Մարտի 20-ին Լոռու մարզի Վահագնի գյուղի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ցերեկույթ` կանանց միամսյակի կապակցությամբ՝ նվիրված հայոց մայրերին: Միջոցառման հանդիսավարը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Էդգար Քոչարյանն էր, երաժշտությունը ապահովում էր Արման Բեգլարյանը։ Վերջինս նաև երգեց` կատարումը նվիրելով մայրերին։
Միջոցառմանը ներկա էին Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի պարուսույց Խորեն Մամուլյանը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հերի Բաղդասարյանը և դերասան Գոռ Փելեշյանը։ Միջոցառումը ուղեկցվել է հայկական երգ երաժշտությամբ, յարխուշտայով և հայ մայրերի մեծարմամբ, պարերով, թատերական բեմադրություններով, կենդանի երաժշտությամբ:
Մասնակից աղջիկները ներկայացան իրենց հեքիաթային կերպարով, իսկ տղաները’ հայ հերոսների’ զինվորների։
Մայրերին, տատիկներին, ինչպես նաև մասնակիցներին, նվիրվեցին գեղեցիկ ծաղիկներ։
Միջոցառումն իրականացվեց Լոռու մարզպետարանի աջակցությամբ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևվազյանի հովանավորությամբ, որի համար շնորհակալություն ենք հայտնում։ Յուրաքանչյուրս ունենալով մեր փոքրիկ ներդրումը, կկարողանանք գյուղական համայքներում ակտիվ պահել տեղի երիտասարդներին, զարգացնել հոգևոր մշակութային կյանքը, ինչի կարիքն այսօր բոլորս ունենք։ Նմանատիպ միջոցառումները դեռ շարունակական են լինելու։