2017թ.-ի ապրիլի 4: Առավոտյան արթնանալուն պես Facebook-ը հիշեցրեց մեկ տարի առաջ նույն օրը քրոջս կատարած գրառումը. «Դավս զանգեց, երեխեք, ասեց՝ լավ եմ»: Այս մի քանի բառերը մեզ անսահման ուրախություն պարգևեցին: Մեկ օրից ավելի էր անցել, իսկ Դավիթից լուր չունեինք: Դավիթը մորեղբորս տղան է՝ իմ եղբայրը: Մանկության տարիներին ես ընկերներ չունեի: Իմ ընկերները քույրերս ու եղբայրներս էին, բայց Դավիթը ամենամտերիմ ընկերս էր: Փոքր տարիքում շատ էինք չարաճճիություններ անում: Ինչ գալիս էր մտքներիս, հենց նույն պահին որոշում էինք իրագործել: Երբ արդեն պապիկս իմանում էր մեր կատարած «սխրանքների» մասին, ես արագ փախչում ու թաքնվում էի՝ մտածելով, որ Դավիթը նույնպես ինձ հետ է, բայց շրջվելուն պես տեսնում էի, որ նա տեղից չի շարժվել: Ամբողջ մեղքն իր վրա էր վերցնում և պատժվում իմ փոխարեն: Իսկ երբ «վտանգն» արդեն անցնում էր, ես հանգիստ հայտնվում էի պապիկիս տեսադաշտում:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ոչ մի կերպ չէի կարողանում խոսել նրա հետ: Զանգում էր շատ հազվադեպ, ձայնը հազիվ էինք կարողանում լսել: Եթե անգամ խոսեի, կսկսեի լաց լինել, իսկ լաց լինել չէր կարելի, նույնիսկ արգելված էր: Պետք էր ուժեղ լինել կամ, թեկուզ, թվալ:
Ապրիլի 8-ն էր: Դասից վերադառնում էի տուն: Մտքերով Արցախում էի, երբ հեռախոսիս զանգ եկավ անծանոթ համարից, բայց շատ ծանոթ կոդով: Արցախից էր: Արագ պատասխանեցի և լսեցի ինձ շատ ծանոթ ու հարազատ ձայն՝ ուրախ ու զրնգուն: Ծառայության ընթացքում չի եղել մի օր, որ Դավիթը ընկճված ձայնով խոսի: Միշտ ոգևորում և ուժ է տալիս՝ համբերելու ու հաղթահարելու ծանր օրերի ապրումները: Ուրախությունից չգիտեի՝ ինչ հարցնել: Գիտեմ, որ ծառայության վերաբերյալ արգելված է հեռախոսով որևէ հարց տալ, և երբեք էլ չեմ հարցրել:
-Դավ, գիտե՞ս, բոլորը ձեզանից են խոսում, ձեր հերոսություններն են պատմում:
-Գիտեմ, գիտեմ, կբարևես բոլորին հայ զինվորների կողմից ու փոխանցիր, որ մեր դիրքերը ամուր են ու թշնամու համար անհասանելի:
Հպարտություն, անհանգստություն ու անսահման կարոտ իրար միախառնած՝ անցնում են օրերը, մինչև կգա երկար, շա՜տ երկար սպասված հուլիսի 3-ը: