Մարգարիտա Ոսկանյանի բոլոր հրապարակումները

Վեր կաց, եղբայր իմ

…ու քե՜զ տանեմ մեր սարերով ու քե՜զ տանեմ մեր լեռներով…
Անչափ ցավալի է, որ այսօր գրում եմ ոչ թե քեզ համար, այլ քո մասին։ Իսկ քո մասին բոլորն են խոսում՝ մեծ թե փոքր, ծանոթ կամ անծանոթ։ Էս գրողը տարած պատերազմը քեզ տարավ մեզնից։ Մենք անքեզ մնացինք։ Քո չլինելու գիտակցումը և ապրելը այլևս անհամատեղելի են։ Էլ չկան քո ապրեցնող ժպիտն ու զրնգուն ծիծաղը։
Քո Արևածագի առավոտները էլ երբեք նույնը չեն լինելու, մայրամուտները հավերժ վշտալից դարձան։
Առանց քեզ արևն էլ նախկինի նման չի ջերմացնում, անձրևը չի թրջում, ջուրը չի հագեցնում։
Առանց քեզ մենք ամաչում ենք ապրել։
Դու պիտի ապրեիր, որ քեզ հիշելիս արցունքի փոխարեն ժպտայինք ու ժպտալիս լաց չլինեինք։
Դու պիտի ապրեիր, որ աշխարհը չփլվեր մեզ վրա։
Դու ապրում ես, որովհետև մենք ոչ մի վայրկյան քեզ չենք մոռանում, որովհետև կյանքդ զոհեցիր հանուն Հայաստանի ու Արցախի կյանքի ու անմահացար։
Դու քո լույս կյանքը զոհեցիր, որ մենք կարողանանք հաղթահարել կյանքի խավարը։
Ամեն անգամ երկնքին նայելիս պիտի քեզ փնտրենք ու հավատանք, որ տեսնում ես մեզ, ժպտում ես մեզ ու քայլում ես մեր կողքին։
Միշտ մի բուռ արցունք անընդհատ խեղդում է մեզ, բայց լաց չենք լինում. դու ու կյանքը հոմանիշներ էիք՝ ուզում էիր, որ բոլորը երջանիկ լինեն։
Դու ապրում ես մեր մեջ ու մեր կողքին՝ հավետ։

Հավատացած եղիր, զինակից ընկերներդ անպայման առնելու են վրեժդ արնախում թշնամուց։

Աստված պահապան հայ քաջ զինվորին։

margarita voskanyan lori

Մեզ համար ապրած կյանք

Իմ պապը ծնվել է գրեթե անցած դարասկզբին` 1928 թվականին: 13 տարեկան է եղել, երբ հայրն ու մեծ եղբայրը պատերազմ են գնացել, ու նա ընդամենը 13 տարեկանում դարձել է ընտանիքի «մեծը»` հոգալով մոր ու երեք եղբայրների բոլոր հոգսերը: Շատ մեծ պարտականություն է ունեցել իր ուսերին դրված և շատ մեծ պատվով է դուրս եկել այդ ամենի միջից: Ավարտել է չորսամյա մի գյուղական դպրոց,  կյանքի մի զգալի հատված սարերում ու ձորերում է անցկացրել, բայց պապիս նման իմաստուն ու խելացի մարդ, դժվար թե հեշտ  գտնվի: ԽՍՀՄ-ի տարիներին գյուղի տնտեսական կյանքում` մեկը մյուսի հետևից կարևոր պաշտոններ է զբաղեցրել` իր արդարամտության ու ազնվության շնորհիվ:

Հայրս ուշ տարիքում է ամուսնացել, ու մինչ ես ու եղբայրս հասանք գիտակցական մակարդակի` պապս էլ առաջվանը չէր. պապս չէր հիշում, որ գյուղի ամենագեղեցիկ տունը` մեր տունը, ինքն է կառուցել սեփական ձեռքերով` հեղելով արյունն ու քրտինքը:

Թող հիմա կոնֆետների անձրև տեղա գլխիս, ամենահամեղ կոնֆետը պապիս կոստյումի գրպանից հանածներն էին` «ծծովի», ամեն տեսակ ըմպելիքներից ես սիրում էի նրա բերած լիմոնադը, ամենահամեղ ուտեստը, որ երբևէ կերել եմ` պապիս սարքածն էր` տարբեր մրգերով ու բանջարեղեններով` իր սև թավայի մեջ:

Ինքն էլ ասում էր, որ իր համար ամենակարևորը` իմ ու եղբորս ձեռքով մաքրած ու իրեն տված մանդարինն է:

Պապիս մի բուռ ժպիտն ու օվկիանոս աչքերը վերացնում էին չարն այս աշխարհից:

Չնայած իր դժվար ու բարդ կյանքին` նա ապրեց 91 տարի: Մեզ համար ապրեց, որ մեր կողքին լինի, որ սովորենք իրենից, որ ավելի լավը դառնանք: 91 տարեկանում նա սիրում էր կյանքը, ինչպես մարդիկ` 21-ում:

Պապիս չլինելով այնքան շատ բան պակասեց աշխարհից. անսահման բարություն, հանդուրժողականություն, արդարություն ու ազնվություն:

Պապիս չլինելով` մեր միջից մի շատ կարևոր բան պակասեց, մենք աղքատացանք առանց նրա։

Ընդամենը մի քանի ամիս է, որ նա չկա, բայց զուտ ֆիզիկապես, իր արած գործով, անունով ու մեր մեջ նա միշտ ապրելու է:

margarita voskanyan lori

Գտնելու ճանապարհին

Ձեր կյանքում էլ է լինում, չէ՞, որ ինչ-որ կարևոր կամ չափազանց անկարևոր պահից սկսած կորցնում եք կյանքի իմաստից մի մասնիկ։ Բոլորը տարբեր կերպ ու տարբեր ժամանակ են գտնում այն, ոմանք էլ ընդհանրապես չեն գտնում։ Իմ դեպքում այդ մասնիկը գտնելու ճանապարհը գիրքն է։ Այս անգամ ձեռքս ընկավ նոբելյան մրցանակակիր, թուրք գրող և հասարակական գործիչ Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» գիրքը։

Գլխավոր հերոսը մի երիտասարդ է, որը սիրահարվում է խորհրդավոր ու կարմրահեր կնոջը։ Վերջինս թափառաշրջիկ թատրոնի դերասանուհի է, որն ամեն գիշեր վրանում պատմում է տարօրինակ ու հետաքրքիր պատմություններ։
Երիտասարդը միայն 30 տարի անց հանդիպում է կարմրահեր կնոջը՝ սրտում մշտապես պահելով նրա սերը։
Վեպի ամենասիրելի ու նշանակալի կերպարներից է գլխավոր հերոսի վարպետը, որի հետ իր պատանեկության տարիներին ջրհոր էր փորում։ Եթե մի քիչ հաջողակ ենք, ուրեմն բոլորս էլ պիտի ունենանք մեր վարպետ Մահմուդին, որը կօգնի մեզ գտնել չհուսահատվելու և ընդհանրապես ապրելու ճանապարհը։ Ու երանի այնքան բախտավոր լինենք, որ երբեք չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ չգիտենք՝ թողնել մեր վարպետին ջրհորում ու հեռանալ, թե…
Ինչպես սկզբում նշեցի՝ այս գիրքը կորցրածս գտնելու ճանապարհն էր։ Գիրքն ավարտելուց հետո տեղի ունեցավ ամենաողբերգականը։ Ես կորցրի մի բան (կամ շատ բաներ), որոնք զգում եմ ու վստահ եմ, որ էլ երբեք գտնել չեմ կարող։
Գրքից իմ ամենասիրելի հատվածն է. «Ի՜նչ տարօրինակ է՝ արդյոք ինչպիսի՞ զգացողություն է, երբ մարդն իր սիրած արժեքավոր իրը ջրհորում է թողնում ու հետո մոռանում»։
Ու հիմա ես ինչ-որ բան կամ երևի ինչ-որ մեկին թողել եմ այս գրքի էջերում և տողերում, բայց զգում եմ՝ մոռանալ չեմ կարող։ Ինչպես կասեր հայտնի ֆիլմում. «Սրա մեջ ինչ-որ տխուր սիմվոլիզմ կա»։

margarita voskanyan lori

Ջուրը և երաժշտությունը

Դարերի ընթացքում մարդիկ ստեղծել են երաժշտական գլուխգործոցներ, որոնք այնքան կատարյալ են եղել, որ մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունն ու գեղեցկությունը։
«Երաժշտության ազդեցությունը ջրի վրա» թեման այսօր որոշ չափով ուսումնասիրված է։ Հետքրքիր է իմանալ այս խորհրդավոր աշխարհի ու էներգետիկայի մասին։
Գուցե շատերին է հայտնի ճապոնացի գիտնական Էմոտո Մասաուրի անունը, որը 1999 թվականին գրել է «Ջրի ուղերձը» գիրքը։ Գիրքը նրան բերել է համաշխարհային ճանաչում և ոգեշնչել բազմաթիվ այլ գիտնականների իրենց ուսումնասիրություններում։
Գրքում նկարագրված են մի շարք փորձեր, որոնք ապացուցում են, որ ջուրը երաժշտության ազդեցության տակ փոխում է իր կառուցվածքը՝ մոլեկուլների ձևը և դասավորվածությունը։ Գիտնականը սովորական ջրով լի բաժակը դնում է սենյակային պայմաններում՝ երաժշտության ազդեցության տակ, դրանից հետո բաժակով ջուրը սառեցնում է, որպեսզի կարողանա մանրադիտակով ուսումնասիրել։
Արդյունքները շատերի համար զարմանալի էին։ Ջրի բաղադրության մեջ երաժշտության ազդեցությամբ ստեղծվում են ճիշտ հստակ բյուրեղներ, որոնցում առկա յուրաքանչյուր տարածություն ենթակա է որոշակի կանոնակարգման։
Ջուրը երաժշտության ազդցության տակ կարող է ցույց տալ ոչ միայն մեղեդու բովանդակությունը, այլև փոխանցել հեղինակի տրամադրությունները։ Այսպես, օրինակ՝ Չայկովսկու «Կարապի լիճը» ստեղծագործության մեջ տեսնում ենք գեղեցիկ ձևավորված կառույց, որը հիշեցնում է թռչունների փետուրների տեսքով ճառագայթներ։ Վիլվալդիի «Տարվա եղանակները» հնչելուց հետո կարող ենք երկար հիանալ ջրի բյուրեղներով, որոնք փոխանցում են տարվա 4 եղանակների գեղեցկությունը ու կատարելությունը։
Ուսումնասիրվել է նաև բացասական երաժշտության ազդեցությունը ջրի վրա։ Նման փորձերում ջրի բյուրեղները ձեռք են բերում անկանոն դասավորվածություն։
Ինչո՞ւ է ջուրը փոխում իր կառուցվածքը երաժշտության ազդեցության տակ։ Եվ կարող ենք արդյոք այս նոր գիտելիքը օգտագործել մարդկության օգտին։ Էմոտոն այն կարծիքին էր, որ այն կարգը, որով կառուցվում են մոլեկուլները, որոշվում է մի էներգիայի աղբյուրով, որը կոչվում է հադո։ Հադոն տերմին է, որը նշանակում է ատոմի միջուկի էլեկտրոնների տատանումների հատուկ ալիք։ Մագնիսառեզոնանսային դաշտը դիտվում է այնտեղ, որտեղ կա հադո, հետևաբար նման թրթիռի հաճախականությունը կարելի է բնութագրել որպես մագնիսական ռեզոնանսի շրջան, որը էլեկտրամագնիսական ալիքի տեսակ է։ Երաժշտության տոնայնությունը այն էներգիան է, որն էլ ազդում է ջրի վրա։
Իմանալով ջրի այս հատկության մասին, մարդը ևս կարող է փոխել իր կյանքը։
Օրինակ՝ դասական երաժշտություն լսած ջրի օգտագործումը կարող է առողջացնել մարդուն, փոխել նրա կյանքի ընթացքը՝ դեպի բարգավաճում։ Իսկ ահա բարձր, կտրուկ, ագրեսիվ և անկանոն երաժշտությունը կարող է խիստ բացասաբար ազդել այն տարածքների վրա, որտեղ մեծ քանակությամբ հեղուկի առկայություն է դիտվում։

margarita voskanyan lori

Սոցիալական գործոն՝ ընտանիք

Սոցիալականացումը մարդու զարգացումն ու կատարելագործումն է ողջ կյանքի ընթացքում՝ շրջակա միջավայրի հետ փոխգործակցությամբ, սոցիալական նորմերի և մշակութային արժեքների յուրացման և վերարտադրության գործընթացում, ինչպես նաև ինքնազարգացում և ինքնաիրացում այն հասարակությունում, որին նա պատկանում է։ Սոցիալականացման գործոնները մարդու վրա ներգործող պայմաններ են։ Ըստ Ա. Մուդրիկի՝ սոցիալական գործոնները դասակարգվում են 4 հիմնական խմբերի.
1) Մեգագործոններ՝ տիեզերք, մոլորակ, աշխարհ
2) Մակրոգործոններ՝ երկիր, ազգ, պետութուն
3) Մեզոգործոններ՝ բնակության վայր, տեղանք, ԶԼՄ-ներ
4) Միկրոգործոններ՝ ընտանիք, դպրոց, հասակակիցներ։
Միկրոգործոնները անմիջականորեն ներազդում են մարդու վրա։ Միկրոգործոններից որպես ամենից կարևոր կարող ենք առանձնացնել ընտանիքը։ Ընտանիքը այն սոցիալական միջավայրն է, որտեղ սկսվում և շարունակվում է մարդու սոցիալականացումը։ Ընտանիքը ազգի դիմագիծն է։ Այն կատարում է մի շարք գործառույթներ. վերարտադրողական, տնտեսական, սոցիալական, դաստիարակչական։
1) Վերարտադրողական- ապահովում է սերունդների շարունակությունը ընտանիքում և լուծում ազգի գոյապահպանության խնդիրը։
2) Տնտեսական գործառույթ- յուրաքանչյուր ընտանիքի բնորոշ է միկրոտնտեսություն վարելու առանձնահատկություններ, ծնողների աշխատանքային գործունեության հաշվին ձևավորվում է որոշակի բյուջե։ Ընտանիքի տնտեսական վիճակը ուղիղ համեմատական է պետության տնտեսական վիճակին։
3) Սոցիալական գործառույթ- յուրաքանչյուր ընտանիքում ծնողները պարտավոր են երեխաների համար ստեղծել բարենպաստ պայմաններ նորմալ ապրելու, զարգանալու, սովորելու, աշխատելու, հանգստանալու համար։
4) Դաստիարակչական գործառույթ- բարոյական, գեղագիտական, իրավական նորմերի, ինչպես նաև մարդասիրական արժեքների սերմանում և սեռային առանձնահատկությունների, մտածելակերպի, վարքագծի դաստիարակում։
Ընտանիքը բացառիկ և ազդեցիկ դեր ունի անձի ձևավորման, զարգացման, դաստիարակության և կրթության վրա։ Այսօր հայ ընտանիքին մի շարք մարտահրավերներ են նետված, որոնք կարող են արմատապես խարխլել այն, բայց ընտանիքը բոլոր ճիգերը գործադրելով՝ շարունակում է և փորձում է կայուն մնալ՝ որպես մեր պետության պահպանման կարևոր գրավական։

margarita voskanyan lori

Գրքաթերապիա

Գրքաթերապիան (լատ՝. biblo-գիրք և հուն.՝ therapia-բուժում) հոգեթերապիայի մեթոդներից մեկն է: Այն օգտագործվում է հոգեկան վիճակների բարելավման համար՝ հատուկ ընտրված գրականության ընթերցման միջոցով:

Գրքաթերպիա տերմինն առաջին անգամ օգտագործել է ամերիկացի Կրոզերսը 1916 թվականին:

Աշխարհի ամենահին գրապահոցներից մեկում՝ Ռամզես Երկրորդի գրադարանի մուտքի վերևում գրված է եղել. «Դեղատուն հոգու համար»:

Դեռևս հին ժամանակներից Հռոմում և Հունաստանում սոցիալական, բժշկական և ուղղիչ հաստատություններում կիրառվում է գրքաթերապիա՝ օգնելու մարդկանց հաղթահարել ֆիզիկական և հոգևոր հիվանդություններ: Գրքաթերպիան հասավ մինչև 13-րդ դար. 1273 թվականին Կահիրեի հիվանդանոցներում խորհուրդ էին տալիս կարդալ Ղուրանը` համարելով այն տվյալ հիվանդի բուժման գործընթացի բաղկացուցիչ մաս: Հետո այն լայն տարածում գտավ Եվրոպայում և 19-20-րդ դարերում հասավ Ռուսաստան:

Գրքաթերապիայի մասնագետը ընտրում է գրականության ցանկը՝ հաշվի առնելով տվյալ հիվանդի անհատական, տարիքային առանձնահատկությունները և, իհարկե, հիվանդի կլինիկական ախտանիշները:

Տվյալ հատկանիշները հաշվի առնելով ընտրվում է գրականության բովանդակությունը.

Դեդեկտիվ և արկածային – հնարավորություն է տալիս ինչ-որ չափով շեղվել իրականությունից

Բանաստեղծություն – խթանում է երևակայությունը

Պատմական գրականություն – օգնում է մարդկանց կյանքում իրենց առջև դնել նպատակներ և հասնել դրանց

Կրոնական – խթանում է համբերատարություն և զսպվածություն

Գրքեր կենդանիների մասին – առաջ է բերում բարություն գործելու ցանկություն

Ինքօգնության գրքեր – օգնում է մարդկանց ինքնուրույն գտնել իրենց խնդիրների լուծումները:

Գրքաթերապիան աշխարհում միլիոնավոր մարդկանց օգնել է հաղթահարել ֆիզիկական և հոգեբանական հիվանդություններ կամ սովորեցրել է ապրել անբուժելի հիվանդություն ունենալու գիտակցմամբ:

Գրքաթերապիայի ժամանակ հիվանդներն իրենց զգում են տվյալ ստեղծագորոծության հերոսները: Հերոսների ողջ զգացմունքները դառնում են անձնական:

Ներկայացնենք մի շարք ստեղծագործություններ, որոնք գործնականում ապացուցված են, որ բուժում են տվյալ հիվանդությունը:

Գրիպ – Ագաթա Քրիստի – «Ռոջեր Էկրոյդի սպանությունը» – հերիք է միայն, որ հիվանդը բացի և կարդա գրքից որևէ հատված և սկսում է լավանալ: Գլխացավը, ջերմությունը, թուլությունը ոչինչ են դառնում մարդասպանին բացահայտելու ցանկության և վճռականության դեմ: Բժիշկների կարծիքով՝ բացահայտելու բուռն ցանկությունը ակտիվացնում է հիվանդ բջիջների աշխատանքը և հիվանդությունը սկսում է նահանջել:

Սթրես – Ժան Ժիո – «Մարդ, որը տնկել է ծառեր» – սա մի պարզ պատմություն է Ֆրանսիայի բնակավայրերից մեկում ապրող մի հովվի մասին: Նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Ոչ մի բան ավել և ոչ մի բան պակաս: Նրա վերնաշապիկը մաքուր է, կոճակները՝ կարված, զենքն էլ՝ լիցքավորված: Կարդացեք այս գիրքը և կզգաք՝ ինչպիսի թեթևություն և հանգստություն է իջնում ձեր հոգու վրա:

Անքնություն – Ջոնաթան Ջո – «Երազի տունը» – այս գիրքը անգնահատելի գործիք է անքնությամբ տառապողների համար: Այստեղ ներկայացված է տեխնոլոգիաների ամբողջություն, թե ինչպես հաղթահարել անքնությունը: Կարդացեք և փորձեք ինքնուրույն գտնել պատճառները: Բայց անպայման կարդացեք սա ցերեկները, հակառակ դեպքում դուք նորից կսկսեք տառապել անքնությամբ, որովհետև այն չափազանց հետաքրքիր է գիշերը կարդալու համար:

Աշխատամոլություն – Տուվե Յանսոն – «Հրաշագեղ գլխարկը» – Սնուսմումրիկը առեղծվածային գրող և երաժիշտ է: Նա ամեն տարի իր փետրավոր կանաչ գլխարկով շրջում է աշխարհի տարբեր քաղաքներում: Նա ոչ թե անգործի մեկն է, այլ բացարձակ ազատության խորհրդանիշ, նա հանգստություն է ձեռք բերել և կոտրել նյութական աշխարհը: Նրա գրպանը գրեթե միշտ դատարկ է, բայց նա մշտապես գնում է դեպի լույսը և իր ճանապարհին ուսումնասիրում ամեն բան: Նրա խորհուրդը հետևյալն է. հասկացեք, որ Ձեր աշխատասենյակում ձեր աշխատասեղանից բացի՝ աշխարհում շատ ավելի հետաքրքիր և զարմանահրաշ բաներ կան:

