Անցած ամիսների դեռ չլավացած վերքերը սրտում, այսօր կիսով չափ ընկած, կիսով չափ ուրախ, կիսով չափ սպառված դիմավորում ենք լուսաբացները հույսով լցված, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։ Որպես կանոն դիմավորում ենք մայրամուտները, որոնք շատ ցավոտ են լինում, խավարը ամեն ինչ իր մեջ քաշելու, պինդ թաքցնելու վատ սովորություն ունի
Զգացածս, չէ, չէ իրականում այդքան էլ չեմ զգում, ցավը թմրեցնող հատկություն ունի, լսում եմ զոհերի արյան կանչի ձայնը, սիրտս վեր է թռչում, ուզում եմ հոգիս տալ, ուզոոմ եմ սիրտս տալ, բայց արդեն անտարբեր հայացքով ու պահվածքով, նստում եմ մի տեղ ու սառած նայում մի կետի: Տավուշ աշխարհից մտքերով գնում եմ Արցախ աշխարհ, բայց արդեն արցունք էլ չկա, արդեն հոգի էլ չկա, արդեն չկա․․․
Ու էլի մնում են չասված խոսքեր ու անավարտ մտքեր, ասում են` մահը կյանքի մասն է, ժամանակը՝ կյանքի սպասավոր․․․
Այսօր ուզում եմ մտածել աշխարհի մասին, ուզում եմ խոհերիս մեջ Աստված ներկա լինի, ուզում եմ ինձ համոզել, որ այլևս չի կրկնվի այն, ինչ եղել էր․․․
Այսօր ուզում եմ ապրել այնքան, որ իմ շնչից մահը վերանա, և այնքան մեռնել, մինչև նորից ծնվեմ, և գուցե այդ ժամանակ չիմանամ պատերազմ բառի նշանակությունը․․․
Երանի թե, ոչ ոք չիմանար:
Երբ արևը մայր է մտնում, սպասում ենք նրա նոր գալստյանը, ավելի վառ գալստյանը, որպեսզի բոլոր օրերը տարբերվեն իրարից իրենց գուներով, ջերմությամբ:
Հայ զինվոր, դու բարձրացար երկինք, դիպար արևին, բռնեցիր հավերժության ճանապարհը, որ մեր լուսաբացները ավելի վառ լինեն, դու չհեռացար, ուղղակի կյանքը ուշացավ: Դու ամեն լուսաբացի գալիս ես, որովհետև գնացողներից չես:
Եվ գիտե՞ս, այսօր դու հաղթեցիր: Հաղթեցիր ու ասացիր.
-Հայը պարտվել չգիտի: