Ձեզանից քանի՞սը գիտեն, որ քաղաք Իջևանից 22 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանամերձ Այգեհովիտ գյուղը, նույն ինքը՝ Ուզունթալան (թարգմանությամբ՝ երկար բացատ): Եվ որպեսզի հասկանաք, թե ինչ կապ ունեն Այգեհովիտ և սահմանամերձ բառերը միմյանց հետ, կներկայացնեմ մի քանի ստույգ տվյալներ:
Այգեհովիտ գյուղը հյուսիս-արևելքից սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին, իսկ վերջինիս հետ սահմանը ընդամենը 12 կիլոմետր է: Դե, երևի այս տվյալներն էլ ոչինչ չեն ասի ձեզ, մինչև չլսեք կրակոցի ձայներն ու չտեսնեք սահմանը:
Թե երբ է հիմնադրվել գյուղը, կամ ովքեր են եղել նրա առաջին բնակիչները, դեռևս անհայտ է, քանի որ ոչ մի պատմական աղբյուր այդ մասին ոչինչ չի հայտնում: Ոմանք այն կարծիքին են, որ գյուղի բնակիչները եկվորներ են, ովքեր ներգաղթել են Լեռնային Ղարաբաղից 16-18-րդ դարերում: Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1837 թվականին ծնված Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը իր «Տեր Սարգիս» վեպում նշում է, որ ներկայիս գյուղի բնակիչները բնակվելիս են եղել ներկայիս Կայան անունը կրող տարածքում, որը այն ժամանակ կոչվել է Ճալա: Հետագայում, մոտավորապես՝ 18-րդ դարի երկրորդ կեսից, գյուղի բնակիչները բարձրացել են դեպի անտառի փեշերը և ճալա գյուղից դեպի հարավ ՝ երեք կիլոմետր հեռավորության վրա, հիմնել են նոր գյուղ և այն անվանել Ուզունթալա:
Ամենաուշագրավ փաստը Այգեհովիտի մասին այն է, որ մինչև այսօր Այգեհովիտ գյուղի անտառում՝ մի գեղատեսիլ վայրում, որտեղից էլ ի դեպ պարզ երևում է սահմանը, կանգնած է 12-13-րդ դդ-ում կառուցված անտառի զարդը՝ Սուրբ Սրվեղը: Վանքը կառուցվել է Վրաստանի արքունիքում ծառայած Իվանե և Զաքարե Զաքարյան եղբայրների օրոք: Խորհրդային տարիներից այն այլևս չի գործել, զրկվել է հատուկ խնամքից և ժամանակի ընթացքում ավերածությունների ենթարկվելով դարձել է կիսաքանդ հուշարձան: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում վանքը վերանորոգելու ուղղությամբ:
Այսօրվա Այգեհովիտ համայնքն ունի 3700-ից ավելի բնակիչ, ովքեր զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ և նաև մշակաբույսերի աճեցմամբ:
Բնակավայրում կա 2 միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, հացի փուռ, խանութներ, մշակույթի պալատ, մարզադաշտ, և այլն:
Այստեղ կյանք կա, այստեղ ապրելու ու արարելու ցանկություն կա, այստեղ մարդիկ կերտում են իրենց և իրենց երեխաների ապագան՝ չվախենալով ոչ թշնամու կրակոցից, ոչ էլ որևէ այլ խոչընդոտից: Անցած անգամ էլ եմ ասել և հիմա էլ կասեմ, որ գնալու եմ սովորելու ու հետ գամ Ճալես կամ Ուզունթալաս, իսկ ավելի ճիշտ՝ իմ սիրուն Այգեհովիտը: