Իմ ընտանիքը և պանդխտությունը

 Նորից ու նորից տխրությունն ու թախիծը թակեցին դուռս, և ես ինքնաբերաբար թուղթն ու գրիչը ձեռքս առնելով, սկսեցի գրել:

Պանդխտություն: Երևույթ, ինչը հոգով ու սրտով ատում եմ, բայց, ցավոք սրտի, այն դարձել է իմ կյանքի, իմ ընտանիքի մի մասը:

Տխուր է պանդուխտ հայր ունենալը և գիտակցելով՝ ծնողիցդ հեռու գտնվելը:

Ցավոք, հայրենիքում աշխատանք չգտնելու պատճառով շատ ու շատ հայրեր բռնում են արտագնա աշխատանքի ուղին: Այդպիսին է նաև իմ ընտանիքը: Տխուր է, բայց սա է իրականությունը:

Ես փոքր էի, դեռ նույնիսկ մեկ տարեկան չկայի, երբ հայրս, հայրենիքում աշխատանք չգտնելով, բռնեց արտագնա աշխատանքի ուղին: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց………. բայց ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է, հայրս դեռ աշխատում է արտերկրում: Մինչև օրս կարոտն անբաժան է ինձնից: Ինձ տարիները չեն փոխել, ամեն տարի նույն զգացողությամբ վարկյան առ վարկյան սպասում եմ Նոր Տարուն որպեսզի տեսնեմ հայրիկիս, որպեսզի ամուր-ամուր գրկեմ նրան ու կարոտս առնեմ:

Գիտեմ, որ միայն ես և իմ ընտանիքը չենք այս գարշելի երևույթի զոհը, որ իմ ընտանիքի նման շաաաատ ու շաաաատ ընտանիքներ զոհն են պանդխտության: Բայց ես ուղղակիորեն չեմ կարողանում հավատալ, իսկ ավելի շուտ չեմ ցանկանում հավատալ, որ ես իմ հայրիկին կարող եմ տեսնել տարվա ընթացքում մեկ կամ երկու ամիս:

Եվ այսքանից հետո լուռ երազում եմ, որ իմ հայրենիքից կվերանա այդ տախտկալի երևույթը՝ պանդխտությունը և կջնջվի այդ բառը մեր մայրենի լեզվից: Հուսով եմ, որ իմ հայրենիքում կլինեն անթիվ ու անհամար աշխատատեղեր և ոչ մի հայր, ոչ մի ծնող իր ընտանիքը չի թողնի արտագնա աշխատանքի մեկնելու համար:

Ես չեմ մեղադրում ոչ մի ծնողի և իրավունք էլ չունեմ մեղադրելու, որովհետև ամեն մի ծնող իր պարտքն է համարում իր երեխայի, իր ընտանիքի համար հացի գումար վաստակելը:

Հուսով եմ, որ մի պայծառ և արևոտ օր, երբ աչքերս բացեմ՝ կտեսնեմ, որ պանդխտությունը վերացել է իմ հայրենի երկրից և իմ հայրն էլ իր հայրենիքում է՝ իմ կողքին: