Անվանա Բաղդասարյանը ծնվել է Մալիշկա գյուղում: 1958-ից 1968 թվականներին սովորել է Մալիշկայի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո անցել է աշխատանքի Ջերմուկի ջրերի գործարանում որպես բանվորուհի:
-Ես երկու տարի Ջերմուկի ջրերի գործարանում աշխատելուց հետո տեղափոխվեցի Գորիս՝ ուսումս շարունակելու: Մեծ ցանկություն ունեի Պատմության և Փիլիսոփայության ֆակուլտետ ընդունվելու, բայց ստացվեց այնպես, որ ընդունվեցի Գորիսի գյուղտեխնիկումը: Սովորելուն զուգընթաց գրել եմ բանաստեղծություններ, պատմվածքներ, որոնք լույս են տեսել Եղեգնաձորի «Վերելք» թերթում:
Ավարտելով գյուղտեխնիկումը, ստացա ագրոնոմ կազմակերպչի որակավորում: Ավարտելուց հետո վերադարձա Մալիշկա, այդ ընթացքում մի քանի առաջարկ ստացա գյուղերում բրիգադիր, գյուղատնտես աշխատելու համար, սակայն ծնողներս թույլ չտվեցին:
Անսպասելի աշխատանքի առաջարկ ստացա Եղեգնաձորի պրոֆտեխուսումնարանից: Ընդունելով առաջարկը ես աշխատանքի անցա ուսումնարանում: Եվ այսպես ութ տարի շարունակ ես դասավանդեցի ուսումնարանում: Աշխատելու տարիների ընթացքում շարունակեցի իմ ստեղծագործական գործունեությունը, «Վերելք» թերթի խմբագրությանը նյութեր, հոդվածներ էի ուղարկում տարբեր մարդկանց կյանքի, աշխատանքի և այլնի մասին:
90-ականների ցուրտ ու մութ տարիները մեծ հետք թողեցին մարդկանց կյանքի վրա: Այդ ընթացքում տրանսպորտի բացակայության պատճառով ուսանողները չէին կարողանում գալ դասերի, և այդ պատճառով խմբերը փակվեցին: Ես ցավ էի զգում՝ տեսնելով, թե ինչպես հարյուրավոր լավ սովորող երեխաներ զրկվում են սովորելու հնարավորությունից:
Այդ տարիներին ես նույնպես կորցրի իմ աշխատանքը և սկսեցի աշխատել Մալիշկա գյուղի մեր տնամերձ հողամասում: Շատ էի սիրում ծաղիկներ մշակել, այդ իսկ պատճառով սկսեցի այգում տարբեր տեսակի ծաղիկներ աճեցնել, նաև բերքատու ծառեր տնկեցի:
Սիրում եմ գարունը իր կանաչապատ դաշտերով ու ծաղկած ծաղիկներով: Պահ է գալիս, որ մտքով նորից սկսում եմ ստեղծագործել, բայց գրի չեմ առնում:
Ես մինչ օրս շարունակում եմ մշակել մեր տնամերձ հողամասը, ամեն տարի մի քանի նոր տնկի եմ այգում ավելացնում: Եվ դեռ քանի ապրում եմ, դա ինձ համար հաճելի զբաղմունք կմնա:
Այսօր անձրև է գալիս, անձրևի կաթիլները ծառի ճյուղերից սահելով իջնում են ցած, հողը սիրում է անձրևի խոնավությունը զգալ: Ակամա հիշում եմ իմ մանկությունը, որ լի էր ուրախությամբ: Հիշում եմ իմ առաջին գրած քառատողը.
Հայրս նման է
Մի վարար գետի,
Իսկ մայրս անտես,
Փոթորկվող ծովի…
Հիմա ծնողներս չկան, և այդ քառատողը ոչ միայն իմ առաջին ստեղծագործությունն է եղել, այլ մինչ օրս դաջվել է իմ հիշողության ծալքերում: