Սյուզաննա Նավասարդյանի բոլոր հրապարակումները

Syuzanna Navasardyan

Մայրերի ու ձագերի մասին

Անհնար է, որ մոլորակը պտտվի առանց իմ մամայի. ինքն ամեն րոպե պտտվում է իմ սրտի առանցքի շուրջ ու օգնում ինձ շնչել։

Պարզ ու առօրյա այդ գործընթացը, որի ընթացքում թոքերը թթվածին պիտի ստանան ու արտաշնչեն մեկ ուրիշ գազ, անհնար է առանց իմ մոր։ Թթվածինն ինքն է, որ կա։

Չգիտեմ՝ իմ երեխեքի համար կկարողանա՞մ այդքան Մամա լինել, ինչքան ինքն ինձ համար է։ Չգիտեմ՝ հնարավո՞ր է որևէ մեկի կյանքում այդքան աննկատ ու նուրբ ներկա լինել, ինչքան մաման իմ կյանքում է։ Չգիտեմ…

Անհնար է, որ լույսը բացվի, արև լինի առանց իմ մամայի աչքերի փայլի։ Հաստատ եմ ասում, անհնար բան է, չի լինում այդպես։ Առանց արևի չի լինում լույս։ Լույսն էլ, արևն էլ իմ Մոր սրտից են տարածվում՝ մեր սառը մոլորակը ջերմացնելու։

Անհնար է մի սիրտ ունենալ  ու չորս հավասար, համաչափ մասի բաժանել։ Անհնար է, այո, բայց բացառություններ կան։ Իմ մայրն այն ուժեղ կինն է, ով անհնարը հնարավոր է դարձնում իր ձագերի համար։

Չորսը ձագ ունի Մայրս։ Մի սրտով չորսին չորսը տարբեր սեր է տալիս ու  չորսից տարբեր սերեր առնում։ Գժվում են երբեմն, դեռ փոքր են Մորս ձագերը։ Մայրս ինքն էլ մի ուրիշ Մոր ձագ է ,չէ՞… Ո՞նց է ինքը դեռ ձագ լինելով իր փոքրերի փոքրությունը տանում, ներում ու սիրում։

Աստված իմ Մորը սիրում է, այնքան է սիրում, որ իրենից կյանք առածներն իր համար պատրաստ ու գիտակից են կյանք տալ։ Աստված իմ Մորը սիրում է, այնքան է սիրում, որ Մորս ձեռքերով թխված հացից չորսը մանկան սով կշտանում, իսկ սրտերը… Իսկ սրտերը մամայի համից չեն կշտանում երբեք։ Խմորի մեջ մորս ձեռքերը մտնելուն պես չորս զույգ աչքեր տեսնում են, թե ոնց հասարակ հացի խմորը սրբացավ։

Աստված սիրում է Մորս, որովհետև ինքն էլ նույնպիսին ու նույնքան անեզրն ունի։ Ո՜նց եմ հասկանում Աստծուն. իմ Մորն անհնար է չսիրել։ Ճիշտ եմ, չէ՞, Տե՛ր Աստված։

Մորս մասին պատմվածքներ պիտի գրեմ։ Մորս մասին պոեմներում էլ գուցե կարողանամ սիրո ինչ-որ քանակ ցույց տալ։ Գրքեր կգրեմ Մորս մասին, որ մարդիկ իմանան՝ ինչքան բարի, սրտաբաց ու կամեցող են լինում Աստծո կողմից սիրված մայրերը։

Տեր Աստված… Իսկ ես տեսել եմ՝ ինչպես են ձագ ունեցած կանայք, որոնց ես «մայր» չեմ կոչի, դարձել նյութապաշտ ու շահամոլ՝ անունն էլ դրել են, թե ձագին կերակրել է պետք: Ներիր նրանց, տեր Աստված, որ իմ Մոր չափ Մայր չդարձան իրենց ձագերին։

Տեր Աստված, թույլ տուր քո սիրելի զավակին, միաժամանակ իմ պաշտելի Մորը, օվկիանները ցույց տամ իմ աշխարհի ու աշխարհները ողջ, որ ինքդ ես ստեղծել։

Իմ Մոր սրտում եղածի չափ սեր տուր քո ստեղծած աշխարհին, Տեր Աստված,  որ ոչ մի անկյունում սառնություն չմնա…

Եվ… Ներիր իմ Մոր այսչափ կատարելությունը, Տեր Աստված։ Ես մինչ քեզ մոտ գալս քո պակասն իրենով լիացնում եմ, Նա Դու ես Երկրի վրա։

Syuzanna Navasardyan

Մեզ Մոնթեներ են պետք

Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ պատերազմից հետո սարսափելի  փոխվել է կյանքը։

Ես մարդ եմ, ով մինչև պատերազմ հաճախ էր լինում Եռաբլուրում։ Պատերազմից երկու օր առաջ էլ Եռաբլուրում էի՝ իմ Մոնթեի հետ սրտոտ զրույցի։ Այո՛, հաճախ այնտեղ  Մոնթեի հետ ավելի մտերմիկ զրուցելու համար եմ գնում։ Նա իմ ոգեշնչումն է, իմ ուժը, էներգիան, գաղափարախոսությունը։ Իմ գիտակցական կյանքը սկսվեց այն օրից, երբ սկսեցի ուսումնասիրել ու սիրել Մոնթեին, երբ Մոնթեով հասկացա հայ լինելս։ Ինչևէ… Երկար կխոսեմ Մոնթեի մասին, բայց հիմա ասելիքս այլ է։

Կյանքն ինձ համար փոխվեց չափազանց կտրուկ ու առանց ինձ հաշվի առնելու։ Ես կորցրի ու գտա…ինձ։ Պատերազմներ ապրեցի հոգումս։ Չգիտեմ՝ որն եմ հաղթել և որը՝ պարտվել, բայց գիտեմ, որ իմ պատերազմը ոչ մի պարագայում դեռ ավարտված չէ։

Կյանքն ինձ համար փոխվեց այնպես, որ հիմա Եռաբլուր գնալ ամեն օր եմ ուզում, բայց այլևս չեմ կարողանում։ Չի ստացվում։ Իմ հասակակիցներին, իմ ընկերներին այնտեղ տեսնել ու շարունակել ապրել… Մի տեսակ չի ստացվում։ Եթե մարդիկ կան, որ մտածում են, թե ժամանակ կանցնի, ու զգացմունքներն ու զգացումները կբթանան… Ես մտածում եմ, որ սրտով զգացածը երբեք չի մոռացվում, չի բթանում, չի՛ անցնում հոգու ցավը։ Գուցե մենք սովորենք լռել այդ մասին, բայց մի՞թե ներսի պատերազմը կլռի այդպիսով։

Պատերազմից հետո կորցրածս երբեք հետ բերել չեմ կարող, ինչպես շատերս՝ կորցրածի գինը հասկացած…

Պատերազմի մասին խոսելիս թվում է, թե այն դեռ չի ավարտվել, որ դեռ լսում ենք խուլ կրակոցներ ու մահաբեր ձայներ պատերազմի դաշտից։ Երբեք չեմ կարող մոռանալ այն օրերը, երբ միակ հույսս աղոթքն էր առ Աստված։ Հեռախոսս ձեռքիս՝ սպասում էի։ Չգիտեմ էլ՝ ինչի էի սպասում։ Վախենում էի գիտակցել, որ ստացված լուրերը կարող են անդառնալի լինել։ Անդադար ու անվերջ սպասումի օրեր էին… Եվ ցավոք, շատերիս համար այդ սպասումը դեռ ձգվում է։

Անտանելի ցավերից ու կորուստներից հետո, երբ թվում էր, թե իմ կյանքն այլևս երբեք շարունակվել չի կարող, ես մի լույս գտա՝ պատերազմից հետո ապրելու։ Որպես համեմատություն կարելի է ասել այսպես. Պատկերացրեք՝ մոլորված քայլում եք  մութ անտառով, ու մեկը ձեզ լույս է բերում։ Իմ դեպքում այդ մեկը պատերազմի հերոս Ավետիսյան Տիգրանն է, ով  իր կյանքից հետո «ցանկացել» է ինձ կյանքի նոր շունչ տալ։ Նրա շնորհիվ է, որ ես հավատում եմ հրաշքներին, ճակատագրին, Աստծո զորությանն ու նրա կամքի իշխանությանը։

Թվում է՝ երեկ էր, բայց արի ու տես, որ շուտով երկրորդ տարին կլրանա։ Ես մի բան եմ նկատում, որ ժամանակի զգացումը կորցրել եմ։ Եվ դա բացատրում եմ նրանով, որ չե՛մ հաշտվել մեր կորուստների հետ։ Իմ սերնդակիցներն անպայման ինձ շատ ավելի լավ կհասկանան. մանկության ընկերները, որոնց հետ ուրախ ու տխուր օրեր ես կիսել, կռվել, ժպտացել, ազգի հերոս են դառնում։ Ու դու երբեք չես հաշտվում իրողության հետ, որովհետև իրենց հիշում ես միշտ զիլ ծիծաղով ու մանկական խենթություններով։ Ես շա՜տ կուզեի միշտ այդպես հիշել իմ լույս֊ընկերներին…

Երբ ուզում եմ կամ փորձում որևէ մեկին խորհուրդ տալ, մոտիվացիա տալ, ոգեշնչել, պարզապես մաղթում եմ սիրել մեկին և սիրվել նույն այդ մեկից։ Պատերազմից հետո ես հասկացա, որ կյանքի շարժիչ ուժը, մոտիվացիան սերն է՝ հայրենիքի, ծնողների, ընտրյալի, ընտանիքի հանդեպ։ Սերը բարձրագույն ու մաքրամաքուր արժեք է։

Սերը, ինչպես և հայրենիքը, անհնար է սահմանել կամ սահմանների մեջ դնել։ Բայց բոլորս էլ ենթագիտակցորեն ունենք մեր սահմանները։ Ինձ համար սիրո ու հայրենիքի սկիզբը Եռաբլուրն է՝ Մոնթեն, որ Արարատին է նայում՝ իր հովանու տակ ապահով պահելով մեզ համար հայրենիք կերտած մյուս Տղերքին, հերոս Տղերքին։

Սերը, այո, անսահման է, իսկ հանուն հայրենիքի արված այսքան զոհողությունները դրա վառ ապացույցն են։

Ես երազում եմ հայրենիքին տալ այնպիսի որդիներ, որոնք արժանի զավակ, նվիրյալ, օրինակելի հայ ու անկոտրում հայրենասեր կլինեն, չէ՞ որ մեզ այսօր էլ Մոնթեներ պետք են՝ փրկելու հայրենիքն ու պատիվը մեր վեհ։

Բոլորիս անսահման սեր, նվիրում, հայրենասիրություն ու խելամտություն եմ մաղթում, որ մեր ձեռքերով կերտենք մեր որդիների խաղաղ, պայծառ ու ապահով ապագան։ Ի գործ…