Հայրիկս և մայրիկս շատ են սիրում ծաղիկներ խնամել. մայրիկս մանուշակներ է սիրում, իսկ հայրիկս խնամում է մեր լիմոնի ծառը: Նրա լիմոնի ծառը մեր տան ծաղիկների շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցնում: Հայրիկս այն տնկել է դեռևս աշխատավայրում: Որոշ ժամանակ այնտեղ պահելով և խնամելով`բերել է տուն: Նա մեծ ուշադրություն է դարձնում մեր լիմոնին և միշտ ասում է, որ ջրենք, որպեսզի չչորանա: Այն մի տեսակ նաև դարձել է հպարտության առարկա: Ծառը դրված է պատուհանագոգին ու, քանի որ այն պատվաստ է, և պտուղը բավականին մեծ է լինում, հաճախ գրավում է անցորդների ուշադրությունը: Մի անգամ նույնիսկ մեր հարևանի բարեկամներից մեկը, ով մեծահասակ տատիկ էր, հատուկ եկավ մեր տուն ու խնդրեց, որ մոտիկից տեսնի ծառը: Նա նույնիսկ համբուրեց ծառի պտուղը: Արդեն մի քանի տարի շարունակ այնպես է ստացվում, որ ծառի պտուղը քաղելու ժամանակը համընկնում է Նոր տարվա հետ և այն դարձել է մեր Նոր տարվա սեղանի անբաժանելի մասը: Հիմա հայրիկս արտերկրում է ու մեզ գնալուց առաջ պատվիրել է, որ լավ խնամենք իր լիմոնի ծառը: Ամեն անգամ, երբ նա զանգում է, չի մոռանում նաև հարցնել իր լիմոնի ծառից. Արդյո՞ք լավ ջրում ենք, չե՞նք մոռացել, նոր պտուղ տվե՞լ է: Մենք հասկանում ենք, որ հիմա այս լիմոնի ծառն է մարմանվորում իր մեջ հայրիկի կարոտը: Մենք պարտաճանաչ կերպով խնամում ենք ծառը: Ծառը դարձել է հայրիկի լուռ ներկայությունը մեր տանը: Սպասում ենք վերադարձիդ հայրիկ: