meri gevorgyan portret

Սևան մեդիա ճամբար. Ձկնորսների կյանքը

Առավոտյան ժամը 5-ին, երբ դեռ լույսը ամբողջովին չի բացվել` «մութը գետնին», մեր ձկնորսներն անցնում են ձկնորսական աշխատանքի: Ձկնորսների աշխատանքը եղանակ՝ տաք ու ցուրտ չի հարցնում, քանի որ նրանց ընտանիքի ապրուստի միակ միջոցը ձկնորսությունն է: Ձկնորս լինելը հեշտ է հնչում, բայց այն շատ դժվար աշխատանք է: Մի կողմից ալիքներն են վարարում, մի կողմից` սառը ջուրը, մի կողմից էլ ոչ սարքին վիճակում գտնվող նավակը, որը նրանք պատրաստել են իրենց ձեռքով: Լինում են դեպքեր, երբ քամու հետևանքով խորտակվում են որոշ նավեր:

Թեկուզ նրանց բռնած մեկ ձուկն էլ իրենց համար մեծ ուրախություն է: Բայց գործը միայն ձուկ բռնելով չի սահմանափակվում: Չէ որ դրանք դեռ պետք է վաճառել: Ավելի բարդ գործ է վաճառման ընթացքը: Նրանք իրենց բռնած ձկները վաճառում են մայրուղու վրա: Մոտեցող մեքենաներից դուք կարող եք տեսնել տղաների ու տղամարդկանց` ձեռքները լայն բաց արած և վեր պարզած ցույց են տալիս, որ իրենք ձուկ են վաճառում:

Երբեմն վաճառքը լավ է ստացվում, երբեմն էլ ամբողջ օրը ոչ մի ձուկ չի վաճառում, որը հուսահատեցնում է նրանց:

Նաև լինում են դեպքեր, որ ոստիկանությունը տեսնելով ձկնորսներին, արգելում է շարունակել ձկների վաճառքը: Մինչև ուշ գիշեր մեծ դժվարություններով նրանք կատարում են իրենց աշխատանքը, որից հետո էլ ուշ գիշերը հոգնած վերադառնում են տուն, որպեսզի լուսումութին նորից ծով դուրս գան:

Երբեմն էլ` այլևս չեն վերադառնում…