Հայրենիքի պաշտպանները

Անծայրածիր լինում է տիեզերքը՝ աշխարհի համար, իսկ նրա համար անծայրածիր ու անչափելի է սերն առ հայրենիք:

Նա պատմության սիրահար լինելով, և ներկա մասնագիտությունը հենց պատմության ուղին բռնած` դարձավ այդ պատմությունը կերտողներից մեկը:

Գոռը… Ծնվել ու մեծացել է Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում: Նա այն Գոռն է, ով մի ամբողջ հայրենիք է պահում իր սրտում:

-Եղե՞լ է արդյոք ցանկություն ծառայելու հայրենիքին, թե դա այն պարտքն էր, որ պետք է կատարվեր:

-Ցանկությունը հայրենքիս ծառայելու միշտ մեծ է եղել, անգամ սկզբից խնդիրներ առաջացան, և իմ ծանուցումը չէի ստանում: Ես ինքս գնացի և ավելի մանրամասն հետաքրքրվեցի, ինքս ստորագրեցի, և հունվարի 28-ին անցա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսներին ծառայել եմ Քանաքեռ ուսումնական գումարտակում: Եղել եմ կապավոր: Վեց ամիս հետո, արդեն որպես սերժանտ, ծառայությունս շարունակվել է Մատաղիսի 6-րդ պաշտպանական շրջանում:

-Ո՞րն է այն կարևոր դասը, որ առաջին 6 ամիսները տվեցին:

-Առաջին հերթին ճիշտ գնահատել ժամանակը և ավելի շատ գնահատել հարազատ մարդկանց: Օրերն անցնում էին բավականին ծանրաբեռնված, և օրվա մեծ մասն ավելի շատ տրամադրվում էր դասերին: Սա ավելի շատ նման էր խիստ ուսումնական հաստատության: Շատ է տարբերվել Մատաղիսի ծառայությունը Քանաքեռի ծառայությունից: Դժվար չի եղել, քանի որ գնացել եմ իմ ցանկությամբ ու եղել եմ լավատես:

Բանակն իրենով շատ է հասունացնում, ձեռք ես բերում ինքնուրույնություն: Այդ ժամանակ սկսում ես ավելի ու ավելի շատ սիրել ընկերներիդ ու հարազատներիդ, ովքեր հեռու են, բայց միևնույն ժամանակ, զգում ես, որ Դու մենակ չես:

-Վեց ամիս հետո միանգամից տարածքային կտրուկ փոփոխություն: Ինչպիսի՞ն էր ծառայությունը հայրենիքի մյուս անկյունում:

-Այստեղ ամեն ինչ այլ էր, ավելի շատ հանգիստ ժամեր ունեինք, սակայն այստեղ զգոնությունն ու ուշադրությունը պետք է հնգապատիկ լիներ: Երկու գործուղություն, որ կարևոր էր. լինել առաջնագծում՝ զգոն, ուշադիր, ապա հետ վերադառնալ, հանգստանալ, կենտրոնանալ և նորից հետ բարձրանալ: Մատաղիսում հասցրեցի ծառայել ընդամնեը չորս ու կես ամիս: Ու հետո….

-Սկսվեց:

-Երկու օր առաջ բարձրացանք առաջնագիծ, սովորական հերթափոխ էր, ամեն ինչ անցավ լավ: Սեպտեմբերի 26-ի գիշերը եղել եմ հրամանատարական դիտարկման կետում: Շարժ ենք նկատել հակառակորդի կողմից, ապա դրան հաջորդել է տարբեր ծայրերից զանգերը, որ մեծ տեխնիկայի ձայներ է գալիս, և շարժ կա: Մենք զեկուցում էինք, որ գունդը տագնապով հանեն առաջնագիծ, բայց մեզ չէին լսում:

-Ի՞նչ էր կատարվում, երբ եղավ առաջին կրակոցը: (Բազմաթիվ հարցեր են առաջանում, սակայն երբեմն վախենում ես ամենահուզող հարցերը տալ, հասկանալով, որ վերապրելը դժվար է):

-Առաջին կրակոցը հրետանուց էր՝ 7.15 րոպեին, ու հասկացանք, որ պատերազմ սկսվեց:,

Սկզբից առաջնագիծը, ապա սկսեցին Մատաղիս գյուղը ռմբակոծել: Այդ ժամանակ ոչ ոք չէր գիտակցում որ կռիվ է, մինչև  որ չունեցանք առաջին զոհը: Օրերն անցնում էին, իսկ մենք մտածում էինք, որ դա կռվի վերջին օրն է: Անհավատալի էր, որ կողքի կրակոցներով տանկ էին խփում: Պատերազմը սկսելուն պես մի քանի օր, ու մտան Թալիշ, ու էդպես եկան Մատաղիս: Մի քանի օր շրջափակման մեջ եղանք: Հոկտեմբերի 1-ին առաջին զոհը տեսա. Ինձ շատ մոտ մարդ:

Հոկտեմբերի 4-ին շրջափակումից դուրս եկանք (երևի սա այն օրն էր, որ Եկեղեցում Գոռից զանգ ստացա):

Տեղափոխվեցինք Ալաշան, Մատաղիսն էլ մերը չէր:

-Ի՞նչն էր ամենաշատը տպավորվել Մատաղիսում, որ մինչ օրս հիշում ու նաև ափսոսում ես:

-Թարթառի ջրամբարը, նռան այգիները, թուզը: Հիշում եմ, որ շրջափակումից դուրս եկանք, նուռ քաղեցի, որ գոնե դրանով ծարավս հագեցնեմ, չընկնեմ…

(Ինձ թվում էր ես մինչև վերջ չեմ դիմանա ու կավարտեմ զրույցը):

