Այսօր օրակարգում հետաքրքիր հանդիպում ունեինք: Բոլորս անհամբերությամբ սպասում էինք մեր առաջին վարպետության դասին։ Դասը վարելու էր հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր Կարինե Գևորգյանը։ Նախաճաշից հետո եկանք ու որոշեցինք, թե ով պետք է գնա այսօրվ անկարահանումներին, իսկ հետո դիմավորեցինք մեր այդքան սպասված հյուրին։ Տիկին Կարինեն պատմեց հանրային ռադիոյի, ռադիոլրագրողի աշխատանքի մասին: Մենք զարմանքով իմացանք, որ մեր ռադիոն արդեն 90 տարեկան է: Նա պատասխանեց մեր հարցերին, իսկ հետո միասին պատրաստեցինք մեր առաջին ռադիոռեպորտաժը: Բանից պարզվեց, որ ռադիո ռեպորտաժ վարելը շատ բարդ ու հետաքրքիր գործընթաց է։ Ռեպորտաժն ամբողջովին վերաբերվում էր ճամբարին, թե ինչպես մենք եկանք ճամբար, ինչ տպավորություններ ունենք և ինչ ենք ակնկալում ճամբարից։
Տիկին Կարինեն շատ ազատ ու անկաշկանդ էր և մեզ բազում նորանոր գիտելիքներ տվեց։ Սակայն մեր ժամանակը անսպառ չէր, և մենք տխրությամբ ճանապարհեցինք տիկին Կարիներին` հուսալով, որ միշտ կհամագործակցենք, իսկ եթե ոչ, ապա լավ հիշողություններ կունենանք մեր առաջին վարպետության դասից։ Հուսամ, մեր մեդիա ճամբարի օրերին դեռ շատ կլինեն նման հետաքրքիր ու հաճելի օրեր: Այստեղ ներկայացնում ենք հանդիպման համառոտ շարադրանքը:
Հանրային Ռադիոն այս տարի դարձավ 90 տարեկան, 1926 թվականի սեպտեմբերի մեկին եղավ առաջն ռադիոազդակը` «Երևանն է խոսում»: Երբ ռադիոն ի հայտ եկավ և սկսեց իր գործունեությունը, դա հավասարազոր էր համացանցի մուտքին, կարելի է ասել նույն հարթության վրա են: Այն մարդկանց կյանքում մեծ հեղաշրջում առաջացրեց:
Մինչև 90-ական թվականները բացի հանրայինից, ուրիշ ռադիոկայաններ չկային: Միայն անկախությունից հետո ի հայտ եկան նոր ռադիոներ: Կան խոսող ռադիոներ, կան «երգող» կամ այլ ժանրերի ռադիոկայաններ: Մենք խոսող ռադիո ենք, ասեմ դրա էությունը. մենք ներկայացնում ենք Հայաստանում և սփյուռքում տեղի ունեցող բոլոր դեպքերը: Քանի որ 24 ժամվա ռադիո ենք, մեր աշխատանքի ծավալը շատ մեծ է: Մենք պարտավոր ենք բոլոր շերտերի համար հաղորդում պատրաստել: Հենց սրանով է տարբերվում հանրային ռադիոն այլ ռադիոներից: Ասեմ, որ անցյալ տարի ունեինք նաև երաժշտական ծրագրեր, սակայն այս տարի սեպտեմբերի մեկից այն չի գործում:Հանրային ռադիոն ֆինանսավորվում է պետության կողմից: Մենք շատ անուններ ենք ունեցել` «Հայկական ռադիո», «Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն», «Կոմիտե», բայց այս վերջին 13 տարիներն ներկայանում ենք «Հանրային ռադիո» անվանումով: Հանրային ռադիոյով երաժշտություն գրեթե չի հնչում, եթե դա երաժշտական հաղորդում չէ և այդ հաղորդման շրջանակներում չկան երաժշտական կատարումներ:
Իսկ հիմա այն մասին, թե ինչ է նշանակում խոսող ռադիո: Խոսող ռադիոյի նպատակը խիստ տարբեր է, հատկապես, երբ մենք խոսում ենք Հանրային ռադիոյի մասին: Այ, երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է նշանակում Հանրային ռադիո: Տեսեք, կա «Ռադիո Ջան», «Ռադիո Ավրորա», «Ավտոռադիո», և ես կարող եմ թվարկել: Խնդրում եմ դուք էլ մտածեք: Հանրային ռադիոն, քանի որ ֆինանսավորվում է պետության կողմից, հանրության բոլոր շերտերի համար պարտավոր է հաղորդումներ պատրաստել. փոքրերի համար, միջին տարիքի և տարբեր նախասիրություններ ունեցողների համար: Մենք ֆինանսավորվում ենք ձեր իսկ միջոցներով, բյուջեից մեզ հատկացվում է որոշակի մաս, իսկ բյուջեն գոյանում է ձեր իսկ հարկերից, ուրեմն պարտավոր ենք ձեր բոլորի, հասարակության բոլոր շերտերի համար պատրաստել հաղորդումներ:
Հանրային ռադիոն մնացած ռադիոներից տարբերվում է հենց դրանով, սա հիշեք մեկընդմիշտ: Մենք պատասխանատու ենք ձեր առաջ: Սա նշանակում է, որ մենք ոչ թե ձեր հաճույքի հետևից պետք է վազենք, այլ ձեզ ուղղված հաղորդումներ պատրաստենք: Մանկապատանեկան խմբագրությունը հենց դրա համար էլ գոյություն ունի: Կարո՞ղ եք որևէ ռադիո հիշել, որ մանկապատանեկան հաղորդում ունի: Ես չգիտեմ, գուցե կա, գուցե որևէ ռադիոյում կա, բայց ես խիստ կասկածում եմ: Գուցե որոշ հեռուստաընկերություններ ունեն մանկապատանեկան ծրագրերի բաժին, չգիտեմ, սակայն Հանրային հեռուստաընկերությունն ունի, որովհետև իրենք նույնպես ունեն այնպիսի պարտավորություն, որն ունի Հանրային ռադիոն:
Մի փոքր պատմեմ մեր` մանկապատանեկան հաղորդումների խմբագրության մասին: Նախ, շատ լավ կլիներ, եթե դուք լսեիք հաղորդումներ, որովհետև մեր խոսակցությունը ավելի առարկայական կլիներ: Մեզ գտնելը դժվար չի, հատկապես մարզերում մեզ որսալը շատ հեշտ է: Ես գիտեմ, որ Երևանում 107.7 հաճախությամբ ենք, իսկ մարզերում դրանից մի փոքր այս կողմ կամ այն կողմ: Այնպես որ, խնդրում եմ մեր հանդիպումից հետո սկսեք լսել մեզ, քանի որ հնարավոր է 17.am-ի միջոցով մենք դառնանք գործընկերներ: Եթե հասկանանք, թե ի՞նչ է ռադիոհաղորդումը, ռադիոլուրը, ի՞նչ կարևոր դետալների վրա մենք պետք է կենտրոնանանք ռադիոհաղորդում պատրաստելիս, գուցե հնարավոր լինի, որ ձեզնից նրանք, ովքեր ասացին, որ կուզենային ռադիոյում աշխատել, աշխատեն ու դառնանք գործընկերներ, որովհետև ցանկությունը մի բան Է, իսկ աշխատել, պատկերացնել, թե դա ինչ բան է, լիովին այլ բան: Պիտի ուսումնասիրեք նյութը մինչև ձեզ հասնելը: Ռադիոյում երկու հոգի նստեցին, ուղղակի խոսեցին, ցանկացած բանի մասին ուզեցին, խոսեցի՞ն: Էդպիսի հաղորդումներ էլ կան, բայց մենք մի քիչ այդ դաշտից դուրս ենք: Մենք այդ իրավունքները մեզ չենք վերապահում: Մենք ոչ թե ավելի դաստիարակչական հաղորդաշարեր ենք ստեղծում, իհարկե, դա էլ է շատ կարևոր, բայց հավատացեք, եթերը շատ թանկ արժի, որ մենք այն ծախսենք միայն ժամանցի, միայն զվարճանքի վրա, որովհետև մարդիկ ամեն օր իրադարձային, մշակութային, կրթական տեղեկատվության անհրաժեշտություն ունեն: Ու շատ դեպքերում ենք մենք որոշում, թե ինչ ենք ցանկանում հանրությանը հասցնել: Հիմա դուք շատ կարևոր գործ եք անում: Դուք ամեն օր կամ ամեն շաբաթ շատ տարբեր շարադրություններ էիք գրում դպրոցում, ձեզնից ոմանք շատ լավ էին գրում հավանաբար: Հետո դուք ծանոթացաք 17.am-ի հետ և հասկացաք, թե ընդհանրապես ի՞նչ պետք է գրի լրագրողը, որ կետերի վրա պետք է ուշադրություն դարձնի: Պիտի ուղղակի շարադրությո՞ւն գրի, թե՞ այլ տեսանկյունից պիտի նայի:
Ռադիոյում ամենակարևորը ձայնն է, և սա ուղղակի բառեր չեն: Ռադիոհաղորդավարի ձայնը պիտի բարեհունչ լինի: Ռադիոլրագրողը պիտի միշտ իր հետ տանի ձայնագրիչ, որը ստուգված է, ունի լավ որակ և այլն: Ռադիոյում ամենակարևորը ձայնն է, մենք ռադիոյով պիտի ստեղծենք պատկեր, այ, դա հեռուստատեսությամբ շատ հեշտ է, որովհետև դիտողը իր աչքով տեսնում է, իսկ ռադիոյում այդ ամենը միայն նկարագրվում է: