tigran hovhannisyan?

Անունս Տիգրան է, և դա պարտավորեցնող է

Ես սիրում եմ ապրել ներկայով և ապագայով: Ներկայում քայլեր անելով կառուցում ես ապագադ: Ինչ-որ բան անելուց առաջ ես մի քանի քայլ առաջ եմ մտածում, որպեսզի արդյունքը լավը լինի: Ինչպես ասում են. «յոթը չափի՛ր, մեկը կտրի՛ր»: Բայց նույնիսկ ներկայում քայլ անելուց հետո այդ քայլը դառնում է անցյալի մաս: Անցյալն ուսումնասիրել չեմ սիրում, քանի որ կարծում եմ՝ եղածն եղած է: Ժողովուրդը մի լավ խոսք ունի. «Անցյալը ետ չես բերի»: Երևի հասկացաք, որ ինձ համար ոչ սիրելի առարկաներից մեկը պատմությունն է: Ավելի ճիշտ, ոչ թե ոչ սիրելի, այլ քիչ հետաքրքրող: Բայց անունս Տիգրան է, և դա պարտավորեցնող է: Տիգրան անունը հայոց պատմության մեջ մեծ տեղ է գրավում: Ինձ թվում էր, թե ես քիչ տեղեկություն ունեմ անվանս մասին, բայց դա տևեց մինչև այն օրը, երբ տեղի ունեցավ հետևյալ դեպքը:

Արտասահմանցի ուսանողների մի խումբ եկել էր Վայք և ծանոթանում էր մեր քաղաքի առօրյային: Քանի որ ես անգլերենում սկսնակ եմ, ինձ հաճելի էր նրանց հետ շփվել այդ լեզվով և բարելավել այն: Ընկերներիցս մեկը, ով հետաքրքրվում է պատմությամբ, ձեռքում ուներ պատմության դասագիրք, որի վրա պատկերված էր Տիգրան Մեծի հատած դրամը: Երբ այդ ուսանողներից մեկը հարցրեց, թե ով է այդ դրամի վրա պատկերված մարդը, ես, ոգևորված այդ հարցից, քանի որ ես էլ Տիգրան Մեծի անվանակիցն եմ, բավարար տեղեկություն տվեցի նրա մասին: Ինձ համար Տիգրան Մեծի մեծագույն ձեռքբերումը Հայաստանի տարածքն է՝ մոտ երեք միլիոն քառակուսի կիլոմետր: Այս թվի մասին լսելով՝ այդ ուսանողը խնդրեց, որ խոսեմ Հայաստանի ներկայիս տարածքի մասին: Ասացի, որ այժմ տարածքը մոտ երեսուն հազար քառակուսի կիլոմետր է, ինչն ուղղակի ծիծաղելի էր երեք միլիոնից հետո. ներկայիս տարածքը փոքր է ոչ ավել ոչ պակաս հարյուր անգամ:

Այս փաստը նորից տխրեցրեց ինձ:
Ամեն անգամ, երբ լսում եմ այս և նմանատիպ փաստերի մասին, ուղղակի նախանձով եմ նայում անցյալին:

Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու չեմ սիրում պատմությունը:

Հ.Գ. Թող պատմություն ուսումնասիրողները չվիրավորվեն այս հոդվածից. չեմ կարծում, որ բոլորը սիրում են մաթեմատիկան, ինչպես ես: