Իմ պապը ծնվել է գրեթե անցած դարասկզբին` 1928 թվականին: 13 տարեկան է եղել, երբ հայրն ու մեծ եղբայրը պատերազմ են գնացել, ու նա ընդամենը 13 տարեկանում դարձել է ընտանիքի «մեծը»` հոգալով մոր ու երեք եղբայրների բոլոր հոգսերը: Շատ մեծ պարտականություն է ունեցել իր ուսերին դրված և շատ մեծ պատվով է դուրս եկել այդ ամենի միջից: Ավարտել է չորսամյա մի գյուղական դպրոց, կյանքի մի զգալի հատված սարերում ու ձորերում է անցկացրել, բայց պապիս նման իմաստուն ու խելացի մարդ, դժվար թե հեշտ գտնվի: ԽՍՀՄ-ի տարիներին գյուղի տնտեսական կյանքում` մեկը մյուսի հետևից կարևոր պաշտոններ է զբաղեցրել` իր արդարամտության ու ազնվության շնորհիվ:
Հայրս ուշ տարիքում է ամուսնացել, ու մինչ ես ու եղբայրս հասանք գիտակցական մակարդակի` պապս էլ առաջվանը չէր. պապս չէր հիշում, որ գյուղի ամենագեղեցիկ տունը` մեր տունը, ինքն է կառուցել սեփական ձեռքերով` հեղելով արյունն ու քրտինքը:
Թող հիմա կոնֆետների անձրև տեղա գլխիս, ամենահամեղ կոնֆետը պապիս կոստյումի գրպանից հանածներն էին` «ծծովի», ամեն տեսակ ըմպելիքներից ես սիրում էի նրա բերած լիմոնադը, ամենահամեղ ուտեստը, որ երբևէ կերել եմ` պապիս սարքածն էր` տարբեր մրգերով ու բանջարեղեններով` իր սև թավայի մեջ:
Ինքն էլ ասում էր, որ իր համար ամենակարևորը` իմ ու եղբորս ձեռքով մաքրած ու իրեն տված մանդարինն է:
Պապիս մի բուռ ժպիտն ու օվկիանոս աչքերը վերացնում էին չարն այս աշխարհից:
Չնայած իր դժվար ու բարդ կյանքին` նա ապրեց 91 տարի: Մեզ համար ապրեց, որ մեր կողքին լինի, որ սովորենք իրենից, որ ավելի լավը դառնանք: 91 տարեկանում նա սիրում էր կյանքը, ինչպես մարդիկ` 21-ում:
Պապիս չլինելով այնքան շատ բան պակասեց աշխարհից. անսահման բարություն, հանդուրժողականություն, արդարություն ու ազնվություն:
Պապիս չլինելով` մեր միջից մի շատ կարևոր բան պակասեց, մենք աղքատացանք առանց նրա։
Ընդամենը մի քանի ամիս է, որ նա չկա, բայց զուտ ֆիզիկապես, իր արած գործով, անունով ու մեր մեջ նա միշտ ապրելու է: