Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ պատերազմից հետո սարսափելի փոխվել է կյանքը։
Ես մարդ եմ, ով մինչև պատերազմ հաճախ էր լինում Եռաբլուրում։ Պատերազմից երկու օր առաջ էլ Եռաբլուրում էի՝ իմ Մոնթեի հետ սրտոտ զրույցի։ Այո՛, հաճախ այնտեղ Մոնթեի հետ ավելի մտերմիկ զրուցելու համար եմ գնում։ Նա իմ ոգեշնչումն է, իմ ուժը, էներգիան, գաղափարախոսությունը։ Իմ գիտակցական կյանքը սկսվեց այն օրից, երբ սկսեցի ուսումնասիրել ու սիրել Մոնթեին, երբ Մոնթեով հասկացա հայ լինելս։ Ինչևէ… Երկար կխոսեմ Մոնթեի մասին, բայց հիմա ասելիքս այլ է։
Կյանքն ինձ համար փոխվեց չափազանց կտրուկ ու առանց ինձ հաշվի առնելու։ Ես կորցրի ու գտա…ինձ։ Պատերազմներ ապրեցի հոգումս։ Չգիտեմ՝ որն եմ հաղթել և որը՝ պարտվել, բայց գիտեմ, որ իմ պատերազմը ոչ մի պարագայում դեռ ավարտված չէ։
Կյանքն ինձ համար փոխվեց այնպես, որ հիմա Եռաբլուր գնալ ամեն օր եմ ուզում, բայց այլևս չեմ կարողանում։ Չի ստացվում։ Իմ հասակակիցներին, իմ ընկերներին այնտեղ տեսնել ու շարունակել ապրել… Մի տեսակ չի ստացվում։ Եթե մարդիկ կան, որ մտածում են, թե ժամանակ կանցնի, ու զգացմունքներն ու զգացումները կբթանան… Ես մտածում եմ, որ սրտով զգացածը երբեք չի մոռացվում, չի բթանում, չի՛ անցնում հոգու ցավը։ Գուցե մենք սովորենք լռել այդ մասին, բայց մի՞թե ներսի պատերազմը կլռի այդպիսով։
Պատերազմից հետո կորցրածս երբեք հետ բերել չեմ կարող, ինչպես շատերս՝ կորցրածի գինը հասկացած…
Պատերազմի մասին խոսելիս թվում է, թե այն դեռ չի ավարտվել, որ դեռ լսում ենք խուլ կրակոցներ ու մահաբեր ձայներ պատերազմի դաշտից։ Երբեք չեմ կարող մոռանալ այն օրերը, երբ միակ հույսս աղոթքն էր առ Աստված։ Հեռախոսս ձեռքիս՝ սպասում էի։ Չգիտեմ էլ՝ ինչի էի սպասում։ Վախենում էի գիտակցել, որ ստացված լուրերը կարող են անդառնալի լինել։ Անդադար ու անվերջ սպասումի օրեր էին… Եվ ցավոք, շատերիս համար այդ սպասումը դեռ ձգվում է։
Անտանելի ցավերից ու կորուստներից հետո, երբ թվում էր, թե իմ կյանքն այլևս երբեք շարունակվել չի կարող, ես մի լույս գտա՝ պատերազմից հետո ապրելու։ Որպես համեմատություն կարելի է ասել այսպես. Պատկերացրեք՝ մոլորված քայլում եք մութ անտառով, ու մեկը ձեզ լույս է բերում։ Իմ դեպքում այդ մեկը պատերազմի հերոս Ավետիսյան Տիգրանն է, ով իր կյանքից հետո «ցանկացել» է ինձ կյանքի նոր շունչ տալ։ Նրա շնորհիվ է, որ ես հավատում եմ հրաշքներին, ճակատագրին, Աստծո զորությանն ու նրա կամքի իշխանությանը։
Թվում է՝ երեկ էր, բայց արի ու տես, որ շուտով երկրորդ տարին կլրանա։ Ես մի բան եմ նկատում, որ ժամանակի զգացումը կորցրել եմ։ Եվ դա բացատրում եմ նրանով, որ չե՛մ հաշտվել մեր կորուստների հետ։ Իմ սերնդակիցներն անպայման ինձ շատ ավելի լավ կհասկանան. մանկության ընկերները, որոնց հետ ուրախ ու տխուր օրեր ես կիսել, կռվել, ժպտացել, ազգի հերոս են դառնում։ Ու դու երբեք չես հաշտվում իրողության հետ, որովհետև իրենց հիշում ես միշտ զիլ ծիծաղով ու մանկական խենթություններով։ Ես շա՜տ կուզեի միշտ այդպես հիշել իմ լույս֊ընկերներին…
Երբ ուզում եմ կամ փորձում որևէ մեկին խորհուրդ տալ, մոտիվացիա տալ, ոգեշնչել, պարզապես մաղթում եմ սիրել մեկին և սիրվել նույն այդ մեկից։ Պատերազմից հետո ես հասկացա, որ կյանքի շարժիչ ուժը, մոտիվացիան սերն է՝ հայրենիքի, ծնողների, ընտրյալի, ընտանիքի հանդեպ։ Սերը բարձրագույն ու մաքրամաքուր արժեք է։
Սերը, ինչպես և հայրենիքը, անհնար է սահմանել կամ սահմանների մեջ դնել։ Բայց բոլորս էլ ենթագիտակցորեն ունենք մեր սահմանները։ Ինձ համար սիրո ու հայրենիքի սկիզբը Եռաբլուրն է՝ Մոնթեն, որ Արարատին է նայում՝ իր հովանու տակ ապահով պահելով մեզ համար հայրենիք կերտած մյուս Տղերքին, հերոս Տղերքին։
Սերը, այո, անսահման է, իսկ հանուն հայրենիքի արված այսքան զոհողությունները դրա վառ ապացույցն են։
Ես երազում եմ հայրենիքին տալ այնպիսի որդիներ, որոնք արժանի զավակ, նվիրյալ, օրինակելի հայ ու անկոտրում հայրենասեր կլինեն, չէ՞ որ մեզ այսօր էլ Մոնթեներ պետք են՝ փրկելու հայրենիքն ու պատիվը մեր վեհ։
Բոլորիս անսահման սեր, նվիրում, հայրենասիրություն ու խելամտություն եմ մաղթում, որ մեր ձեռքերով կերտենք մեր որդիների խաղաղ, պայծառ ու ապահով ապագան։ Ի գործ…