Ախորժակի կորուստ – Ջուզեպե Տոմազի – «Հեպարդ» – ախորժակի կորուստը կարող է հանգեցել տխուր հետևանքների: Այս գրքի հերոսը 74-ամյա ծերունի Հեպարդն է: Նրա սեղանին միշտ կան յուղոտ և համեմված խորտիկներ և իր սիրելի դեսերտը՝ ռոմով ժելե բազմաթիվ մրգերով և հատապտուղներով: Ընթերցնելով սա՝ անպայման ընթերցողը հետևում է 74-ամյա ծերունուն:

Ֆինանսական ճգնաժամ – Սոլ Մելաու – «Օգգի Մարչի արկածները» – եթե դուք ապրում եք բարդ ժամանակներում և լավ գումար վաստակել չեք կարողանում, դուք չեք գտնի ավելի լավ ուղեկից, քան Օգգին է: Նա սովորական մարդ է, որը փորձում է իր գոյությունը պահպանել ամերիկյան Մեծ դեպրեսիայի տարիներին: Եթե չունեք աշխատանք և ունեք շատ ժամանակ, կարդացեք այս գիրքը և ձեզ համար աշխատանքը կգտնեք այնպիսի վայրում, որի մասին մտածել անգամ չէիք կարող:

«Ի խորոց սրտի խոսք ընդ Աստծու»,- ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչև օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարի մեծ բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին: Նրա «Մատյան ողբերգության» պոեմը կամ «Նարեկը» մի գիքր է, որը համարվել է դեղ և դարձել աղոթագիրք և բժշկարան: Այն կիրառվում է հոգեթերապևտիկ ու բուժական նպատակներով: Հենց առաջին էջում կան ցուցումներ․ «Զորավոր սպեղանի անբժշկելի վերքերի, անտես ցավերի վրա ազդող դեղ»: Խոսքը հզորագույն բուժական միջոց է: «Նարեկ»-ում կա այդ կատարյալ խոսքը:

Գրքաթերապիան կապված է մանկավարժության, հոգեբանության և բժշկության հետ:

Գրքաթերապիան ուղղակի և անուղղակի կերպով կապված է մանկավարժության և ժամանցի մանկավարժության հետ: Գրքաթերապիայի միջոցով ժամանցի մանկավարժությունը ներկայացնում է խնդրի խորը մշակված գիտական հիմնավորում՝ ներառյալ մշակութաբանական կողմերը: Այն նաև հստակեցնում է տվյալ անձի պրոբլեմային դաշտը: Եվ ամենակարևորը՝ այն գեղարվեստական և մշակութաբանական ժամանցի կազմակերպման պրոյեկտների միավորում է:

«Գրքերը երիտասարդության տարիներին մեր առաջնորդներն են, ծերության տարիներին՝ սփոփողները: Նրանք աջակցում են միայնակներին: Նրանց շնորհիվ մենք ավելի արագ ենք մոռանում հիասթափությունները և հաղթահարում դժվարությունները»,- Ժերեմի Կոլեր:

margarita voskanyan lori

Սոցիալական մանկավարժները

Ամեն տարի՝ հոկտեմբերի 2֊ը ամբողջ աշխարհում նշվում է որպես սոցիալական մանկավարժի միջազգային օր։ Տոնը բավականին երտասարդ է։ 2009 թվականի մայիսի 6-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվեց սոցիալական մանկավարժների 17-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին 44 երկրներ։ Հենց գիտաժողովի ժամանակ էլ որոշվեց տոնել սոցիալական մանկավարժի միջազգային օրը։  Ավանդույթի համաձայն այս տարի ևս  հոկտեմբերի 2֊ին Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում մթնոլորտը տոնական էր։
Մոլորակի ամենահումանիստական մասնագիտության օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց առաջին կուրսեցիների երդման արարողությամբ։ Ապագա սոցիալական մանկավարժները երդվեցին լինել երեխայասեր, երեխաների իրավունքների և շահերի պաշտպան։ Երդման արարողությունից հետո 4֊րդ կուրսեցիները նրանց հանձնեցին կրծքանշաններ և վզկապներ՝ մաղթելով նրանց բեղմնավոր ուսումնառություն։

Միջոցառման վերջում զեկույցներով հանդես եկան 2֊րդ և 4֊րդ կուրսեցի ուսանողներ։ Զեկույցներից առաջինը ամբողջապես նվիրված էր մարդասիրությանը և դրա բացակայության պատճառներին, երկրորդ զեկույցը պատմում էր Արտթերապիայի հետաքրքրական և բուժիչ առանձնահատկությունների մասին։ Միջոցառման ընթացքում բոլոր ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ սոցիալական մանկավարժությունը ոչ թե զուտ մասնագիտություն է, այլ առաքելություն, որի հիմքում մարդասիրությունը, գթասրտությունն ու սերն է։

Եթե ուզում ես լինել տիեզերքի ամենամարդասեր մասնագետը, արի սոցիալական մանկավարժության բաժին։ Արի ու դարձիր մեր մեծ ու ամուր ընտանիքի անդամը։ Արի, սովորիր և հավատա, որ քո գործունեությամբ կարող ես փոխել շատ ու շատ մարդկանց ճակատագրեր, կարող ես աշխարհն էլ ավելի լավը դարձնել։ Մենք սպասում ենք քեզ։

Տնտեսագիտությունից դեպի հայ բանասիրություն

Արդեն մեկ տարի է սովորում եմ ԵՊՀ֊ում։ Հենց ամենասկզբից իմ ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներից մեկը։ Մարդ, որ կարող է ամուր հենարան լինել ուսանողի համար և սկզբունքորեն մշտապես ժպտալ։ Եվ այսօր նա իմ զրուցակիցն է` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հր. Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական բաժնի պետ, «Հայ ասպետ» հեռուստախաղի փորձագետ Արշալույս Գալստյանը։

-Պատմեք մի փոքր, խնդրում եմ, Ձեր մասին։ Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը։

-Դեռ մանկուց, ինչպես մեր ժամանակի բոլոր երեխաների շրջանում, սեր կար գրականության նկատմամբ։ Չկար համացանց, հեռուստատեսությունը քիչ հասանելի էր, ինֆորմացիայի այլ աղբյուրները քիչ էին։ Գիրքը մնում էր այն միակ հետաքրքիրը, որով մենք լրացնում էինք մեր գիտելիքների բացը։ Հետագայում, 90֊ականների սկզբին, երբ ավարտեցի դպրոցը, ընտրեցի ժամանակի մասնագիտություններից մեկը՝ տնտեսագիտությունը։ Գերազանցությամբ ավարտեցի, հետո մեկ տարի աշխատեցի այդ մասնագիտությամբ ու հասկացա, որ դա իմը չէ։ Իմը գրականությունն ու բանասիրությունն էր։ Եվ արդեն 2000 թվականին ես ընտրեցի բանասիրությունը ու մինչև օրս կապվեցի գրականության հետ։

-Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից գրականության մասին։

-Իմ գրապահարանում, եթե նայեք, ժամանակակից գրականություն շատ կա։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ հիմա չկա գրականություն։ Կան շատ լավ հեղինակներ։ Այլ հարց է, թե ինչպես է այն մատուցվում, և ինչքանով է երիտասարդությունը դրանից տեղյակ։ Այն տրամադրությունը, որ հինը հրաշալի է, և նորը դեռ չկա, միշտ էլ գերիշխել է։ Ժամանակին, երբ Թումանյանը մուտք էր գործում գրական ասպարեզ, նրան ասում էին. մի՞թե Գամառ Քաթիփայից, Դուրյանից, Նալբանդյանից հետո կարող է ծնվել նոր բանաստեղծ։ Այսինքն, այդ ժամանակ էլ է եղել այդ խնդիրը։ Բայց կա նաև մյուս ծայրահեղությունը. ով ինչ ուզում` տպագրում է, դա էլ խառնվում է եղած լավագույնին։ Ներկայիս շատ հեղինակների գործեր էլ բեմադրվում են՝ Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան և այլք։

- Բոլորս էլ կյանքում ունենք ինչ֊որ մոտիվացիա, մեզ առաջ մղող մի անբացատրելի ուժ։ Ո՞րն է Ձեր կյանքի մոտիվացիան։

- Մինչև վերջերս իմ աշխատասենյակում կար ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի հայտնի կարգախոսը. «Հավատա քեզ նաև այն ժամանակ, երբ ուրիշները չեն հավատում»։ Միշտ հավատա, որ դու կարող ես ու պիտի աշխատես։

- Կյանքում յուրաքանչյուրս ծնվում ենք մի առաքելությամբ։ Ո՞րն է այս կյանքում Ձեր ճանապարհը։

- Այն, ինչ սահմանված է ի վերուստ, ոչ ոք չի կարող իմանալ։ Կարծում եմ, պետք է ապրել այնպես, որ ինձնից հետո, անունս տալիս, իմ հարազատները, ընկերները չզղջան, չամաչեն այն գործի համար, որ ես եմ կատարել, ու այն հետագծի համար, որ ես եմ թողել։

- Լինում են իրավիճակներ, երբ մենք մեզ կառավարել չենք կարողանում։ Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ կորցնել ինքնատիրապետումը, և արդյո՞ք ունեք այնպիսի սկզբունքներ, որոնցով մշտապես առաջնորդվում եք։

- Հաճախ լինում է, որ ուղղակի չես կարողանում ինքդ քեզ կառավարել, զգացմունքներդ առաջ են մղվում։ Եվ կարող ես անել ու ասել այնպիսի բաներ, որոնց համար հետո զղջում ես։ Ես տեսակով մի քիչ ավելի բռնկուն եմ, անհանդուրժող եմ իմ շրջապատում առկա վատ ու նեգատիվ երևույթների նկատմամբ։ Բայց երբեք չեմ կատարում այնպիսի քայլեր, որոնք հետո կարող են ճակատագրական լինել։ Դրանք, որպես կանոն, խոսքի միջոցով են լինում։ Յուրաքանչյուր մարդու մեջ կա ինչ-որ ներքին սահման, որը չի գծվում, չի բարձրաձայնվում, բայց մարդը այդ սահմանից անցնել չի կարող։ Կանոնների ու սկզբունքների մի սահման է, որից հետո ինչ֊որ բանի հասնելը դառնում է անիմաստ։ Այդ գիծը անցնելու դեպքում կորցնում ես քո արժանապատվությունը։

- Յուրաքանչյուր մարդու հաջողությունների հետևում մի գաղտնիք կա թաքնված։ Կկիսվե՞ք հաջողության Ձեր բանաձևով։

- Ես մշտապես ասել եմ, երջանկությունը ու հաջողությունը մահկանացուներին տրված բաներ են, որոնք հաճախ աննկատ են մնում։ Ես կարծում եմ, որ մարդը, եթե ինչ֊որ բան անում է, անում է հանուն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի։ Իմ ընտանիքը, իմ երեխաները ինձ համար շատ թանկ են և ինձ ուժ են տալիս։ Ունեմ շատ լավ ընկերներ և ուսանողներ, որոնց սիրում եմ, որոնք ինձ են սիրում, և այս ամենը հանրագումարի բերելով կարող է սահմանվել իմ հաջողության բանաձևը։

- Ո՞վ է մեր ժամանակների Ձեր հերոսը։

- Եթե այս հարցը ինձ տայիք դպրոցական տարիներին, ես շարքերով կտայի տարբեր կերպարների ու հերոսների անուններ, որոնք ինձ ոգեշնչել են։ Հիմա պատկերացումները փոխվել են։ Կան մի շարք կերպարներ, որոնք իրենց գործով, իրենց համարձակ քայլերով, կարող են տվյալ պահին ինձ հոգեհարազատ լինել։ Կդժվարանամ պատասխանել և չէի ցանկանա, որ լինի մեկը, որին կկոչեի հերոս։

- Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի լավ ուսանողը և Ձեր կարծիքը դասախոս-ուսանող հարաբերությունների մասին։

-Դասախոս֊ուսանող հարաբերությունները պետք է լինեն շատ մտերմիկ ու ընկերական, բայց երկկողմանի հասկացված, որ չանցնեն թույլատրելիի սահմանները։
Ուսանողը պետք է գիտակցի, որ եկել է սովորելու, որովհետև այս դարում անիմաստ ժամանակ անց կացնել լսարանում և գումար վճարել դիպլոմի համար, ուղղակի աբսուրդ է։ Ես սիրում եմ ուսանողի այն տեսակը, որը համարձակ է, մոտիվացված է, նա գիտի ինչի համար է եկել ու ինչ է ուզում համալսարանից։ Սիրում եմ այն ուսանողներին, որոնք հանդես են գալիս առողջ քննադատությամբ, դասախոսից պահանջում են։

- Մի քանի շաբաթ առաջ ԵՊՀ֊ն դարձավ 100 տարեկան։ Ինչպիսի՞ն է Ձեր պատկերացումներում ԵՊՀ֊ն։ Կա՞ն բաներ, որոնք կցանկանայիք փոխել։

- Իսկապես աշխարհում քիչ կան բուհեր, որոնք կարող են հպարտանալ 100֊ամյա անցած ուղով։ Ծնվելով ու ստեղծվելով մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, արդեն իսկ վկայում է, որ մեր ժողովուրդը կարևորում է համալսարանի դերը։ Ես այն համարում եմ շատ մեծ ընտանիք։ Ցավում եմ համալսարանի յուրաքանչյուր անհաջողության համար և հպարտանում յուրաքանչյուր համալսարանականի հաջողությամբ։ Իհարկե բացթողումներ կան, բայց ես կարծում եմ, համալսարանն ունի այն ներուժը, որով կարող է հաղթահարել իր առջև դրված խնդիրները։ Եվ վստահ կարող եմ ասել, որ այն մշտապես եղել է, կա ու կմնա մեր գիտության առաջատարը։

- Վերջերս շատ ենք լսում, որ ներկայիս բարձրագույն կրթական հաստատությունները նախկինի նման լավ կադրեր չեն պատրաստում։ Սրա մեջ ճշմարտացիություն կա՞։

- Ես կարծում եմ, որ ուղղակին ընդլայնվել է ինֆորմացիոն դաշտը։ Ներկայիս ուսանողը գուցե ինչ֊որ առումներով զիջում է 70-80-ականների ուսանողներին, բայց այս սերունդն էլ իր առավելություններն ունի։ Այս սերունդը կարող է օգտվել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից, կապ հաստատել աշխարհի հետ, համգործակցել այլ համալսարանների հետ։ Այն ժամանակվա կրթությունը պլանավորված ու ուղղորդված էր։ Համարում եմ, որ գնահատականները տեղին չեն։ Այսօրվա բուհերի կողմից պատրաստված մասնագետները բնավ էլ թույլ չեն։

-Լինելով գրականագետ՝ ի՞նչ եք կարծում, բոլորս էլ կյանքի ինչ-որ էտապից սկսած Զոհրապ Հուսեփ աղայի նման քա՞րշ ենք տալիս մեզ հետ մեր ճիտին պարտքը։

-Երևի թե այդ ճիտին պարտքը ի սկզբանե կա։ Մենք չենք նկատում, բայց ժամանակի ընթացքում անցնում ենք ճանապարհ ու զգում դրա ծանրությունը։ Տարիների ընթացքում գումարվում ու գումարվում են խնդիրները։ Եվ թող ոչ մի խնդիր, մեզ համար ճիտին պարտք չդառնա։ Թեպետ և կյանքի ընթացքում, ի վերջո յուրաքանչյուրս, եթե ոչ «ճիտին պարտքը», ապա մեր խաչը տանում ենք մեզ հետ։

margarita voskanyan lori

Գտնվել է հոգու մի կտոր

Կգա ժամանակը, ու մենք կփոխվենք տեղերով: Եկավ ժամանակը, ու մենք փոխվեցինք տեղերով: Եկավ այն պահը, որ դու ունես հոգածության ու սփոփանքի կարիք: Այսօր քո հոգին է փշրված, այսօր դու ունես այն միակի կարիքը, որ հատիկ առ հատիկ հավաքի հոգուդ փշուրները:

Կոտրված ապակիներով պատուհանիս առջև նստած` ես անընդհատ մտածում եմ քո, քո հոգու ու սրտի փշուրների մասին: Ես ուզում եմ բառեր հորինել քեզ սփոփելու համար… Քամին ապտակում է երեսս, ու ես սթափվում եմ:

Հիմա լավ, թե վատ, ինչ-որ մեկը փորձում է հավաքել հոգուդ կտորները: Եվ սա ոչինչ էլ չի նշանակում ինձ համար: Կարևորը` հավաքվեն հոգուդ բոլոր մասնիկները:

Ու էլի գիտեմ, համոզված եմ, որ ոչ ոք չի կարողանա անկորուստ հավաքել քեզ: Նրանք քեզնից մի թանկ մասնիկ անպայման կկորցնեն: Ու դու կիսատ կդառնաս: Իսկ ո՞վ կարող է այդպես ապրել… Ես չեմ թողնի, ես պիտի օգնեմ քեզ:

Ուշադրություն

Նա կորցրել է իր հոգու թանկագին մասնիկը: Գտնողներին խնդրում ենք վերադարձնել:

Անհամար թվով կորցրած հոգու մասնիկներ գտնվեցին: Բայց դրանցից ոչ մեկը քոնը չէր: Ու ես հասկացա, որ… Որ միայն ես կարող եմ գտնել, որովհետև իմ ու քո հոգիները իրար շատ նման են: Մեր հոգիները չարենցագույն են` կապույտ, ոսկեգույն ու մանուշակագույն: Ես չէի սխալվում: Ես փնտրեցի ու գտա կարևոր կտորը: Դու վերցրիր ու հեռացար… Ուրիշ ոչինչ չէի էլ սպասում:

Իսկ ի՞նչ պիտի անեմ հարյուր հազարավոր գտնված հոգու կտորների հետ:

Ուշադրություն

Բացվել է կորցրած հոգու կտորների ընդհանուր կենտրոն: Եթե կորցրել եք այն և դեռ ապրում եք, ապա այն կարող է մեզ մոտ լինել:

margarita voskanyan lori

Բացահայտումների հեղափոխությունը

Մեր հեղափոխության հիմքում սերը, համերաշխությունն ու հանդուրժողականությունն էր: Հրապարակներում ու փողոցներում հավաքաված բոլոր-բոլոր մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, իրար սիրում էին, հարգում էին, հասկանում էին: Այդ համատարած սիրո գլխավոր աղբյուրը հեղափոխության առաջնորդներն էին. Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան ու էլի շատ մարդիկ: Բայց այդ մարդկանց մեջ կար մեկը, որն ինձ համար դարձավ այս հեղափոխության ամենասիրուն կողմը, այս հեղափոխության իմ բացահայտումը: Արարատը Միրզոյան` մի ուրիշ գաղափարախոսության ու արժեքների տեր մարդ, հեղափոխության ամենափայլուն ու լուսավոր կետը: Նրա ամեն մի խոսքը ինձ համար մեծ կշիռ ու կարևորություն ունի:

Հիմա արդեն բոլորը գիտեն, որ Արարատն ինձ համար զուտ քաղաքական գործիչ չէ, այլ կայունության, հաստատակամության ու էլի լիքը դրական հատկանիշենրի խորհրդանիշ, ու երբ հեռուստատեսությամբ նա ելույթ է ունենում, բոլորը զանգում են ու զգուշացնում` հեռուստացույցը միացրու, Արարատն է խոսում: Ես պատրաստ եմ նրան ու նրա ելույթները ժամերով ու օրերով լսել, որովհետև իրականում նրա ամեն մի ելույթ շատ կարևոր է ու ուսանելի:

Այսօր արդեն շատ ուրախ ու հպարտ եմ, որ մեր երկրում մի շատ կարևոր պաշտոն հենց նրան է վստահված:

Միշտ հետաքրքրված եմ եղել քաղաքականությամբ, բայց երբևէ չեմ մտածել, որ կունենամ քաղաքական իդեալ: Այս մարդը իմ քաղաքական իդեալն է, որից` յուրաքանչյուրս շատ բան ունենք սովորելու:

Ու մեր նորընտիր փոխվարչապետին սկսում եմ ավելի ու ավելի շատ սիրել, երբ իմացա` որն է նրա ամենասիրելի գիրքը. Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»: Մի մեջբերում հիշեցի այդ գրքից. «Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը` երբեք»: Հիմա Արարատը կարող է չխոսել իր` իմ բոլոր նշած դրական հատկանիշների, իր` մեր երկիրը շենացնելու գործին մասնակից լինելու կարևորության մասին, բայց դուք հո կույր չե՞ք, նրա աչքերն ամեն բան ասում են, աչքերը երբեք չեն կարող խաբել: