1988-1990-ին մի շարք հայրենասեր տղաներ մեկնում են Ղարաբաղ: Նրանք գնում են հանուն հայրենիքի, հանուն իրենց մայրերի ու քույրերի, հանուն մեր խաղաղ օրվա մարտնչելու թշնամու դեմ: Այդ տղաների թվում էր նաև հայրս: 17 տարեկան մի երիտասարդ, ով մյուսների նման գնում էր կռիվ, լավ իմանալով, որ դա կարող է ճակատագրական լինել:
«Արծիվ 19». ահա այսպես էր կոչվում այն ջոկատը, ուր կռվել է հայրս: Տարիներ շարունակ կռվի դաշտն էր հորս տունը, կռվի դաշտի տղաները՝ ընտանիքը: Տարիներ շարունակ նա պայքարում էր իր ընկերների կողքին, որ այսօր մենք ապրենք անկախ երկրում: Մի երիտասարդ էր նա, ով հասուն տղամարդ դարձավ կռվի դաշտում: Հազար ու մի փորձությունների միջով ստիպված եղավ անցնել, հազար ու մի ընկերներ կորցրեց ու գտավ կռվի դաշտում: Պատմում էր, թե քանի սոված գիշերներ են ստիպված եղել անցկացնել, բայց դրանից զգոնությունը երբեք չի պակասել: Պատմում էր, թե քանի անգամ են ստիպված եղել դեմ առ դեմ դուրս գալ թշնամուն:
Անկեղծ ասած, էլ չեմ հիշում, թե ինչեր էր պատմում, որովհետև փոքր էի, երբ կորցրի նրան: Ափսոսում եմ, որ հնարավորություն չունեմ ավելին իմանալու այդ տարիներից: Երբ փոքր էի, երբեք չէի մտածի, որ կգա մի օր, որ կցանականամ իմանալ կռվի տարիների մասին: Այսօր, երբ ուզում եմ ամեն ինչ իմանալ, ցավոք, չունեմ այդ հնարավորությունը: Բայց մի բան լավ գիտեմ:
Հայրս իսկական հայ էր: Նա չվախեցավ ո՛չ թշնամու գնդակից և ոչ էլ թշնամուց: Նա հպարտորեն վերադարձավ տուն: Այսօր ես հպարտ եմ, որ նրա դուստրն եմ:
Ցավոք, մինչ օրս, Ղարաբաղում կռիվները շարունակվում են: Վերջին օրերին, երբ կարդում էի Ղարաբաղի դեպքերի մասին, ամբողջ մարմնով դողում էի: Ափսոսում եմ բոլոր այն զինվորների համար, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի:
Երբ լսում էի, որ կամավորների խմբեր են բարձրանում դիրքեր, և որ նախկին ազատամարտիկները նորից համախմբվում են, հասկանում էի, որ ազգս մի նվիրյալ է կորցրել:
Հասկանում եմ, որ եթե հայրս ողջ լիներ, այսօր մեր տղաների կողքին կլիներ: Ցավը մեծ է, ու ափսոսում եմ, որ սահմանին կանգնած զինվորներ են զոհվում: Բայց հասկանում եմ նաև, որ հայրենիքը պահողը հենց նրանք են, և հպարտորեն ուզում եմ նայել երկինք ու ասել.
-Պա՛պ ջան, քո գործը շարունակողներ կան…