Մենախոսություն եղբորս հետ

բարև, ախպե´րս, ո՞նց ես:

տղերքը ո՞նց են:

 

ասում են` էդտեղ ես, հա՞, ներքևում:

տեղդ հարմա՞ր ա, բատինկեքդ հո չե՞ն սեղմում,

 

կարոտել եմ:

ես քեզ կարոտում եմ ամեն օր, որովհետև դու չես կարող անցյալ լինել` նույնիսկ վաղակատար:

 

էս ծաղիկները մաշկիդ պես սպիտակ են, երկինքը` աչքերիդ պես կապույտ,  տապանաքարդ` հայացքիդ պես սառը, բայց ջերմ:

 

վերևից ամեն ինչ ավելի լավ ես տեսնում, չէ՞:

ախր նոր ներքևում չէի՞ր:

 

ձեռքս դնում եմ սրտիդ, բայց ափս էնքան փոքր ա սրտիդ համեմատ:

տաքություն եմ զգում էս խոտից, ուրեմն ճիշտ եմ դրել ձեռքս:

 

բա ո՞նց անենք, Ա´րտ, ո՞նց օգնենք տղերքին, որ ձեր մոտ չգան,

ո՞նց ասենք, որ ձեր մոտ ամենալավ մարդիկ են, բայց ամենատխուր դեմքերով:

 

հետս ինչի՞ չես խոսում, հո չե՞ս նեղացել:

մի բա´ն ասա, Արտա´կ, ախպոր պես, մի բա´ն ասա:

էս աղմկոտ աշխարհում քեզ էսքան լռություն որտեղի՞ց:

 

ուզում եմ դեմքիդ նայել:

ուզում եմ` թարթես աչքերդ, երբ անթարթ աչքերիդ եմ նայում:

 

մատներդ քոնը չեն, երկար էին քոնը, ասում էին` լավ դաշնակահար կդառնաս:

չգիտենք, չենք իմանա` ինչ էիր դառնալու:

 

պատերազմից առաջ վերջին անգամ անունդ քննության ցուցակների մեջ էի տեսել:

 

կողքիդ կանգնած հասկանում եմ, որ ինձնից բարձրահասակ ես, բայց ինձնից մեծ չես, ախպե´րս, կներես:

ես չէի ուզում էս հարցում քեզ հասնել:

ես ուզում էի իմ տասնինը նշել քո քսանմեկի հետ:

 

իմացի´ր, որ այստեղ ինձ չեն նեղացնում, այլ միայն սիրում են,

որովհետև ես Արտակի Աննան եմ, քո Աննան, ու միշտ եմ լինելու, հասկանու՞մ ես, Ա´րտ, միշտ:

 

տասնինը վարդ չորացել է հենց քո վրա:

վարդերը հետդ տու´ն բեր, բայց ծաղկած, խնդրում եմ, թոռոմածը քեզ չի սազում:

 

հիմա հանգիստ եմ. վերևում մեր ընտանիքն ավելի մեծ է,

ուրեմն մենակ չես:

 

արևը գնաց, որ դու գաս:

 

ես էլ տուն եմ գնում, թեպետ տարբերություն չկա:

Հայկոն էր ասում, չէ՞,

որտեղ դու կաս, այնտեղ է տունը իմ:

 

բայց այս տանը ջեռուցում ու լույս չկա, մրսում եմ, երևի գնամ մյուս տուն:

գիտեմ` դու էլ ես գալու:

 

լա´վ մնա, իմ ամենալա´վ ընկեր:

մինչ հանդիպում