Քոթոն մեր դիրքի միակ շունն է, ամբողջ օրը չկա, բայց հենց սկսում ենք հաց ուտել, մեկ էլ հայտնվում է: Մեզ հետ է նախաճաշում, ճաշում ու ընթրում, իսկ մնացած ժամանակ չկա: Հիմա կասեք` էս ի՞նչ շուն է, մենակ ուտելիս է գալիս, բայց չէ, Քոթոն իրականում ինքն իրեն հարմար դիրք է ընտրել ու մնացած ժամանակ զգոն ու ուշադիր նստած հետևում է անցուդարձին, ու երբ մի անսովոր բան է նկատում, հաչոցով ահազանգում է մեզ, որ ստուգենք: Թե որտեղից է Քոթոն հայտնվել մեր դիրքերում, էդ պատմությունը ես չգիտեմ, բայց մի ավելի սիրուն պատմություն գիտեմ:
Մի օր մեր Քոթոն չի երևում ոչ նախաճաշին, ոչ ճաշին ու ոչ էլ ընթրիքին, ինչը մեզ, իհարկե, անհանգստացրեց: Առանց Քոթոյի ո՞նց հաց ուտենք: Ես ինձ վերապահեցի գնալ ու Քոթոյին գտնել, մի բանով կերակրել: Երկար փնտրեցի, բայց ինչքան էլ տարօրինակ էր, Քոթոն տարածքում չէր… Տխուր լուրը ես պիտի հայտնեի տղերքին:
-Տղեք, Քոթոյին չգտա:
-Հաստատ գայլերն են տարել, – ասաց մեկը:
-Խելքդ են գայլերը տարել, – ասաց մյուսը` հակադարձելով առաջինին, – մի տեղ ընկել քնել է:
Քոթոյին երեք օր չտեսնելուց հետո կարծես թե բոլորը մոռացան նրա մասին, ու այնպիսի տպավորություն էր, թե նա այստեղ չէր էլ եղել, բայց իմ հոգում դեռ չէր մարել հույսը, որ Քոթոն վերադառնալու է ողջ ու առողջ…
Հուրախություն ինձ` հույսերս արդարացան: Չորրորդ օրը, երբ պառկած էի վրանում, հանկարծ շան ձայներ լսեցի: Դուրս վազելով, տեսա Քոթոյին. ուրախությունը պատեց ներսս, կյանքը վերադարձավ իր նախկին տեսքին:
Անցնելով երկու-երեք շաբաթ` Քոթոյի կրծքերից պարզ դարձավ, թե որտեղ էր կորել այդ երեք օրերը. զուգավորման շրջանն էր: Քոթոն իրեն հարմար զուգընկեր էր գտել ոչ հեռու գտնվող գյուղում ու երևի լավ ժամանակ էր անցկացրել:
Հիմա անցել է արդեն մոտ երկու ամիս, ու Քոթոն մի քանի օր առաջ լույս աշխարհ բերեց միանգամից ութ ձագուկ: Սպիտակ ու սև մորթի տակ թաքնված մեր փոքրիկ քոթոների անմեղ աչքերում շատ բան կարող եք տեսնել:
Հիմա մեր ընտանիքը նոր անդամներով համալրվեց, ու դիրքերում մենք արդեն ավելի շատ ենք: