Հարություն Հայրապետյանի բոլոր հրապարակումները

Աշխարհը իմս եղնի

-Է, բալա ջան, 3 տարեկան էի, մորս հետ հորս համար հաց կտանեինք: Ձեռը բռնի ու գնացի: Դուսն էլ ըմբես ցուրտ ձմեռ էր: Հերս վաենկոմը կաշխատիր: Գնացինք հասանք, դուս էր եկե, մեզի կսպասեր: Մորս ձեռից առա հացն ու ձների մեջ թավալ տալով հասա հորս մոտ: Հասա ու թռա գիրկը, ձիգ գրկի, ու ինչղ օր աշխարհը ընձի տային:

Սկսվավ էդ պատերազմը: Հորս էլ տարան…

Գնա՜ց: Էլ ոչ մի խաբար չունեցանք: Ոչ էլ էդ անդեր սև թուղթն էկավ: Սին` անհետ կորած է:

Սաղ կյանքս մտածել եմ` ով իմանա, կարող ա` հմե եդ գա: Հմե օր կմտածեմ, գիտեմ, թե էլի տուն բդի գա, ես էլ էն 3 տարեկան երեխու պես էրտամ ու ըմբես ձիգ գրկեմ ու էլ բաց չթողնիմ, օր սկան տարվա կարոտս առնիմ, ու օր աշխարհը իմս էղնի:

 Օգոստոս, 2016թ.

Հայաստանի «Սիբիրը»

Ձեզ եմ ուզում ներկայացնել Հայաստանի «Սիբիրի»` Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների եղանակային պայմանները: Ինչպես արդեն հասկացաք, խոսքս վերաբերվում է Հայաստանի ամենացուրտ տարածաշրջաններին, որտեղ ձմռանը լինում է -30 աստիճան ցուրտ և  ձյան շերտի 3 մետր բարձրություն:

Մեր մոտ տարվա եղանակները բաժանվում են հետևյալ կերպ՝ 6 ամիս ձմեռ, 2՝ գարուն, 2՝ աշուն և 2՝ ամառ:

Հետաքրքիր է, չէ՞: Դե, բնականաբար այստեղ ապրելը դժվար է, բայց մարդիկ սովորել են դրան: Անգամ կարող եմ ասել, թե որ օրը ինչ թիփի (բուք) է լինելու, և նախօրոք պատրաստվում են:

Զարմանալի կարող է թվալ, բայց անգամ դրանք իրենց անուններն ունեն՝ «Սուրբ Սարգսի», «Տերընդեզի» բքերը, որոնք համապատասխանում են հենց տոների օրերին: Իսկ արդեն «Պառվի ուլերը», «Հայր և որդին» և «Լագլագը» առանձին պատմություններ ունեն:

«Լագլագ».  նախ և առաջ նշանակում է` արագիլ: Բուքը այդպես են կոչել, որովհետև մարտի 9-ին արագիլները կարծելով, թե գարուն է, հետ են գալիս: Ճանապարհին ուժեղ բուք է բարձրանում, ու նրանք սատկում են:

«Պառվի ուլերը». էլ մտածելով, թե գարունը եկել է, ապրիլի 1-ին պառավը ուլերին դուրս է թողնում դրսում արածելու, և բքի պատճառով հետ չեն վերադառնում:

«Հայր և որդի».  հայրը և որդին ապրիլի 7-ին ոչխարը տանում են սարը և բքի պատճառով հետ չեն վերադառնում:

Շատերը կարող են մտածել, թե սրանք ուղղակի խոսակցություններ են, բայց բոլոր թիփիները այստեղ` Հայաստանի «Սիբիրում», լինում են ճիշտ ժամանակին:

Հրապարակվել է 3.03.2016 

harutyun hayrapetyan portret 2

Ճանապարհորդը

Այն ժամանակ, երբ 21-րդ դարը արդեն չափահաս էր, ես էլ չափահաս դարձա: 18 տարեկան, պարտավորեցնող է, չէ՞: Ես էլ եմ այդպես կարծում: 18 անմոռանալի և մի քիչ էլ մոռացված տարիներ: ճիշտն ասած, այնքան էլ շատ բան չեմ հիշում: Ամենաառաջին հիշողություններիցս մեկն է՝ խաղում էի քրոջս հետ: Նա սկսեց գլուխկոնծի տալ: Ես էլ նոր բան տեսնելով, փորձեցի կրկնել: Շատ ցավոտ էր, երևի դրա համար էլ շատ է տպավորվել: Եվ այդպես էլի ցավոտ, բայց միևնույն ժամանակ, անհոգ մանկություն: Հիշողությանս մեջ մնացել են նաև ամենասիրելի գովազդը, սեղանի տակ պատրաստված տնակը և ամենասիրելի պաղպաղակը, որը մրգի տեսք ուներ:

Առաջին անգամ անձրևի տակ էլ մնացի: Հա, շատ հաճելի էր, մինչև կարկուտի սկսելը: Առաջին ձյունը նույնպես անմոռանալի էր: Այնքան շատ էր, կամ էլ ես էի շատ փոքր:
Հետո արդեն հիշում եմ դպրոցը, ոչ որպես աշակերտ: Տատիկս դպրոցում ուսուցչուհի էր, ես էլ հաճախ էի գնում: Քրոջս հետ էլ գնացի դպրոց: Նա ինձանից մեկ տարի մեծ էր: Հինգ օր գնացի: Հինգ տարեկանում խնդիրներ էի լուծում և մաթեմատիկական հաշվարկներով զարմացնում ուսուցչին: Բայց մայրս չթողեց գնալ դպրոց՝ շատ փոքր էի:
Հաջորդ տարի արդեն ուրախ-ուրախ գնացի դպրոց: Դասարանցիներիցս մեկը չէր ուզում մնալ և լաց եղավ, բայց ես հպարտ նստած էի ինձ շատ ծանոթ վայրում: Մինչև 9-րդ դասարան շատ պարտաճանաչ եմ եղել դպրոցում: Միշտ դասերին պատրաստ: Հետո արդեն պարտաճանաչ Հարութը սկսեց դասերից ուշանալ: Ռեկորդ էլ ունեի, և ամեն անգամ թարմացվում էր: Վերջինը եղավ առաջին ժամից 40 րոպե անց, կամ 2-ից 10 րոպե շուտ դասի ներկայանալը:
Հենց այդ տարիներին էր, շարադրություն անգամ չգրող Հարութը ամենաչսիրած դասին, գրիչ վերցրեց և գրեց առաջին տողերը.
«Տարիներն անցան՝ անդարձ գնացին,
Այդ օրերից լոկ հիշողություններ մնացին:
Փակեցի աչքերս, մեծացավ հոգիս,
Սիրածս շորը էլ չեղավ հագիս»:
Սկսեց լուսանկարներ անել և երևի առաջի անգամ սիրահարվեց: Կյանքում երբեք չեմ մոռանա: Դպրոցի վերջին տարիներ, անմոռանալի օրեր, ժամեր, անգամ րոպեներ և վայրկյաններ: Դպրոցն էլի ավարտելու համար նորից 12 տարի կգնայի: Ավարտեցի…
Ընդունվեցի համալսարան Երևանում և անցում կատարեցի կյանքի մի նոր փուլի, որը անվանում եմ «ճանապարհորդը»: Արդեն մի քանի ամիս է՝ ուսանող եմ, և անընդհատ ճանապարհորդում եմ՝ Երևան-Ամասիա-Երևան ճանապարհով: Չեմ կարողանում կտրվել հայրենիքիցս՝ Ամասիայից, որի հետ կապված են ամենալավ հիշողություններս:
Ահա և վերջ, հիշողություններիս մեջ ճանապարհորդելիս հասանք վերջին կանգառ՝ փետրվարի 12, ժամը 23.48: Մնաց 12 րոպե:

harutyun hayrapetyan portret 2

Ուսանողը Երևանում

Այն ժամանակ, երբ բոլոր քննությունները հանձնված էին, և ամառն արդեն ավարտվում էր, եկավ մի պահ, որ ուսանողները սկսեցին պատրաստվել դասերին։ Դե պարզ է, արդեն սեպտեմբերի 1-ն էր մոտենում։ Ոմանք այդ օրը հուզվում են՝ ուղղակի հիշելով իրենց ուսանողական տարիները։ Որոշ ուսանողների համար ձանձրացնող մի բան է այն, որովհետև նրանք արդեն կամ 4-րդ կուրսում են, կամ մագիստրատուրայում, ոմանք ոչ էլ մտածում են այդ մասին, իսկ ոմանք էլ այդ օրվան սպասում են մեծ ոգևորությամբ, որովհետև առաջին կուրս են գնալու։

Առաջին կուրս, մի քիչ պատասխանատու է, չէ՞։

Մի քիչ դժվար է գյուղից եկած ուսանողին հարմարվել քաղաքային կյանքին։ Ես օրինակ Ամասիա գյուղից եմ տեղափոխվել Երևան:

Առավոտյան արթնացա 7-ին, որ վազեմ դասի։ Հագա նախօրոք արդուկած ու պատրաստած շորերս, հարդարեցի մազերս, մի խոսքով պատրաստվեցի ու դուրս եկա տանից։ Գնացի կանգառ ու սկսեցի սպասել երթուղայինին։

Առաջինը եկավ մի 10 րոպե անց, որը դիմավորեց ինձ լիքը մարդկանցով։ Ստիպված բաց թողեցի, որ հաջորդով գնամ։ Երկրորդը մոտեցավ ինձ 15 րոպե անց։ Այն ավելի լիքն էր, քան առաջինը, անգամ պատուհանից դուրս եկած մարդիկ կային։

Այս մեկն էլ բաց թողեցի։ Մոտ 15 րոպե անց ինձ մոտեցավ երրորդ երթուղայինը։ Ու ես հասկացա, որ ավելի լավ կլիներ առաջինով, լավ գոնե երկրորդով գնայի։ Նայեցի ժամացույցին՝ 9.10 է, ու հասկացա, որ ուզած թե չուզած պիտի «նստեմ» երթուղային։ Նստելը որն է, պիտի մի կերպ «խցկվեմ» ներս։ Մի կերպ ներս սողոսկելով ու ներողություններ խնդրելով, գնացի մի քիչ առաջ, որ դռները փակվեն։ Հետևիցս մի կին գոռաց.

-Մի քիչ առաջ խտացեք, որ ես էլ բարձրանամ։

Ափսոս, տեղ չկար, և նա մնաց այդտեղ կանգնած ուրիշ մարդկանց հետ։

Հաճախ մտածում եմ՝ մի կողմից լավ է, որ շատ մարդ կա երթուղայինում, ճիշտ է կանգնած ես, բայց կարիք չկա բռնվելու։ Մարդիկ այնքան խիտ են կանգնած, որ հնարավոր չէ որ ընկնես, ընկնելու տեղ որ լիներ, մի 3 հոգի շատ մարդ կբարձրանային երթուղային։ Ու ես հասկանալով այդ, բաց թողեցի բռնակը և ուզում էի ձեռքս ներքև իջեցնել, ինչ որ ձայն եկավ։

Արմունկով հարվածեցի ինչ որ մեկի գլխին։

-Ներողություն,- ասացի ես ու անձայն ծիծաղելով կամաց շարունակեցի գործս։

Եվ վերջապես երթուղայինը կանգ առավ համալսարանիս դիմաց։ Մի քանիսի ոտքերի վրայով, բայց իջա…

Իջա ու հասկացա, որ շորերս արդուկելու տալ, գեղեցիկ հագնվել, մազեր հարդարել ուղղակի պետք չէր։ Մեկ է, այդ ամենից բան չէր մնալու։ Եվ այդպես «մոդայիկ» հագնված, գեղեցիկ կերպով գզգզված մազերով գնացի համալսարան։ Համալսարանի բակում այնքան մարդ կար հավաքված, որ ակամայից թախիծով հիշեցի ինձ տեղ հասցնող երթուղայինը։

Ռեկտորի, դեկանի խոսքերից հետո մեզ ներս տարան, ու ես իմացա որ ինձ հետ սովորելու են ևս 21 ուսանող։ 6 հոգանոց դասարանից հետո դա ինձ համար մի քիչ մեծ թիվ է, էլի։ Ծանոթացա համալսարանի կանոնակարգի և ուսանողների հետ։

Երբ ամեն բան վերջացավ, էլի նույն ձևով տուն գնացի։

Դժվար է, իհարկե, հարմարվելը մեծ քաղաքին, բայց դե հետաքրքիր է ուսանողական կյանքը։

harutyun hayrapetyan portret 2

Նյութ գրելու բաղադրատոմս

Ասեմ ձեզ, ընթերցվող նյութ գրելը ինձ համար բավականին երկար գործընթաց է։ Դրա համար մշակել եմ մի հետաքրքիր «բաղադրատոմս»։ Հիմնական օգտագործվող նյութերն են ՝ թուղթ, գրիչ, ականջակալներով երաժշտություն, նոթբուք և լավ մտածված թեմա:

Նախ, սկսենք թեմայի ընտրությունից: Պետք է ընտրել մի այնպիսի թեմա, որի մասին ուրիշները անգամ չեն մտածել։ Հետաքրքիր մի թեմա, որը կհրապուրի ընթերցողին։

Երկար մտածելուց հետո անցնում եմ գործի: Վերցնում եմ թուղթն ու գրիչը, միացնում եմ «մարմանդ» երաժշտությունը, և այդ երաժշտության տակ սկսում գրել:
Ողջ ընթացքում պետք է ուշադիր լինել, և նրա համար, որ նյութը «հում չմնա», և որ հանկարծ «չայրվի», ամեն ինչ չափի մեջ, մտքերը իրար հետևից շարադրել՝ առանց կաշկանդվելու: Ես օրինակ, գաղտնի բաղադրամաս էլ ունեմ, մի փոքրիկ գաղտնիք, բայց քանի որ որոշել եմ գրել՝ կբացահայտեմ:
Դա սերն է ու հոգին, սերը առ այն, ինչ անում ես, ու մի քիչ հոգի: Շատ չլցնես, հա, թե չէ՝ «կթափվի»: Հենց զգաս, որ պատրաստ է՝ ավարտել: Նյութը համարյա պատրաստ է:

Գրելուց հետո կարդում և ըստ ճաշակի «ավելացնում եմ» թախիծ կամ ուրախություն, որից այն ավելի «ախորժալի» է դառնում։ Իսկ վերջում ուղղակի հավաքում եմ համակարգչով և ուղարկում 17.am-ին։

Ահա և իմ ամբողջ գաղտնիքը։

Ես տանն եմ

Բացում եմ պատուհանս, դուրս նայում՝ զգում եմ մի անծանոթ քամի, նայում եմ հեռու՝ պաղ արևին, զգում եմ, որ անգամ արևն է ուրիշ: Տեսնում եմ լեռներ ու ձյունապատ դաշտեր, բայց դրանք էլ իմը չեն։ Քամին չի բերում իր հետ մեր սարերի սառնորակ շունչը, ծաղիկների անուշ բույրը։ Լեռներում էլ չեմ գտնում Արագածը մեր: Անգամ մարդիկ են սառել, հոգիներն են սառել: Այս ամենը տեսնելով՝ հասկանում եմ, որ սա իմ հայրենիքը չէ, որտեղ ամեն ինչ իմ սրտին մոտ է, ու արդեն ինքնաբերաբար հոգիս թռչում է տուն։

Է՜հ, էլի կարոտեցի իմ հարազատ Ամասիան։ Այնտեղ օդն այնքան մաքուր է, ջրի մեկ ումպը բավարար է, որ հագենաս։
Երբ հեռախոսով մայրիկիս հետ էի խոսում, ասացի.
-Մա՛մ, ըմբես եմ կարոտցե ըդտեղի հողն ու ջուրը…
-Քիչ մնաց, գուկաս՝ կարոտդ կառնիս։

Երբ Մոսկվայից արդեն հասա Ամասիա, մեքենայից իջա ու պատահմամբ կանգնեցի ցեխաջրի մեջ։ Մայրս շրջվեց ու ծիծաղելով ասաց.
-Է, կարոտդ առա՞ր։
Դե մի քիչ թրջվել ու կեղտոտվել էի, բայց ուրախ էի՝ չէ՞ որ տանն էի։

harutyun hayrapetyan portret 2

Պատմում է մայրս` Հասմիկ Մկրտումյանը

«…Դպրոցն էինք։ Ես ութերորդ դասարանում կսորվեի, 13-14 տարեկան հազիվ էղնեի։ Երկար դասամիջոցն էր, ժամը 12-ին 25 էր պակաս։ Մենք էլ բուֆետն էինք. դասամիջոց կենեինք։ Հանկարծ ուժեղ ձայն լսվեց, դղրդոց մի հատ անհասկանալի, չհասկցանք` ինչ է կատարվում։ Գետինը սկսեց դղրդալ, ըմբես կդղրդար, որ չէինք կարող քայլել։ Հազիվ մի կերպ դուրս եկանք դպրոցից։ Երեխեքը խուճապահար փախնում էին։ Մինչև դուս եկանք, արդեն վերջացել էր։ Մի երկու վայրկյան հետո սկսվեց երկրորդ ցնցումը, ավելի ուժեղ, քան առաջինն էր։ Հանկարծ հիշեցի փոքր քրոջս մասին։ Մնացած քույրերս արդեն դուրս էին եկել։ Իսկ փոքրը առաջին դասարանցի էր։ Մի կերպ մտա դպրոց` աստիճանները քանդվել էին, բայց ես կարողացա բարձրանալ երկրորդ հարկ։ Գնացի քրոջս դասարան, բայց նրանք այնտեղ չէին. ուսուցիչը նրանց դուրս էր հանել։

Մայրս դպրոցում էր աշխատում, երբ տեսավ մեզ ՝չորս քույրերիս: Տեսավ, որ ամեն ինչ լավ է, միանգամից վազեց եղբորս հետևից՝ մանկապարտեզ։

Հավաքվեցինք բոլորս։ Հայրս էկավ, նստեցինք մեքենան ու գնացինք Լեննական՝ էն ժամանակ քաղաքի անունը Լեննական էր։

Գնացինք` մտածելով, թե մենակ մեզ մոտ է երկրաշարժ։ Մենք Լեննական էլ տուն ունեինք, ըդուր համար գնացինք։ Արդեն կհասնեինք, տեսանք դեպի մեր ավտոն թռնող թռչունների երամ։ Երամով այդ թռչունները էկան, հարվածին մեքենային ու ընկան ներքև։

Էս տեսարանը ես կյանքում չեմ մոռանա: Նրանք ինչ-որ բանից փախնում էին։ Ինչ-որ անհայտ բանից։

Արդեն մոտենում էինք քաղաքին, երբ տեսանք քաղաքի ճանապարհին դեպի մեր կողմը էկող մարդկանց։ Մեքենան կանգնեցրինք ու հարցրինք.

-Էս ո՞ւր կերտաք, ժողովուրդ։

-Ո՞ւր մնանք, ո՞ւր… Լեննական էլ չկա։

Առաջ էրտալով տեսանք մի ամայացած քաղաք։ Հեչ բան չէր մնացել։ Սարսափելի տեսարան։ Շենքի արմատուրներից կախված մարդկանց անդամահատված դիակներ, որոնք 13-14 տարեկան երեխան չի մոռանա երբեք, այդ տեսարանները տպվել են իմ հիշողության մեջ։

Բազմահարկ շենքերից մնացել էր միայն հեղինակավոր «16 հարկանին», որին այդպես էլ կոչում էին։

Հասանք մեր շենքին, որը մեջտեղից կիսվել էր, բայց չէր փլվել։

Այդ շենքում էր ապրում նաև քեռուս ընտանիքը։ Նրանք բոլորը փնտրում էին միմյանց։ Բայց …

Քեռուս թոռը չկար…

Նրան չէին գտնում։ Դպրոցի փլատակների միջից 2 օր անց գտան նրա անշնչացած դին։

Ստիպված հետ վերադարձանք Ամասիա։

Ամասիայում ավերածություններ քիչ էին եղել՝ մի երկու շենք, բայց մենք չկարողացանք մեր շենքը մտնել, քանի որ ցնցումները կրկնվում էին։

Ստիպված մնացինք հորեղբորս նորակառույց պահեստում. մենք և երկու հորեղբորս բազմազավակ ընտանիքները։

Այստեղ մնացինք մոտ 10 օր, մինչև եկան մարդասիրական ավտոբուսները։

Կանանց ու երեխաներին այդ ավտոբուսներով տարան Կիրովական (Վանաձոր)։

Փրկվածներին գնացքով տեղափոխում էին Խորհրդային Միության տարբեր եղբայրական հանրապետություններ։ Գնացքը գնում էր Ուկրաինա, բայց մեզ համար տեղ չկար։ Մեր հետ եկող կանայք շատ լաչառ էին։ Ստիպեցին ևս մեկ վագոն ավելացնել մեզ համար։

Ուղևորվեցինք դեպի Ուկրաինա։ Այնտեղ հյուրատանը ապրեցինք մոտ 2 ամիս։ Ամանորին այնտեղ էինք, հատուկ մեզ համար տոնածառ դրեցին հյուրատանը, Ձմեռ պապ բերեցին, ուզում էին թեթևացնել մեր վիշտը, բայց ապարդյուն։

Այնտեղ մեզ լավ ընդունեցին, բայց ժամանակն էր հետ վերադառնալու, և մենք հետ եկանք Երևան: Երկու ամիս էլ այնտեղ ապրեցինք և հետ եկանք մեր հայրենի Ամասիա։ Այս անգամ սկսեցինք ապրել վագոնի մեջ, հետո վագոնները դարձան երկուսը, և ի վերջո տուն ստացանք։

Էհ, գյումրեցի, գյումրեցի… Ավաղ, շատ ցավ ես տեսել, տառապանք ես կրել բայց միշտ էլ պատվով ես դուրս եկել բոլոր փորձություններից»։

harutyun hayrapetyan portret 2

Էլ ինչպե՞ս խաղանք

Ժամանակ, ի՞նչ է այն։ Անընդհատ անցնող ակնթարթների շարան, որոնք դու կարող ես ճիշտ օգտագործել, կամ էլ ուղղակի վատնել անիմաստ բաների վրա։ Այն երբեք ոչ ոքի չի սպասում, երբեք ոչ ոք չի զիջում, կարող է ուղղակի նվիրել պահեր, որոնք հավերժ կհիշվեն։

Կհիշվեն ողջ կյանքում, և մի տեսակ երազկոտ հայացքով կսպասես նրանց վերադարձին, բայց ափսոս…

Կարծես երեկ էր, մանկահասակ վազում էի քրոջս հետ ձների, ցեխերի միջով, իրար հետ խաղում, թավալվում ձների մեջ, թրջվում, մրսում ու հիվանդանում, բայց միևնույն է, շարունակում էի խաղալ: Կարծես հոգիս ազատություն էր ստանում, թռչում, թռչում անհուն երկնքում։ Թռչում հեռու, հեռու….

Բայց անցավ ժամանակը մեր, էլ ինչպե՞ս խաղանք՝ ինչպե՞ս թրջվենք…

Եկա դպրոց։ Մի տեսակ անծանոթ միջավայր, որին շատ շուտ մերվեցի։ Ընկերացա համադասարանցիներիս հետ, կապվեցի նրանց հետ։ Նրանք դարձան իմ ամենալավ ընկերները։

Իսկ հիմա եկել է պահը բաժանման։ 11 տարի իրար հետ սովորելուց հետո մեր ուղիները բաժանվում են։

Անցավ ժամանակը մեր ուրախ մանկության, էլ ինչպե՞ս խաղանք, ինչպե՞ս թրջվենք…

Մեծացել ենք արդեն, դրա ժամանակը էլ չկա։

Ո՞ւր կորար իմ ուրախ մանկություն։

Իմ ջերմագին հուշեր մանկական,
Անցան օրերն ու մնաց անխափան՝
Իմ անհոգ և ուրախ հուշերը մանկության։
Փակեցի աչքերս՝ մեծացավ հոգիս
Սիրածս շորը էլ չեղավ հագիս։

harutyun hayrapetyan portret 2

Ինչ է պետք գրելու համար

Ուֆ, ջան, էսօր մուսաս էկել է, նստիմ ու գրեմ:

Դե, եթե հանկարծ ժամանակին չհասցնեմ գրել, ապա վերջ, կամ տրամադրությունս կընկնի, կամ ինչ-որ գործեր կանեմ ու կմոռանամ, կամ էլ մուսաս կփախնի:
Ուրիշների համար դա ինչ-որ ոգեշնչանք է կամ նմանատիպ բան, բայց ինձ համար` գրելու ցանկություն:
Գրելու ցանկություն ես փոքր ժամանակ երբեք չեմ ունեցել, անգամ երբ ինձ շարադրություն էին հանձնարարում գրելու, այնքան էլ չէր ստացվում, և ես ստիպված դիմում էի մայրիկիս օգնությանը:
Հետո արդեն, երբ մասնակցեցի Պատանի թղթակիցների ցանցի դասընթացներին, հասկացա, որ կարող եմ հուզել իմ ընթերցողին, սկսեցի գրել: Գրել ամեն ինչի մասին, ինչ-որ մտքովս անցնում էր:
Երբ հանդիսատեսի առաջ խոսում էի, աչքերս վախից փակել էի, ու ինձ թվում էր, թե ոչ ոք չի ուզում լսել, և սկսեցի խոսել, ինքնամոռաց խոսել…
Երբ ավարտել էի ելույթս, բացեցի աչքերս ու տեսա… Տեսա արցունքոտ աչքեր, հուզված մարդկանց, ու միանգամից ես էլ հուզվեցի, քանի որ կարողացել էի ինչ-որ պետք էր տեղ հասցնել:
Խոսելուց ու գրելուց բացի նաև սովորեցի լուսանկարչություն ու սկսեցի ավելի գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարներ անել:
Ամպամած եղանակ էր, նայեցի լուսամուտից դուրս ու տեսա պապիս՝ նստած բակում: Նա հայացքը հառել էր հեռու հորիզոնին: Միանգամից վերցրի հեռախոսս ու նկարեցի: Հետո էլ 17-ի խորհրդով մի պատմություն գրեցի: Սկզբից դժվար թվաց, բայց երբ սկսեցի գրել, ստացվեց մի հուզիչ պատմություն:
Ամեն անգամ ինչ-որ բան գրելուց ինձ պետք է թուղթ, գրիչ, սիրելի երաժշտություն ու մի քիչ էլ մուսա:

Իսկ հիմա մուսաս եկել է…

harutyun hayrapetyan portret 2

Գնահատեք այն, ինչ ունեք

Սկսենք նրանից, որ 16 տարեկանում հասակս 185-ից ավելի է։ Շատերի երազանքն է լինել բարձրահասակ, իսկ ոմանց համար սովորական բան։ Մի քանի դրական կողմեր ասեմ։ Կարող ես առանց աթոռին բարձրանալու փոխել լուսամփոփի լամպը, բարձր տեղերից վերցնել իրեր, կորցնել մարդկանց ամբոխի մեջ համարյա անհնար է։ Եվ վերջում, «վերևում» օդը «զով» է։

Քանի որ դրականները նշեցի, անհնարին է չխոսել բացասականների մասին։ Ասեմ ձեզ, հաճախ տառապում ես գլխացավով: Կհարցնես` ինչու, ասեմ.

-Էղ անդեր դռների ռամկեկը ըմբես ցածր կսարքեն, օր քիչ մե անուշադիր էղար, վերջ, գլխացավը պատրաստ է։

Հասանք ամենազզվելիին: Ճանճի համար նախատեսված սոսնձոտ ժապավենները, որ Ամասիայում կհանդիպես շատ առաստաղներից կախված, ամեն անգամ տակով անցնելիս մազերիս է կպնում։

Չնայած այս բոլոր բացասական և դրական կողմերին, ես շատ ուրախ եմ, որ բարձրահասակ եմ։ Գնահատեք այն, ինչ ունեք։