Երկար մտածեցի տևական լռությունս հենց այս նյութով ընդհատելու մասին:
Գիտեք, ի վերուստ յուրաքանչյուրիս էլ երևի տրված է կյանքի ճանապարհ, որն ինքս էլ չգիտեմ՝ ուր կարող է տանել, բայց գիտեմ, որ հենց այդ ճանապարհն էլ հանդիսանում է իմ կյանքի իմաստը:
Երբ ավարտեցի դպրոցը, հենց Վերջին զանգի օրը ուսուցիչներիցս մեկը ամուր գրկեց, ու չնայած աղմուկին, շշնջաց ականջիս. «Մարդ կմնաք, մա՛րդ»: Այդ պահին ես իհարկե չհասկացա, թե ինչու այդ երջանիկ, հուզված օրը գեղեցիկ բարեմաղթանքներ շռայլելու փոխարեն նա ընտրեց այդ պահի համար բավականին սպառնալից ու կոպիտ թվացող խոսքերը: Բայց և այդ խոսքերն էին, որ ես ինձ հետ վերցրեցի դահլիճից դուրս:
Արդեն անցել է մեկ տարի, և ես հիմա եմ ավելի խորը ըմբռնում խրատի խորությունը, տեսնելով թե ինչ է կատարվում շուրջս: Շատ հաճախ մարդիկ գումար վաստակելու ճանապարհին, կյանք կառուցելու ճանապարհին, դադարում են հարգել դիմացինի, հաճախ նաև սեփական սրբությունները, զգացմունքները, կամ պարզապես դադարում են Մարդ լինել: Այո՛, հենց շրջապատում ես սա տեսա:Ես մի պահ կատակեցի ինքս ինձ հետ՝ թե սա գալիս է նրանից, որ ժամանակին չեն ունեցել մի սրտացավ ուսուցիչ, որը առողջություն, սեր, երջանկություն ցանկանալուց զատ կարևոր խրատը տված լինի նրանց կյանք ճանապարհելիս:
Այս ասելով սկիզբ եմ դնում ինձ համար բավականին վիրավորական մի մեկնաբանության, որը արվել էր մի լրագրողի կողմից կապված իմ և շատերի համար Սուրբ վայրի հետ:
Ես բազմիցս նշել եմ, որ իմ գյուղը՝ Ամասիան, ամենից լավ տեղն է աշխարհում ինձ համար: Եվ թող ինձ ներեն այն մարդիկ, ովքեր բարձունքներ նվաճելու նպատակով անվերադարձ արտագաղթել են իրենց գյուղից և դա համարում են երջանկություն, բայց դուք, եթե ձեզ լիարժեք երջանիկ չզգաք ձեր կյանքում, դա ձեր խելքի երեսից է ու ձեր գնահատելու կարողության բացակայության երեսից: Մի խոսքով…
Մեր գյուղում ունենք մի Աղոթատեղի , որը ինչպես մեկնաբանեց լրագրողը, այո՛ կառուցված ե նախկին կենցաղի տան առաջին հարկում: Ու ի դժբախտություն մեր համայնքի բնակիչների, մեր համայնքը երբեք էլ եկեղեցու կառույց չի ունեցել: Այս փաստը մեր մեծահասակները պարզաբանում են տարբեր կերպ, կապելով գյուղի թուրքաբնակ լինելու հետ, կամ կոմունիզմի հետ: Եվ հավատացեք այսօր, մեր բոլորիս մեծագույն ցանկությունն է համայնքում Եկեղեցու զանգերի ղողանջներ լսելը: Բայց դրա փոխարեն մենք ունենք Աղոթատեղի, որում ամփոփված է հսկայական ջերմություն, հավատք կառուցված բնակիչների աղոթքի ուժի հիման վրա: Այո, մենք ունենք Փայտե խորան, Փայտե նստարաններ, չունենք ոսկեզօծ սպասք, չունենք երգեհոն, բայց դա մեզ բոլորովին չի խանգարում, իսկ ում խանգարում է, նա պետք է խնդիրը իր մեջ փնտրի: Հենց այդտեղ էր, որ ժամանակին ինձ, և շատ փոքրիկների սովորեցրին աղոթել, սովորեցրին, որ մեր անձից այն կողմ աշխարհ կա, գումարից էլ այն կողմ աշխարհ կա:Հենց այստեղ էր, որ մենք սովորեցինք ազնվություն, և սովորեցինք, որ մենք երբեք մենակ չենք: Եվ հենց այստեղ է, որ փոքրիկները ստանում են Քրիստոնեական ճիշտ դաստիարակություն, դառնալով ազնիվ, նպատակասլաց և կարեկցող վաղվա ապագա: Սա իմ, իմ համայնքի հարստությունն է, որն օրինակ ունի Երգչախումբ՝ կազմված դպրոցահասակ դեռահասներից, որոնք կամավոր սկզբունքով իրենց պարտքն են համարում ամեն կիրակի Սուրբ Պատարագի ժամանակ այստեղ երգել, ունի ամուր համայնք, որն իր ձեռքերով վերանորոգելով աստիճանները, կառուցեց Աղոթատեղին: Ավելին չէինք կարող, բայց մենք կառուցեցինք այն ճանապարհը, որը Տաճար է տանում:
Եկեք զատենք կարևորը անկարևորից:
Եկեղեցին ոսկեզօծ կամարների ներքո բացակայող հավատքը չէ, եկեղեցին աղոթքի շուրջ հավաքված ժողովուրդն է: Ներս մի մտեք, եթե այս կարևորը ճշմարտությունը դեռ չեք հասկացել: