևորությամբ է նշվում։ Պատճառները շատ են, բայց դրանք չեն արդարացնում չծնված աղջիկների փոխարեն տղաներին նախընտրություն տալը։

«Պահանջվում է վաճառողուհի» կարդում եմ ես երբեմն խանութների կողքով անցնելիս։ Հիմնականում նրանք փնտրում են «բարետես արտաքինով» երիտասարդ կանանց։

Գործատուները բնականաբար աշխատանքային հարցազրույցի ժամանակ կարող են թեթևակի շոշափել կնոջ անձնական կյանքի մասին հարցերը՝ ամուսնացա՞ծ են, արդյոք պլանավորու՞մ են երեխա ունենալ։

«Բա ե՞րբ ես ամուսնանում»,- կիսակատակ կհարցնեն բոլոր հետաքրքրված բարեկամները, հարազատները, հարևանները։ Իսկ ամուսնանալուց հետո հաջորդ ամենաշատ տրվող հարցը կարծում եմ պարզից էլ պարզ է։ Կինը պարտավոր է հասարակության կողմից ակնկալվող ժամանակահատվածում ամուսնանալ, ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։

Իսկ ինչու՞ պետք է ինչ-որ մեկը որոշի մեր փոխարեն։ Կանայք ունեն ընտրության իրավունք 1917թ-ից սկսած։ Ինչպես հագնվել, երբ և որտեղ գնալ, ում հետ շփվել ու երբ ամուսնանալ։ Այս ամենը կնոջ անձնական կյանքի մասն է կազմում, որը չպետք է քննարկվի ուրիշների կողմից։

Նույն Մարտի 8-ը, նույն ծաղիկներն ու տոնական զեղչերը։ Արդեն ձանձրալի է դառնում։