-Մինչև ե՞րբ ես գնալու դասի,-հաճախ հարցնում էի դասարանցիներիս:
Արդեն որոշել էի, որ գնալու էի մինչև չորեքշաբթի և ուզում էի իմանալ, թե էլ ով է չորեքշաբթի օրը գնալու դասի:
Ես, իհարկե, մինչև երեքշաբթի գնացի, բայց դա կարևոր չէ, որովհետև մինչև հիմա տանը նստած եմ:
Արդեն մի ամսից ավելի է, ինչ արձակուրդ է: Դպրոցները և մանկապարտեզները փակվել են:
Ես շատ եմ սիրում արձակուրդները և լավ վայելում եմ իմ օրերը, բայց իմ կարծիքով, ևս մեկ շաբաթ, և ես չեմ իմանա` էլ ինչով զբաղվել:
Եվ այսպես, ամեն օր արթնանում եմ, նախաճաշում, հեռուստացույց դիտում, գիրք կարդում, և իմ օրվա ընթացքի շարունակությունը ամեն անգամ տարբեր է լինում: Հիմա հարց է առաջանում՝ իսկ դասե՞րը: Ասեմ, որ ես իմ գրավորները ավարտել եմ, իսկ բանավորներից անգիրս սովորել եմ: Ամեն օր փորձում եմ պարապել կամ ինչ-որ դասով զբաղվել, բայց կարծես թե այնքան էլ լավ չի ստացվում: Ծնողներն անընդհատ ասում են երեխաներին դաս անել, սակայն չեն էլ պատկերացնում, թե ինչ դժվար է Նոր տարուց հետո դաս անել: Եթե Նոր տարուց հետո երկու շաբաթ չերկարացնեին արձակուրդները, ապա ասեմ, որ ես արդեն տրամադրված էի դասերին և պատրաստվում էի անել, իսկ երբ մի շաբաթ երկարացրին, ես որոշեցի շաբաթվա վերջին օրերը դաս անել, սակայն երկրորդ շաբաթը արդեն չափազանց է: Ասեմ, որ ես այդքան էլ ծույլ չեմ, երբեմն անգլերեն եմ պարապում, երբեմն էլ հայերեն կամ հանրահաշիվ ու երկրաչափություն:
Բայց միևնույն է, իմ կարծիքով ես «ժանգոտած» ուղեղով կվերադառնամ դպրոց: Պատկերացրեք (ոչ դպրոցականներ), որ մի ամիս է` չեք գնում համալսարան կամ աշխատանքի: Մենք արդեն տանն ենք ամառային աձակուրդներից քիչ տարբերվող ժամանակահատվածում:
Եթե ամառ լիներ, ապա ամեն ինչ պարզ կլիներ, որովհետև մենք դասագրքերի ամբողջ թեման անցած կլինեինք և ինչ-որ ուրիշ բան կգտնեինք անելու:
Այսքան խոսելուց հետո վերջապես ինչպե՞ս ենք լրացնելու այս շաբաթները: Ես ունեմ մի քանի տարբերակ.
Ա.Երկուշաբթի-ուրբաթ կգնանք դասի 8 կամ 9 ժամ անելով և դրան գումարած նաև շաբաթ օրերը: (Սա իմ կարծիքով ամենահավանական տարբերակն է):
Բ.Դասի կգնանք շաբաթվա բոլոր օրերը:
Գ.Դասի կգնանք շաբաթ օրերը և գարնանային արձակուրդ չենք ունենա:
Դ. Երկուշաբթի-ուրբաթ կգնանք դասի 8 կամ 9 ժամ անելով և գարնանային արձակուրդ չենք ունենա:
Գուցե և այս տարբերակներից ոչ մեկը չի համապատասխանում անկանխատեսելի ապագային, բայց և այնպես, ճշտին մոտ է:
Այնուամենայնիվ, հուսով եմ, որ գարնանային արձակուրդներն էլ չեն երկարացնի և մեզ չեն ուղարկի ամառային դպրոց: