Ձմեռ է ու ցուրտ, և վաղն էլ դասերը չեն սկսվելու: Կմնանք տանը, ոմանք կպարապեն, ոմանք` կձանձրանան, ոմանք էլ ինձ նման կհիշեն ամառվա տաք օրերը: Չեմ սիրում տանը նստել: Սիրում եմ շփվել մարդկանց հետ և, իմ կարծիքով, շփվելու համար ամենահարմար վայրերից մեկը ճամբարն է, որտեղ մարդիկ ձեռք են բերում ինքնուրույնություն, ինչպես նաև մտերիմ ընկերներ: Հաշվի առնելով իմ նախասիրությունները՝ այս ամառ ես գնացել էի Դիլիջանի «Զեփյուռ» ուսուցողական ճամբար, որպեսզի շփվեմ նոր մարդկանց հետ և հարստացնեմ իմ անգլերենի իմացությունը: Բացի հայ ջոկատավարներից այնտեղ կային նաև ամերիկացի կամավորներ, որոնց հետ շփվելը իմ անգլերենի իմացությունը ամրապնդելու միջոց էր: Ես նրանցից առանձնացնում եմ Ռոզիին, որը ինձ ձեռք էր մեկնում ամեն հարցում:
Ճամբարում ես շատ բաներ սովորեցի, այդ թվում նաև լինել ավելի ինքնուրույն և կարգապահ: Ինձ համար ամենատպավորիչն օրերից մեկը մրցելն էր «Բանանց» թիմի տղաների հետ, որից ստացանք շատ մեծ ոգևորություն: Հիմա էլ եմ կարոտով հիշում կանաչ դաշտը, մեր խաղը, հատկապես այս ցուրտ եղանակին: Մի բան էլ եմ կարոտով հիշում. տաք օդը և լողավազանը` իմ ամենասիրելի և նախընտրելի վայրը: Նույնիսկ մի անգամ իմ ընկեր Արմենը, երբ ես ուզում էի ցատկել լողավազանի մեջ, բացականչեց.
-Չթռնես, խորն ա, կխեղդվես…
Իսկ ես, քանի որ գնացել էի լողի, ցատկեցի. սկզբում նա շատ վախեցավ, բայց հետո, տեսնելով իմ լողալը, հասկացավ, որ ես խեղդվողը չեմ:
Ճամբարում ես նաև սովորեցի խաղալ ռեգբի և ֆրիզբի, որոնց մասին նույնիսկ չէի լսել:
Ճամբարում շատ ուսուցողական դասեր էին անցկացվում: Ճիշտ է, սկզբում այդքան էլ հաճելի չէր, բայց հետագայում հասկացա այդ դասերի կարևորությունը: Այդ դասերը հատկապես ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի վնասակար հատկությունների մասին էր:
Ճամբարը տևեց 7 օր, իսկ 6-րդ օրը մենք բարձրացանք Դիլիջանի սեգ լեռները, որպեսզի փայտ հավաքենք՝ խարույկի համար: Վերադառնալուց հետո մեր ջոկատի տղաներով դասավորեցինք փայտը և երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջը, իսկ Վանը մեզ համար մի հրաշալի երգ կատարեց կիթառով, որը բոլորին էլ դուր եկավ:
Ես այդ ճամբարից մեծ բավականություն և գիտելիքներ ստացած վերադարձա տուն: Հիմա ինքս եմ իմ ընկերներին բացատրում թե ինչ չարիք է ծխախոտը, թմրանյութերն ու ոգելից խմիչքները: