1988-ին, երբ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, Ադրբեջանում ապրող բազմաթիվ հայեր տեղահան եղան ու դարձան փախստական: Առաջին ջարդերը արդեն բոլորին հայտնի Սումգայիթ քաղաքում էին: Ադրբեջանից բազմաթիվ արտագաղթած ընտանիքներ վերաբնակվել են նաև մեր քաղաքում` Ամասիայում: Ուզում եմ ձեզ ներկայացնել նրանցից մեկի` Էլիզա Բարսեղյանի հետ իմ զրույցը:
-Որտե՞ղ էիք ապրում նախքան Հայաստան գաղթելը:
-Նախքան Հայաստան գաղթելը 40 տարի ապրել եմ Սումգայիթ քաղաքում:
-Ինչո՞վ էիք զբաղվում Ադրբեջանում:
-Աշխատել եմ շինարարական կազմակերպությունում, ֆինանսական բաժնի պետն էի:
- Ո՞ր թվականին եք գաղթել:
-1988 թվականի նոյեմբեր ամսին:
-Կպատմե՞ք մի քանի դրվագ, թե ինչպես եկաք:
-Դժվար էր, այնքան դժվար, որ հույս չկար, թե կարող ենք տեղ հասնել: Սումգայիթից եկանք Բաքու, որպեսզի այնտեղից գանք Հայաստան: Մենք 17 հոգի էինք մեր ազգով:
Մետրոն շրջապատված էր, տաքսիները վտանգավոր էին: Հայերին հանում էին ու սպանում: Ավտոբուսով եկանք երկաթգծի կայարան, այնտեղ տոմս գնեցինք, բաժանեցինք երեխաներին: Մի անկյունում կանգնեցինք, որ հանկարծ այդ զինված ամբոխը չհասնի մեզ, և այդպես մի քանի ժամ սպասեցինք գնացքին: Հայերեն խոսել չէր թույլատրվում, և այդպես լուռ սպասեցինք մեր գնացքին: Շարունակելով ճանապարհը, եկանք հասանք Ղազախ, և գնացքը կանգնեց կայարանում: Ղազախի կայարանում հավաքված մարդիկ սկսեցին քարերով գնացքի ապակիները կոտրել: Թե ինչքան մարդ կար այդտեղ, չեմ կարող ասել, բայց նրանք շատ էին: Ուղեկցորդին ասացի, ինչքան մարդ որ պիտի նստի այս կանգառում, ես նրանց տոմսի փողը կտամ, միայն թե դուռը չբացեք: Ուղեկցորդը դուռը չբացեց: Ղազախում 1 կամ 1.5 ժամ կանգնելուց հետո գնացքը շարժվեց, եկանք հասանք Թբիլիսի: Թբիլիսիում նույնպես խնդիրներ եղան: Այնտեղ էլ էին ադրբեջանցիները շատ: Մի կերպ ազատվելով նրանցից, եկանք Գյումրի, իսկ այնտեղից եկանք Ամասիա:
-Իսկ ձեր երեխաները քանի՞ տարեկան էին:
-Մեծ որդիս 17 տարեկան էր, իսկ փոքրը`11 տարեկան: Ցավոք, հիմա ոչ մեկը Հայաստանում չէ: Աշխատանք չկար, մեկնեցին Ռուսաստան:
- Իսկ ինչո՞ւ հենց Ամասիայում որոշեցիք բնակություն հաստատել: Սումգայիթի համեմատ այստեղ շատ ցուրտ է:
-Ճիշտն ասած, մենք մեր տունը փոխանակեցինք ադրբեջանցիների հետ, որոնք Ամասիայում էին ապրում: Ադրբեջանցիները Ամասիայի տարածաշրջանում շատ էին, և միայն այստեղի հետ կարող էինք տունը փոխանակել:
-Բարեկամներ, ծանոթներ ունե՞ք, որոնք այնտեղ մնացին:
-Ոչ, ջարդերը տեսնելուց հետո ոչ մի հայ չմնաց, չնայած շատ հայեր էին այնտեղ ապրում:
-Իսկ ձեր մյուս բարեկամները ո՞ւր գնացին:
-Մեր բարեկամների մասը Արցախ տեղափոխվեց, մի մասը` Եղվարդ:
-Ինչպե՞ս ձեզ ընդունեցին Հայաստանում:
-Լավ ընդունեցին: Սակայն մի քանի օր էր, ինչ եկել էինք, դեռ սարսափներից ուշքի չեկած, երկրաշարժը եղավ: Էհ, արդեն ողջ ազգը դարձավ անտուն, սգավոր:
- Դժվա՞ր էր ամեն ինչ նորից սկսել:
-Այո, շատ դժվար էր, բայց ամեն դժվարություն փորձում էինք հաղթահարել:
-Ինչո՞վ եք զբաղվում հիմա:
-Հայաստան տեղափոխվելուց հետո աշխատել եմ բանկում, իսկ դրանից հետո 18 տարի էլցանցում էի աշխատում: Հիմա արդեն թոշակառու եմ:
-Տարբերվո՞ւմ էր այնտեղի կյանքը այստեղի կյանքից:
-Որ ճիշտն ասեմ, այնտեղ շատ լավ էինք ապրում, մեր բոլոր ազգականները մի քաղաքում էին ապրում, իրար միշտ տեսնում էինք: Աշխատանք ունեինք, ապահովված էինք ամեն ինչով:
-Իսկ մյուս ընտանիքները կարողացա՞ն ձեզ հետ եկածները հարմարվել:
-Մեծամասնությունը հարմարվեց և Հայաստանում մնաց, բայց մի մասը գնաց Ռուսաստան:
-Ձեր կարծիքով, կարո՞ղ են մի օր երկու երկրների ժողովուրդները հաշտվել:
-Չգիտեմ, երևի մի օր գա, որ հարթվեն այդ տարաձայնությունները: Հաշտվեն: Բայց երևի դրա համար էլ ժամանակ է պետք:
Զրույցը վարեց` Հարություն Հայրապետյանը