-Ի՞նչ էր կատարվում, ինչպե՞ս էին օրերը փոխվում ձեզ համար:

-Մի տեսակ օրերն իրար նման էին թվում, զոհ ունենալը սովորական էր դարձել: Ասում էին հրադադար, բայց ԱԹՍ-ները գլխավերևում պտտվում էին: Կարոտի զգացողություն չկար:

Սև ու սպիտակ ֆիլմ էր, որ չգիտես, թե երբ կավարտվի:

Ալաշանից հետո պահում էինք Մատաղիսի բարձունքը, չնայած այն բանին, որ էլ ավելի շատ զոհ ունեցանք:

Սկզբում հանգիստ էի, բայց հետո, երբ իմացա, որ ամենամոտ ընկերս է զոհվել… Գժվում էի, երբ իմանում էի, որ ընկերներիցս շատերը չկան: Ինչ-որ պահ ամեն ինչ միևնույն էր դառնում, արյունը գլխիդ էր տալիս, ու ուզում էիր րոպե առաջ թշնամուդ սպանես, որ վրեժդ լուծես:

Ու ես երբեք, հիմա, հետո, մինչև կյանքիս վերջ, չեմ հարգի այն մարդուն, ով կասի, որ եղբայր ազգ ենք, թշնամի չի ու նման բաներ: Էդ հողը Սուրբ հող ա ինձ համար:

-Մոտնեում ենք այն պահին, երբ վիրավորվեցիր ամենաթեժ մարտերում: Ի՞նչ կատարվեց սկզբից, ինչպե՞ս որոշվեց, որ պետք է հայտնվեք այն վայրում, որտեղ էլ ստացել ես կյանքի համար վտանգավոր վիրավորումը:

-Շուշին…

Սկզբում Ստեփանակերտում էինք, հետո որոշվեց, թե ինչպես պիտի մտնենք Շուշի, բայց չստացվեց… Մուտքի մոտ էինք. Շատ-շատ էին, դիպուկահարներ էին շատ: Մեր զորքերը շատ քիչ էին, բայց լավ առաջ էինք շարժվում, շատ էինք ուրախացել, որ գրեթե մտնում ենք Շուշի: Մեկ վայրկյանի տարբերությամբ ամեն ինչ փոխվեց: Փամփուշտներն այնքան շատ էին, էնպես էին գնում գալիս, որ թվում էր անձրև ա գալիս:  Մեր փամփուշտները վերջանում էին, վիրավորներին հնարավորինս ապահով տեղ էինք տանում, փամփուշտներ հավաքում ու շարունակում: Երեք հոգի ՄՈԲ կար դիմացս, բացատրում էի` ինչ պետք ա անեն, ոնց պետք ա անեն, ու այդ պահին դիպուկահարի կողմից կրակոց… Վիրավորում ստացա:

Էս ամեն ինչից առաջ ոնց որ գերբնական ուժ լիներ մեջս, մտածում էի, որ անմահ եմ:

Կռվի ժամանակ աղոթքը միշտ ինձ հետ ա եղել, ու մի Խաչ, որ քահանան էր օրհնել տվել ինձ:

Երբ վիրավորվեցի, մոտ երկու ժամ ընկած եմ եղել ասֆալտին, չեն կարողացել ասֆալտից տանեն, որ մեքենա գա, օգնեն: Չորս հոգի փորձում են օգնել, բայց տղերքս զոհվում են… Մեքենան գալիս ա, վարորդին էլ են խփում ու… Էդ ժամանակ մահը դիմացովս ոնց որ անցներ: Էդպես մի տղա՝ Էրիկը, կարողանում ա փրկել Ինձ: Տանում են Ստեփանակերտ, վիրահատում, հետո նոր տեղափոխում Երևան: Վատը նա է լինում, որ սկզբից գիտակցությունս տեղն էր, ու ամեն ինչ էլ ավելի ահավոր էր թվում:

-Պատերազմն ավարտվեց այն ժամանակ, երբ դու արդեն վիրավոր էիր ու գտնվում էիր մայրաքաղաքում: Ամեն ինչ էլ ավելի խառնվեց: Ի՞նչ էր կատարվում այն անձի հետ, ով անցնելով այդ ամենի միջով, հիմա էլ հայտնվում է մյուս դառը իրականությունում: 

-Եթե համեմատություն անեմ, պատերազմի ժամանակ՝ հատկապես սկզբում, ամեն ինչ ոնց որ խաղ լիներ, առցանց խաղ: Անիրական էր թվում ամեն ինչ: Ես մինչև հիմա էլ հակված եմ, որ էդ հողը սուրբ ա: Պատերազմն ավարտվեց… Համ ուրախ էի, համ տխուր, ու մինչև հիմա: Հայրենիքս ու ազգությունս սիրում եմ, բայց ժողովրդին…

Ծառայությունս չեմ շարունակել մինչև վերջ, ֆիզիկապես անհնար էր շարունակել վիրավորումից հետո: Պատերազմ եթե լինի, անպայման նորից կգնամ, բայց Աստված տա, նման բան էլ երբեք չլինի:

Հ.Գ. Ահա և Գոռի պատմությունը: Անհաշվելի քանակով հարցեր, որոնք երբեմն ուզում ես տալ, բայց հասկանում ես, որ ոչ միայն պատասխանելն է դժվար լինելու, այլ նաև լսելը, և չտեսած այդ ամենը` պատկերացնելը…. Ինձ համար Գոռը հավաքական կերպարն է այն բոլոր տղաների, ովքեր թշնամու կողմից  վիրավորվեցին, բայց հայրենիքից նրանց սիրտն ու հոգին չվիրավորեց: