Mariam Tonoyan new

Մատերիա և ոգի

Մահվան աչքերի մեջ նայել և չմեռնել․ ծանո՞թ է։ Հիշում եմ՝ երբ փոքր էի, սովորություն ունեի լճի մեջ գլուխս սուզել և ուսումնասիրել, թե ինչպես է ավազը սահում ոտքերիս տակից, թե ստորջրյա աշխարհն ինչ արագությամբ է կուլ տալիս ոտնահետքս, թե հետ-հետ քայլելիս ինչ համառությամբ են ոտքերս գրկում մամուռները, ու թե ինչպես են քարերը փափկում, որպեսզի ինձ վրա ջրերի իշխանությունը հաստատեն։ Գլուխս սուզած՝ ես տեսնում էի, թե ինչպես է գալիս հաղթական ալիքը, ոտքերս պոկում գետնից, խցանում ականջներս, քիթս, լցվում աչքերիս մեջ, ինձ վեր հանում․․․ Ողջ ուժով փորձում էի ոտքի կանգնել կամ գոնե մեջքի շրջվել, բայց մատներս այնքան ծանր էին թվում, ուր մնաց կարողանայի շարժել թևերս կամ մարմինս։ Մի խոսքով՝ միաձուլվել էի ջրերին, ես ջրերի մի մասն էի՝ թաղանթին կպած, ինչպես սպիտակուցը ձվի մեջ, և մինչ կկարողանայի կոտրել ձուն և դուրս գալ, պետք էր նախ չվախենալ և չդիմադրել։ Դա մոգական ծես էր հիշեցնում, և չնայած ամեն անգամ ընտանիքիս անդամների զգոնության շնորհիվ փրկվելիս գիտակցում էի, որ մահը գայթակղիչ է, բայց կյանքն ավելի թանկ, միևնույն է, նույն խաղը կրկնում էի ամեն հաջորդ անգամ, և ամեն անգամ հաջողվում էր փրկվել։ Նման իրավիճակումներում, կամ  օրինակ երբ մեքենան ընթացքից կտրուկ արգելակում էր՝ կանխելով աղետը, երբ մուրճը սահում, ո՛չ մեխին էր խփում, և ո՛չ էլ մատին, ես մտովի միշտ պատկերացնում էի չփրկությունը։ Ես պատկերացնում էի մարմինս անշարժացած ջրից դուրս հանելիս, տաքսի նստելիս մտածում էի, թե ինչպիսի վթարի դեպքում ինչպես եմ վնասվելու, և ֆիզիկական ցավ էի զգում այդ երևակայական պատկերներից։ Ճիշտ է, այլևս լճում չեմ խեղդվում, որովհետև դադարել եմ ջրին մոտ գնալ, բայցև չեմ դադարում պատկերացնել ինձ շրջապատող ամեն ինչի, մատերիայի՝ կենդանու, բույսի ու ծառի, քարի ու աստղերի, մոլորակների չգոյությունը, չփրկությունը, ավարտը․․․

․․․Դիահերձարանը այլ կերպ էի պատկերացրել ողջ կյանքում՝ ինչպես սովորաբար ֆիլմերում է լինում։ Երևի ֆիլմերում սառնարանային հատվածն են նկարում, չգիտեմ, այդ մասը չտեսա։ Հակառակ պատկերացումներիս՝ դիահերձարանը կապույտ չէր ներկված և ամեն կողմից լույսեր չկային։ Մի սովորական մաքուր հիվանդանոցային սենյակ էր, փոքր ինչ տհաճ հոտ էր տարածվել օդում։ Դիահատական սեղանի դիմաց կանգնած էր դիահերձողը՝ բարձրահասակ, չափազանց գունատ ու ոչ մի էմոցիա չարտահայտող դեմքով, կարծես քնից նոր արթնացած և դեռևս աչքերը կիսատ բաց արած, ամեն ինչին արդեն ծանոթ և որևէ բանի չսպասող մի մարդ։ Այդպիսի դեմք կարելի է հանդիպել մուլտֆիլմերում․ իմ առաջին ասոցացիան Ֆինիս և Ֆերբ մուլտֆիլմի Ֆերբի կերպարն էր։ Քիչ անց հասկացա, որ ոչ թե քնաթաթախ է, այլ քեֆն է լավ։ Դե ի՞նչ մեղադրես, սթափ գլխով ո՞վ մարդ կհերձի։ Նրա կողքին երիտասարդ ու գեղեցկատես դատաբժիշկն էր։ Նա միակն էր, ով երբեմն-երբեմն կարողանում էր ժպտալ։ Նա հերթով ուսումնասիրում էր օրգանները, վիրահատական դանակով կիսում ձեռքն առած սիրտը, որպեսզի հասկանար մահացության պատճառը, հաճախ մտածում էր բարձրաձայն, կամ ավելի ճիշտ՝ խոսքերն ուղղված էին դիահերձողին, որը ոչ մի բառ չէր խոսում, ու թվում էր, թե չէր էլ լսում։

Մերկ, բաց որովայնով դին դիահատական սեղանին տեսնելիս էլի մտածում էի մատերիայի ավարտի մասին։ Այո, սա այլևս մարդը չէր, սա այն մարդը չէր, որին բոլորը ճանաչել են, խոսել նրա հետ, դիպչել, սա լոկ մատերիան էր։ Առանց հոգու մատերիան դեֆորմացվել էր, վերաձևվել, դատարկվել։

Մանկուց ինձ տանջող մի հարցի համար ինքս ինձ պատասխան ու եզրակացություն մտածեցի։ Մա՞հն է հաղթում, մա՞հն էր ավարտը, թե՞ մահին են հաղթում։ Մի բան ինձ համար գոնե այդ պահին և այդտեղ պարզ էր՝ հաղթել էր ոգին, որ մահն աչքերում, կես հոգի, կես մատերիա՝ կանգնել էր դիահատական սեղանի առաջ ու աշխատում էր։