Մեկ գնդակ, հսկայական խաղադաշտ, 22 հոգի, պայքար գնդակի համար. մեկ բառով ասած՝ ֆուտբոլ: Տարիներ առաջ այս ամենը սկսեց հետաքրքրել ինձ: Սկսեցի ֆուտբոլ դիտել: Երկրպագում էի Բարսելոնային: Հետո արդեն սկսեցի ինքս խաղալ: Խաղում էինք դասարանով ՝ տղա, աղջիկ միասին: Բայց գնալով հասկանում էի, որ տղաները թիմում մեզ գրեթե գնդակ չէին փոխանցում, թերագնահատում էին մեզ ու մեր կարողությունները: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ տղաներից գնդակ մուրալու փոխարեն, պետք է ինքներս վերցնենք գնդակն ու մտնենք խաղադաշտ՝ առանց տղաների:
Դե, սկզբում ես ու ընկերուհիս էինք, հետո սկսեցինք մեր հասակակից աղջիկներին համոզել, որ պետք չի ամաչել ֆուտբոլ խաղալուց: Եվ այսպես, քիչ-քիչ կազմավորվեց 11 հոգանոց մեր թիմը:
Մեր Շենիկ գյուղում շատերից էի լսում.
-Թե ասա, դուք ի՞նչ ֆուտբոլ խաղացող, աղջիկ եք, էլի, ձեր համար նստեք տունը:
Սկզբում այս խոսքերը մեզ հուսահատեցնում էին, բայց հասկանում էինք, որ դեպի նպատակ տանող ուղին բարդ է ու լի խոչընդոտներով:
Եվ սկսեցինք մարզումները: Սկզբում մարզումներն անցկացնում էինք սպորտդահլիճում, հետո դպրոցի դիմացի ֆուտբոլի դաշտում: Մեր մարզիչներն սկզբում տղաներն էին: Մեզ տարբեր հնարքներ էին սովորեցնում, իսկ հետո սկսեցինք խաղալ իրենց դեմ: Սովորության համաձայն պարտվում էինք, բայց կարևորը այն մրցակցային ոգին էր, որը կար մեր մեջ:
Մեր թիմի առաջին կարևոր հանդիպումը տեղի ունեցավ հարևան գյուղի աղջիկների հավաքականի հետ, որտեղ պարտվեցինք 4-2 հաշվով: Սա մեր առաջին խոշոր ձախողումն էր: Բայց դրանից հետո սկսեցինք էլ ավելի ոգևորությամբ պատրաստվել: Մեզ միացան նոր աղջիկներ:
Հիմա ուշ-ուշ ենք մարզվում. բոլորը զբաղված են, բացի այդ ամռանը ֆուտբոլի դաշտը տղաների տիրապետության տակ է: Նախատեսում ենք ևս մի քանի հանդիպումներ տարբեր գյուղերի հետ: Կարևոր չի` կհաղթենք, թե՝ ոչ, կարևորն այն է, որ մենք այսօր մեր գյուղում արդեն որոշ չափով կոտրել ենք այն կարծրատիպը, թե ֆուտբոլը տղաների խաղ է:
Մենք հասել ենք մեր երազանքին: Ես հասել եմ իմ երազանքին: Ֆուտբոլի աղջիկների հավաքական ունենալն իմ երազանքն էր, ես հասա իմ երազանքին, որովհետև հավատում էի ինքս ինձ: Եթե դու էլ ունես երազանքներ, բայց շրջապատի կարծիքները խանգարում են քեզ հասնել դրան, ուրեմն ամեն անգամ, երբ հուսահատվում ես, հիշի՛ր ինձ ու պայքարիր հանուն քո երազանքի: